Ինչ է, ով է/Բելգիա
Բելգիա
(Բելգիայի թագավորություն)
Բելգիան Եվրոպայում գտնվող փոքր երկիր է. նրա տարածքը գրեթե հավասար է Հայկական ՍՍՀ-ի տարածքին: Ավտոմոբիլով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը։ Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային: Բելգիան անկախ պետություն է դարձել 1830 թ. միայն։
Բելգիայում ապրում են երկու ազգեր՝ վալոնները և ֆլամանդացիները: Առաջին անգամ Բելգիա ոտք դրած մարդու ուշադրությունը գրավում է այն, որ այստեղ բոլոր մակագրություններն ու ցուցանակները գրվում են երկու լեզվով՝ ֆրանսերեն (որով խոսում են վալոնները) և ֆլամանդերեն։
Ժամանակակից Բելգիան բարձր զարգացած կապիտալիստական պետություն է։ Նա արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմոբիլներ, հաստոցներ, էլեկտրաապարատներ, քիմիկատներ, ապակի, գործվածքներ, գորգեր: Այդ ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ: Արդյունաբերության շատ ճյուղերի հումքը Բելգիան ներմուծում է:
Բելգիացիները շատ աշխատանք են կատարում նաև գյուղատնտեսության մեջ: Նրանք մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն: Երկրում բուծում են կովերի այնպիսի ցեղեր, որոնք առատ կաթ են տալիս։
Բելգիան ընկած է հյուսիսային ծովի ափին: Ծովից փչող խոնավ քամիները մեղմացնում են ձմեռային ցուրտն ու ամառային շոգը։ Գետերը չեն սառչում։ Ձմռանը մեծ մասամբ ամպամած է, մառախլապատ, ամռանը զով է, հաճախ տեղում են հորդ անձրևներ։
Ծովափից դեպի երկրի խորքը հարթավայր է ձգվում։ Այն հատում են գետերն ու ջրանցքները, որոնց երկայնքով բարդիներ են աճում: Շուրջը մուգ կանաչ մարգագետիններ են, արածում են կովերի նախիրներ։ Այնուհետև հարթավայրն սկսում է բարձրանալ և վերածվել բլրաշատ տեղանքի: Երկրի հարավում՝ սահմանի մոտ, հարթավայրը փոխարկվում է անառապատ լեռների
Կենտրոնական Բելգիան պատած է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գետերի և ջրանցքների խիտ ցանցով, որոնց շուրջը եռում է կյանքը: Այստեղ արդյունահանում են քարածուխ, ծխնելույզներից ծուխ են արձակում խոշոր գործարաններն ու ֆաբրիկաները, և երկինքը պայծառ օրերին անգամ հաճախ մշուշապատվում է: Գետահովիտների երկայնքով գրեթե անընդմեջ ձգվում են քաղաքներն ու ավանները։ Բելգիայի ամենամեծ նավահանգստում՝ Անտվերպենում, հանգրվանում են աշխարհի գրեթե բոլոր երկրներից եկած նավերը։ Բելգիան նաև ծաղիկների, նրբագեղ ժանյակների, ոսկերչական իրերի հնագույն հուշարձանների երկիր է: Իսկ Բելգիայի քաղաքները հինավուրց ճարտարապետության քաղաք-թանգարաններ են:
Ինչպես և մյուս կապիտալիստական պետություններում, Բելգիայի հիմնական հարստությունները կենտրոնացած են կապիտալիստների ձեռքին: Կապիտալի ճնշումը հատկապես ուժեղ են զգում բանվորները: Երկրում մերթընդմերթ բռնկվում են գործադուլներ, որին մասնակցում են հազարավոր աշխատավորներ:
Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է պառլամենտով։