Ինչ է, ով է/Ազնիվ մետաղներ
Ազնիվ մետաղներ
Ծովի հատակին ընկած են խորտակված նավեր։ Վաղո՜ւց արդեն փտել են նրանց առագաստները, ջրիմուռներով ու խեցիներով են ծածկվել նավեզրերի մնացորդները ժանգոտվել երկաթե մասերը։ Բրոնզե թնդանոթները սևացել են ծովի աղի ջրից։ Նավամբարներում մնացած ոսկե դրամներն են միայն, որ երկար տարիների ընթացքում գրեթե չեն փոփոխվել։
Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ նկատել են ոսկու և արծաթի բացառիկ հատկությունները։ Այս մետաղներն օդում չէին կորցնում իրենց փայլը ջրում չէին ժանգոտվում չէին լուծվում հիմքերի և թթուների խիտ լուծույթներում։ Եվ քանի որ տոկունությունն ու հաստատակամությունը միշտ համարվել են ազնվության հատկանիշներ դրա համար էլ մարդիկ ոսկին ու արծաթն անվանել են ազնիվ մետաղներ։ Բացի դրանից այդ մետաղները հազվադեպ էին հանդիպում ուստի զարմանալի չէ որ գրեթե ամենուր մարդիկ սկսեցին իրերի արժեքը համեմատել ազնիվ մետաղների արժեքի հետ։ Որքան շատ ոսկի և արծաթ ուներ մարդը այնքան նա հարուստ էր անվանի և հզոր։ Այդ պատճառով էլ շատ պատերազմներ և հանցագործություններ են տեղի ունեցել ոսկու և արծաթի համար։
Դեռևս 300 տարի առաջ Հարավային Ամերիկայի հանքերում իսպանացիները վրդովմունքով դեն էին նետում ծանր մետաղը, որը խանգարում էր լվանալու ոսկին։ «Պլատին է» (իսպաներեն նշանակում է «արծաթիկ») - դժգոհելով ասում էին նրանք չկասկածելով անգամ, որ այդ մետաղը հետագայում պետք է դառնա ոսկուց ավելի թանկ։
Քիմիկոսներն սկսեցին ուսումնասիրել պլատինը և հայտնաբերեցին մի խումբ մետաղներ որոնք անվանեցին պլատինային մետաղներ։ Դրանց թվում էր նաև Երկրի վրա հանդիպող ամենածանր մետաղը օսմիումը, որը 2 անգամ ծանր է կապարից և գրեթե 3 անգամ երկաթից։
Ժամանակակից տեխնիկայում օգտագործվում են բոլոր ազնիվ մետաղները և ամենից առաջ պլատինը։ Նրանից պատրաստում են հատուկ քիմիական անոթներ պլատինե հալոցներ։ Չէ՞ որ մինչև սպիտակելու աստիճան շիկացած պլատինն անգամ չի միանում օդի թթվածնի հետ և չի փոխում իր կշիռը։ Պլատինի և իրիդիումի համաձուլվածքներից են պատրաստված կիլոգրամի ստուգանմուշները։ Բոլոր երկրներում դրանցով են ստուգում կշեռքները: Ռոդիումով, որը ևս ազնիվ մետաղ է, պատում են լուսարձակների հայելիները, այն փայլը չի կորցնում նույնիսկ բարձր ջերմաստիճաններում:
Քիմիկոսները հայտնաբերել են ազնիվ մետաղների այլ կարևոր հատկանիշներ ևս։ Որոշ ազնիվ մետաղների (հատկապես պլատինի և պալլադիումի) ներկայությամբ շատ քիմիական ռեակցիաների ընթացքն արագանում է տասնյակ և հարյուր հազար անգամ։ Կիրառություն գտավ նաև արծաթը։ Առանց նրա չէր լինի ոչ լուսանկարչությունը և ոչ էլ կինոն: Հենց արծաթի մի քանի միացությունների լուսազգայության շնորհիվ է, որ լուսանկարչական ժապավենի վրա առաջանում է պատկերը:
Արծաթը հիանալի էլեկտրահաղորդիչ է: Նրանից են պատրաստում էլեկտրոնային ռելեների կոնտակտները, իսկ ռադիոընդունիչների մասերն արծաթապատում են։
Փոխվել է նաև վերաբերմունքը ոսկու նկատմամբ: Այժմ այն օգտագործվում է ոչ միայն ոսկերչական իրեր պատրաստելու նպատակով, էլեկտրավակուումային սարքերի կոնտակտներն անում են ոսկուց։ Առանց ոսկու հնարավոր չէ պատրաստել տրանզիստորներ: Պլատինի հետ համաձուլված ոսկին օգտագործում են ամենադիմացկուն քիմիական անոթներ պատրաստելու համար: