Իմ հավատը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեզնից ծնվելը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Իմ հավատը)

Վարդան Հակոբյան

Իմ մեջ ապրում են
ԻՄ ՀԱՎԱՏԸ


Կապրեմ, իհարկե։ Եվ ես չեմ թողնի,
Քամին ծաղկունքից խոհեր փախցնի.
Կօգնեմ անպայման՝ գարունը հողի
Իմ սրտի միջով, ձեզանով բացվի։

Մայթերի վրա ժպիտ կդառնամ,
Աղջիկները թող քայլեն թավիշով.
Եվ գուցե, գուցե մի քիչ հասկանան՝
Սիրտը չի կարող միշտ ապրել հուշով։

Դուք ինչ որ մեկին սիրո՞ւմ եք, խնդրեմ,
Թալիսմանել եմ - սերը չի մերժվի.
Ինձ պես խենթերին խելքի կբերեմ,
Որ պայծառ սիրո պահը հավերժի։

Դեհ, իմ ձեռքի՞ն չէ... Ես այնպես կանեմ՝
Սերը ամենուր ապրի տիրոջ պես.
Արեւի ճամփին երգեր կցանեմ,
Որ օրվա վերջում չլքի նա մեզ։

Խաղաղությունը երկինք կդարձնեմ,
Լեռներին կասեմ՝ հսկեցեք արթուն.
Հետո ես դանդաղ ու անտես կանցնեմ
ՈՒ ձեր բերկրանքին կձուլվեմ հորդուն։

Իսկ թե չստացվի... Վկա եղեք դուք,
Այնժամ ձեռնոց եմ ես ինձ նետելու.
Եվ ով էլ լինի պարտվողը, ինչ փույթ,
Հաղթողը դարձյալ սերն է լինելու։