Իմ տասնյոթ տարիք,
Չեմ մոռանա ես ձեզ։
Խռովքներով անթիվ,
Երազներով անմեռ,
Ապրում էի տենդով
Արևելքի շուրթին
Ծաղկող մի քաղաքում։
Երկաթագործ էի.
Քուրայի մոտ կանգնում
Ծանրածանր մի մուրճ
Խփում էի սալին,
Բորբոքվում էր իմ դեմ
Թեժ հնոցում վառվող
Հազարագույն մի բոց.
Շարվում էին ճակտիս՝
Բյուր կայլակներ մրոտ,
Որպես սև֊սաթ հուլունք։
Ու երգում էր հոգիս
Սիրո թախծոտ մի երգ։
Այդ օրերին լուսե,
Այդ օրերին տխուր,
Իմ տասնյոթ գարնան
Բազկի ահեղ ուժով
Երկա՞թն էի կոփում
Արդյոք հրալեզու,
Թե իմ հոգին վառման…
Սիրո կանչով բացվող
Ու երկաթով հրկեզ
Մարգն էր կոփվում իմ մեջ։