Ինչ է, ով է/Բաղրամյան Հ. Ք.
Բաղրամյան Հովհաննես Քրիստափորի
Իջևանի Ակնաղբյուր գյուղում տարիներ առաջ կայծակնահար ընկավ դարավոր մի կաղնի, որին ժողովուրդը Զորավարի կաղնի էր ասում: Պատմում էին, թե այդ կաղնին տնկել էր զորավար Վարդան Մամիկոնյանը հազար հինգ հարյուր տարի առաջ։ Հաղթանակից վերադարձած մի ուրիշ մեծանուն զորավար, Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ընկած ծառի տեղում մի ուրիշ կաղնի տնկեց։ Հիմա այն մեծացել ու տարածել է իր լայն ճյուղերը և առաջվա նման Զորավարի կաղնի է կոչվում... Այդ ծառը երկու հայրենասեր զորավարների սիրո և նվիրվածության երդումն էր մայր հողին ու հարազատ ժողովրդին: Երկաթուղայինի որդին ստացավ երկաթուղայինի կրթություն բայց.. 1914 թ. սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Արյունարբու Թուրքիան կռվի մեջ էր մտել Ռուսաստանի դեմ։ Արևմտյան Հայաստանից ահավոր լուրեր էին հասնում հայերի նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին: Ընդամենը տասնութ տարեկան էր Հովհաննեսը, որ կամավոր բանակ գնաց` կռվելու իր ժողովրդի փրկության համար: Այդ օրվանից էլ սկսվեց նրա զինվորական մեծ ծառայությունը, որը տևեց շուրջ յոթ տասնյակ տարի...
Առաջին հայկական հեծյալ գնդի շարքերում որպես դասակի հրամանատար կռվող Հովհաննես Բաղրամյանը Կարսի մոտ գտնվող Խորասան գյուղում հանդիպեց ազգային հերոս Անդրանիկին, որի պայծառ կյանքն ու սխրանքները նվիրական դպրոց եղան նրա համար (զորավար Անդրանիկի մասին դուք կարող եք կարդալ «Հայ ազգային ազատագրական շարժումներ» զրույցում):
Թուրքերը գրավեցին Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը (Լենինական), ապա հասան մինչև Սարդարապատ (Հոկտեմբերյան): Սկսվեց Սարդարապատի հերոսամարտը, որին մասնակցում էր նաև Հ. Բաղրամյանը: Այս օրհասական կռիվը մեր ժողովրդի համար նույն մեծ նշանակությունն ունեցավ, ինչ դարեր առաջ ունեցել էր Ավարայրի ճակատամարտը, որի մասին դուք կարող եք կարդալ «Վարդան Մամիկոնյան» զրույցում