Ինչ ենք արել և ինչ պէտք է անենք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչ ենք արել և ինչ պէտք է անենք

Մշակ

ԻՆՉ ԵՆՔ ԱՐԵԼ

ԵՎ

ԻՆՉ ՊԷՏՔԷ ԱՆԵՆՔ

Երկու միջոց կայ դատողութիւն անելու համար՝ մինը սկսել ընդհանուր դատողութիւններից և ապա անցնել մասնաւորին,― միւսը մասնաւոր տեղեկութիւններից անցնել ընդհանուրին։

Առաջին ճանապարհը հեշտ է և ձեռնտու այն անձինքներին, որք ժամանակակից ճիշդ գիտութեան հետ ծանօթ չեն․․․ այդպէս են արել և անում են բոլոր քարոզիչները։ Հաւաքել ճիշդ փաստերը, միմեանց հետ համեմատել, քննել, նոր և անընդհատ փորձերով նրանց վերաստուգել, և ապա դուրս բերել միջին կարծիք, ընդհանուր միտք,― այդ դժուար և մատչելի չէ ճիշդ գիտութենից զուրկ մարդիկներին։ Աւելի հեշտ չէ՞ ոտների տակ հաստատ հող չունեցող, անհիմն դատողութիւններ անել և վճռել հարցերը բարոյականութիւնը քարոզելով մարդիկներին ամեն քայլի վրա․․․

Մինչև 1872 թիւը ամբողջ հայ-լրագրութիւնը քարոզում էր և ոչ թէ հետազօտում, նա չէր հաւաքում՝ ճիշդ նիւթերը այլ շտապում էր վճռել հարցերը ինքնակամ կերպով, առանց հիմնվելու իրողութիւնների վերա։ Նա վարժապետութիւն էր անում, բայց նման էր այն հնացած և այժմ անպէտք վարժապետներին, որք երեխաներին, դաս տալու ժամանակ, ամենի վրա նայում են որպէս վերացական էակների վերա, չեն քննում նախ և առաջ երեխայի բնաւորութիւնը, չեն հարցնում նորա կարծիքը, չեն ծանօթանում նորա հետ որպէս այն էակի հետ, որի վերա պէտք է ազդեն, այլ քարոզում են, դաստիարակում են, ուսուցանում են առանց հետազօտելու այն տարրը, որին դաստիարակում են․․․

Այդ էր անում մեր ամբողջ հայ-օրագրութիւնը։

„Մշակը” առաջինն է եղել, որ յայտնել է, թէ նա անպայման ուսուցչի (մանաւանդ վատ ուսուցչի) դերը չէ կամենում խաղալ, այլ կամենում է վարել հասարակութեան հետ, ինչպէս վարվում է բնագէտը բնութեան հետ․ նա կամենում է հետազօտել հասակութեան մէջ եղած, բայց անյայտ, քնած ոյժերը, կամենում է զարթնեցնել պահանջները, յարուցանել պիտոյքները և դուրս բերել նոր մարդիկներին։ Այդ պատճառով „Մշակը” ունի լայն, ընդարձակ շրջան, որովհետև ժողովրդին լուսաւորելու համար նա պէտքէ դիմէ նոյն ժողովրդին, ժողովրդական մարդիկների մէջ իրանց պահանջների ինքնաճանաչութիւնը զարթնեցնելու համար, նա պիտի դիմէ ինքն ժողովրդի մարդիկներին․․․

