Jump to content

Ինձ ասում են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինձ ասում են
ԻՆՁ ԱՍՈՒՄ ԵՆ

Ինձ ասում են. «Զո՜ւր ես այդպես, ո՛վ պոետ,
Օր ու գիշեր դու սեր երգում աշխարհին,
Եվ ցավատանջ ու տխրագին երգիդ հետ
Փառաբանում նաև սիրած քո յարին»…

Ինձ ասում են. «Հավատացիր, որ սիրուն
Չարժե բնավ մարդ յուր սիրտը նվիրե.
Խաբուսիկ են և՛ սիրո վարդ, և՛ գարուն,
Եվ նազելիդ վաղն ուրիշին կըսիրե…»։

Բայց իմ հոգին խուլ է մարդկանց այդ ձայնին,
Ես օրհնում եմ և՛ սիրո վիշտ, և՛ պատրանք.
Ես ոգեզմայլ սեր եմ երգում աշխարհին,
Առանց սիրո սրտի համար չկա՛ կյանք…