Ինչ է, ով է/Արագած
Արագած
Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեվելյան մասում, Արարատյան և Շիրակի դաշտերի սահմանագծին, իր շրջակայքից առանձնանում և վեր է հառնում քառագագաթ Արագածը՝ Հայկական ՍԱՀ–ի ամենաբարձր լեռը։
Արագածի հյուսիսային կատարը 4090 մ է, արևմտյանը՝ 4080 մ, արևելյանը՝ 3916 մ և հարավայինը՝ 3879 մ։ Բրգաձև կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարանային կրկեսը։
Արագած անունը, ըստ ավանդության ծագել է «Արա» անունից և «գահ» բառից։
Մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերը սկսում են մարել Արագածի վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղի նման մի երկար լուսեղեն ցոլք է կախվում։ Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց է հյուսել նրա շուրջ և այդ «կանթեղը» համարել հայոց հույսի, հայ մարդու երազանքի խորհրդանիշ։ «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ Հովհաննես Թումանյանը գրում է.
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից։
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կամարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին։
Մինչև մեր օրերն են հասել Արագածի լանջերին պահպանված հին մշակույթի հետքեր, ոռոգման ջրանցքներ, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող ձկնակերպ կոթողներ։ Շատ են միջնադարյան նշանավոր բերդերի, եկեղեցիների ավերակները (Ամբերդ, Բյուրական և այլն): Արագածը ասես միանգամից ալիքի նման վեր բարձրանալով Արարատյան ու Շիրակի դաշտերից, սառել մնացել է աչքը երկնքի անհունին հառած։ Հենց այդպիսին է Արագածը Ավետիք Իսահակյանի մանիներից մեկում:
Ալագյազը աստղերի մեջ,
Ադամանդե թագը գլխին,
Սարերեն վեր, ամպերեն վեր
Թիկն է տվել զմրուխտ-գահին:
Գագաթներին մշտական ձյուն է, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները իրենց նրբերանգներով: Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների, մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթում ցուրտ է նաև ամռանը:
Արագածի լանջերից բխում են հազարավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ, սառցադաշտային կրկեսներում մեղմ ծփում են լեռնային սառնորակ լճակները` Քարի, Ամբերդի Լեսինգի։ Ակնա լիճը նույնպես Արագածի աղբյուրների ծնունդն է: Արագածի ծաղկազարդ փեշերը հարուստ են խոտհարքներով ու լեռնային փարթամ արոտավայրերով: Վաղ գարնանը իսկական ծաղկահանդես է բացվում լեռան փեշերին: Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Լեռան հարավային լանջերին, 1800 — 2300 մ բարձրության վրա պահպանվել է անտառի մի չնչին մաս, որտեղ աճող հիմնական ծառը արևելյան կաղնին է: Արագածի լանջերին դուք կտեսնեք ճագարամուկ, նապաստակ, աղվես, գայլ, օձ, մողես: Արագածից արդյունահանում են տարբեր շինանյութեր` տուֆ, պեմզա, պեռլիտ: Արագածի հարավային լանջին է կառուցված Բյուրականի աստղադիտարանը: Նրա գագաթին մոտ 1943 թվականից գործում են ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը և օդերևութաբանական կայան: Մաքուր ու զովաշունչ օդը, գլգլան առվակները, բազմերանգ ծաղիկները ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում հովեկների:ն Լեռան լանջերին կառուցված են հանգստյան տներ, պիոներական ճամբարներ: