Jump to content

Ինչ է, ով է/Այծկիթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այծկիթ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Այծկիթ

Այս թռչունին կարելի է տեսնել միայն ուշ երեկոյան: Մերթ պտտվում է բացատի վրա արագ վեր ճախրելով և սրընթաց էլ իջնելով, մերթ թռչում է ոչխարների, այծերի հոտերի, կովերի նախրի և ձիերի երամակի շուրջը: Բայց փորձեք նրան գտնել ցերեկը: Ոչինչ չի ստացվի։ Հնարավոր է, որ հենց կողքիդ էլ թառած լինի՝ կպած հողին կամ ծառի հաստ ճյուղին, բայց դու նրան չես տեսնի։ Թաքնվելու մեծ վարպետ է նա, որովհետև թե՛ գույնն է նման հողի կամ ծառի կեղևի գույնին և թե՛ կարողանում է նստել անշարժ: Բացի դրանից էլ ծառի ճյուղին նա նստում է ոչ թե լայնակի, ինչպես բոլոր թռչունները, այլ երկայնակի ձգված:


Այս թռչունը կոչվում է այծկիթ։ Հավանաբար մեկնումեկը հնարել է, թե նա այծ ու կով է կթում: Եվ շատերն են հավատացել դրան, հապա էլ ինչո՞ւ հոտերից պոկ չի գալիս։ Պարզ բան է՝ կաթ գողանալու համար: Մինչդեռ այծկիթը կովերի, այծերի, ձիերի կողքին պտտվում է, որպեսզի հենց թռչելիս մոծակներ, պիծակներ, ճանճեր որսա, իսկ անասունների շուրջը դրանք միշտ էլ շատ են: Այծկիթը, դրանց որսալով, լավ գործ է կատարում։ Իսկ ինչ-որ մեկի անմիտ հնարանքի պատճառով այդ թռչունին ոչ միայն հալածում են, այլև պատահում է, սպանում։ Շատ հաճախ էլ մարդիկ, ոմանք դիտավորյալ, մյուսները՝ չիմանալով ոչնչացնում են այծկիթների ձվերը:

Այծկիթները բույն չեն հյուսում։ Էգը մոխրագույն և դարչնագույն պուտերով 1-3 սպիտակ ձու է դնում ուղղակի թափված տերևների, փշերի իսկ երբեմն էլ մերկ հողի վրա։ Եվ հենց այդտեղ էլ ծնողները հերթով թուխս են նստում։ 17—18 օրից հետո դուրս են գալիս գորշ աղվամազով ծածկված ճուտիկները: Նրանք լրիվ անպաշտպան են լինում, և միայն գույնն է փրկում նրանց, այն էլ ոչ միշտ: Եթե ճուտիկներն անվնաս են մնում ապա օգոստոսի վերջին-սեպտեմբերին այնքան են մեծանում, որ իրենց ծնողների հետ չվում են տաք երկրներ։ Գարնանը վերադառնում են և ամբողջ ամառ կատարում իրենց շատ կարևոր գործը՝ ոչնչացնում են վնասակար միջատներին: