Jump to content

Իմ հորաքույրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ հորաքույրը
[էջ]

1

Տասը տարուց ի վեր նրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ իր կյանքի կմախքացած, բայց փոթորկոտ նավը ո՞ր ափին զարնվեց։ Մինչև անգամ չեմ իմանում՝ ո՞ղջ է թե մեռած։

Բայց հիշում եմ նրան իր ողջ կերպարանքով, իր բոլոր պառավությամբ։

Մեր սերունդից տակավին շա՜տ շատերը ճանաչում և հիշում են նրան՝ իմ հորաքրոջ, որ ամեն տեղ էր— մեռելտանը, հարսանիքներում, կռվի և բամբասանքի մեջ, շուկայում, տանիքի վրա, աղբյուրը, պարտեզը, հիվանդի գլխուն վրա, տղացկան մոր ոտների տակը, ժառանգությունների բաժանման մեջ, դատարանի դռանը, բաղնիսում, ժամի բակը, դպրոցի հոգաբարձուների մոտ, նշանտուքի և խոսքկապի հազար ու մի շղթաների մեջ։

Նա մի կին էր, որ երբեք սիրած չէր։ Նրա արտահայտությունը նման էր այն էգ կատվին, որ մայիսը առանց արու կատվի անցկացնելուց հետո՝ ման է գալիս տանիքներն ու տան անկյունները կծու նայվածքներով և ամեն մի փոքրիկ աղմուկից անգամ պատրաստ է ցցելու իր ստեվները։

Իմ հորաքույրը անց էր կացրել մոտ յոթանասուն մայիսներ առանց արուի և ման էր գալիս մեր տանը և մեր փողոցներում դառնացած և իր դառնությունների համար օրերին, իրերին և մարդկանց դեմ չարացած։

Պարտված այս էգը թշնամի էր ամեն ընտանեկան խաղաղության, բոլոր բարի ժպիտների, բոլոր արևոտ արտահայտությունների։

Իր մարմնի բոլոր մասերը բուրում էին կծվություն և բարկություն։ Բարկացած էր բոլորի դեմ։

Նա երբեք չէր սիրել։


2
Իմ հորաքույրը ձմեռները կաղ էր, վույվույով երաժշտագին, իսկ ամառները՝ առողջ։
[էջ]
Նրա կաղությունը մեր աչքերին ձմեռը ավելի շեշտակի էր դառնում, որովհետև ձմեռները տանն էինք, և դատապարտված լսել նրա վույ-վույներն ու ողբերը։ Մենք այն տպավորությունն ստացել էինք, որ նա միշտ էլ կաղ էր, որովհետև ո՞վ էր մտիկ տալիս ամառը տան ներսում անցած դարձածներին։ Բայց ես՝ տարիներ հետո, նկատեցի նրա ամառնային կերպարանափոխությունը և մի օր էլ հարց տվի մայրիկիս.

— Ինչպե՞ս է, մայրի՛կ, որ հորքորիս ոսկորները ամառները կը շտկին և ձմեռները կը ծռին։

— Ձմեռը ջղերը ցուրտեն կը քաշվին,— պատասխանեց մայրիկս,— իսկ ամառները կը թուլնան։

Այն ժամանակ հասկացա, որ կաղությունը միայն ոսկորների հետ չէր, որ կապ կարող էր ունենալ, այլ և ջղերի հետ։

Ջիղը— ահա՛ իմ հորաքրոջ ուրիշ կանանցից զանազանելու գաղտնիքը։ Ջիղը միայն սրունքներին վրա չէր, որ ազդում էր, այլ ջիղն էր, որ կառավարում էր նրա մարդկային ողջ գնացքը։ Նրա մեջ ամենաակտիվը ջիղն էր։

Իմ հորաքույրը սև, չորացած մարմին ուներ, գլխի վրա կարճ և նոսրացած մազերով, աչքերր խավարակուռ գիշերվան նման խոր, մատները երկար և ուռած երակներով ճակատը ծուռ ու մուռ, կուրծքը ներս անցած, փոր՝ երբեք չուներ, կուրծքի անմիջապես տակից սկսում էին իր բնութենափոխ սրունքները, որոնք այնքան էլ երկար վար չէին վազում, այլ շուտով հասնում էին գետին։ Ոտների փոքրության և մեծության մասին ես որոշ բան չեմ կարող հայտնել, որովհետև ամառ և ձմեռ քաշում էր մի խրիկ[1] իր ոտներին մի քանի բրդե հաստ գուլպաներ հագնելուց հետո, կռնակը՝ Թեփերիզի զառիվերը ձեզ օրինակ, որի վերջացած կետից՝ ցցվում էր իր շուշուլիկ գլուխը առանց վզի, քթի վրայի մասը, ճակատի ստորոտը, աչքերի սրածայրությունից սեղմված, նման էր մահմեդական անդեականի մազե կամուրջին, քիթը՝ վերի կողմը բռնադատված լինելով նեղանալու՝ ինքնիրան թույլ էր տվել վարի կողմը ընդարձակվելու թե՛ բարձրությամբ և թե՛ լայնությամբ, որի ծայրը, իբրև գագաթ, ամեն
[էջ]
ամիս ուռչում էր, կարմրում, հետո դեղնում և հուսկ ապա պայթո՜ւմ։ Ես չեմ կարող նկարագրել նրա բերանը, որովհետև մշտական ձև ու բնավորություն չուներ։ Եթե տանն էր նա, ընտանիքի անդամների ներկայության, նրա բերանն առանձին ձև ուներ, եթե հյուրեր գային՝ տարբեր ձև էր ստանում, հայրիկիս ներկայության՝ տարբեր, իսկ մայրիկիս հետ բամբասանք արած ժամանակ՝ բոլորովին այլ ձև էր ստանում, վա՜յ թե քներ, այն ժամանակ բերանը իրը չէր— մի անտեր և ավերակ խոռոչ, ուր ամեն ինչ մտնում էր ու ելնում, և այս ավերակ խոռոչից դուրս էին ցցվում իր մի կամ երկու մնացած ատամները, ինչպես ցամաքը նետված հին և փչացած նավի կայմեր։

Իր հագուստը միշտ հին էր։ Երջանիկ էր ցնցոտիներում։ Նա նախանձում էր մինչև անգամ բնության շռայլության։ Ատում էր լավ հագնվողներին, ատում էր գեղեցիկներին։

Հիմա երբ հիշում եմ նրան, մեր բարեկեցիկ տան տպավորություններիս մեջ, ցցվում են իմ աչքի առաջ նրա կարկատանները, նրա խունացած վերարկուն, նրա հազար ու մի գույներով կպցրած շապիկը, մանավանդ նրա գլխի շալը, որ մի հիմար անգլիացի փորձեց գնել իբրև անտիկ ձեռագործ։


3

Հորաքույրս թեև չէր սիրել, բայց մի պահ ամուսնացած էր եղել։ Այդ անցյալ իրողության հետ մենք չէինք կարող հաշտվել՝ եթե այդ կյանքի թանձրացյալ հետքը՝ իր որդին, չլիներ այս աշխարհի վրա։ Բացի դրանից, մայրիկս էլ վկայում էր։ Ի՞նչպես կարելի էր մորս վկայությունը կասկածի տակ դնել։

— Ա՜յ օձ կին քեզի,— ասում էր հայրիկս շատ անգամ իր քրոջ,— գլխավորդ հողին տակ դրիր և վրան նստար։

Այս խոսքը իմ մեջ զարթեցրել էր խոր հետաքրքրություն հասկանալու համար, թե ի՞նչպես մի կին կարող էր իր ամուսնուն դնել հողի տակը և վրան էլ նստել։ Մի օր հարց տվի մայրիկիս.

— Մայրի՛կ, հայրիկը կըսե, որ հորաքույրը իր մարդուն
[էջ]
դրեր է հողին տակ և նստեր է վրան, այդ ի՞նչպես կըլլա, ըսե՛ ինծի։

— Հայրիկդ, որ բարկանա, ըսածը չըսածը չի գիտեր, տղա՛ս,— պատասխանեց բարի մայրիկս։

Բայց մի ուրիշ օր ես ստիպեցի մայրիկիս պատմելու, թե ի՛նչպես հորաքույրը իր մարդին դրավ հողի տակ և նստեց վրան։

— Մինչև չպատմես, չեմ քնանար,— ասացի մայրիկիս վճռական կերպով։

Եվ մայրիկս պատմեց.

— Երբ որ ես ձեր տունը հարս եկա, հորաքույրդ նոր էր ամուսնացել։ Գլխավորը շատ աղեկ մարդ էր, սուս ու փուս, խեղճին գլուխը միշտ ուսին վրա, ամեն ատեն մեր տունը կուգար ու կըսեր.— «Վա՜յ, այս կնիկը, վա՜խ այս կնիկը, իմ գլուխս պիտի ուտե»։ Օր մըն ալ եկան թե՝ Հաջին հիվանդ է (Հաջին հորաքրոջս ամուսինն էր)։ Վազեցի, գացի, ի՞նչ տեսնամ․ կրակներուն մեջ կը վառի։ «Հորքոր, ի՞նչ է եղեր, դոկտորի ետևեն մարդ ղրկե»,— ըսի։

«Ի՞նչ դոկտոր, ի՞նչ բան, թող սատկի»,— ըսավ և … մի քանի օր հետո խեղճ Հաջին մեռավ։ Խաչերը (հորաքրոջս որդին) հորը մահից հետո ծնվեց։

Մայրիկս այս փոքրիկ պատմությունը պատմեց և լռեց։ Ես սկսա վախենալ։

— Մայրի՛կ,— ասացի,— ալ չեմ թողուր, որ հորքորը գա գիշերը և ծոցս պառկի, ամեն գիշեր կուգա, «մսեր ե՛մ» կըսե ու ծոցս կմտնա, որ տաքցնեմ, ալ չեմ թողուր։

— Քեզի բան չըներ, տղաս, մի վախենար,— պատասխանեց մայրիկս։

Հետո երբ խելքս գլուխս եկավ և սկսեցի մարդն ու կինը իրարից զանազանել՝ այն ժամանակ հասկացա, թե ինչպես մի կին կարող է իր մարդին հողին տակ դնել և նստել վրան։

Հորաքույրս ինքը շա՜տ քիչ էր պատմում իր գլխավորի մասին, բայց մեծ գոհունակությամբ պատմում էր, լավ եմ հիշում, իր գլխավորի մահից հետո իրան կնության ուզողների մասին։

Մինչև հիմա էլ պայծառորեն հիշում եմ Նազար էֆենդին,
[էջ]
այն մարդը, որ հորաքրոջս առաջարկել էր, և նա մերժել էր ամուսնանալ։

Ամեն անգամ, որ Նազար էֆենդին մեր դռան առջևից էր անցնում, հորաքույրս խոր հառաջ էր արձակում և ասում։

— Ի՜նչ դմբոն էի այն ժամանակ, որ ատ մարդը չառի, փոխանակ եղբորս տունը մնալու, Նազար էֆենդիի տունը խանում խաթուն կըլլեյի։

Այս ասելուց հետո՝ հորաքույրս խորունկ «ա՜խ» էր քաշում, և երկու կեղծ և պատրաստի արցունքի կաթիլներ վազում էին իր սև և ծալքոտած երեսների վրա։

Շատ լավ եմ հիշում Նազար էֆենդին։ Ամառ և ձմեռ կախ ընկած վարտիքի նման մի անձրևանոց էր կրում, չոր, ցից-ցից մազերով, յուղոտ ֆեսով։ Նրա երկու աչքերն իրարից տարբեր ուղղությամբ էին հառում, կարծես նրանք տարբեր նպատակների էին ձգտում կամ տարբեր-տարբեր գանգեր էին նրանց հրամայում։ Նազար էֆենդու քայլվածքը նման էր այն իշու քայլվածքին, որի ծանր բեռը, տիրոջը անհոգության պատճառով, քսվում, գալիս, հասնում է մինչև պոչին վրա, ծանրանալով միայն հետևի երկու սրունքներին, և խեղճ էշը ստիպված է զառիվեր բարձրանալ։

Բայց իմ հորաքույրս այդպե՞ս էր տեսնում Նազար էֆենդուն։ Ո՛չ։ Նրա աչքին Նազարը ուրիշ կերպ էր ներկայանում։ Նա հաճախ ասում էր.

— Մա՜րդ, ի՜նչ մարդ… բոյը բոսը տեղը, շարժվածքը, օլըրտվածքը, լուրջ, քիչ խոսող, չխմող, կնկանը Ալմաս մը կըսե, Ալմաս մըլ բերնեն կըյնի, տունը տեղը լեցուն, վաստակը տեղը, խանութ ու մուշտարի ունի։

Նազար էֆենդու բոյը, ճիշտ է, այնքան էր երկարած, որ այլևս պատճառաբանված չէր և դրա համար էլ կռացել էր նա, ամաչելով, երևի իր raison d'etre-ի չգոյությունից, բայց խանութ և մուշտարի ունենալու հայտարարությունը շատ էր չափազանցված։

Նազար էֆենդին երեսուն տարուց ի վեր մեր քաղաքի մի խեղճ անկյունում ուներ մի փոքրիկ եռանկյունի կրպակ, ուր առավոտից մինչև իրիկուն զինվորների համար պատրաստի նամակներ էր գրում։ Իր ողջ «գրասենյակի» կահկարասին՝ մի խարխուլ սեղան, մի աթոռ, որ հազար ու մի չվաններով
[էջ]
իր կայունությունն էր պահում, մի թանաքաման, թուրքերեն գրելու համար մի քանի եղեգե գրիչներ, մի հողե ջրաման, մի բաժակ, որ այլևս թափանցիկ չէր, այնքան էր փոշոտած, ապա մոռացա ասելու՝ մի ավել, որ անգործածելի լինելուն համար դառել էր սարդի բույն։

Նազար էֆենդին, պետք է լինեմ արդար, ժառանգական և ամուսնալուծական դատերի համար էլ աղերսագրեր էր գրում, որ պարզապես արտագրում էր մի հին հաստափոր գրքից, փոխելով անունները և թվականները, և երբեմն էլ մի փոքրիկ հավելված էր հանդգնում՝ նայած նոր աղերսանքի էության։ Նազար էֆենդին ամեն մի աղերսագրի համար ստանում էր 60 փարա, իսկ պատրաստի նամակների՝ 10 փարա։

Այսպիսով էր Նազարը՝ էֆենդի՜ն, «տունը տեղը լեցուն» պահում ։

Նազարը օրեկան 50 տրեմ միս էր ուղարկում իր տունը և նոր միրգ դուրս գալուն պես՝ փաթթում էր իր նոր թաշկինակում և Ալմասին ու երեխաներին համար, ժպտուն դեմքով, տանում էր տուն։

Հիշում եմ՝ գարունքից սկսած, ամեն 15 օրը, Նազարը նստեցնում էր Ալմասին իշու վրա և տանում էր Ս. Նշան՝ ուխտի։

Այս ուխտը խոր նպատակներ ուներ՝ Ալմասը միշտ ունենում էր աղջիկ զավակ։ Խեղճ ծնողների աչքը ջուր դառավ և մի տղա զավակ դուրս չընկավ։ Նազարը մտահոգվում էր, որ, մի՜ գուցե, մի որդի չունենար իր երջանիկ սերունդը շարունակելու… նա հաճախ ասում էր իր կնոջը.

— Վաղը մյուս օր փիճ[2] մը դուրս կուգա՝ աղջիկներնուս մեկը կառնե կերթա, ուրիշ օր մը ուրիշ մը՝ երկրորդս կառնե կը կորսվի, մենք կը մնանք մեր տան պատերու մեջը, հարս մը չենք ունենար, որ մեզ խնամե։

Բայց Ս․ Նշանը ի՞նչ կապ ուներ առհասարակ կանանց սեռային ընդունակությունների հետ, մանավանդ որ Նազար էֆենդին երբեք չէր թողնում իր կնոջը մենակ, որպեսզի գեթ Ս. Նշանի սուրբերը մոտենային նրան։
[էջ]
Ահա՛ Նազար էֆենդին։

Արդյոք Նազարը մի՛ օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին՝ դա հարց է, որովհետև այդ մարդը, մեր պատուհանի առջևից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս փնտրում։

Մի անգամ այդ մասին հարց տվի մայրիկիս։ Նա ասաց.

— Լավ չեմ հիշեր, տղա՛ս, 30 տարի առաջ օր մը այդպես խոսք եղավ, բայց խոսքն ըլ խոսք մնաց և ոչ ոք առաջարկություն չըրավ։


4

Հորաքույրս ընկույզից շինված մի խոշոր սնդուկ ուներ՝ երեք հոգի կարող էր ծալապատիկ նստել մեջը, որի բովանդակությունը միայն տան փոքրիկներն էին իմանում, որովհետև նրանց կարևորություն չէր տալիս և բաց անելիս՝ չէր հեռացնում նրանց իր մոտից։

Դժվար թե ես հիմա կարողանամ վերհիշել այն բոլորը, ինչ կար այդ հնամյա սնդուկում— 30 տարվա հին ոճով կարված մետաքսե շորեր, կոշիկներ, զանազան գույնի կոճի և խառնված թելեր, երեսսրբիչներ, ծածկոցներ, գուլպաներ, գլխանոցներ, վարտիկներ, շապիկներ, ասեղ, գնդասեղ, զանազան կերպասեղենի կտորներ, հին, ծռած ոսկիներ, մարգարիտներ, տեսակ-տեսակ քարեղեններ, փոքրիկ մետաքսե խալիչաներ, արծաթե թաս, ծխամորճեր, համրիչներ, գոտիներ, օդեկոլոնի շշեր, պատկերների շրջանակներ, փիանկոյի[3] թղթեր, հին թղթադրամներ, հին դրամներ, ոսկեկոթ գրիչներ, թանաքամաններ, հին ավետարաններ, Երուսաղեմյան կարմիր խաչեր, կոճակներ, գդակներ, ֆեսի ծոպեր, մատնոցներ, վերջապես զանազան իրեղեններ…

Դա հորաքրոջս համար սնդուկ էր, իսկ հորս համար՝ ցավ։

Մի օր լսեցի, որ հայրիկս խոր վշտով իր քրոջը ասում էր․

— Քո՛ւրս, հին բաները կը պահես՝ պահե՛, բայց գոնե նոր բերածներս հագիր, որպեսզի դուրսերը վրաս չի ծիծաղին,
[էջ]
թե այս մարդը իր քույրը ցնցոտիներու մեջ կը պահե։

Հորաքույրս պատասխանեց դրան.

— Ես ջահել հարս չեմ, որ հագվիմ-սըքվիմ և դուրս գամ, թո՝ղ կնիկդ հագվի։

— Գոնե դուրս որ կերթաս՝ դուրս չերթաս բարով,— ասաց հայրիկս,— նոր չարշաֆդ վրադ քաշե, բզիկ-բզիկ եղած չարշաֆովդ մի՛ պտտիր։

Հորաքույրս դարձյալ մի անհարկի պատասխան տվեց և քը՜ս-քը՜ս հեռացավ սենյակից բերանի և աչքերի դիվային ծամածռություններով։

Մի օր մեծ քույրս վերի սենյակից վար՝ հորս մոտ եկավ և ասաց.

— Հայրի՛կ, հորքորը մեր հյուրի ներկայության կըսե, որ ոչինչ չունիմ հագնելիք։

— Ո՞վ է հյուրը, — հարց տվեց հայրիկս։

— Սարգիս էֆենդին է,— պատասխանեց մեծ քույրս։

Սարգիս էֆենդին այնքան էլ մեր տան մոտ մարդ չէր, որպեսզի հորաքրոջս ստախոսության տեղյակ լիներ, դրա համար էլ հայրիկս վրդովվեց։ Նա գնաց ուղղակի հյուրանոց, բարևեց Սարգիս էֆենդիին և անմիջապես կանչել տվեց մեր երկու ծառաներին և պատվիրեց հյուրանոց բերել հորաքրոջս ընկույզից շինված մեծ սնդուկը։ Հորաքույրս այս պատվերի վրա սփրթնեց, սկսեց դողդղալ, մի կերպ փորձեց ծառաներին արգելել, բայց հորս մի խոժոռ նայվածքը բավական էր, որ նրան պատին գամեր, և… նա գամվեց։ Կես ժամ քաշեց մինչև ծառաները, դրսից երկու մշակների օգնությամբ, սնդուկը հասցրին հյուրանոցը և դրին սենյակի ճիշտ մեջտեղը։

Մայրս պարտեզում զբաղված էր և ոչնչից ոչինչ չէր իմանում. բայց երբ քույրերս լուր տվին նրան, թե սնդուկը վեր կը տարվեր՝ եկավ տեսնելու.

— Վարդե՛ր,— հրամայեց հայրիկս իմ հորաքրոջ,— բա՛ց սնդուկը։

Հորաքույրս դողդղալով և արցունքոտ աչքերով բացավ սնդուկը։ Հայրս իր ձեռքովը ինչ որ կար սնդուկում դուրս թափեց և դառնալով Սարգիս էֆենդիին՝ ասաց.

— Ներեցե՛ք, Սարգիս էֆենդի, այսքան բան ունի հագնելու,
[էջ]
ասոր պես յոթն անգամ ալ ծախեր է և քիչ առաջ լսեցի, որ ձեզի ըսեր է, թե ոչինչ չունի հագնելու։

— Թո՛ւ երեսիդ, ամո՛թ քեզ, անիծյա՜լ կին,— ասաց հայրս և դուրս եկավ հյուրասրահից։

Բոլորս էլ իրար երես նայեցինք և լռեցինք, բայց մայրիկս խզեց լռությունը,

— Գոհարի պես եղբայր ունիս,— ասաց,— բավական է վշտացնես, ջուրի պես ոսկի կը ծախսե, իսկ քեզ համար արժեք չունի, հետդ գերեզմա՞ն պիտի տանես, ինչո՞ւ չես հագնիր։

Հորաքույրս չսիրված էգի նման զայրացած՝ բազուկները բացավ, աչքերը չռեց և անիծեց մեր տունը՝ բոլորիս։


5

Երբ դեռ ես մանուկ էի՝ մեր տան կանանց հետ գնում էի բաղնիս։ Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիսը, հիշում եմ կոշմարը կավերի հոտի, գոլորշիների, սիրտ մարեցնող տաքի և խըշխըշ ջրի։

Արևելյան բաղնիսը՝ այն վայրը, ուր հորաքույրս կարող էր երևան գալ իր բոլոր ընդունակություններով և պառավի բոլոր չարություններով։

Հորաքույրս բաղնիսում միայն լողանալով զբաղված չէր — նա դիտում էր այն աղջկան, որ հարսնացու էր կամ թեկնածու հարսնության, որպեսզի բաղնիսից դուրս գալուց հետո՝ խոսեր-բամբասեր նրա մասին։ Բաղնիսից անմիջապես հետո չէր կարող այցելություններ անել իր «տեսածները» կամ տեսնել ցանկացածները պատմելու բաղնիսում հանդիպած աղջիկների կամ հարսնացուների մասին, որովհետև այնքան չեչքար էր քսում մարմնին և այնքան վառող-թափող դեղեր էր գործ ածում, որ սարսափելի հոգնած էր լինում և բերանը բաց՝ պառկում ու քնում էր։

