Ինչ է, ով է/Ավտոմատ
Ավտոմատ
«Աուտոմատոս» բառը հին հունարեն նշանակում է «ինքնուրույն գործող»։ Բայց մի՞թե հին հույներն ունեին ավտոմատորեն, ինքնուրույն գործող սարքեր: Պարզվում է, որ ունեին։ Օրինակ, 2000 տարի առաջ մի տաճարում դրված էր «սուրբ» ջուր վաճառող ավտոմատ: Հավատացյալները չէին հասկանում, թե ինչպես է այն կառուցված և այդ «աուտոմատոսը» համարում էին մեծ հրաշք: Այժմ մեր մտքով էլ չի անցնի երկրպագել ջուր վաճառող ավտոմատը կամ զարթուցիչը, որը նույնպես ավտոմատորեն է աշխատում, ինքն է ցույց տալիս ժամը և ինքն էլ զնգում տրված ժամին: Մենք արդեն վարժվել ենք ինքնուրույն գործող սարքերին։ Ավտոմատները հետևում են անվտանգ երթևեկությանը, մետաղադրամ են մանրում, կառավարում գնացքներն ու ինքնաթիռները, թռչում տիեզերք, ճանապարհորդում Լուսնի վրա։ Ավտոմատ հաստոցները մշակում են մետաղ ու պլաստմասսա, կտոր են գործում, թողարկում պտուտակներ, կոճակներ, շաքարագնդիկներ, դեղահաբեր, կարկանդակներ, բաժակով պաղպաղակ, ատամնամածուկի պարկուճներ, լուսանկարչական ժապավենով կասետներ և էլի այնքան շատ բան: Հազար ու մի տարբեր գործեր ավտոմատներն ավելի արագ և ճշգրիտ են կատարում, քան մարդիկ: Ավտոմատը չի հոգնում և չի սխալվում: Նա կարող է աշխատել շիկացած վառարանում ու ցուրտ անապատում, գետնի ջրի տակ և Տիեզերքում: Ավտոմատ հաստոցները կարող են աշխատել միասին: Դրանք միացնում և ստանում են ավտոմատ գծեր: Առաջին հաստոցը որոշ չափով մշակում է նախապատրաստուկը և ինքն էլ այն փոխանցում հաջորդին: Սա աշխատանքի իր մասն է անում և ուղարկում երրորդին: Իսկ ամենավերջին հաստոցը տալիս է արդեն պատրաստի արտադրանքը` տրակտորի ատամնանիվներ կամ պահածոյի տուփեր, գնդառանցքակալներ կամ էլեկտրական լամպեր: Արդեն կան նաև ամբողջական ավտոմատ գործարաններ: Նրանք աշխատում են անխոնջ ու ճշգրիտ, հեքիաթային արագությամբ: Եվ այդպիսի գործարանի աշխատանքը կառավարում է ընդամենը մի քանի մարդ։ Ավտոմատներն իրենց «զգայարաններն» ունեն: Ավտոմատն ակնթարթորեն կանգնեցնում է հաստոցը, երբ «տեսնում է», որ մարդուն վտանգ է սպառնում։ Նա «զգում է» ջերմաստիճանի փոփոխությունը, մերթ միացնում, մերթ անջատում է արդուկը, սառնարանը, էլեկտրավառարանը։ Ավտոմատ «քիթը» հանքահորում «զգում է» գազի հոտը և միացնում տագնապի ազդանշանը։ Ավտոմատ «ականջները» լսում են ավտոմեքենայի շչակի ձայնը և դարպասները բացելու հրաման տալիս։ «Ձեռքեր», «աչքեր», «քիթ» «ականջներ»… Իսկ «ուղե՞ղ»։ Կարելի՞ է արդյոք այնպիսի ավտոմատ ստեղծել, որն ընդունակ լինի մտավոր աշխատանք կատարելու։ Պարզվում է այո։
Կան ավտոմատներ, որոնք բարդ հաշվարկներ են կատարում պատրաստում նախագծեր, գծագրեր։ Մարդիկ սովորել են կառուցել կառավարման ամենաբարդ ավտոմատ մեքենաներ, ստեղծել իսկական էլեկտրոնային «ուղեղներ»։ Այդպիսի մեքենան ինքն է հաշվարկում և որոշում թե ինչը երբ պետք է արվի, որպեսզի լավ աշխատի դոմնան կամ էլեկտրակայանը, որպեսզի հրթիռը վեր բարձրանա ճշտորեն։ Եվ ոչ միայն հաշվարկում ու որոշում է, այլև ինքն է անհրաժեշտ բոլոր հրամանները տալիս այլ ավտոմատների և ինքն էլ ստուգում, թե այդ հրամաններն ինչպես են կատարվում։
Ավտոմատ պահակ վաճառող, բանվոր, հաշվապահ, ինժեներ օդաչու… Սրանք բոլորն էլ արդեն կան, աշխատում են, օգնում մարդկանց։ Իսկ ինչպիսի՞ն կլինեն վաղվա ավտոմատները։ Ինչի՞ մասին են երազում, ինչո՞վ են զբաղված նրանց ստեղծողները։
Պատկերացրեք ավտոմատ բժշկի, որը չափում է հիվանդի ջերմությունն ու արյան ճնշումը, հաշվում է երակազարկը, լսում սիրտն ու թոքերը։ Նա ինքն է ախտորոշում հիվանդությունն ու նշանակում բուժում։
Պատկերացրեք ավտոմատ քարտուղարի որը մեքենագրում է թելադրածը, և այն էլ շատ մաքուր, առանց մեկ հատիկ սխալի, պարզապես «հինգի»։ Կամ էլ պատկերացրեք ավտոմատ թարգմանչի, որն, ասենք, գերմաներեն «կարդում է» պատմվածքը կամ գիտական հոդվածը և տեղնուտեղն էլ մեքենագրում հայերեն թարգմանությունը։
Կամ պատկերացրեք այսպիսի աներեվակայելի մի տեսարան՝ երկու ավտոմատ իրար հետ շախմատ են խաղում… Թեև ասենք, որ դա իրողություն է․ 1974 թ․ օգոստոսին արդեն կազմակերպվել է շախմատի աշխարհի առաջնություն ավտոմատների միջև։ Տաս մասնակիցներից առաջին տեղը գրավեց սովետական ավտոմատը։
Ավտոմատը, կարծես, կենդանի էակ է՝ ուժեղ, արագաշարժ, բանական։ Բայց ջուր վաճառող ավտոմատը ազատ ժամանակ շախմատ չի խաղա։ Ավտոմատ մեքենավարը երբեք չի սովորի կարկանդակներ թխել։ Յուրաքանչյուր ավտոմատ կարող է անել միայն այն, ինչի համար կառուցվել է, «գիտե» միայն այն, ինչ նրան «սովորեցրել» են մարդիկ։ Եվ որպեսզի ավտոմատը լավ աշխատի, այն պետք է ստուգի, կարգավորի, նորոգի փորձառու և հմուտ կարգավորող բանվորը։ Նոր, ավելի կատարյալ ավտոմատներ ստեղծելու համար անհրաժեշտ են ամենագիտակ, ամենաշնորհալի, ամենաաշխատասեր գիտնականներ ու ինժեներներ, տեխնիկներ ու բանվորներ՝ իրենց գործի իսկական վարպետներ։
Ավտոմատը ոչ միայն շատ բան է տալիս, այլև շատ բան է պահանջում։ Պատրա՞ստ եք դուք արդյոք ապրելու և աշխատելու ավտոմատների դարում։