Ինչ է, ով է/Աֆանասի Նիկիտին
Աֆանասի Նիկիտին
1466 թ․ աշնանը Մոսկվայից հայրենիք էր վերադառնում Շիրվանի խանության դեսպանը: Այդ մասին իմացավ տվերցի ռուս վաճառական Աֆանասի Նիկիտինը։ Խանությունը գտնվում էր Կասպից ծովի հարավ-արևմտյան ափին և առևտուր էր անում Արևելքի շատ երկրների հետ։ Նիկիտինը որոշեց միանալ դեսպանի կարավանին և գնալ Շիրվան՝ առևտուր անելու։ Դեսպանի հետ ճամփորդելն անվտանգ էր։ Նա ուներ պահակախումբ, անհրաժեշտ անցաթղթեր:
Աֆանասի Նիկիտինը հանդերձավորեց երկու նավ և ուրիշ առևտրականների հետ Տվերից (այժմ՝ Կալինին քաղաք) Վոլգայով նավարկեց դեպի Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի քաղաք): Այստեղ նա որոշ ժամանակ սպասեց դեսպանին և նրա հետ նավարկեց Վոլգայի հոսանքն ի վար:
Շատ անակնկալներ էին սպասում ճանապարհորդներին։ Նրանց վրա հարձակվեցին թաթարները և կողոպտեցին ապրանքը: Նավերից մեկը Կասպից ծովում փոթորկի ժամանակ ափ շպրտվեց և նրա մեջ գտնվող առևտրականները գերի ընկան տեղի բնակիչներին։ Նիկիտինի բախտը բերեց․ դեսպանի նավով նա հասավ մինչև Շիրվան։
Համարյա մեկ տարի նա մնաց այնտեղ, մինչև որ գերությունից փրկեց ընկերներին։ Այնուհետև որոշեց իր բախտը փորձել այլ երկրներում։ Հայրենիք վերադառնալ նա չէր կարող, առևտուր անելու համար շատ ապրանքներ պարտքով էր վերցրել։ Բաքվում մի քիչ փող վաստակելով՝ Նիկիտինը անցավ Կասպից ծովի հարավային ափ՝ Պարսկաստան։ Հին կարավանային ճանապարհով նա հասավ մինչև Օրմուզ քաղաքը, ուր հատվում էին Հնդկաստանից, Չինաստանից, Եգիպտոսից, Փոքր Ասիայից եկող առևտրական ուղիները:
Օրմուզում Նիկիտինին զարմացնում էր ամեն ինչ՝ արևադարձային շոգը, ուժեղ տոթակեզ քամին, ջրի տկերով բեռնավորված ուղտերը, սալահատակի շիկացած քարերը գորգերով ու խսիրներով ծածկելու սովորությունը։ Այստեղից Հնդկաստան էին արտահանում ցեղական ձիեր, որոնք այնտեղ շատ թանկ էին գնահատվում։ Նիկիտինը մի լավ ձի գնեց և առանց մեխերի սարքած մեծ նավով Արաբական ծովով նավարկեց դեպի Հնդկաստան։ Դժվար ու վտանգավոր էր այդ վեցշաբաթյա նավարկությունը:
Նիկիտինը ափ իջավ Չաուլ քաղաքում (ժամանակակից Բոմբեյից հարավ): Սկսվեցին նրա գրեթե երեքամյա թափառումները Հնդկաստանում։ Այն ամենը, ինչ նրան հետաքրքրում էր, նա գրի էր առնում իր օրագրում․ գրում էր թխամորթ երկարամազ բնիկների մասին, այն մասին, որ հարուստներն ու «իշխանները» հագնվում են շքեղ, իսկ հասարակ ժողովուրդը համարյա մերկ է, սուլթանի մեծաշուք ուղևորությունների մասին, թե ինչպես էին նրան ուղեկցում հազարանոց զորքն ու ոսկեզօծ ծածկոցներով 300 փիղ։
Նիկիտինն ինքը ևս հետաքրքրություն էր հարուցում։ Նրա շուրջը բազմություն էր հավաքվում, դիտում էին նրա անսովոր հագուստը, խարտյաշ մազերը:
Շատ բան տեսավ ճանապարհորդը։ Նա նկատեց, որ աստղերը Հնդկաստանի երկնքում այլ կերպ են դասավորված, քան Ռուսիայում։ Բարեկամացավ հնդիկ շատ ընտանիքների հետ, ուսումնասիրեց բնակիչների սովորույթներն ու բարքերը։
Նա ավելի ու ավելի հաճախ էր հիշում հայրենիքը։ «Աշխարհում նրա նման Երկիր չկա»,–մտածում էր նա:
Վվերջապես Նիկիտինը հարմար գնով վաճառեց ձին և 1472 թ․ սկզբին բռնեց ետդարձի ճամփան։ Երրորդ՝ Սև ծովը, կտրեց նա նավով (առաջինը Կասպիցն էր, երկրորդը՝ Արաբականը)։ Մեկ ամիս նավը տարուբերվում էր քամուց, մինչև որ հասավ Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա քաղաք)։ Այստեղ Աֆանասի Նիկիտինը հանդիպեց ռուս առևտրականների և նրանց հետ միասին ուղևորվեց Տվեր, բայց մեռավ ճանապարհին, Սմոլենսկից ոչ հեռու։ Դա 1472 թ․ վերջն էր։ Այսպես վերջացավ Աֆանասի Նիկիտինի «ուղևորությունը երեք ծովերից այն կողմ»։ Նրա նոթագրությունների տետրը առևտրականներն ուղարկեցին Մոսկվա, Իվան Երրորդ ցարի ատենադպրին (գլխավոր քարտուղար)։ Ատենադպիրը կարգադրեց դրանք մտցնել տարեգրության մեջ։
Աֆանասի Նիկիտինը առաջին եվրոպացիներից էր, որ ճշմարտացի ու մանրամասն պատմեց հեռավոր Հնդկաստանի մասին։ Նրա «Ուղևորություն Երեք ծովերից այն կողմ» գիրքը թարգմանված է աշխարհի շատ լեզուներով։ Կալինին քաղաքում, Վոլգայի ափին, կանգնեցված է ռուս խիզախ ճանապարհորդի հուշարձանը։