Բայց մյուս օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, ոտին քաշում էր մի խրիկ, գլխին՝ մի կիսամաշ շալ և ընկնում էր հարևանների տները, մեկից մյուսը, ամեն լսած խոսք և տեսած բան կարգապահորեն իր տեղը հասցնելու
[էջ]
կամ «խոսքը իր տեղը կողելու»՝ ինչպես ինքը սովոր էր արտահայտվել։

Մտնում էր Եղիս հանըմի մոտ։ Եղիս հանըմը մի կին էր, որ իր շվաքից էր վախենում, որի լուսամուտների վարագույրները ոչ ոք տակավին կիսաբաց չէր տեսել, խոսում էր նոր ծնած հորթի նման, առանց արտասանելու մի ուրիշի անունը՝ միգուցե բամբասանքի նմաներ։ Երեք որդի ուներ, մեծը՝ Ալեքը, կը լիներ 41 տարեկան, բայց չէր ամուսնացել, որպեսզի «խոսք-զրուց» չլիներ քաղաքում։ Եղիս հանըմը մի կին էր, որ միայն եկեղեցի էր գնում և եկեղեցուց ուղիղ տուն էր վերադառնում և զբաղվում էր մինչև իրիկուն իր տան պարտեզի ծառերով, մարգերով և խոտերի վրա արածող կենդանիներով։ Մեր տեղում Եղիս հանըմը մի տիպար կին էր, նրա մեկ հատիկ աղջիկը զատկին միայն դուրս էր գնում՝ այն էլ եկեղեցի, որի երեսը ոչ ոք բաց չէր տեսել։ Մայրը նրան կանգնեցնում էր եկեղեցու վերնատան ամենից ետևը և հազիվ թույլ էր տալիս քիթը և աչքերի միայն մին ազատագրելու իր երեսի քողից։

Հորաքույրս գնում էր Եղիս հանըմի մոտ և սկսում բամբասել Գուհար հանըմին աղջիկը, որին առջի օրը տեսել էր բաղնիսում մերկ։

— Կռնակին վրա երկու մատ դանակի նշան կա, ո՜վ գիտե ի՞նչ հիվանդություն ունի, լսեր եմ, որ Ալեքիդ համար ուզեր ես՝ չեն տվեր,— ասում էր նա։

— Սխալ ես լսեր, Վարդեր հորքոր,— մեղմագին մայում էր Եղիս հանըմը,— Ալեքս հալա կարգվելու չէ։

— Ի՜նչ գիտեմ, կը խոսին. ես ալ իմ պարտքս սեպեցի գալու և քեզի լուր տալու։

— Շա՜տ, շա՜տ շնորհակալ եմ, Վարդեր հորքոր, ես կը սեպեմ, որ դուն մեր բարեկամն ես, բարեկամ ըսածդ այդպես կըլլի։

Եղիս հանըմը կարճ էր կապում՝ միգուցե Գուհար հանըմը լսեր այդ խոսակցությունը և հորաքրոջս խոսքերի պատասխանատուն իրան բռներ։

Երբ հորաքույրս խոսքը վերջացուցած՝ դուրս էր գալիս մի ուրիշ դուռ բախելու ավելի ոգևորված, Եղիս հանըմը սենյակի մեջտեղում կանգնած՝ իր ցողունի նման, պառաված
[էջ]
բազուկները վեր էր բարձրացնում, խաչակնքում երեք անգամ և ասում.

— Տե՜ր, դու պահյա՛ զմեզ ի փորձութենե, Տե՜ր, Տե՜ր անոխակալ և երկայնամիտ։

Դրանից հետո հորաքույրս մտնում էր Մեմիկ հանըմի տունը։ Նա վարպետ էր խոսք բանալու մեջ, ինչ նյութի մասին էլ խոսվեր՝ նա կարող էր խոսքը ավտոմոբիլի պես շուռ տալ և բերել գցել իր ուզած ուղին։ Մեմիկ հանըմի տունը մտնելու պատճառն էր բամբասել Հազարխան խաթունի աղջկան, որ զրույց կար, թե պետք է նշանվեր Մեմիկ հանըմի քրոջը ամուսնու քրոջը թոռան հետ։

— Գիտե՞ս, Մեմիկ հանըմ,— սկսում էր պառավը,— իմ գործս չէ թեև, բայց որովհետև ես քեզ շա՜տ կը հավնիմ՝ կուզեմ որ ձեր տունը լավ հարս գա։ Երեկ բաղնիքն էի և, ի՜նչպես եղավ, մտա Հազարխան խաթունի օդան, և ի՞նչ տեսնամ— աղջըկան ճռվները (սրունքները) դեղ կը քսեր, ո՞վ գիտե, ըսի մտքես մեջ, ի՜նչ հիվանդություն ունի, մտմտացի, թե Մեմիկ հանըմը սախա՞տ՝[4] պիտի բերե իր տունը։

Մեմիկ հանըմի տունը չպետք էր գար հարսը։ Մեմիկ հանըմը ամուսնու քրոջը թոռանը հետ որևէ կապ չուներ, բայց Մեմիկ հանըմի համար էլ այդ խոսակցությունը քաղցր էր, որովհետև Սարգիսին (իր ամուսնու քրոջր թոռը) ամուսնացնելու մտադրություն կար, բայց Մեմիկ հանըմին «շան տեղ» չէին դրել և իրեն ոչինչ չէին հարցրել։ Հորաքրոջս խոսակցության նյութը չափից դուրս շահագրգռեց նրան և աճեցրեց նրա անտեղի հետաքրքրությունը։ Սրունքներին դեղ գործածել բաղնիսում… ուրեմն անպայման մի ջղային անբուժելի հիվանդություն գոյություն ունի։ Մեմիկ հանըմը, առանց հորաքրոջս ճամբու դնելու, շալը քաշեց գլխին, որպեսզի գնա և գեթ Սարգիսին հայտնի իր «անձնական քննության» արդյունքը։ Հորաքույրս կաղ-կաղ վազեց նրա ետևից մինչև դուրսի դուռը և իբր վերջին խոսք՝ ասաց.

— Աղջիկ եղած ատենս իմ ճռվըներս ըլ այդպես էին, ատոր համար այս հալին ընկա։
[էջ]
Ուրիշ ժամանակ ասում էր, որ իր սրունքներին ցավը վերջեն ժառանգած ցավ էր, բայց այս պարագային իր խոսքի՝ բամբասանքի կշիռը պահելու համար իր կաղության պատճառները տարավ և կապեց մինչև աղջիկության շրջանին։

Այս երկու տներից հետո նա կարգով մտնում էր զանազան ուրիշ տներ իր «տեսածները» իրենց տեղերը հասցնելու։ Օրինակ՝ մեկի համար ասում էր.

— Երեսը տեղն է, բայց մարմինը չորցած է, իմ մարմինս քեզի օրինակ։

Իր կմախքը օրինակ էր բերում 17—18 տարեկան մի աղջկա մարմնին, որ եթե դագաղում էլ լիներ, ավելի թարմություն ուներ, քան հորաքույրս իր կենդանությանը։

Մի ուրիշ աղջկա համար ասում էր.

— Մարմնին վրա տղամարդու պես մազ ունի, ի՜նչ աղջիկ է որ…

Այս բոլորր բաղնիսից դուրս, բայց նա երբեմն ողբերգություններ էր խաղում բաղնիսի ներսում։

Շատ լավ եմ հիշում՝ մի օր բաղնիսի դուրսի ընդհանուր սրահից մի ծանոթ կին մեր սենյակը եկավ և մայրիկից խնդրեց մեր ջրից օգտվել։ Մայրիկս ուրախությամբ արտոնեց և ասաց.

— Խնդրելու պետք չկա, Օղաբեր հանըմ, հրամեցե՛ք։

Մայրիկս ասաց և գնաց դուրս մի քիչ ցուրտ օդ շնչելու։

Հորաքույրս ներս եկավ և տեսավ, որ Օղաբեր հանըմը լվացվում է։

— Մեր սենյակեն դո՛ւրս գնա,— հրամայեց նա։

— Վարդեր խաթուն,— ասաց Օղաբեր հանըմը,— խանըմը արդեն հրաման տվեր է։

— Խանըմ-մանըմ չեմ ճանչնար, գնա՛ դուրս,— կրկին հրամայեց մեր պառավը։

Օղաբերը զայրացավ։ Սա էլ այնպես մեղմ կանանցից չէր։ Երկուքը սկսեցին իրար խոսքեր կանչել՝ գնա՛—չե՛մ գնա — դուն ո՞ր շունն ես՝ հալա կը խոսիս՝ դիպան իրար։ Օղաբերի ազգականները հավաքվեցին մեր սենյակը, երկու կողմի տաքության աստիճանները իրենց սահմանները անց կացան, և բաց արվեց ողբերգության վարագույրը։ Օղաբերը և
[էջ]
իր մեկ-երկու ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի կոպիտ թասերը փաթաթեցին շորերի մեջ և հորաքրոջս ձգեցին սենյակի մեջտեղում և՝ տո՛ւր թե կտաս։ Պարզվեց մի անհունապես տգեղ տեսարան. ճարպոտ կանանց ծիծերը կատաղած շան գլուխների նման սկսեցին վեր-վար ելլել և իջնել, մեկի ոտերը սլլացին և ամբողջ հասակովը և մսերովը զարնվեց սալին և էլի ոտի կանգնեց ավելի կատաղած։ Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր իր փոքրիկ աթոռով, որը վերջին անգամ, հուսահատած, նետեց Օղաբերին, ճեղքեց նրա ծիծերից մեկը, բայց ինքն էլ փռվեց գետին և ուշաթափվեց։ Քույրերս վախեցած արդեն վազել էին և լուր տվել մայրիկիս, որ հազիվ հասավ և դադարեցրեց կռիվը, քաշեց վարագույրը։ Իմ ձեռքիցս բռնեց մայրիկս, բերեց դուրս, հագվեցրեց և պատվիրեց գնալ անմիջապես տուն և ասել մեր ծառային, որ էշը բերի և հորաքրոջս տուն տանի։ Մինչև ես իշուն հետ բաղնիս վերադարձա, բոլորն էլ հագվել էին, մայրիկս տխուր էր, իսկ հորաքույրս, աչքերը փակած, բերանը բաց արած, ատամները ցցած, պառկել էր փոքրիկ գորգի վրա և հազիվ կարողանում էր տնքալ։


6

Երկար տարիներ համբերություն ունենալուց հետո հորս համբերությունը վերջ էր գտնում՝ անկարելի էր հանդուրժել հորաքրոջս ներկայության մեր տան մեջ։

Հայրս մի օր տանը հաղորդեց իր վերջնական որոշումներից մեկը՝ Վարդերը դուրս պետք է գա մեր տնից։ Հայրս չորս սենյականոց մի տուն էր վարձել և ուզում էր, որ հորաքույրս գնա և այնտեղ բնակի իր համար։ Մայրս նախ ընդդիմացավ։

— Ատքա՜ն տարի քաշեր ենք, հիմա՞ չպիտի քաշենք,— ասաց մայրիկս։

Բայց հորս որոշումը որոշում էր։

— Ես որ մինչև հիմա այդ կնիկը կը պահեի՝ այն տղու խաթեր համար էր, մինչև կոկորդս եկեր հասեր է, համբերանք
[էջ]
չմնաց, դուրս պիտի ելլա, դո՛ւրս, չեմ ուզեր, մազերս ճերմկցուց։

Այն տղան հորաքրոջս որդի Խաչերն էր։ Խաչերը դպրոցում ամենից ուշիմ և աջող աշակերտն էր։ Երբ հայկական ծխականը ավարտեց, հայրս նրան ուղարկեց թրքական Պետական բարձրագույն վարժարան՝ Իտատիեն, և դրանից էլ հետո ուղարկեց Պոլիս, բժշկական վարժարան։ Հորս խոսքին վրա ուրիշ խոսք դնել անկարելի էր, հետևաբար մայրս թույլ տվեց, որ հայրս կանչի հորաքույրին և հաղորդի իր որոշումը, միայն մայրս, գալիք պատասխանատվությունից խուսափելու համար, Պիղատոսի պես ձեռքերը լվաց և դուրս եկավ։

— Վերջեն որ զղջաս, ես մեջը բաժին չունիմ,— ասաց մայրիկս հայրիկիս դուրս ելլալեն հետո,— այնպիսի բաներ ընե, այնպիսի օյիններ խաղա, որ տեսնես։

Բայց հայրս կանչեց իր հարազատ քրոջը և շատ կտրուկ կերպով ասաց.

— Երեսուն տարի է ինծի հետ ես, առաջ ջահել էիր, մենակ չէիր կրնար ապրիլ, բայց հիմա տարիքդ առեր ես, մարդ թելիդ չի կրնար դպչիլ, պետք է իմ տունես ելլաս և առանձին բնակիս, ես քեզի համար տուն եմ… — հայրս չի կարողացավ խոսքը վերջացնել, հորաքույրս արձակեց մի այնպիսի ահռելի ճիչ, որ կարծես երեսուն տարուց ի վեր պահեստի դրած լիներ։ Այս ահռելի ճչից մեր հարևանները վազեցին ներս, կարծելով, որ մի արտակարգ բան է պատահել մեր տան մեջ։ Մայրս սենյակից դուրս էր։ Նա, որ ամենափոքրիկ աղմուկից ցնցվում էր, ոչինչ չզգաց, որովհետև սպասում էր դրան։

Հայրս այլայլվեց, մինչև անգամ չկարողացավ խոսել, մի մարդ, որ քաղաքում կատաղածի համբավ էր վայելում։

Մայրս մի քանի ստերով հարևաններին ճամփու գցեց, թե՝ հորքորը լսել է, որ Խաչերը Սև ծովու մեջ խեղդվել է։ Թեև բոլոր հարևանները լսել էին, որ Խաչերի Պոլիս հասնելուն՝ հեռագիր էր ստացվել։ Հորաքույրս ոչինչ չկարողացավ ասել, ոչ մի լուսաբանություն չէր կարող տալ, որովհետև «ուշաթափվել էր»։ Ավելի լավ էր սուտ պատճառներ տային, քան թույլ տար, որ իր «ուշաթափվելու արվեստը» տապալվեր, քանի որ վերջերս մոդայից ընկել էր այդ։
[էջ]
Ուշաթափվել․․․ ահա՛ հորաքրոջս ուժեղ զենքերից մեկը։ Տարիներ առաջ տան բոլոր անդամները վախենում էին հորաքրոջ ուշաթափվելուց— բժիշկ, դեղ, սառը ջուր, քթին՝ ռուհիներ[5]— բայց վերջ ի վերջո իմացվեց նրա ուշաթափվելու արվեստը։

— Երեսուն տարի առավ,— ասում էր խեղճ մայրիկս,— որ հասկացա, թե սուտ կը մարի։

Ճչից բավականին հետո զարթնեց հորաքույրս, բայց մինչև իրիկուն չդադրեց լաց լինելուց։

Երկրորդ օրր հայրս խոստովանեց իր անզորությունը։

— Եթե դուրս գա տունեն՝ ինձ ալամին առջև խաղք ու խայտառակ կընե, Մարգարիտ,— ասաց հայրիկս։

— Պետք է տանենք մինչև ետքը,— պատասխանեց մ այրիկս,— այդ կնիկը մեր տան խարղան է (ագռավը), քանի քշես խարղան, այնքան չար խաբարներ կը բերե։

