Ինչ է, ով է/Առակ
Առակ
«Առակ» բառը հին հայերենում նշանկել է խրատ, իմաստություն, այլաբանություն, բարոյախրատական նշանակություն ունեցող փոքրիկ զրույց: Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակ է, որ վերոհիշյալ գրեթե բոլոր հատկանիշներն ունի իր մեջ ներառած:
Առակները գեղարվեստական փոքրիկ ստեղծագործություններ են կենդանիների, բույսերի, ինչպես նաև մարդկանց մասին պատմող զանազան հետաքրքրաշարժ զրույցներ, որոնք ունեն այլաբանական իմաստ: Նրանցում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում է լավը, բարին, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում է վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը։ Ամեն մի առակ ունի խրատական դաստիարակիչ իմաստ:
Առակները հին ժամանակներից ի վեր սիրված ու թարգմանաբար տարածված են եղել աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության և գրականության մեջ: Առակների ամենահին հեղինակը հույն Եզովպոսն է, որի անունով բազմաթիվ առակներ են պահպանվել հին հունական գրականության մեջ։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը:
Հայ գրականության մեջ առակները երևան են եկել վաղ միջնադարում, սկզբում հունական առակների թարգմանություններով, որոնք ամփոփված են եղել «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, հետագայում՝ 12–13 րդ դարերում, առակներ են գրել նաև հայ հեղինակները, որոնցից նշանավոր են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ: Ամենահայտնին «Աղվեսագիրքն» է։ Ահա մի առակ «Աղվեսագրքից», որ կոչվում է «Իմաստուն զինվոր»։
«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՜վ ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ փախչելու, այլ կանգնելու և կռվելու և հաղթելու»:
Առակներն այժմ էլ պատմվում և պահպանվում են ժողովրդի մեջ, դրանք գրի են առնում գիտնականները և ուսումնասիրում: Նշանավոր առակագիր էր Ի. Կռիլովը։ Հայ գրականության մեջ առակներ են գրել Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը, Ավ. Իսահակյանը, Խնկո Ապերը և շատ ուրիշներ: