Ինչ է, ով է/Աստղադիտակ
Աստղադիտակ
Աստղադիտակները երևան եկան այն ժամանակ, երբ ակնոց պատրաստող դանիացի ապակեգործները հնարեցին դիտակը: Դա տեղի ունեցավ 17-րդ դարի սկզբին:
Հրաշագործ խողովակի մասին լուրը շատ արագ հասավ իտալական Պադուա քաղաքը, ուր կար այն ժամանակ հայտնի մի համալսարան: Այդ համալսարանում ամենանշանավոր գիտնականը ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյն էր: Նա իսկույն հասկացավ, որ աստղագետներին այդպիսի դիտակը շատ պիտանի կլինի, և 1609 թ պատրաստեց նույնպիսի մի դիտակ:
Սարքը բարդ չէր: Բարակ, երկու կողմից ուռուցիկ, մեծ տրամագծով ապակին (ոսպնյակ)՝ օբյեկտիվը, դրվում էր մետաղե կամ փայտե խողովակի այն ծայրում, որն ուղղվում էր դեպի դիտվող առարկան: Փոքր հաստ ոսպնյակը՝ օկուլյարը, դրվում էր խողովակի՝ դեպի աչքն ուղղված բացվածքում։ Որպեսզի ոսպնյակները ճիշտ համագործակցեին միմյանց հետ և սարքը պիտանի լիներ ցանկացած տեսողության համար, խողովակը շարժական էին անում: Օկուլյարը օբյեկտիվից հեռացնելու կամ նրան մոտեցնելու միջոցով դիտողը գտնում էր ապակիների միջև եղած այն հեռավորությունը, որի դեպքում ստացվում էր ամենախոշոր ու ամենահստակ պատկերը: