Ինչպես բժշկեցին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչպես բժշկեցին

Նար-Դոս

Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում մի պատի՝ կույր մուրացկանի պես: Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ, որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելու անցորդի գլխին: Փոքրիկ պատուհաններ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և պատուհանների խոռոչներում, չուլ ու փալասների տակ:

Այսպիսի տնակներից մեկն էր և ջուլհակ Թորոսի խրճիթը: Սակայն այս խրճիթը մյուս տնակներից տարբերվում էր միայն նրանով, որ սրա պատերի կեսն ալիզից էր (կավի և հարդի շաղախից) և կտրանը երդիկ ուներ, որի գլուխը ծածկված էր կոտրած կարասի վերին մասով: Այդ երդիկի տակ էր ջուլհակի դազգահը, և այդ տեղից էր նա ձմեռը լույս ստանում կտավ գործելիս, որովհետև միակ պատուհանը շատ փոքր էր և դազգահից հեռու:

Ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր, նստում էր իր նահապետական դազգահի առջև, ոտները կախում հորի մեջ, մաքոքը հինածի միջով աջ ձեռքից ձախն էր գցում, ձախից աջը, և վաղ առավոտից մինչև ուշ գիշեր խրճիթի խոր լռության մեջ լսվում էր ճախարակների միալար ճռճռոցը: Այժմ ծերացել էր, շատ էր ծերացել, մեջքը կորացել, կուզ էր դարձել, մորուքը սպիտակափառ փռվել էր կրծքին, սպիտակ թավ հոնքերը կախվել էին հանգած աչքերի վրա, ձեռքերը դողդողում էին և առանց ձեռնափայտի չէր կարողանում ման գալ: Ու չէր հիշում, թե երբվանից էր, որ դազգահը, կարծես խոր քուն մտած, կանգնած էր երդիկի տակ իր ցից-ցից սյուներով, առանց հինածի, որպես մի կմախք, չէր հիշում, թե երբվանից էր, որ ջահրան իր ծռված անիվով ընկած էր անկյունում անգործ, չէր հիշում, թե երբվանից էր, որ մասրաները փոշեթաթախ ընկած էին մութ պատի տակ թիթեղյա այն փոքրիկ լամպի հետ, որ գիշերները մխում էր դազգահի մոտ:

Այս էլ չէր հիշում, թե երբ էր մեռել կինը, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ, որ այժմ մոտ երեսուն տարեկան էր և իր միակ հույսն ու ապավենը այդ խորին ծերության հասակում: Մարթան էր նրան կերակրում, հագցնում իր ձեռքի աշխատանքով և չէր ամուսնացել միայն նրա համար, որ ծերունի հայրն անտեր — անտիրական չմնա: Նրա, ինչպես և համարյա ամբողջ թաղի կանանց, սովորական աշխատանքը հինած գործելն էր, որ նա վերցնում էր ասիական դերձակներից: Ամբողջ օրն աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել կամ դուրսը հարևան կանանց պես տան պատի տակ վիլալարը ձեռքին հինած հինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը, թախտի վրա, դազգահի առջև նստած, գուլուփան ու թուրը ձեռքին, հինած գործելիս:

Տարօրինակ աղջիկ էր Մարթան: Ծիծաղ, ուրախ տրամադրություն ասած բանը կարծես բնավ ծանոթ չէր նրան. ծանրաբարո, սակավախոս, միշտ զգաստ, միշտ լուրջ, միշտ կենտրոնացած իր ներքին աշխարհի մեջ, ուր կարծես շարունակ պրպտում էր ինչ-որ ու չէր գտնում: Դեռևս մոր կենդանության ժամանակ, որ զարմանալի աստվածավախ կին էր, տարված ամեն տեսակ նախապաշարումներով, նա սովորել էր հավատալ սրբերին, որոնք այժմ մի-մի պաշտամունքի առարկա էին դարձել նրա համար: Նրա ամենապաշտելի սուրբը ս. Գևորգն էր, ուր ամառ-ձմեռ համարյա ամեն շաբաթ երեկո գնում էր համբուրելու, իսկ ամեն տարի աշնանը, այդ սրբի տոնի շաբթին ծոմ էր պահում — ամբողջ վեց օր ո՜չ հաց էր առնում բերանը, ո՜չ ջուր, իսկ յոթերորդ օրը հաղորդվում էր: Նույնիսկ մի անգամ ծոմապահությունից այնպես հիվանդացավ, որ քիչ մնաց մեռներ, բայց և այնպես շարունակում էր իրենը: Մեծ պասը պահում էր ամենայն սրբությամբ, իսկ զատկից մինչև համբարձումը երկուշաբթի օրերը չէր աշխատում, որ հարինք ցավը չտարածվի, և արտերը կարկտահար չլինեն: Միշտ այդպես էին արել հայրն ու մայրը, այդպես էլ շարունակում էր այժմ ինքը:

Նա հավատում էր դևերի և սատանաների, ալքերի և քաջքերի գոյության, թալիսմանների և ժողովրդական աղոթքների զորության: Երազի մեջ տեսած ամեն մի կենդանի կամ առարկա նրա համար որոշ, տխուր կամ ուրախ, պատահարի գուշակ էր, հոգ չէ, թե այդ երազները բնավ չկատարվեին:

Դեռևս մանուկ հասակում մորից լսել էր, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա — սատանա, նրանք շարունակ կռվում են իրար հետ. հրեշտակը մարդուն դեպի բարին է մղում, սատանան — դեպի չարը, ուստի քնելիս պետք է միշտ ձախ ուսի վրա պառկել, որ սատանան տակը մնա ջարդվի: Ու Մարթան այդպես էլ անում էր միշտ և հաստատ հավատացած էր, որ գիշերները ձախ ուսի վրա պառկելով սատանային տակն է գցում ջարդում և դրանով ուրախացնում բարի հրեշտակին:

Գարնան վերջին օրերից մեկում մեռավ Թորոսենց հեռու-մոտիկ ազգականներից մեկի թոքախտավոր տղան՝ Դարչո անունով: Մարթային եկան տարան, որ օգնի սևեր կարելու սգավորների համար: Երեք օր ու գիշեր մնաց Մարթան մեռելատանը և տուն դարձավ թաղման օրը, արդեն մութն ընկած ժամանակ, երբ ամենքն արդեն ցրվել էին: Հայրը նրանից շատ առաջ էր վերադարձել և խրճիթի շեմքին նստած սպասում էր նրան:

Մարթան մտավ, որ ճրագ վառի և մտնելուն պես այնպիսի մի ճիչ արձակեց, որ կարծես օձ խայթեց:

Այդ ճիչն այնքան սարսափելի էր, որ ծերունի հայրը համարյա թե երիտասարդական կորովով վեր թռավ տեղից և ներս ընկավ: Ու ներս ընկնելուն պես իրեն գտավ աղջկա գրկի մեջ:

— Վա՛յ, հայրիկ ջան, շնե՛րը, կատվանի՛քը, — կանչեց Մարթան սարսափահար, պինդ սեղմելով նրան իր գրկի մեջ պաշտպանություն որոնողի պես:

Հայրը հազիվ կարողացավ պահել իրեն նրա ծանրության տակ, շոշափեց նրա գլուխը և հարցրեց ծայր աստիճան զարմացած

— Մարթա ջան, ի՞նչ ես ասում:

— Շները, կատվանիքը, — կրկնեց Մարթան, և հայրը զգաց որ նա ամբողջ մարմնով դողում է:

— Ի՞նչ շուն, ի՞նչ կատու, որդի ջան:

— Հրեն... միսը քրքրում են...

— Ի՞նչ միս, որտե՞ղ:

— Հրեն թախտի տակը, թախտի տակը…

Ծերունին մի կերպ ազատեց իրեն աղջկա ցնցողաբար սեղմող ձեռքերից, մթության մեջ խարխափելով մոտեցավ սեղանին, որ ճրագ վառի, բայց թե ձեռքերն էին դողում և թե իրենից պոկ չեկող սարսափահար աղջիկը չէր թողնում, որ ազատ շարժումներ գործի: Վերջապես, սեղանի վրա երկար տապտպելուց հետո, գտավ լուցկու տուփը և մի կերպ վառեց լամպը: Ու երբ լույսի վրա նայեց աղջկան, զարմանքից քարացավ: Մարթայի դեմքը սարսափից ծռմռվել, այլանդակվել էր, աչքերը կարծես ուզում էին դուրս պրծնել խոռոչներից, հայացքն անմիտ էր, երեսին գույն չկար, և ինքն ամբողջովին դողում էր տերևի՝ պես:

— Մարթա ջան, էդ ի՞նչ ա հալդ, — ակամա բացականչեց ծերունին իր թույլ դողդոջուն ձայնով, — ինչի ես դողում:

— Շները, հայրիկ ջան, կատվանիքը... ախր միսը քրքրրում են թախտի տակը, — սարսափած կրկնում էր Մարթան, ձեռքով ցույց տալով թախտը:

— Հիսուսին ու Քրիստոսին, որդի ջան, շուն ու կատու չկա ըստեղ, աչքիդ ա երևում, — խաչակնքեց ծերունին:

Բայց Մարթան շարունակ կրկնում էր իր ասածը և, հորը պինդ կպած, սարսափահար աչքերը չէր հեռացնում թախտից: Ծերունին մի կերպ ազատվեց նրանից, դողդոջուն ձեռքով վերցրեց լամպը, մոտեցավ թախտին, դրեց գետնին, կապերտի փեշը բարձրացրեց և աչք ածեց թախտի տակը:

— Դե դու էլ տես, ըստեղ ո՞ւր ա շուն ու կատու, — ասաց նա, դառնալով աղջկան:

Մարթան, առանց տեղից շարժվելու, ձեռքերը դրած ծնկներին, խոնարհվեց և չռած աչքերով հեռվից նայեց թախտի տակը, ուր բացի կավե կրակարանից, որ նրանք ձմեռը քուրսու տակ էին բանեցնում, փայտ կոտրելու կացնից և ավելից, ուրիշ բան չկար:

— Չկա՞, — հարցրեց նա կամաց ծոր տալով:

— Բա կա՞: Որ ասում եմ աչքիդ ա էրևացել…

Ծերունին կապերտի փեշն իջեցրեց, լամպը վերցրեց և տարավ դրավ սեղանի վրա:

— Նստի, բալա ջան, նստի: Մի քիչ սառը ջուր խմի, վախեցած ես:

Նա վերցրեց ջրի թասը, մոտեցավ պատի տակ կիսով չափ գետնի մեջ խրված կարասին, ջուր հանեց և բերավ դրավ աղջկա առջև:

Բայց Մարթան ձեռ էլ չտվավ: Այժմ հանգստացել էր և նստած էր աչքերը մի կետի հառած, գլուխը ձեռքերի մեջ առած, կարծես աշխատելով մտքերը հավաքել:

—Մեր թախտի տակը չէ, — շշնջաց նա երկար լռությունից հետո, — նրանց թախտի տակը... Խալխը որ քաշվեց, Դարչոյի մերն ասեց ինձ, որ մոզու միս հանեմ թախտի տակիցը, տանեմ գանջինումը պահեմ: Կռացա, որ հանեմ, տեսնեմ շներն ու կատվանիքը վրա են թափվել քրքրում... Ընե՛նց վախեցա, որ... ընե՛նց վախեցա...

—Ի՞նչ մոզու միս, — հարցրեց ծերունին:

—Դարչոյենք որ պահում ին... էն մատաղացուն, էլի, որ պըտի տանեին Բոլնըսի ս. Գևորգում մորթեին, որ Դարչոն լավանար:

— էն էին մորթել քելեխի՞ն:

— Բա՛:

— Վա՜յ, վա՜յ, — ասաց ծերունին գլուխը շարժելով: — Ետո դրուստ շուն ու կատվանիք ի՞ն:

— Եսի՛մ… վախից սիրտս գնացել էր… Ասին, թե ոչինչ չկա, աչքիս ա էրևացել…

— Աչքիդ ա էրևացել, բա աչքիդ, ոնց որ հըմի, — վրա բերեց ծերունին: — Վե կաց, բալա ջան, վե կաց, կողենքը գցի, քնենք: Իրեք օր ա չըրչարվել ես, շատ կըլես բեզարած: Հրես իմ քունն էլ ա տանում:

Եվ ծերունին, բոլորովին հանգստացած, հորանջեց:

Մի քանի օր Մարթայի վարմունքի մեջ մի առանձին տարօրինակ բան չէր նկատվում: Սովորականի պես առավոտները վաղ վեր էր կենում, փոքրիկ ինքնաեռը գցում, անկողինը հավաքում, թախտն ու հատակն ավլում, ամեն բան իր տեղը դնում ու նստում հինած գործելու մինչև ինքնաեռի եռ գալը: Հետո հոր հետ սուս ու փուս թեյ էր խմում ցամաք հացով և նորից գործի նստում մինչև ճաշ և մինչև երեկո: Բայց այնուհետև հայրը նկատեց, որ նա մենակ գործի նստած ժամանակ խոսում է ինքն իրեն, դեմքով ինչ-որ ծամածռություններ է անում, երբեմն ծիծաղում առանց որևէ առիթի, երբեմն էլ սգվորի պես մղկտալով մրմռում, լաց լինում: Մի օր էլ ծերունին դրսից ներս գալով տեսավ թախտը մի կողմն է քաշել ու կացնով քանդում է գետինը:

— Մարթա , էդ ի՞նչ ես անում, — բացականչեց նա զարմացած և վախեցած:

— Հանում եմ... հանում եմ, — ասաց Մարթան, կացինն ուժգին թափով զարկելով հողե հատակին:

— Ի՞նչը:

— Մոզին...

— Ի՞նչ մոզի:

— Մատաղացու մոզին... մատաղացու մոզին... ս. Գևորգի մոզին... քանի վախտ ա մզզում ա... բա մեղքը չի՞… բա մեղքը չի ... բա թողանք, որ շներն ու կատվանիքը գզգզե՞ն...

Ասում էր ու հևալով քանդում գետինը շարունակ, հողը ցաքուցրիվ տալով շուրջը:

Ծերունին, տեղն ու տեղը քարացած, նայեց, նայեց, հետո մի «վայ» արավ և երկու ձեռքով թակելով գլուխը՝ շտապեց դեպի դուրս, հարևաններին օգնության կանչելու:

Չանցավ մի քանի րոպե, և արդեն ամբողջ թաղը դրնդում էր, թե «Թորոսանց Մարթան գժվել ա»: Էլ մեծ, էլ փոքր, էլ կին, էլ աղջիկ — ո՛վ ասես, բան ու գործ թողած, շտապում էր թամաշի: Թորոսենց խրճիթի ներսն ու դուրսն ասեղ գցելու տեղ չկար, իրար ճխլելով, իրար հրելով, իրար ոտ կոխ տալով ներս էին խցկվում հա խցկվում խրճիթի նեղ դռնից: Ձայների ժխորը բռնել էր ամբողջ փողոցը:

Մարթան նստած էր իր փորած գետնի վրա և, կացինը ձեռին, խելագարի անմիտ հայացքով նայում էր ներսը ճխտված կանանց և երեխաների ամբոխին: Շրթունքները շարունակ կրծում էր և դերիայի փեշը փաթաթում մատների վրա, ետ անում ու նորից փաթաթում: Նստած էր լուռ, բոլորովին ձայն չէր հանում, մինչև իսկ այն ժամանակ, երբ փորձում էին խոսեցնել: Մի քանի սրտոտներ փորձեցին կացինն առնել նրա ձեռից և վեր կացնել, բայց նա կացինը շեքը կոխեց, ամբողջ մարմնով կռացավ նրա վրա և սկսեց լաց լինել երեխայի պես, երբ նրա ձեռքից ուզում են խլել իր խաղալիքը:

Տեղահան արած թախտի ծայրին կծկվել, կուչ էր եկել ծերունի հայրը, կուզը ցցել, սպիտակ մորուքը թաղել ծնկների արանքին և մղկտում դառնագին:

Ներսը հավաքված կանայք նայում էին ծերունուն և նրա աղջկան խղճահարությամբ, կարեկցությամբ և մի տեսակ վախի զգացումով, որ ակամա պատում է մարդուն խելագարի հանդեպ: Եվ թեպետ ոչ ոք տեղից չէր շարժվում, բայց ամեն մեկի մեջ այդ վախի զգացումն այն աստիճան ուժեղ էր, որ բավական էր Մարթան հանկարծ վեր թռչեր տեղից և վրա պրծներ, իսկույն ամենքը գլխապատառ դուրս կփախչեին ճիչ ու ծկլթոցով:

Իսկ այն կանանց մեջ, որոնք ամբոխվել էին դուրսը՝ ներսը տեղ չլինելու պատճառով, տեղի էին ունենում հետևյալ խոսակցությունները․

— Աղջի Նատո, տեսնես ինչի՞ցն ա խելքից ըլել: Էփոն ասում ա, թե Դարչոյի հոգեառ հրեշտակն ա խփել, ջանի ղորթ ա՞:

— Դե եսի՛մ, որն էդ ա ասում, որն էլ ասում ա, թե Բոլսինիսի ս.Գևորգն ա բռնել:

— Ի՛, մեռնեմ նրա զորութենին. յանի էդ խեղճին բռնում ա ի՞նչ անի: Հանդիպսի կըլի եկած:

— Ասում են, թե Դարչոյենց թախտի տակը շներ ու կատվանիք են էրևացել աչքին:

— Դրուստ ա, դրուստ, — խոսակցությանը խառնվեց մի ուրիշը, որը ամենից անտարբեր, եկել էր ամենից ուշ և գուլպա էր գործում: — Օղորմածիկ Դարչոյի էն շաշ մերը Բոլնիսի ս. Գևորգի համար ետ դրած մոզին վեր ա ունում քելեխին մորթել տալի, մատաղացուն խաշլամի տեղ ուտացնում: Բա խելքը գլխին կնիկարմատն ըտենց բան կանի՞: Որ շաշ ա, շաշ, է՛լի: Քելեխին էդ մոզու խաշլամիցը որն ուտում են՝ ուտում, մնացածն էլ դնում թախտի տակը, պահում: Եննա, իրիկնապահին, խալխը որ քաշվում ա, Դարչոյի մերը Մարթին ասում ա, որ միսը թախտի տակից հանի, դնի գանջինումը: Մարթեն հենց կռանում ա, որ հանի, տեսնում ա շներ ու կատվանիք են թոփ ըլել մսի վրեն, քրքրում: Հա՜, ըստեղ սիրտը գնում ա վախից: Վրա են թափվում, ջուր ածում քրքրում, գջլտում, զոռով ետ բերում: Այ ըսենց ա ըլել բանը, թե որ դրուստն ուզում եք իմանա:

— Բա շուն ու կատու չի ըլե՞լ:

— Ի , շուն ու կատու, չէ մի ոտներ: Աչքին ա էրևացել:

Թաղի կանանց այցը վերջանալուց հետո հավաքվեցին Թորոսի հեռու-մոտիկ բարեկամ կանայք և սկսեցին խելք-խելքի տալ, թե ի՞նչ դարման անեն: Խորհրդակցությանը նախագահում էր հարևան խարազ Պետոյի այրի կինը — Օսանը, որը հայտնի էր իր լեզվագարությամբ և առանց որի գործոն մասնակցության թաղում ոչինչ չէր կատարվում: Օսանի առաջարկով որոշեցին դիմել տերտերի փեսա գրբաց և հեքիմ Գրիգորին, որը մեծ հռչակ էր վայելում նախապաշարված ժողովրդի շրջանում: Բերնե-բերան լեգենդներ էին պատմում նրա անվրեպ գուշակությունների և բժշկությունների մասին, այնպես որ տարվա բոլոր եղանակներին և շաբաթվա բոլոր օրերին նրա ընդունարանը լիքն էր լինում ամեն ազգի, ամեն հասակի ու սեռի, գլխավորապես կին այցելուներով, որոնք ժամերով հերթի էին սպասում: Այդպիսի պայմաններում հեշտ չէր նրան տանից դուրս բերել առանց խոշոր և կանխիկ վարձատրության: Թորոսը մի քանի գրոշներ ուներ հոգեպահուստ, մնացածը լրացրին սրտացավ բարեկամներից ոմանք, մի կլորիկ գումար կազմեցին, տվին Օսանի ձեռքը և ղրկեցին գրբաց Գրիգորի մոտ:

Գրբաց Գրիգորը սկզբում չեմուչում արեց, փողը քիչ համարեց, ասաց, թե ժամանակ չունի, վերջը, անսալով Օսանի ճարտար լեզվին, համաձայնեց և խոստացավ հետևյալ օրը ճաշից հետո այցելել հիվանդին:

Մոտ քառասուն տարեկան մսեղ մարդ էր նա, պստիկ ժպտուն աչքերով, կլորիկ, մաքուր սափրած կարմիր դեմքով, բաճկոնի տակ հագած դեղին չեսունչի արխալուղով, ոսկեզօծ նեղ քամարով և ձեռքին շարունակ մի կարճ համրիչ դեղին հատիկներով, որ նա ավելի շուտ ափից ափ էր նետում, քան հատիկները գցում:

Հետևյալ օրը ճաշից հետո նա կատարեց իր խոստումը և եկավ Օսանի առաջնորդությամբ: Նրա ճարպոտ դեմքից, մի քիչ ծուռ դրած գդակից և սովորականից ավելի ժպտուն աչքերից երևում էր, որ լավ կերել-խմել էր:

Եկավ, ու թաղը նորից զրնգաց: Այս անգամ հետաքրքրությունն ավելի մեծ էր, քան նախորդ օրը, երբ նոր էր տարածվել Մարթայի խելագարության լուրը: Թաղի կանայք, իրար ձեն տալով, վազում էին, որը ծծկեր երեխային խտտած, որը ոտաբոբիկ, որը շտապելուց չուստի մեկը մոռացած, մյուսը քարշ տալով ոտին, որը գլխի աղլուխի ծայրերը շտապ կապելով, որը կուրծքը կոճկելով: Ու ամենից առաջ, թաղի անթիվ երեխաները, համարյա թե տկլոր ու ոտաբոբիկ, թռչկոտալով ու ծկլթալով:

Դեռ նախորդ օրվանից, թախտը տեղահան անելուց և գետինը քանդելուց հետո, Մարթան բոլորովին հանգստացել էր, լեզուն փորը գցել և իր համար կար սուս ու փուս: Այժմ էլ, երբ գրբաց Գրիգորը մտավ, նա հանգիստ նստած էր թախտի վրա, արմունկը հենել ծնկանը, գլուխը դրել ափին և անթարթ նայում էր պատուհանից դուրս, կարծես խոր մտածմունքի մեջ ընկղմված:

Գրբաց Գրիգորին հարգանքով և պատկառանքով առաջարկեցին խրճիթում գտնված երկու հատիկ հնաձև աթոռներից մեկը: Նստեց և սկսեց մանրամասն հարցուփորձ անել: Սկսեցին իրար կտրելով, իրար ուղղելով, որը սկզբից, որը վերջից, որը միջից պատմել ամբողջ եղելությունը:

Գրիգորը նստած էր գդակը ետ գցած ճակատից, աթոռի մեջքին ետ ընկած, ձեռքերը դրած կրծքին, համրիչի հատիկները մեկ-մեկ գցելով, և լսում էր, նայելով մերթ Մարթային, որը նստած էր անշարժ նույն դիրքում, և մերթ դռան կողմը, որտեղից մեկը մյուսի հետևից կամացուկ, իրար հրելով ու փսփսալով ներս էին մտնում թաղի կանայք և տապ անում իրար քամակի:

Եղելության պատմությունը լսելուց հետո Գրիգորը վեր կացավ, աթոռն առավ և գնաց նստեց ուղղակի Մարթայի առջև: Մարթան վերջապես շարժվեց, նստեց ուղիղ և սկսեց խոր դիտել նրան հոնքերը կիտած. հետո հանկարծ հոնքերը վեր նետեց. լեզուն հանեց, ծափ տվավ և սկսեց ծիծաղել:

Խելագարի այդ վարմունքի վրա մի փռթկոց բարձրացավ թամաշաչի կանանց մեջ:

Գրիգորը սակայն ոչ մի ուշադրություն չդարձրեց խելագարի այդ վարմունքի վրա, համրիչը հանգիստ կերպով գցեց արխալուղի գրպանը, մյուս գրպանից հանեց մետաքսե թաշկինակի մեջ խնամքով փաթաթած ինչ-որ մի բան և սկսեց կամաց-կամաց բաց անել հնությունից և շատ գործածելուց մաշված ու կեղտակալած կաշեկազմ մի փոքրիկ ու հաստ գրքույկ էր, որ նա անվանում էր «Սողոմոնի գհրք»: Երկար ժամանակ ծանր ու բարակ թերթելուց հետո վերջապես կանգ առավ մի երեսի վրա և սկսեց կարդալ կամացուկ:

Խրճիթում բոլոր շշուկները դադարեցին, և ամենքը լարված լսողություն դարձան:

Մարթան նույնպես առաջվա պես սուս էր արել, հոնքերը կիտել և անմիտ հայացքը հառել Գրիգորի շրթունքներին: Բայց ջանցավ մի քանի րոպե, երբ հանկարծ նա երկու ձեռքով պինդ զարկեց ծնկներին, վեր թռավ տեղից, իրեն ներքև գցեց և ուզեց դուրս փախչել:

Խելագար աղջկա այդ նոր վարմունքի վրա խրճիթում տիրող հանդիսավոր սպասողական դրությունը մեկեն սոսկալի ժխորի փոխվեց: Սարսափահար ամբոխը ճիչ ու աղաղակով գցեց իրեն դեպի դուռը, բայց դուռն այնքան փոքր էր և ամենքն այնքան ճխտված էին իրար, որ համարյա ոչ ոք չկարողացավ իսկույն տեղից շարժվել, բացի դռան մոտ կանգնածներից, որոնք դուրս փախան գլխապատառ: Մինչև որ մյուսների համար էլ ճանապարհ կբացվեր դուրս փախչելու, Օսանը և մի քանի ուրիշ սրտոտներ բռնեցին խելագարին, որ փորձում էր կծել նրանց ձեռքերը, տարան նորից նստեցրին թախտի վրա և գրբացի հրամանով թոկով կապեցին նրա ձեռքերը հետևից:

Խրճիթը դատարկվեց թամաշաչի կանանցից և երեխաներից:

— Դուռը կողպեցեք, էլ օչ ովի չթողաք մտնի, — հրամայեց գրբաց Գրիգորը, որ այժմ լուրջ և մտազբաղ կերպարանք էր առել: — Ի՞նչ ա. մայմուն խո չե՞ն խաղացնում ըստեղ:

Դուռը փակվեց: Խրճիթում մնացին, բացի իրեն Գրիգորից, խելագարից և նրա ծերունի հորից, Օսանը և այն մի քանի սրտոտները, որոնք բռնել էին Մարթային:

***

Գրբաց Գրիգորը նստեց իր առաջվա տեղը, Մարթայի առջև, և նորից սկսեց թերթել «Սողոմոնի գիրքը»: Խելագարն այժմ նստած էր առաջվա պես հանգիստ, առանց նույնիսկ բողոքելու, որ ձեռքերը կապել են: Խրճիթում առժամանակ կատարյալ լռություն էր տիրում: Այնինչ դրսից լսվում էր կանանց ամբոխի գժվժոցը, երեխանց կանչն ու աղմուկը: Փոքրիկ պատուհանը ծեփվել էր դրսից ներս նայող հետաքրքիր դեմքերով ու պսպղուն աչքերով, այնպես որ առանց այն էլ կիսախավար խրճիթը համարյա թե մթնել էր:

Նոր էր սկսել գրբաց Գրիգորը համապատասխան աղոթքը քթի տակ փնթփնթալ, երբ Մարթան նորից գժության նշաններ ցույց տվավ: Սկզբում ձեռքերը ձիգ ու միգ արավ, որ կապանքից ազատի, հետո տեսնելով, որ չի կարողանում, սկսեց ոտները բալդի-բալդի անել, ոլոր-մոլոր գալ և բղավել ու անիծել:

Գրիգորը գլուխը երերեց, գիրքը ծածկեց և վեր կացավ:

— Տե՛ս, տե՛ս, ինչ են անում նզովվածները, — ասաց նա խորհրդավոր կերպով, դիտելով Մարթայի խելագար շարժումները:

— Ետ արեք ձեռքերը, բալքի հանգստանա:

Մարթայի ձեռքերը ետ արին, և իսկապես որ նա հանգստացավ և այժմ սկսեց միայն լաց լինել:

— Բա ես գրբաց Գրիգորը չեմ ըլի, թե որ թողնեմ էս խեղճին ըտենց չարչարեք, — ասաց Գրիգորը նույն խորհրդավոր եղանակով՝ հայտնի չէ ում հասցեին, և հրամայեց, որ մի թաս ջուր բերեն:

Թասով ջուրը բերին: Գրիգորն առավ և դրեց թախտի վրա, Մարթայի առջև:

— Մի պստիկ ըրեխա չկա՞, կանչեցեք գա:

Օսանը դուռը բաց արեց, դրսից ներս կանչեց թաղի երեխաներից մեկին, որի հագին բացի մի կեղտոտ շապիկից ուրիշ բան չկար, և շտապեց դուռը նորից փակել մի քանի կանանց երեսին, որոնք օգտվելով այդ հանգամանքից, ուզում էին ներս պրծնել:

Գրիգորը երեխայի ձեռքից բռնեց, տարավ նստեցրեց թախտի վրա և թասով ջուրը քաշեց նրա առջև:

— Իստակ մում չունե՞ք, բերեք մի ջուխտ:

Թորոսը դողդոջուն ձեռքերով թարեքից հանեց երկու հատ դեղին լղարիկ մեղրամոմ, որից նա ամեն կիրակշտեքին վառում էր իր դազգահի վրա, և տվավ գրբացին:

Գրիգորը մոմերը կպցրեց թասի պռնկին իրար դիմաց և դարձավ ներկաներին՝ դեմքի անսովոր խորհրդավոր արտահայտությամբ:

— Բա ասիլ չեք, էս խեղճի փորը սատանեք են մտել...

— Ո՞նց թե սատանեք, — դուրս թռավ ամենքի բերանից:

— Սատանեքը ո՞նց կըլեն, պոզավոր ու պոչավոր, իսկական սատանեք եմ ասում, հանաք չկարծեք:

Զարհուրանքը տիրեց ներկաներին, մի քանիսը նույնիսկ երեսները խաչակնքեցին: Ծերունի Թորոսը խո տեղն ու տեղը քարացավ, նա միայն անատամ բերանը բաց արավ և երկայն մորուքը տմբտմբացնելով, առանց այն էլ ծերությունից առաջ ընկած գլուխն ավելի առաջ տարավ դեպի գրբաց Գրիգորը և հարցրեց.

— Ետո ... — Ետո ի՞նչ: Ետո էն, որ իրեք հատ են ու շատ էլ չար: Խո տեսաք, երկու հետ, հենց որ սկսեցի աղոթքը կարդալ, ոնց գժվացրին: Ուզում են էս խեղճին տանեն ջուրը գցեն:

Գրբաց Գրիգորի այդ խոսքերի վրա խեղճ ծերունու գլուխը սկսեց ավելի շարժվել:

— Ա՜ քե մատաղ, — բացականչեց նա լալագին ձայնով, — ախր սատանեքը սրա փորն են մտնում, ի՞նչ անեն: — Բա. Գևորգի հմար ետ դրած մատաղացուն մեռելի քելեխին մորթելը հանաք բան եք կարծո՞ւմ. բա սուրբն անպատիժ կթողնի՞ էդ տեսակ բանը:

— Լավ, մեռնեմ իրան, սա էր մորթիլ տվի՞լ, որ սրան ա պատժել:

— Դու գիտում չես, բիձա ջան, սուրբն արդարին ա բռնում, որ մեղավորները խելքի գան, իրան ընդդեմ բան չանեն: Համա դու դարդ մի անի, — ավելացրեց Գրիգորը խրախուսիչ ժպիտով խփելով ծերունու ուսին, — ես էս ա, լավացնելու եմ: Ինձ գրբաց Գրիգոր կասեն, սատանեք չէ, Սադայելն էլ գա, իմ ձեռքից պրծնիլ չի: Դե, հըմի սկսենք:

Նա հրամայեց, որ երկու հոգի նստեն Մարթայի աջ ու ձախ կողմը, որպեսզի, եթե նրա փորի մեջ նստած սատանաները, ո՜վ գիտե, նորից վեր թռցնեն նրան, որ տանեն ջուրը գցեն, բռնեն նրան, չթողնեն փախչի:

Օսանը և մի ուրիշը նստեցին Մարթայի այս ու այն կողմը: Թորոսը տեղավորվեց թախտի ծայրին: Իսկ ինքը Մարթան նստած էր հանգիստ, միանգամայն անտարբեր, թե ինչ են ասում և անում իր շուրջը:

Գրիգորը մոմերը վառեց, նստեց իր առաջվա տեղը, աթոռի վրա, նորից բաց արավ «Սողոմոնի գիրքը» և ասաց.

— Հըմի ես աղոթքը վրա իրեք անգամ կկարդամ, սատանեքը մեկ-մեկ դուրս կգան, կընկնեն էս թասի ջուրը:

Համա մենք տեսնիլ չենք, մենակ էս ըրեխեն կտեսնի, չունքի անմեղ ա: Պստիկ, — դարձավ նա թասի առջև ծալապատիկ նստած երեխային, — մտիկ արա էս ջրին. աչքդ հեռացնես ոչ, հենց որ տենաս սատաները մեջն են ընկնում, իմաց արա ինձ: Իմացա՞ր:

Երեխան տմբտմբացրեց գլուխը և աչքերը չորս շինած հառեց թասի ջրին:

Գրիգորն սկսեց կիսաձայն կարդալ, նայելով մերթ գրքին, մերթ Մարթային և մերթ երեխային: Ներկաներին տիրել էր նախապաշարվածներին և սնոտիապաշտներին հատուկ այն սրբազան երկյուղածությունը, որով նրանք սպասում են հրաշքի, այդ տրամադրությունը սակայն ավելի նման էր ներքին սարսափի, որովհետև գործը վերաբերում էր սատանաներին: Սպասողական դրության մեջ նրանք ևս իրենց կողմից նայում էին մերթ գրբացի շրթունքներին, մերթ Մարթային և մերթ երեխայի առջև դրած թասին, երևի մտածելով, թե գուցե իրենք էլ տեսնեն սատանաներին, բայց անշուշտ ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչքան փոքր պիտի լինեն այդ սատանաները, որ տեղավորվեն և խեղդվեն թասի ջրի մեջ:

Իսկ Մարթան նստած էր լուռ ու անշարժ և այնքան լուրջ, որ ոչ ոք չէր կարծի, թե խելագար է: Նա աչքերը հառել էր վառած մոմերին, որոնք, ըստ երևույթին, նրա խանգարված ուղեղի մեջ մութ հիշողություններ էին հարուցանում իր առողջ ժամանակվա նախապաշարված-բարեպաշտական կյանքից, խաչերից ու սրբերից:

Այնինչ կանանց ամբոխի ժխորը շարունակվում էր դուրսը, միանգամայն հակապատկերը ներկայացնելով խրճիթում տիրող հանդիսավոր-սպասողական լռության, որը խանգարվում էր միայն գրբացի կիսաձայն ընթերցումով: Պատուհանի ապակիները ավելի էին ծեփվել հետաքրքիր դեմքերով, ըստ երևույթին դուրսն էլ զգացել էին, որ ներսն ինչ-որ խորհրդավոր բան է կատարվում:

— Հը, մեջը չընկա՞ն, — երկար ժամանակից հետո հարցրեց գրբացը երեխային, ընթերցումն ընդհատելով:

Երեխան առանց աչքերը հեռացնելու թասի ջրից գլուխը բացասական կերպով շարժեց:

— Ղայիմ են նստած, է՛, — ասաց Գրիգորը և շարունակեց ընթերցումը:

Անցավ դարձյալ հինգ րոպե:

— Հը՞, էլի չընկա՞ն:

— Չէ, — պատասխանեց երեխան:

Երրորդ անգամ կրկնվեց նույն հարց ու պատասխանը, անպիտան չար սատանաները ոչ մի պայմանով չէին ուզում դուրս գալ Մարթայի փորից և թասի ջրի մեջ խեղդվել:

Թորոսը, Օսանը և մյուսները մի տեսակ հարցական հայացքով, կարծես խոսքը մեկ արած, լուռ նայեցին իրար երեսի, պարզ էր, որ կասկածի ու թերահավատության առաջին շողն էր այդ, որ վայրկենապես լուսավորեց նրանց խավար միտքը:

Գրիգորն իսկույն զգաց այդ ու մինչդեռ ներքին շփոթմունքը զսպած՝ չէր իմանում ինչ անի, որ դուրս գա իր անհաճո դրությունից, Մարթան հանկարծ չանչ արավ նրա վրա, փչեց հանգցրեց մոմերը և սկսեց բարձրաձայն ծիծաղել իր խելագար ծիծաղով:

Գրիգորը ճարպկորեն օգտվեց այդ հանգամանքից:

— Տեսա՞ք, — ասաց նա դառն ժպիտով. — էս ինքը չէր, է. էդ էն նզովյալներն էին, որ հանգցրին — մթամ թե բանի տեղ չենք դնում քո աղոթքը: Դե որ ըտենց ա, հըմի ես գիտամ...

Նա պատվիրեց, որ թասը վերցնեն, «Սողոմոնի գիրքը» փաթաթեց թաշկինակի մեջ, գրպանը կոխեց և վեր կացավ:

— Կարա՞ք մի լախտի կամ մաթրախ ճարեք:

Այդ տարօրինակ պահանջը մի նոր զարմանքի առիթ տվավ ներկաներին:

— Լախտի ... մաթրա՞խ, — հարցրին այս ու այն կողմից:

— Հա՛, հա՛, լախտի կամ մաթրախ, որն ուզում ա ըլի — մեկ ա:

— Ընչի՞ հմար, — հարցրեց Թորոսը ինչ-որ վատ բան գուշակելով:

— Դե հըմի ես նստեմ ձեզ մին-մին պատմե՞մ, թե ընչի համար, — հանկարծ բղավեց Գրիգորը գրգռված ավելի իր անաջողությունից, քան թե այդ հարցուփորձից: — Ասում եմ ճարեցեք՝ ճարեցեք, թե չէ, էսա, կթողնեմ կգնամ:

Ու մինչդեռ, նրա բարկությունից վախեցած, Օսանն ու մյուսները փսփսալով խորհրդակցում էին իրար հետ, թե որտեղից ճարեն լախտին կամ մաթրախը, նա նորից գոռաց անհամբեր:

— Դե շո՜ւտ. ես խո կարալ չեմ ըստեղ տասը սհաթ նստի, հրես որտեղ որ ա, կմթնի:

Օսանը, կիսատ թողնելով խորհրդակցությունը, շտապեց դուրս՝ ասելով, «էսա, գնում եմ ճարեմ», բայց բավական ժամանակ անցավ, մինչև որ վերադարձավ մի մաթրախ ձեռքին:

Գրիգորը մաթրախն առավ և հրամայեց, որ ամենքը դուրս գնան:

Այս բանն ավելի մեծ կասկած զարթեցրեց, բայց ոչ ոք չհամարձակվեց ձայն-ծպտուն հանել, որովհետև Գրիգորն այն աստիճան դաժան կերպարանք էր առել, որ կարծես այն քաղցրախոս և ժպտերես մարդը չէր այլևս: Միայն Թորոսն էր, որ համարձակորեն հարցրեց․

— Ես է՛լ:

— Ամե՜նքդ, ամե՜նքդ: Դու էլ, ա՜յ լակոտ, — դարձավ Գրիգորը երեխային, որ համարձակ ցցվել էր նրա առջև, ըստ երևույթին սպասելով, թե մի նոր պաշտոն պիտի հանձնեն իրեն:

Ամենից առաջ դուրս թռավ երեխան: Այնուհետև սուս ու փուս մեկը մյուսի հետևից դուրս գնացին Թորոսը, Օսանը և մյուսները:

— Էդ խալխին էլ քշեցեք ակոշկի մոտից, օչ ովի թողնեք ոչ մտիկ անի, — գոռաց նրանց հետևից Գրիգորը և դուռը փակեց:

***

Թորոսը մեծ անհանգստությամբ և մութ կասկածները սրտում նստեց հենց այնտեղ, դռան մոտ գետնի մեջ խրված սալ քարի վրա, երկայն մորուքը կախելով չորիկ-մորիկ ծնկների արանքում, իսկ Օսանը մտազբաղ դեմքով սկսեց հեռացնել կանանց ամբոխը պատուհանի մոտից, միևնույն ժամանակ կցկտուր պատասխաններ տալով չորս կողմից իրեն ուղղված անհամբեր հարցուփորձերին: Նույն հարցուփորձերով շրջապատել էին երեխային և մյուսներին, որոնք ներկա էին եղել խրճիթում կատարվածին: Սատանաների անունն իր ազդեցությունը գործեց. ոմանք երեսները խաչակնքեցին, ոմանք ահ ու դողով բռնված կարկամեցին, ոմանք էլ թերահավատներից՝ քթերը վեր քաշեցին, ասելով «սատանեք, չէ մի, ոտներ»: Բայց ընդհանուր ժխորն այժմ միանգամից դադարեց: Հետաքրքրությունն իր գագաթնակետին էր հասել, այժմ անհամբեր սպասում էին, թե ի՞նչ պիտի կատարվի ներսը, խրճիթում: Իսկ խրճիթն առժամանակ խորհրդավոր լռություն էր պահպանում:

Մեկ էլ հանկարծ ներսից մի սարսափելի ճիչ լսվեց, որին հետևեցին սրտամաշ աղաղակներ:

Փողոցը մի րոպե քարացավ: Հետո սաստիկ իրարանցում ընկավ:

Օսանը, որ մեջքը պատուհանի կողմն արած ոչ ոքի մոտ չէր թողնում, արագ շուռ եկավ և ձեռքերն այտերի մոտ բռնած ներս նայեց ապակուց:

Ամբոխը վրա վազեց դեպի պատուհանը:

Ներսից աղաղակները լսվում էին միալար և քանի գնում՝ սաստկանում էին: Մեջ ընդ մեջ լսվում էին ինչ-որ բութ բանի դիպչող հարվածներ, կարծես ճիպոտով կապերտ էին թափ տալիս և ամեն մի հարվածին հետևում էր գրբացի հատու ձայնը, որ ասում էր, «ասա սատանեքի անունը, ասա սատանեքի անունը...»:

— Վու՜յ, քոռանամ ես, աղջի, ծեծում ա մաթրախով, ծեծում, — ճվաց Օսանը և երեսն ավելի պինդ կպցրեց ապակուն:

— Հա, էլի՛, հա, էլի՛, աղջի, — ասաց մի ուրիշ կին, որ նույնպես աչքերը չռած նայում էր պատուհանից ներս: — Վո՛ւյ, վո՛ւյ, ոնց ա թակում, ձեզ մեռնեմ... Քա՛, քա՛, քա, ձեռներն ու ոտներն էլ կապել ա թոկով... Վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, ո՛նց ա թեփռին-թեփռին գալիս, ձեզ մատաղ...

Ու, այլևս չկարողանալով դիմանալ, նա սկսեց ծեծել պատուհանը, հետո դարձավ դեպի ամբոխը և աղաղակեք։

— Աղջի, ի՞նչ եք ըստեղ փետացել, գնացեք բաց անիլ տվեք դուռը, սպանեց, է՛, սպանեց էն խեղճ աղջկան...

Բայց մինչ զարմանքից քարացած ամբոխը տեղից կշարժվեր, Օսանն ամենից առաջ վազեց դեպի դուռը և սկսեց ծեծել: Նրան հետևեցին ուրիշները: Եվ բազմաթիվ ձեռքերի կատաղի հարվածներ էին, որ իջնում էին հնությունից փայտոջիլներով ծածկված խարխուլ դռան տախտակներին: Այդ հարվածների ձայնը, ներսից լսվող Մարթայի աղեկտուր աղաղակները, դուրսն ամբոխված կանանց և երեխաների դժվժոցը մի կատարյալ Սոդոմ–Գոմոր էին դարձրել փողոցը:

Թորոսը վեր էր կացել նստած տեղից և իր երերուն ոտների վրա հազիվ կանգնած, ծեր գլուխը հազիվ տմբտմբացնելով, ապուշի պես նայում էր մեկ սրան, մեկ նրան և հարցնում.

— Ինչ՞ա, ինչ՞ա...

***

Այդ միջոցին այրի Օսանի պսակած տղան, որին թաբախ ման ածող Ցական էին ասում (նա շրջիկ մրգավաճառ էր), տուն դարձավ դատարկ թաբախը գլխին, կշեռքն ուսին, չիբուխը բերնին: Նա մի րոպե կանգ առավ իրենց դռան առջև, անտարբեր նայեց փողոցում աղմկող կանանց ամբոխին, կարծելով, թե կանացի սովորական մի կռիվ է, որպիսին համարյա թե ամեն օր պատահում էր թաղում, բայց տեսնելով, որ դա սովորական ղալմաղալներից չէ, այլ ինչ-որ մի արտակարգ բան է կատարվում, թաբախը դրեց գետնին, կշեռքը հանեց ուսից, թասակի հետ գցեց թաբախի մեջ և, չիբուխը հանելով բերնից, հարցրեց մոտ վազող կնոջը.

— Էս ի՞նչ խաբար ա:

Կինը, չափազանց հուզված, կցկտուր խոսքերով պատմեց նրան եղելությունը:

— Էն Մարթեն ա բղավո՞ւմ, — հարցրեց Ցականը ուշադիր լսելուց հետո:

— Հա բա՜, հա բա՜, — պատասխանեց կինը լացակումած: – Սպանեց էն խեղճին, սպանեց ծեծելով: Դուռն էլ, տեսնում ես, քանի վախտ ա, չի բաց անում...

Ցականը հանգած չիբուխը թափ տվեց կռան վրա և, խրելով մեջքի կաշու գոտկի մեջ, առանց շտապելու, սակայն լայն քայլերով դիմեց դեպի Թորոսենց խրճիթի դուռը, որը դեռևս ծեծում էին կատաղի թափով:

— Դեսը մի, տեսնեմ, — ասաց նա: Նրան իսկույն ճանապարհ տվին:

Իր ֆիզիկական ուժի վրա վստահ մարդու հանգստությամբ նա մոտեցավ, մի ձեռքը գցեց դռան տակը, ուր տախտակներից մեկի ծայրն անձրևներից փտել ընկել էր, մյուսով բռնեց երկաթի փականքից, բարձրացրեց և միանգամիս դուռը կրնկահան ներս շպրտեց խրճիթը:

Նա մտավ և նրա հետևից ներս թափվեց ամբոխը:

Նրա աչքի առջև բացվեց հետևյալ տեսարանը. Մարթան ձեռքն ու ոտքը կապած կողքի վրա ընկած էր թախտի վրա, սպիտակ աղլուխն ընկել էր գլխից և դեմքը ծածկվել ցաքուցրիվ մազերի մեջ, այժմ այլևս չէր ճչում, չէր շարժվում, այլ միայն նվում էր ֆիզիկական ցավերից հոգնած: Նրա մոտ կանգնած էր գրբաց Գրիգորը մաթրախը ձեռին, քրտնքակոխ և հևալով: Դռան կրնկահան ընկնելը, և խրճիթն ամբոխով լցվելն, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ նա միանգամից գունատվեց և տեղն ու տեղը մնաց քարացած:

Թորոսը հազիվ ոտները շարժելով մոտեցավ թախտին և, խոնարհվելով աղջկա վրա, շշնջաց աղեկտուր ձայնով․

— Բալա ջան, որդի ջան...