— Աղջի՛— հարց տվեց հայրիկս,— մինչև ետքը որ կըսես, այդ մինչև ետքը ե՞րբ է, այս կնիկը բոլորիս գլուխը կուտե։

— Թո՛ղ մեր գլուխը ուտե, բայց ո՛չ քուկդ,— պատասխանեց հորս կինը։

— Իմ ու քուկիդ խնդիր չկա, ես կուզեմ, որ կատվին գլուխն անգամ չուտե, բայց բոլորիսն ալ պիտի ուտե…— վերջացրեց հայրիկս։

Հորաքույրս մնաց մեր տանը։


7
Հայրս մի ազգական ուներ, որի անունն էր Հաջի Մայր։ Մենք բոլորս էլ Հաջի Մայր էինք ասում այն քաղցր պառավին, որի ներկայությունը որևէ տան մեջ խաղաղություն էր։ Մի պայծառ, ալեզարդ պառավ, որի ձեռքերը շուշանի սպիտակություն ունեին, որին մոտենալիս՝ նոր լվացված և արդուկված ճերմակեղենի մաքուր բույր էր գալիս, նիհար, բայց ոչ ոսկրուտ։ Նա մեզ միշտ պատմում էր Երուսաղեմ
[էջ]
քաղաքի պատմությունները, ուր այցելել էր իբրև ուխտավոր, մի տասնյակ տարի առաջ։ Նա ուներ մի կարմիր մարջանից խաչ, մեջտեղում մի փոքրիկ ապակյա ծակ, որի մեջ նայելիս երևում էր Քրիստոսի խաչելության պատկերը։ Այդ պատկերը, ասեղի ծակի չափ փոքրիկ ծակից երևցած, իմ մանկական մտքիս վրա ավելի մեծ տպավորություն էր թողել, քան հետագայի իմ տեսած սինեմաները, ռադիոֆոները և ուրիշ գիտական հրաշալիքներ։ Ես Երուսաղեմի մասին միայն մի բան գիտեի։ Երբ երկրաշարժը օրորում էր մեր տները, ամեն մարդ պոռում էր— «Սյունն Երուսաղմա»,— ես կարծում էի, թե Երուսաղեմ ի մեջ մի սյուն կա, որ երկրից մինչև երկինքը երկարած է, և այդ սյունն է, որ կարող է հանդարտեցնել երկրի կատաղությունը։ Այդ խաչի պատկերը ուրիշ հորիզոններ բացավ իմ աչքիս, միշտ էլ փնտրում էի Երուսաղեմի սյունը և Քրիստոսի խաչելությունը։ Հաջի Մայրը իմ մտքում միշտ կապվել էր խաչելության և այդ սյունի հետ, և միշտ մտածում էի, թե ինչպես այդ խորին բարի պառավը կարող էր կապ ունենալ խաչելության գործիքի և այդ վիթխարի սյունի հետ։

Մի օր Հաջի Մայրը էլի մեզ մոտ էր և խոսք կար, որ նա պիտի հեռանար մեր քաղաքից։ Հայրս երկար խորհրդակցության նստեց նրա հետ։

Հայրս համոզում էր Հաջի Մորը, որ հորաքրոջս հետը տանի Պոլիս։

— Ես կը վախնամ այդ կնիկ են,— ասում էր Հաջի Մայրը,— ճամբան գլխուս օյին կը բերե։

— Չէ՛,— առարկում էր հայրս,— դուն գիտես, որ քեզմե կը քաշվի։

— Նա միայն Աստուծմե կը քաշվի, մարդոցմե քաշվիլ չունի,— պնդում էր Հաջի Մայրը։

Վերջապես հայրս աջողեց Հաջի Մորը համոզել, որ հորաքրոջս հետը տանի։

Հիմա հարց էր ծագում, թե ի՞նչ կերպով կարելի պիտի լիներ հորաքրոջս համոզել գնալու։ Հայրս մի քանի օրեր ծանր մտածելուց հետո՝ իր մոտ կանչեց իր քրոջը և ասաց.

— Տղադ քեզ Պոլսեն ուզեր է, պիտի ղրկեմ որ երթաս տեսնաս։
[էջ]
Այս խոսքը դառավ մի նոր և ահավոր ցավ։ Հորաքույրս մեկնաբանեց, որ Խաչերը հիվանդ է և դրա համար են ուղարկում։ Մինչև մեկնելու օրը գովեց ու լաց եղավ, լաց եղավ ու գովեց իր տղին՝ կարծես թե նրա դագաղը դրված լիներ իր առջև։ Ամբողջ մեր ընտանիքը Հոբի համբերությամբ համբերեց այն մեծ հույսով, որ որքան լաց և շիվան՝ այնքան մեկնելու մտքի խորացում։

Ութը մարդ հազիվ կարողացավ հորաքրոջս տնից դուրս բերել և կառք նստեցնել ոտները իրար էր զարնում լաց լինելով և ճչելով։

— Խաչե՜րս, Խաչե՜րս, քոռնայի, քեզ այս օրին չի տեսնեի։

Հաջի Մայրը Պոլսում մի աղջիկ թոռ ուներ, որ պատկերով նշանվել էր Եգիպտոսում ապրող մի հարուստ վաճառականի հետ։ Հաջի Մայրը գնում էր Պոլիս, որպեսզի իր թոռը տանի Եգիպտոս և ամուսնացնի։ Հորաքույրս պիտի մնար Պոլսում, Խաչերի մոտ։

Ճանապարհին հորաքույրս մի քանի կռիվներ կը սարքի Հաջի Մոր հետ։

— Վա յ, դուն այսպես ըսիր, վա՜յ, դուն այնպես ըսիր։

— Վարդե՛ր,— աղաչում է Հաջի Մայրը,— սիրտդ հանգիստ պահե, ծով պիտի անցնենք, Աստուծո բարկությունը մի հրավիրեր մեր վրա։

— Շիտակ բանին Աստված չի բարկանար,— պատասխանում է հորաքույրս։

Մենք լսեցինք, որ Պոլսում Խաչերը մի կերպ աջողացնում է իր մորը ճանապարհ դնել Հաջի Մորը և նրա թոռանը հետ դեպի Եգիպտոս։ Թե ինչպես էր եղել, որ այդ կռիվներից հետո Հաջի Մայրը համաձայնվել էր՝ ես չգիտեմ։

Հորաքրոջս մեր տնից դուրս գալուց հետո՝ մեծ քրոջս բախտը ժպտաց։ Նրա բախտը սկսեց վարդի կոկոնի նման բացվել։ Քույրս 17 տարեկան էր, սիրուն, սև աչքերով և հասակով։ Ըստ մեր Խարբերդի սովորության՝ նա պետք էր բերնի ծամոն դառնար արդեն երկու տարուց ի վեր։ Պետք էր որ մի քանի անգամ հարսնության ուզեին նրան, ծնողները մերժեին, պետք էր ողջ քաղաքում խոսքի և զրույցի առարկա դառնար, բայց որի՞ բերնին էր ընկել մոտենալ մեր տանը և
[էջ]
աղջիկ ուզել՝ հորաքույրս անմիջապես պիտի լիներ իր դերում, գործի վրա և անպայման խանգարեր։ Եթե մինչև անգամ չի խանգարեր, այնուամենայնիվ այդ էր դրսի տպավորությունը։

Հորաքույրս դեռևս Սև ծովու վրա էր, երբ մեծ քրոջս նշանեցինք, մի տարի հետո ամուսնացնելու երկուստեք խոստումներով։ Քույրս՝ զարմանալի՜ չէ, դառավ հետաքրքրության առարկա նշանվելուց հետո։ Ամեն ներս մտնելուն և դուրս գնալուն, եկեղեցի կամ բաղնիս հաճախելուն՝ նրա մասին մանրամասն պատմություններ էին պտտվում քաղաքում։ Հորս և մորս՝ նրան տալիք դրամօժիտի մասին չիմացածը՝ քաղաքը իմանում էր։ Առասպելներ էին հյուսվում նրա դրամօժիտի շուրջը։ Դրամօժիտի չափերը այնքան էին բարձրացվում, որ մոտավորապես գալիս էր հավասարվելու հորս ունեցած հարստության։

