Jump to content

Իմ ընկեր Լիպօն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ ընկեր Լիպոն
(Բալլադ մանկության, բախտախաղի, պայքարի և հերոսության մասին)

ԸՆԿԵՐ ԼԻՊԱՐԻՏ ՄԽՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մանկությունը հիշելիս՝ սիրտս դառնում է գինով...
Ես մի ընկեր ունեի՝ Լիպո անունով։

Ինչքան հիշում եմ նրան՝ աչքերիս հանդեպ
Մի նաիրյան տեսարան բացվում է հապճեպ։

Փռվում է դեմս իսկույն մի փողոց խաղաղ,
Ու փողոցի անկյունում— մի վտիտ տղա։

Նիրհում է Կարսը՝ խաղաղ ամառնամուտին...
Ինչքա՜ն վտիտ է տղան այդ ոտաբոբիկ։

Նա նստած է մի քարի— տասնամյա տղան,
Ու նիրհում է առաջին— մի ցածլիկ սեղան։

Կլոր սեղան է ցածլիկ, մեջտեղում— մի չարխ.
Բախտախաղ է մանկական— կոպեկնոց վիճակ։

Տո՛ւր մի կոպեկ ու խփի՛ր,— թե բախտդ բանեց—
Մի տուփ լուցկի, կամ մի տուփ քորոց կհանես։

Կապուտաչյա այդ տղան, ա՜խ, ինչքա՜ն էր չար.
Մեզ հետ կռվում էր հաճախ, ծեծվում չարաչար։

Բախտը ժպտար եթե մեզ ու լուցկի հաներ—
Նա իր չարխը կծռեր ու կռիվ կաներ։

Ուներ բարի նա մի մայր՝ ծեր ու չքավոր.
Միակ նեցուկն էր նա տան՝ բոլորին պահող։

Ինչքան հիշում եմ հիմա մանկությունս ես—
Կապուտաչյա այդ տղան ելնում է իմ դեմ։

Տեսնում եմ միշտ նրան ես իր չարխի առջև...
Հետո օրեր անցան շատ, սլացան հապճեպ։

Ու կորցրի ես նրան։— Աշխարհում այնինչ
Եկան օրեր հուրհուրան, տարիներ անջինջ։

Պատերազմներ եղան մեծ, պայքարներ բազում—
Եվ ամբողջ կյանքը փոխվեց, ինչպես երազում։

Դասակարգեր ընկան հին ու ելան նորեր—
Օրեր վառվառ ու անգին, անմոռա՛ց օրեր...

Մի օր ելանք ու առանք Երևանը մենք—
Հետո դաշնակը շարժեց մաուզեր ու զենք։

Նահանջեցինք քաղաքից մենք լուսաբացին—
Եվ ընկերոջս նորի՛ց ես հանդիպեցի.—

Երկու ամիս էր արդեն ճակատում էինք—
Վերջին օրերը միայն մենք հանդիպեցինք։

Լիպարիտ էր դարձել նա, իմ ընկեր Լիպոն,
Արշավում էր բանակում՝ ռազմի շապիկով։

Նա զինկոմն էր մեր գնդի, մեր գնդի հոգին.
Անճանաչ էր համարյա՝ գորշ շինելն հագին։

Ճանաչեցի սակայն ես։— Մոտեցա նրան,
Ասի՝ հիշո՞ւմ ես, Լիպո՛, Կարսը նաիրյան...

— Հիշո՞ւմ ես չարխը քո էն...— Նա ժպտաց ու խիստ
Ասաց,— Գնում ենք էգուց, պատրաստվի՛ր, Եղիշ։

— Դե, էն չարխը... նա չկա՛... Հիմա մենք
Ուրի՛շ չարխեր պիտի այս աշխարհում շարժենք։

— Բախտախաղ չէ սակայն սա, այլ կռիվ ու կամք.
Լուսաբացին մենք պիտի առաջանանք...

— Դաշնակը խաղ է կարծում, հանաք է անում.
Դե, կխոսենք մի լավ— Երևանում...

...Լուսաբացին մենք անցանք գրոհի,—
Լուսաբացին խփեցին Լիպոյին...

Լուսաբացին նա ընկավ կռվում,
Երբ հաղթանակն էր վառվում, փռվում։

Ընկավ կռվում
Մեր զինկոմն արի.
Ընկավ Լիպոն
Երևանի
Ճանապարհին...

...Լուսաբացին Երևանը երևաց.
Լուսաբացին մենք մտանք Երևան։

Լուսաբացին մեր բանակը հաղթական
Քաղաք մտավ՝ հետը կարմիր մի դագաղ...

Լուսաբացին ո՛չ մի «ախ»—
Սակայն—

Լուսաբացին դրոշներ հուրհուրան
Իջան ընկեր Լիպարիտի վրա...

Խոնարհվեցին դրոշները բանակի—
Ու պառկած էր իմ ընկեր Լիպոն՝
Ռազմի կարմիր իր զգեստներն հագին։

— Փա՜ռք քեզ, փա՜ռք քեզ,
Մեր զինկոմ
Արի.—
Փառք, որ ընկար
Հաղթանակի

Ճանապարհին...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հիմա Լիպոն իմ չկա, նա չկա հիմա,—
Ո՞վ չի սակայն երազում այդպիսի մի մահ...

Նա պառկած է
Կոմունարների
Այգում.
— Փա՜ռք քեզ, ընկած
Մեր քաջարի
Զինկո՛մ։

Դու պայքարի
Դրոշ եղար
Վառ մի.
— Թե տեսնեի՜ր ի՜նչ է դարձել
Մեր Բանակը
Կարմի՛ր։

Նա աշխարհում բանակն է, օ, առաջի՛ն։
Եվ ո՛չ մի ուժ չի՛ դիմանա առաջին։

Ննջի՛ր խաղաղ
Կոմունարների Այգում.
— Փա՜ռք քեզ, ընկած
Մեր քաջարի
Զինկոմ...

1928