Օսանը և մի քանի ուրիշ կանայք, սիրտ առած Ցականի ներկայությունից, վրա թափվեցին և սկսեցին արձակել Մարթայի կապանքները, ասելով․

— Վայ քո սիրտը չմեռնի, էս ոնց ա կալուկապ արել... Ցականն իր երկայն ու մեկ հասակով ցցվեց վախից և շփոթմունքից տեղն ու տեղը ցամաքած Գրիգորի առջև: Նրա աչքերը վառվում էին ներքին զսպած վրդովմունքից:

— Էս ի՞նչ ես արել, — ասաց նա, ցույց տալով Մարթային, որի ձայնը քանի գնում նվազում էր: — Ըսենց ես լավացնո՞ւմ դու հիվանդներին:

— Բա որ աղոթքը կտրում չէր, — թոթովեց Գրիգորը:

— Ի՞նչ աղոթք:

— Սատանեքին քշելու աղոթքը:

— Ի՞նչ սատանեք, տո : Ես էլ խո կնիկարմատ չեմ, որ ուզում ես խաբի: Խո չես ուզում էս սըհաթին բուրդդ գզեմ: Ըսենց անաստոձ բան կըլի՞, որ դու ես արել:

— Բա գժին լավացնելը ո՞նց ես ուզում:

— Հըմի՜, քո խելքով, սա գիժ ա ու դու խելոք, է՜լի: Տո, քու խելքդ հրես էս չի՞, էնքան ծեծել ես, որ քիչ ա մնում մեռնի: Աղոթք ու սատանեք ասում ա: Տո անտեր-մունդռիկ, բա մի մարդավարի փեշակ չկա՞ր, որ գնացել ջադուբազ կնկա փեշակ ես բռնե՞լ: Բա էլ ի՞նչ ես գդակ գնում գլխիդ, գնա լաչակ ծածկի, է՜լի: Փո՜ւ, ես քո մարդ ասողին ինչ ասեմ:

Որտեղից էլ մոգոնել ա, թե սատանեք են մտել փորը: Մի հարցնող ըլի — ի՞նչ ա սատանեն, ո՞րտեղից ա մտել, ընչի՞ ա մտել: Տո, թե սատանա ես ուզում, հրեդ տեղն ու տեղդ սատանա ես, էլի, որ սուտ-սուտ բաներով խալխին խաբում ես, փողերը ցնցլում, փորդ տռզացնում:

— Սուտ-սուտ բաներով, բա ի՞նչ, — վրա բերին մի քանի կանայք, սրտապնդված Ցականի համարձակ խոսքերից: — Ինչքա՞ն ես առել, դրուստ ասա, — շարունակեց Ցականը, — էդ մաթրախը հլա մի դեսը տու... ու առանց սպասելու, որ գրբաց Գրիգորը ինքը տա, մաթրախը խլեց նրա ձեռքից և կրկնեց.

— Ասա, ինչքա՞ն ես առել:

— Քսան մանեթ, Ցական ջան, քսան մանեթ, — կանչեցին ձայներ:

— Հլա ասում էր քիչ ա, — ավելացրեց Օսանը, որ մյուս կանանց հետ դեռևս զբաղված էր Մարթայով:

— Հլա քիչ ա, հը՞, — աչքերը ոլորելով Գրիգորի վրա, գլուխը երերեց Ցականը: — Քսան մանեթ... Տո, ես սաղ օրը թրև եմ գալի քուչերը, օրը մի ջուխտ չուստ եմ մաշում, շատ բղավելուց բողազս ցավում ա, թաբախից շլինքս փետացել ա, քիչ ա մնում կոտրվի, ու մի քսան շայի անջաղ եմ դատում, որ օղլուշաղս պահեմ, — դու քու սուտ աղոթքի ու գրի հմար քսան մանեթ ես առնո՞ւմ, էն էլ ո՞ւմից (Ցականը բռնեց Թորոսի թևից և առաջ քաշեց), — սրանի՞ց, էս նաչար հալևորի՞ց: Բա չամաչեցի՞ր սրա սպիտակ միրքիցը, բա էս սուրբ միրուքը խռով չկենա՞ քու գլխին: Քու լավացրածն էլ էս չի՞ (Ցականը դարձյալ մատնացույց արավ թախտի վրա կիսամեռ ընկած Մարթային), ձենը անջաղ ա դուս գալի, էնքան ես ծեծել: Իսկապես Մարթան այնքան նվաղել էր, որ թույլ հառաջանքի հետ հազիվ էին լսվում նրա բերնից դուրս թռչող խոսքերը. «Վայ, մեռա... վայ, մեռա...»:

— Հանի էս սըհաթին քսան մանեթը, թե չէ, տեսնում ե՞ս էս մաթրախը, կոթն էլ հետը կկոտրեմ վրեդ: Հը, ի՞նչ ես փետացել, հանի՛, քեզ ասում եմ, — գոռաց Ցականը աչքերը կրակ կտրած:

— Ախպեր, ի՞նչ ես ուզում ինձանից, — խոսեց վերջապես գրբաց Գրիգորը, չուզելով այդպես շուտ անձնատուր լինել, առանց իրեն արդարացնելու: — Ես խո զոռով չեկա, չէին ուզում՝ չէին կանչի, փողն էլ խո զոռով չառա, չէին ուզում՝ չէին տա: Այ հարցրու, է՜լի. ես գալիս ի՞, հազար ու մի աղաջանք-պաղատանքով չբերի՞ն:

— Հըմի չես ուզում տա, է՜լի, — հանգիստ լսելուց հետո ասաց Ցականը չարագուշակ ձայնով և մաթրախը բարձրացրեց: Կինը, որ կանգնած էր կողքին, վրա ընկավ նրա թևին.

— Վո՛ւյ, Ցական ջան, — շշնջաց նա վախեցած, — կանիծի...

— Տո, դե՜նը գնա հա՜, — ասաց Ցականն արհամարհանքով, թևը խլելով կնոջ ձեռքից: — Կանիծի… Ես մեկ սրա աղոթքին եմ հավատում, մեկ էլ անեծքից վախենում: Սուտ խո չի ասում. էս դիփ ձեր բաներն ա: Կնիկարմատներ չե՞ք հավի խելքով: Դուք որ չըլեք, էս ջադուբազները ո՞րտեղից կըլեն... Հը՜, ի՞նչ ես ասում, — դարձավ նա գրբաց Գրիգորին, — տալիս ե՞ս, թե չէ:

Գրբաց Գրիգորը դեռևս տատանվում էր. երևում էր, որ շատ դժվար էր նրա համար քսան ռուբլուց զրկվելը, բայց մի կողմից Ցականի բռնած սպառնական դիրքը, մյուս կողմից այն վախը, որ բռնել էր նրան, տեսնելով իր «բժշկության» հետևանքը, ստիպեցին նրան հնազանդվել:

— Որ զոռի ես կանգնել, կտամ, ճարս ի՞նչ, — ասաց նա ձեռքը կոխելով բաճկոնի ծոցի գրպանը: Այնտեղից հանեց կաշվե մի հաստ թղթապանակ, համրեց քսան ռուբլին և, տալով Ցականին, ավելացրեց. — տալիս եմ, համա իմաց կաց, որ արածդ մարդավարութին չի: Ափսոս իմ ժամանակը, էսքան վախտ, որ իմ տանը նստած ըլեի...

— Դե էլ շատ մի՜ խոսա, — ընդհատեց նրան Ցականը, — փասա-փուսեդ քաշի գնա:

Գրբաց Գրիգորը գդակը քաշեց աչքերին և, ամոթից ու անզոր կատաղությունից գունատ, կանանց ծաղրական ժպիտների տակ դիմեց դեպի դուռը:

— Համա չկարծես, թե էդ ա, պրծար, — կանչեց նրա հետևից Ցականը. — թող մի էս աղջիկը չլավանա քու դամղեքից... իմ մարդավարութինը, դու էն վախտը կտեսնաս...

Մարթան թեև շուտով լավացավ մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից հետո մեռավ նույն խելագար դրության մեջ: Նրան շուտով հետևեց և ծերունի հայրը:

Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով:

1880