Հորաքույրս այլևս չկար, մայրս դառել էր մեր տան իրական և տիրական տիրուհին, մանավանդ՝ աղջիկների մայրը։

Խաղաղ էր մեր տան կյանքը, այնպես խաղաղ, ինչպես կապույտ ու անդորր երկինքը մեր ամառների։ Առաջին անգամն էինք տեսնում, որ մայրս լաց չի լինում, տան մեջ անհամություններ չկան, բամբասանքներր դադրեցան, ագռավը, սև և անողոք ագռավը, չէր կանգ առնում մեր կտրի քիվերի վրա, մեր տան պատերը մի ժպտուն լռություն էին պահում։

Հորաքրոջս մեկնելուց վեց ամիս հետո լսեցինք, որ Եգիպտոսում մեռել է Հաջի Մայրը, որովհետև իր թոռը մերժել էր ամուսնանալ իր նշանածի հետ հորաքրոջս թելադրությամբ և փախել էր Փարիզ, ամուսնացել մի ուրիշի հետ։ Այս դեպքից հետո Հաջի Մայրը կաթվածք էր տարել և մեռել։ Իսկ Հաջի Մոր մահից հետո հորաքույրս եկավ, բոբո՜ս, կանգնեց… մեր տանը դռան առաջ։

Նա էլի վերադարձավ մեր առաստաղի տակ՝ իր հետ բերելով գորշ և սպառնական ամպեր։ Մեր երկինքը էլի մթնեց՝ կարկուտի նշան կար։

Անպայման մեր տանը պիտի պատահեր մի ահեղ և մութ բան։

Մի աշունի ցուրտ օր մայրս, վերադառնալով պարտեզից,
[էջ]
դժգունած և այլայլված, իր ջինջ աչքերում մի քանի կաթիլ արցունքով, ողբագին ասաց.

— Երեք սև ագռավ մեկանց կկանչեն մեր կտրի վրա,— և չի կարողացավ գուշակություն անել։

Երեկոյան հայրիկս սովորական ժամից ավելի շուտ տուն եկավ և անմիջապես մտավ անկողին։

— Մարգարի՛տ,— ասաց նա մորս թուլացած և դժգունած,— հիվանդ եմ, սիրտս կը ցավի։

Հայրս այդ օրվանից ոտքի չկանգնեց, անկողնում հիվանդ մնաց մինչև կաղանդի կես գիշերը։

Հորս հուղարկավորությունը տեղի ունեցավ այն նոր տարվա ցուրտ առավոտը։

Տեղի էր ունեցել ահեղ բան՝ հայրիկս չկար։


8

Հորաքույրս գտավ իր անխորտակելի պարանը՝ վրան խազալու, պար գալու։ Հայրիկիս վախը չկար, իսկ տան մյուս անդամներն էլ հորս մահվան վշտով էին տարվել։ Նրա առաջին գործը եղավ ընկնել մեր նոր փեսայի ետևից, որի ամուսնությունը արդեն մոտ էր։ Հորաքույրս որևէ պատճառ չուներ մեր փեսային թշնամի լինելու, իսկ քույրս էլ խենթի նման սիրում էր իր նշանածին և փոխադարձաբար։

— Առանց ինձ նշանե՜ն, ինձ մարդու տեղ չդնե՜ն , ես այս տան մեջ ո՛չ աղախին եմ և ո՛չ ըլ շուն,— մտածում էր հորաքույրս, ավելի ճիշտ՝ դավադրում։

Առաջին գործը եղավ մորս միտքը պղտորել, բայց չօգնեց, հետո մեծ եղբորս գրգռեց փեսայի դեմ և պատճառ եղավ մի շարք անհամ և անհարկի կռիվների, մինչև անգամ, ապտակ, ամաններ իրար գլխի և այլն։

— Հակո՛բ, գառնո՛ւկս,— գաղտնի փսփսում էր հորաքույրս մեծ եղբորս ականջին,— փեսադ ասդին անդին, գլխեն դուրս խոսեր է, որ իբր թե դուն չես կրնար հորդ տեղը բռնել, շռայլ ես, պատիվ չես բերեր տանը, թե հորդ հին բարեկամները կամաց-կամաց կը հեռանան և փուշտերու[6] հետ գործ ունիս։
[էջ]
Եղբորս միամտությունը և հորաքրոջս ինտրիգի աջողությունը հասան մինչև այն աստիճանին, որ մի օր եղբայրս դուրս վռնդեց տնից մեր փեսային։

Քույրս լաց եղավ, մայրս զգայնությունից հիվանդացավ, մենք էլ սկսանք չսիրել փեսային, որ «պատճառ» էր մեր տան վրա թափած նոր կրակե կարկուտին։ Փեսան հանդարտաբարո բնավորությամբ մի երիտասարդ էր և չկարողացավ ավելի ճիգ և կամք հանդես բերել։

— Հերի՛ք է,— ասում էր վշտագին մայրիկս հորաքրոջս,— հերի՛ք է սև սատանի դեր կատարես այս տան մեջ, ի՞նչ ունիս աղջկանս մոտ, որ չես կրնար ետ առնել։

— Ես ի՞նչ բան ունիմ,— պատասխանում էր հորաքույրս,— խելառ տղադ է ընողը, ամեն բան ըրեք, վերջեն ելեք իմ վրաս նետեցեք հանցանքը, Աստծու ահեն չե՞ք վախնար, շատ ըլ մի գուրգուրար փեսայիդ վրա, չգտնվելիք չէր, մեր ոտը թող պագնեն ու մեր աղջիկը առնեն։

Մայրիկս, ինչպես երեսուն տարի, այս անգամ էլ լռեց՝ առիթ չտալու համար նրան ավելի սատանայական մեքենայությունների, բայց մեր տան փեսայի հետ կռիվները այնքան հաճախակի դառան, որ փեսան ստիպվեց իր տված նշանը ետ պահանջել։ Նշանը ակամա ետ ուղարկվեց, բայց խեղճ երիտասարդը վշտից հիվանդացավ, ուժասպառվեց և մի օր էլ մեռավ։ Քույրս, աներևակայելի ջանքերի շնորհիվ՝ Եվրոպա, ամառանոց և ջերմուկներ, հազիվ փրկվեց մահվան վտանգից։

Մինչև հիմա էլ հիշում եմ մեր ժամանակավոր փեսային՝ շատ սիրուն դեմքով և կազմվածքով, բարի և հիմար։

Խեղճ տղան քաշվում էր իր սերը պաշտպանելուց։


9

Եգիպտոսի վրայով՝ Ամերիկայից մեր քաղաքը հասավ մի մարդ, որ աչքի զարնվեց միայն այն բանի համար, որ առջևի ատամների երկուսը ոսկուց էին շինված և ապա ասում էին, որ շատ հարուստ էր։ Այս մարդը խարբերդցի էր, բայց նրան միայն ծերունիներն էին հիշում։

Ջինջիլյան էֆենդի՝ այս էր նրա ազգանունը։
[էջ]
Հորաքույրս Եգիպտոսում պատահել էր այս ոսկե ատամներով պարոնին և խոստացել էր երկիր վերադարձին ցույց տալ իր եղբոր աղջիկը։

Ահա թե ինչպես Ջինջիլյան էֆենդին մուտք գործեց մեր տունը և էլ դուրս չեկավ։

Թե հորաքույրս ինչպես և որպեսզի աջողությամբ տարավ թելլալ[7] կնիկի այս գործը, դժվար թե ես կարողանամ պատմել այստեղ մանրամասնորեն և ճշգրտորեն, որովհետև այս պատմությունը հորաքրոջս ամենածածուկ, մութ և լռին գործերից մեկն է։

