Jump to content

Ինչ է, ով է/Ակրոպոլիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ակրոպոլիս
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Ակրոպոլիս

Հին հունական յուրաքանչյուր քաղաք իր բարձրադիր մասում ուներ պարիսպներով շրջապատված միջնաբերդ՝ ակրոպոլիս: Ամենանշանավորը Աթենք քաղաքի Ակրոպոլիսն է: Հույներն այն կառուցել են մեր թվականությունից առաջ 5-րդ դարում, պարսիկներին հաղթելուց հետո:

Ակրոպոլիս էր տանում մուտքի սյունազարդ շինությունը՝ Պրոպիլեոնը։ Այնտեղ էր գեղանկարչության թանգարանը՝ Պինակոթեկեն: Ակրոպոլիսի կենտրոնում՝ Պրոպիլեոնի դիմաց, իմաստության աստվածուհի Աթենասի բրոնզե հսկայական արձանն էր սաղավարտով և նիզակով: Նա, ասես, աչալուրջ ու խստահայաց դիտում էր շուրջը։ Աթենասի արձանից դեպի աջ նրան նվիրված մարմարասյուն հոյակապ տաճարն էր՝ Պարթենոնը: Տաճարի տանիքի թեք լանջերի միջև ընկած եռանկյունիները զարդարված էին քանդակներով։ Մի կողմում պատկերված էր Աթենասի և ծովերի աստված Պոսեյդոնի վեճը քաղաքին իշխելու համար: Առասպելը պատմում է, որ Պոսեյդոնը եռաժանիով խփեց ժայռին և քարից աղբյուր բխեց։ Աթենասը խփեց նիզակով և ձիթենի աճեց։ Քաղաքի հովանավորը դարձավ Աթենասը, քանի որ նրա ընծան ավելի օգտակար համարվեց:

Պարթենոնի պատերին՝ սյունաշարերի ետևում, ձգվում էր բարձրաքանդակների մի շարք, որը պատկերում էր Աթենասի տոնին աթենացիների երթը դեպի Ակրոպոլիս:

Հույներն ամենից շատ հպարտանում էին Աթենասի մյուս արձանով, որ դրված էր Պարթենոնի ներսում: Աստվածուհու դեմքն ու ձեռքերը փղոսկրից էին, իսկ հագուստն ու մազերը զուտ ոսկուց...

Ակրոպոլիսի երրորդ շենքը Էրեքթեոնի տաճարն է, որ կառուցվել է Աթենասի և Պոսեյդոնի պատվին: Էրեքթեոնի բակում ըստ ավանդության, այն նույն տեղում, ուր նիզակով հարվածել է Աթենասը, մի ձիթենի է աճում։ Տաճարի ներսում խոր ակոսով մի քարաժայռ կա։ Քրմերը հավատացնում էին, որ դա Պոսեյդոնի եռաժանու հետքն է: