Jump to content

Ինչ է, ով է/Անապատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Անապատ

Անապատները Երկրի շոգ ու չորային շրջաններն են։ Աշխարհի ամենաընդարձակ անապատներն Են Սահարան՝ Աֆրիկայում, Վիկտորիա Մեծ անապատը՝ Ավստրալիաում, Ատակաման՝ Հարավային Ամերիկայում։ Մեր երկրում ավազային ամենամեծ անապատը՝ Կարակումն ու Կզըլկումը, գտնվում են Միջին Ասիայում։

Անապատներում բույսերն ու կենդանիները հարմարվել են խոնավության պակասին, անամպ երկնքում շողացող կիզիչ արևին, սորուն ավազներին։ Կարակում անապատում ամռանը ստվերում շոգը հասնում է համարյա 50 աստիճանի։ Ավազն այնպես է շիկանում, որ նրա մեջ կարելի է ձու եփել:

Ինչպե՞ս են այստեղ ապրում բույսերը։

Անապատի սաքսաուլի անտառներն ամենևին նման չեն ստվերախիտ լայնատերև անտառների: Տերևների փոխարեն սաքսաուլն ունի հյութալի, մուգ կանաչ ճյուղիկներ: Չէ՞ որ որքան փոքր են տերևները, այնքան քիչ է գոլորշիանում թանկարժեք խոնավությունը։ Բույսերն այդպես են հարմարվում չորացնող տապին։ Անապատային շատ բույսեր ապրում են միայն տարվա հով եղանակներին, վաղ գարնանը կամ ուշ աշնանը, երբ խոնավությունն ավելի շատ է։ Վաղ գարնանն ավազաթմբերի բարխանների ստորոտները մի քանի շաբաթ վերածվում են ծաղկուն մարգագետինների. Անապատային վառ կարմիր կակաչները կարճլիկ բոշխի կանաչ ֆոնի վրա բազմագույն գորգ են հիշեցնում։ Շուտով արեգակն անգթորեն կայրի այդ կանաչ ծածկույթը, բայց բույսերը կհասցնեն ծաղկել և սերմեր տալ:

Արեգակի կիզիչ ճառագայթներից տարբեր կերպ են փրկվում անապատի բնակիչները: Նրանցից շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկն այդ կենդանիները թաքնվում են խոր, զով բներում։ Ցերեկային կենդանիներն աշխուժանում են միայն վաղ առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել:

Ահա բարխանի կատարին արձանի նման անշարժ կանգնել է կլորագլխիկ մողեսը։ Նա համաչափ շարժում է վեր ոլորած պոչը և ուշադիր հետևում որսին` մանր բզեզների, թիթեռների: Գեղածնկիկի թփի վրա թաքնվել է նրբագեղ մի օձ: Նա սպասում է, որ մողեսը մոտենա և կայծակնային արագությամբ բռնում է զոհին: Զուր չէ, որ նրան նետ-օձ են անվանում:

Բարխանների ստորոտներում ավազի մակերևույթը ակոսված է բներով. դա մեծ ավազամկների ստորգետնյա քաղաքն է: Այստեղ կարող ես հանդիպել խոշոր վարանին՝ անապատի ամենամեծ մողեսին որի երկարությունը մեկ մետրից ավելի է: Այդ «անապատի կոկորդիլոսը» ավազամկներ է որսում:

Ահա թեթև, բարակոտն այծքաղ ջեյրաններն արագ քառատրոփով հատեցին բարխաններն ու թաքնվեցին հորիզոնի ետևում: Նրանք հեռավոր ճանապարհ են կտրելու ջուր գտնելու համար:

Սաքսաուլի մացառուտներում թռչունների անդադրում ճռվողյուն է: Գարնանը հյուսիս չվելու ճանապարհին անապատում շատ թռչուններ են կանգ առնում, իսկ դեղձանագույն սերինոսները, անտառային սոխակները, շահրիկ փնթփնթանները այստեղ ճտեր են հանում:

Կեսօրին մոտ անապատն ասես մեռնում է։ Բայց իրիկնամուտին կյանքն անապատում վերակենդանանում է: Եթե մայրամուտից հետո լապտերով շրջենք բարխաններով, ապա կտեսնենք գիշերային բնակիչներին: Հսկայական ցատկերով ստվերների պես սլանում են թավոտնյա ճագարամկները, ավազի վրայով սողում են սևամարմին բզեզները, այս ու այն կողմ են վազում գեկոն մողեսները։

Կկավային և քարային անապատներում կյանքն ավելի աղքատ է: Պինդ, քարացած մակերևույթին աճում են օշինդրի և օշանի ցանցառ թփեր։ Քիչ կրծողներ են ընդունակ քարային բնահողում իրենց համար թաքստոց փորելու: Այդպիսի անապատներն իրոք որ անկենդան են թվում, արդարացնելով իրենց անունը։

Այնտեղ, ուր ջուր կա, անապատը նահանջում է։ Շռայլ արևի տակ, արհեստական ոռոգման պայմաններում, կանաչին են տալիս բամբակենու դաշտերը, հյութով են լցվում մրգերը, սեխն ու ձմերուկը: Հողի ծարավը հագեցնելու համար մարդիկ այստեղ վաղուց արհեստական ոռոգում են կիրառում։ Մեր երկրում վիթխարի գրոհ է ձեռնարկվել անապատի վրա: Մեքենաներն օգնում են մարդկանց ջրանցքներ անցկացնելու, ջրամբարներ կառուցելու։ Տարեցտարի ավազներից խլված ավելի շատ հող է ծառայում մարդկանց:

Կարդացեք հետևյալ գիրքը Сладков Н. И., Земля солнечного огня, Л., «Дет. лит.», 1970