Jump to content

Իմ չունեցած ձին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՄ ՉՈՒՆԵՑԱԾ ՁԻՆ


Երբ փոքրիկ էի՝ ուզում էի ձի ունենալ,
երբ փոքրիկ չէի՝ ուզում էի ձի ունենալ,
երբ արդեն մեծ եմ՝ կուզեի ձի ունենալ։

Ինչ խոսք, ձին էլ շատ կուզենար,
որ ես իրեն ունենայի,
որովհետեւ ուրիշներից ես լավ գիտեմ,
            Թե ինչպես ջերմ ու պարզ լինել ձիերի հետ։
Ես ուրիշի ձիով մի օր գնում էի հեռու մի տեղ,
բայց քանի որ աչքակալներ ուներ այդ ձին
Եվ չգիտեր՝ ինչ գեղեցիկ սարերով է ինքը վարգում,
Թեկուզ արդեն հասնում էինք,
Ինձ թվում էր, թե չենք հասնի մենք ոչ մի տեղ։
Եվ չգիտեմ՝ հասանք, թե ոչ։
Այնպես շա՜տ եմ ես ցանկանում ձի ունենալ։
Ես իմ ձիով կհասնեի ամենուրեք,
Իմ մանկության հեքիաթների դղյակն անգամ,
Անգամ Պառնաս։

Իմ չունեցած ձին տեսնես ումն է հիմա։

Երբ փոքրիկ էի՝ ուզում էի ձի ունենալ,
Երբ փոքրիկ չէի՝ ուզում էի ձի ունենալ,
Երբ արդեն մեծ եմ՝ կուզեի ձի ունենալ,
Երբ ես չեմ լինի՝ կուզենամ ձի ունենալ։