Jump to content

Ինչ է, ով է/Անասնապահական ֆերմա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անասնապահական ֆերմա
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Անասնապահական ֆերմա

Եթե ձեզ հարցնեն, թե ինչ բան է անասնապահական ֆերման, դուք, հավանաբար, կպատասխանեք, «մի շինություն է, ուր պահում են կովեր, ոչխարներ, խոզեր...»: Ձեզանից շատերն, անշուշտ, հատկապես գյուղի երեխաները, հաճախ են լինում ֆերմայում և մեծերին օգնում խնամելու կենդանիներին: Բայց և այնպես եկեք ուղևորվենք ֆերմա, և ոչ թե հասարակ, այլ «վաղվա օրվա ֆերմա»։

..Մեր առջև մեծ բայց «խուլ», առանց լուսամուտների, քարե շենք է՝ մի ամբողջ «կովերի քաղաք»։ Այստեղ մի ծածկի տակ ժողովված են երկու հազար կենդանիներ։ Նրանց համար կան ընդհանուր «բնակարաններ», «մեկուսարաններ», նույնիսկ` «մանկական սենյակ» հորթուկների համար, հատուկ խոհանոց և այլ շինություններ։ Իսկ այ այնտեղ, մի կողմում, կլոր աշտարակներ են: Դրանք լցված են մանրացած «խոտի պահածոյով», որը ձմռանը փոխարինում է հյութալի խոտին:

Այդ շենքը մենք կարող ենք մտնել միայն մաքուր, նախօրոք ախտահանված խալաթով ու ճտքավոր կոշիկներով, որպեսզի կենդանիներին չվարակենք որևէ հիվանդությամբ: Վերջապես մենք ներսում ենք: Թե ինչը ձեզ ամենից շատ կզարմացնի, չգիտեմ. մաքրությունն ու թարմ օդը, փոխակրիչի շարժվող, խոտով բեռնավորված լայն ժապավենները, թափանցիկ խողովակները, որոնցով հոսում է կաթը, թե մարդկանց բացակայությունը: Հնարավոր է նաև՝ բոլորը միասին։ Այստեղ կթվորուհիներ չկան. նրանց փոխարինում են օպերատորները, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկ ժամում 200 կով կթել։ Այդ գործում նրանց օգնում են ավտոմատ մեքենաները: Կթող ապարատներից կաթը խողովակներով լցվում է ուղղակի կաթնաընդունիչ խցիկ:

Գյուղում ապրողները գիտեն, թե որքան դժվար է, հատկապես ձմռանը, կեր պատրաստելն ու կովին կերակրելը, իսկ այստեղ երկու հազար կով կերակրում են ընդամենը երկու մարդ: Մեկը աշտարակից կանաչ կերը մատուցում է խոհանոց, որն այդպես էլ կոչվում է՝ կերախոհանոց, մյուսը «հրամաններ է տալիս» հենց կերախոհանոցում, շրջապատված մեծ, փակ բաքերով, որոնց մեջ կերը հյութեղ և սննդարար է դառնում։ Սեղմում է մի կոճակը, և պահանջվող կերը մի բաքից խողովակի միջով տեղափոխվում է ընդհանուր խառնիչ: Սեղմում է մյուսը, երկրորդ թաքից խառնիչի մեջ են լցվում լրացուցիչ սննդանյութեր։ Սեղմում է երրորդը, սկսում են աշխատել խառնիչի թիակները և խառնում կերը: Եվ ահա պատրաստի կերը շարժվող լայն ժապավենով ուղարկվում է կովերին:

Կովերին կթում և կերակրում են այդպես: Իսկ նրանց տեղը մաքրում են շատ հեշտությամբ: Շենքի հատակին շատ ճեղքեր կան։ Փողրակներից հոսող ջրով լվանում, մաքրում են ամբողջ գոմաղբը, որը դուրս է գալիս այդ ճեղքերով:

Մեկ էլ ահա թե ինչին անպայման ուշադրություն դարձրեք. թարմ ու տաք օդին, որն այստեղ այդպիսին է ամեն եղանակի: Ավտոմատների շնորհիվ է այդպես լինում: Հենց փոքր ինչ բարձրանում է ջերմաստիճանը, նրանք շենք են մղում սառը օդ, ցրտում է, միացնում են ջեռուցումը: Իսկ անհրաժեշտ պահին ավտոմատը օդափոխում է շենքը:

Մենք եղանք միայն «կովերի քաղաքում»։ Նույն ձևով, ավտոմատ մեքենաների և սարքերի օգնությամբ, խնամում են նաև խոզերին, ոչխարներին և գյուղատնտեսական մյուս կենդանիներին:

Այսօր անշուշտ, բոլոր ֆերմաները չէ, որ կառուցված են այնպես, ինչպես պատմեցինք: Բայց դրանք անպայման այդպիսին կլինեն ապագայում