Ինչ է, ով է/Ասմունք
Ասմունք
Ամեն մի աշակերտ կարող է նկատել, թե ինչպես դասընկերներից մեկն արտասանում է ազդու և տպավորիչ՝ լսողի ուշադրությունը գրավելով, իսկ մեկ ուրիշը այնպես անհույզ ու միալար, որ լսողը մնում է անտարբեր:
Ասմունքի արվեստի կամ ինչպես սովորաբար ասում են` գեղարվեստական ասմունքի էությունը հենց այդ տարբերության մեջ է: Ասմունքը արձակ և չափածո գրական երկերի արտասանության արվեստն է։
Ինչո՞ւ մեկի արտասանությունը տպավորություն է թողնում, մյուսինը` ոչ: Ո՞րն է գաղտնիքը: Այն, որ խոսքի իմաստը կախված է ոչ միայն նրանից, թե ինչ է ասվում, այլև նրանից, թե ինչպես է ասվում։ Նույնիսկ ամենալավ խոսքը «Այո, իհարկե, ես ձեզ շատ եմ հարգում», կարելի է ասել այնպիսի հեգնանքով, որ դա հնչի ճիշտ հակառակ իմաստով։
Ինչո՞վ է պայմանավորված այս զարմանալի երևույթը:
Հնչող խոսքի ինտոնացիայով՝ հնչերանգով: Այդ հնչերանգը բավական բարդ և բազում տարրեր պարունակող հասկացություն է: Հնչերանգն է, որ բանավոր խոսքին տալիս է իմաստ և հուզական ուժ: Դրա համեմատ էլ մասնագետները տարբերում են խոսքի հուզական և իմաստային հետևյալ հատկանիշները, տրամաբանական (իմաստային) պաուզա (դադար), շեշտ, տեմպ (խոսքի արագությունը), մեղեդի (բանավոր խոսքն ունի իր մեղեդին) և հուզական պաուզա, շեշտ, տեմպ ու մեղեդի:
Չե՞ք նկատել, որ ամեն ոք ձգտում է իր խոսքը դարձնել համոզիչ: Այդ նպատակով էլ ամեն ոք խոսքի մեջ դադարներ է տալիս, ուժեղ շեշտում է հատկապես կարևոր բառերը, խոսում է այն արագությամբ, որ ներդաշնակ է խոսքի բովանդակությանը, խոսքի մեղեդին կազմակերպում ըստ իր հուզական վերաբերմունքի:
Այսպես է նույնիսկ առօրյա կյանքում:
Այս նույնն են անում նաև ասմունքողները, ինչպես և դերասանները, միայն թե` այս ամենը հասցնելով արվեստի մակարդակի։ Ասմունքողներն ու դերասանները հնչերանգի վարպետներ են: Իհարկե, նրանք պետք է ունենան դուրեկան, ախորժալուր ձայն, պետք է կարողանան արտասանել այնպես, որ ոչ մի հնչյուն չկորչի, պետք է «տեղ հասցնեն» ամեն մի բառ ու դարձվածք։ Եվ այդ ամենի հետ միասին ու ամենից առաջ պետք է տիրապետեն հնչերանգի բոլոր գաղտնիքներին:
Ասմունքի իսկական վարպետներն օժտված են բոլոր այս արժանիքներով:
Տարբերություն կա ասմունքի և բեմական խոսքի, այսինքն` բեմից հնչող դերասանական խոսքի միջև, երբ երկուսի դեպքում էլ գործում են նույն օրենքներն ու օրինաչափությունները: Կա, և դա հետևյալն է բեմական խոսքն ունի երկխոսության բնույթ, դերասանն իր խոսքով շփման մեջ է մտնում ոչ միայն հանդիսասրահի (ինչպես ասմունքողը), այլև իր խաղընկերների հետ, ուստի և նա պետք է տիրապետի երկխոսություն վարելու, խոսքի միջոցով կերպար ստեղծելու վարպետությանը:
Իսկ ի՞նչ տարբերություն ասմունքի և արտասանության միջև, եթե երկուսն էլ պետք է խոսքը հնչեցնեն հստակ, իմաստալից, զգացմունքով հագեցած: Այո, այդպես է, բայց տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արտասանությունը ենթադրում է գրական երկի վերամբարձ բարձրաշունչ մատուցում, ասմունքը՝ պատմողական մատուցում, որի ընթացքում դեպքեր են գալիս ու անցնում, բնավորություններ են գծագրվում։ Ահա թե ինչու այդօրինակ ասմունքը կոչում են «մի դերասանի թատրոն», որի վարպետն էր Սուրեն Քոչարյանը: