Jump to content

Ինչ է, ով է/Անգղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Անգղ

Գիշատիչների մեծ մասը լեշ չի ուտում։ Նրանք գերադասում են որս անել, ժամերով նստել դարանում, հետապնդել որսին։ Գիշատիչներ էլ կան, որ սնվում են սատկած կենդանիների մսով։ Լեշերի այդպիսի ոչնչացնողներ են շատ թռչուններ, որոնց անվանում են «թևավոր սանիտարներ»։ Անգղներն, օրինակ, գրեթե բացառապես սնվում են լեշով։ Նրանք բոլորն էլ խոշոր, շատ ուժեղ թռչուններ են։ Ամենափոքր անգղի՝ գիշանգղի, թևերի բացվածքը 170 սմ է, իսկ պասկուճինը (կոնդոր)՝ մինչև 3 մ։ Սա ամենախոշոր գիշատիչ թռչունն է։

Անգղներն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում, բույն են դնում, սովորաբար, ժայռերի մեջ, ծառերի կատարներին և փչակներում, ուր դժվար են թափանցում մարդը և կենդանիները։

Պասկուճներն օրինակ ապրում են Ամերիկայի լեռներում, մինչև 7 կմ բարձրության վրա։ Հաճախ մի քանի կիլոմետր բարձրության վրա օդում ճախրելիս նրանք ուշադիր զննում են իրենց «տիրույթները», անմիջապես նկատում լեշը և արագ իջնում վրան: Ինչպիսի սրատես աչքեր են պետք այդքան հեռվից ավարը տեսնելու համար:

Անգղներին հիմնականում չեն սիրում. ախր շատ է անհրապույր նրանց կերը։ Բայց նա, ով իսկապես սիրում և ճանաչում է բնությունը, երբեք չի կրակի այդ թռչունների վրա նույնիսկ, եթե նրանք կուշտ ուտելուց հետո ծանրացել են և չեն կարողանում անմիջապես թռչել։ Իսկ անգղների մեկ կամ երեք ձվերով կամ ձագուկներով բույն գտնելու դեպքում երբեք չի քանդի այն. չէ որ անգղները շատ օգտակար թռչուններ են:

Անգղների շատ տեսակներ կան: Դրանցից չորսը տարածված են նաև մեր հանրապետությունում։ Անգղներից մի քանիսը մշտապես ապրում են մարդու կացարանի մոտակայքում։