Ինչ է, ով է/Բետոն և երկաթբետոն
Բետոն և երկաթբետոն
Բետոնից, շատ ամուր արհեստական այդ քարից, շինություններ են կառուցել դեռևս հին հռոմեացիները։
Զուր չէ, որ բետոնն անվանում են արհեստական. բնության մեջ պատրաստի բետոն չես գտնի։ Նախ հարկավոր է գործարանում պատրաստել հատուկ փոշի՝ ցեմենտ։ Ցեմենտը խառնում են ավազին, ապա ցեմենտաշաղախին ավելացնում են մանրացրած քարեր՝ խիճ: Այս ամենը միասին լավ խառնում են, և բետոնը պատրաստ է։ Այժմ բետոնի «շիլան» կարելի է լցնել փայտե կամ մետաղե հատուկ արկղի կաղապարարկղի մեջ, որն ունի ապագա շինվածքի ձևը։ «Շիլան» պնդանում է և ստացվում է պատրաստի դետալը` հեծան, սյուն, սալ: Բետոնը մեծ ծանրությունների է դիմանում և ժամանակի հետ ավելի է ամրանում։ Բայց պարզվում է, որ նա թերություններ էլ ունի. փխրուն է: Ուժեղ հարվածեք բետոնի կտորին, և այն փշուր-փշուր կլինի։ Անցյալ դարի կեսին փարիզցի այգեպան Ժոզեֆ Մոնիեն որոշեց բետոնից խոշոր թաղարներ պատրաստել և մեջը արմավենիներ տնկել: Թաղարներն ավելի ամուր դարձնելու համար նա բետոնի «շիլայի» մեջ տեղադրեց մետաղալարե վանդակ։ Թաղարներն իրոք էլ շատ ամրացան, չէին փշրվում: Այդ գյուտի լուրն իսկույն տարածվեց աշխարհով մեկ: Այդուհետև սկսեցին ամրության համար բետոնի մեջ տեղադրել երկաթե ձողեր, մետաղալար կամ ցանց: Այդպես ասպարեզ եկավ մի նոր շինանյութ` երկաթբետոնը` երկաթե կմախքով բետոնը: Երկաթբետոնը դիմանում է հսկայական ծանրության հարվածներից չի վախենում, հրակայուն է: Այժմ երկաթբետոնը կիրառվում է ամենուրեք: Նրանից պատրաստում են ամբարտակներ, պատեր, առաստաղի սալեր և շենքերի տանիքներ, կամուրջներ, աշտարակներ, սյուներ մարզադաշտերի տրիբունաներ երկաթուղիների կոճեր և ուրիշ շատ ու շատ բաներ։