— Չեմ գիտեր թե աղջիկդ պահես-պահես՝ որի՞ն պիտի տաս, ասում էր մորս, բոլորն ըլ կը խոսին, որ թոքախտավոր է, բարակ ցավ ունի, և ինչե՜ր, մեյ մը ականջդ դուրս ըրե՛ և լսե՛, թթո՞ւն պիտի դնես։

— Բայց շատ տարիք ունի, ինձմե մեծ է, պատասխանում էր մայրիկս ոսկի ատամներով մարդու համար, գլխուն վրա ճերմակ մազերու համրանքը չկա, աղջիկս ծերի՞ պիտի տամ։

— Ոո՜ւհ, գլուխդ հողիմ,— ասում էր հորաքույրս, բոլորը Ջինջիլյան մը կըսեն հինգ Ջինջիլյան ըլ պռկունքներեն կը կախվին, ի՜նչ պատիվներ կուտա խալխը աղջիկները անոր շալակը հանելու, բայց բախտը տես, որ իր ոտքովը ընկեր է մեր դուռը։

Վերջապես հորաքույրս բոլորին համաձայնացրեց։

Մինչև ամուսնություն՝ մի կերպ մենք նոր փեսային տարինք, բայց ամուսնությունից հետո՝ մեծ եղբայրս մտավ իր դերում, որովհետև փեսան դուրս եկավ իր դերից։

Ջինջիլյան էֆենդին սկսեց եղբորս անձնական գործերին խառնվել։ Եղբայրս անցել էր հորս տեղը և չէր տանում, որ որևէ մեկը միջամտի իր խելքին։

Մենք մի մեծ պարտեզ ունեինք քաղաքից քիչ դուրս, որ չորս բոլորը փշենիներով ցանկապատ ուներ։ Մեծ եղբայրս ցանկացավ ցանկապատի տեղ աղյուսով պատ կանգնեցնել։ Շատերը եղբորս խորհուրդ տվին չանել այդ, որովհետև ծախսը շատ է և չարժե։
[էջ]
— Գառնո՛ւկս, մոռցիր, որ երթա, խրատում էր մեր ալևոր ազգականներից մեկը։

— Տղա՛ս, մի ըներ, ասում էր մայրս։

— Պիտի ընեմ, մեկ անգամ խոսքը բերնես թռեր է, պիտի կատարվի,— համառում էր եղբայրս։

Մի երեկո Ջինջիլյան էֆենդին մեր տանն էր՝ ընթրիքի։ Ճաշի ժամանակ էլի, ինչպես միշտ, խոսքը բացվեց պատի մասին։ Վերջին երկու ամիսների ընթացքին արդեն մեր տան մեջ պատի խոսակցությունից դուրս ուրիշ խոսակցություն գրեթե չկար։ Մի շարք համոզիչ խոսքեր ասվելուց հետո, երբ եղբայրս շարունակեց պնդել պատը կանգնեցնելու մասին, փեսան սկսեց բղավել.

— Առնվազն սարսաղություն է, հիմա՛ր…

Ջինջիլյան էֆենդին դեռևս չէր լրացրել իր խոսքը՝ եղբայրս իր առաջ դրված կանաչ լոբու ամանը առավ և խփեց փեսայի ոսկե ատամներին։ Բոլորս էլ սեղանից թռանք, քրոջս սիրտը գնաց, մայրս զայրացավ, որ փեսան խոսքի խառնվեց և վիրավորեց եղբորս, հորաքույրս փախավ դուրս, իսկ փեսան և եղբայրս ինկան իրար կոկորդի։ Ոչ ոք չկար, որ բաժաներ, երկուքն էլ սպասում էին, որ մեկը միջամտի։ Վերջ ի վերջո մայրս հրամայեց։

— Հակո՛բ, բավական է։

Հակոբը բաց թողեց փեսայի վիզը։

Երեք օր հետո պատը սկսեց կառուցվել, բայց մեր տան և Ջինջիլյան էֆենդու միջև պատի խնդիրը միշտ մնաց դաժան խնդիր։

Հորաքույրս շատ աշխատեց փեսան նորից մեր տուն բերել, բայց այդ նրան երբեք չաջողվեց։


10

Հորս մահվանից մի քանի տարիներ անցել էին, մենք արդեն բավական մեծացել էինք, երբ մեր տան մոտիկ ազգականներ խորհուրդ տվին բաժանել հորենական ժառանգությունը, որ տարիներ հետո «մութ կողմեր» չմնան։

— Ինչո՛ւս պետք խառնակ բան,— ասաց մեր մեծ հայրը՝
[էջ]
մորս հայրը,— ա՛ս իմս, ա՛ս քուկդ, նորեն եղբայր ու քույր, արյունը ջուր չի դառնար։

— Մաքուր հաշիվը աղեկ բան է, ասաց ուրիշ մի ազնվաշուք ազգական, ի՞նչ պետք կա տարիներ հետո կռվի և ծեծի, քանի որ հիմա ամեն բան մեջտեղն է, մեկ՝ քեզ, մեկ՝ անոր, մեկ՝ մյուսին, մեկ ըլ՝ մյուսին, խնդիրը կվերջանա։

Մայրս, եղբայրներս և քույրերս համաձայնվեցին և ժառանգի բաժանման գործը սկսվեց և ընթանում էր շատ խաղաղ, երբ հանկա՛րծ, հորաքույրս կախվեց մեջտեղում։

— Երեսուն տարի է ես այս տան մեջ կաշխատեմ, առանց ինձի չեք կրնար ասեղ մը իսկ բաժանել, հայտարարեց նա։

Մյուս առավոտ մենք լսեցինք, որ նախքան այդ հայտարարությունը, զարմանալի էր, որ մինչև այդ լռել էր, գնացել և փաստաբանների հետ խորհրդակցել էր, գտել էր մի քանի պնակալեզներ, որոնք պիտի ջանային մի բան կորզել մեզանից։

Մեծ եղբայրս նախ կանչեց իր մոտը հորաքրոջս և հորդորեց, որպեսղի այդ սիրուց հրաժարվի։

— Հրաժարվի՛ր այդ խելքից, ասաց եղբայրս, եթե ոչ քեզ ըլ կը ձգեմ փեսա Ջինջիլյանի օրին։

— Իմ արյանս իրավունքն է,— պատասխանեց հորաքույրս։

— Քու արյանդ մեջը… հարեց մեծ եղբայրս և կատաղեց։

Վե՛ր, վա՛ր,— հարևանները էլի հավաքվեցին։

— Կուզեմ, իմ բաժինս կուզեմ, իմ հարազատ եղբորս մալն է, ճչում էր պառավը։

— Դուն որ ասեղ մը առիր այս տեղեն՝ ըհը՛,— պատասխանում էր եղբայրս և հինգ մատներով բռնում բեխը և ցույց տալիս։

Առաջին անգամ լինելով՝ հորաքույրս չուշաթափվեց։ Վերջին գործն էր, որ մեզ հետ ունենում էր և ուշաթափվելով գործը գլուխ չէր գա։

Մի քանի օր հետո, ահավոր լացուկոծի մեջ, հորաքույրս դուրս էր գնում մեր տնից օրինական միջոցներով, և ծառաները դուրս էին բերում իր պատմական ընկույզե մեծ սնդուկը։

Տողատակեր

[խմբագրել]
  1. խրիկ — կարկատաններով հաստացած մի կոշիկ
  2. ապօրինի զավակ, պոռնկորդի
  3. վիճակախաղի
  4. հաշմանդամ
  5. ուշաբեր հեղուկ
  6. սրիկա, խարդախ
  7. միջնորդ