Մշակը” հետազօտիչ է և ոչ դաստիարակիչ։

Եթէ „Մշակը“ իր նպատակ է դրել յարուցանել կենդանի հարցերը, յարուցանել կեանք այն ժողովրդի մէջ, որին նա համարում է կենդանի, բայց որի կենսական ոյժերը քնած դրութեան մէջն են գտնվում,― նա յետ չի կանգնի ոչ մի միջոցին իր նպատակին հասնելու համար, ինչպէս քիմիքոսը որ քանի մի միջոցները փորձելուց յետոյ մի քիմիական նիւթ որոշելու համար, յետ չէ կանգնում նոր ներգործիչ միջոցները գործ դնելու, որք հաւանական եզրակացութեամբ պիտի ազդեցութիւն ունենան քննվող նիւթի որպիսութիւնը որոշելու համար․․․։ Եթէ օրինակ մի հասարակութեան մէջ ամբողջ մի դաս, մանաւանդ լուսաւորված դասը քնած է, անգործ է, չունի իր սեփական ինիցիատիվը, թշնամի է առաջադիմութեան, խարդախութիւն սիրող է, ոչ թէ միայն թերահաւատութեամբ նայում է ամեն նոր ջանքերի վրա, իր մայրենի լեզվով գրել ու խօսել արհամարհում է, ամեն րոպէ ու ամեն դէպքում՝ կրկնում է ոչինչ․ չէ կարելի անել,— բայց և առանձին զուարճութիւն է գտնում՝ ամեն նոր, լուսաւոր երևոյթը անճանաչութեամբ խեղդելու,— այդ տեսակ դասի հետ ուրիշ ի՛նչ միջոց կարելի է գործ դնել, եթե ոչ նորա վերա անողորմ՝ կերպով յարձակվել․ նորան, ինչպէս մենք ասացինք, մտրակել, նրան այդ վնասակար թմրութենից հանելու համար․․․ Մտրակով չը խփես, բան չի դառնայ։— Այդ ուղղութիւնը, այսինքն քննադատական բացասական ուղղութիւնը,― միակ միջոց է քնած ուժերը զարգացնելու համար։

Հին սերունդի դէմ ընդհակառակն, նորանից ոչինչ չը սպասելով, որովհետև բնականապէս նրա ժամանակը անցած համարելով,— մենք չենք յարձակվել, այլ աշխատել ենք միայն մեզ պաշտպանել նրա մեր ջանքը հերքող հնացած զօրութեան առջև․․․

Կայ մի երրորդ տարրը այն է ժողովուրդը, որ ծոյլ չէ, աշխատասէր է, բայց անգիտակցաբար աշխատում է իր երեսի քրտինքում, որովհետև մի կողմից չը գիտէ ինչպէս աշխատէ, իսկ միւս կողմից իր բոլոր աշխատանքից ինքն օգուտ չէ քաղում։

Այդ տեսակ տարրի դէմ անկարելի է յարձակվել, որովհետև նա անում է բոլոր ինչ որ նորանից կախված է, ինչ որ ներում է նրա նեղ տնտեսական դրութիւնը․․․ Այդ տարրին հարկաւոր է օգնել․․ բայց ի՞նչպէս,— քարոզներով․․․ ոչ, քարոզները ուրիշներին, այդ գործի մէջ աւելի վարժ մարդիկներին թողնելով, մենք փորձեցինք և պէտք է շարունակենք աշխատող ամբոխին օգնել, դիմելով նոյն ամբոխին, որ նա իր դրութիւնը պարզի, հաղորդելով մեզ իր դրութեան մասին հում, անմշակ նիւթերը, թէ անտեսական թէ բարոյական կողմից։

Մի և նոյն ժամանակ, լաւ գիտենալով, որ աշխատող դասի բարոյական կողմը, մտաւոր զարգացումը անմիջապես կախումն ունի նրա տնտեսական դրութեան բարելաւութենից, մենք միշտ ուշադրութիւն էինք դարձնում և պիտի դարձնենք գլխաւորապէս տնտեսական խնդիրների վերա․․․

Ուրեմն հին սերունդը մենք համարում ենք անվնաս, անցաւոր և պէտք է մեր ձայնը նրա դէմ բարձրացնենք միայն այն րոպէներում, երբ ստիպված կը լինենք մեր անձը պաշտպանել։

Նոր, լուսաւորված սերունդը, եթէ նա չը փոխվի մտրակի հարուածների տակ, մենք պիտի միշտ համարենք խաւարասէր և նրա գոյութիւնը ամենավնասակար արգելք ժողովրդի կանօնաւոր զարգացման համար։

Ժողովուրդը, ճշմարիտ աշխատող ամբոխը մենք պիտի համարենք մեր գործունէութեան համար վերջնական նպատակ, և նրա տնտեսական դրութիւնը,— բարելաւութեան աղբիւր ամբողջ հայ-հասարակութեան համար։