Jump to content

Ինչո՞ւ (Ռուբեն Սևակ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչո՞ւ

Ինչո՞ւ


Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր.
Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններն են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կայրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ'երգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…