Ինչ է, ով է/Բյուրականի աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարան
Հայրենական մեծ պատերազմի օրերին, 1943 թ ստեղծվեց հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան: Նրա հիմնադիր անդամների կազմում էր երիտասարդ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Լենինգրադի համալսարանի աստղադիտարանը: Երևան տեղափոխվելուց անմիջապես հետո նա ձեռնամուխ եղավ Հայաստանում աստղաֆիզիկական բնույթի ժամանակակից աստղադիտարան ստեղծելու գործին: Եվ ահա 1946 թ աշնանը Արագածի հարավային լանջին, Աշտարակի շրջանի Բյուրական գյուղի մոտ ծովի մակերևույթից շուրջ 1500 մ բարձրության վրա հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը։ Սկսվեց առաջին դիտաշտարակների շինարարությունը և համապատասխան մասնագետների ուսուցումը Երևանի համալսարանում: Միաժամանակ բաց երկնքի տակ տեղակայված առաջին շատ համեստ աստղադիտակներով կատարվում էին անդրանիկ դիտումները: Հետզհետե ոտքի կանգնեց ու առնականացավ Բյուրականի աստղադիտարանը։ 1956 թ արդեն, երբ շինարարության առաջին հերթի ավարտից հետո տեղի ունեցավ աստղադիտարանի պաշտոնական բացումը, ստացված կարևոր արդյունքների շնորհիվ նրա անունը հայտնի դարձավ գիտական աշխարհում: Ներկայումս աստղադիտարանի հիմնական գործիքներն են Եվրոպայում խոշորագույն հայելու 26 մ տրամագծով դասական համակարգի աստղադիտակը և ՍՍՀՄ-ում ամենամեծ լայնանկյուն, այսպես կոչված, Շմիդի համակարգի մետրանոց աստղադիտակը (խոշորագույն 1մ տրամագծով պրիզմաներով), որոնցով դիտում են երկնային մարմինների սպեկտրները: Տարբեր բնույթի աստղագիտական դիտումների համար օգտագործվում են նաև 53, 50 և 40 սմ տրամագծերով աստղադիտակներ: Դիտումների ժամանակ ստացված գիտական տվյալների մշակման համար կան չափիչ ու հաշվիչ ժամանակակից սարքեր: Բյուրականի աստղադիտարանում կարևորագույն հետազոտություններ են կատարվել աստղերի ու գալակտիկաների առաջացման և զարգացման, ինչպես նաև` նյութի տիեզերական գոյաձևերի ֆիզիկայի վերաբերյալ։ 1947 թ օրինակ, հայտնագործվեցին աստղասփյուռները` երիտասարդ աստղերի այնպիսի խմբերը, որտեղ ձևավորվում են աստղերը: Այդ հայտնագործությամբ առաջին անգամ ապացուցվեց, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները: Բյուրականում մշակվեցին և հիմնավորվեցին նաև գալակտիկաների կորիզների ակտիվության գաղափարները, որոնք հեղաշրջեցին մինչ այդ գիտության մեջ իշխող պատկերացումը: Բացահայտվեց, որ կորիզների ակտիվության շնորհիվ գալակտիկաներում անջատվում են էներգիայի ու նյութի վիթխարի քանակություններ և այդ հանգամանքը վճռական դեր է խաղում գալակտիկաների ձևավորման ու զարգացման մեջ։ Պարզվեց նաև, որ այդ ակտիվության հզոր դրսևորումները, ինչպես նաև` աստղասփյուռներում դիտվող որոշ երևույթներ պայմանավորված չեն բուն աստղերով կամ գազափոշային նյութով։ Այդ կապակցությամբ Բյուրականում մշակվել է այն վարկածը, որ գալակտիկաներում, մասնավորապես, նրանց կորիզներում, գոյություն ունեն առայժմ անհայտ բնույթի խիտ զանգվածով մարմիններ (գերխիտ նախաստղեր), որոնց նյութից ձևավորվում են աստղերն ու աստղային համակարգերը։ Բյուրականի աստղադիտարանի հետազոտությունները զգալի ազդեցություն են թողել ժամանակակից աստղաֆիզիկայի զարգացման վրա:
Գիտական մեծ վաստակի համար Բյուրականի աստղադիտարանը առաջինը սովետական աստղադիտարաններից 1967 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Հիմնադրման օրվանից Բյուրականի աստղադիտարանի անփոփոխ դիրեկտորն է ակադեմիկոս Վ.Համբարձումյանը, իսկ գիտական աշխատակիցները գրեթե առանց բացառության նրա աշակերտներն են՝ Երևանի համալսարանի սաներ: