Jump to content

Ինչ է, ով է/Գրադարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գրադարան

Դուք հյուր եք եկել ձեր ընկերոջը։ Նա ասում է «Հիմա ես քեզ ցույց կտամ իմ գրադարանը», և մոտենում գրքերով լի պահարանին կամ դարակին։

«Այսօր պետք է գրադարան գնամ»,– ասում եք դուք և գնում մտնում եք մի շենք, որի դռանը փակցված է «Մանկական գրադարան» ցուցանակը։

Եթե երբևէ առիթ ունենաք լինելու Մոսկվայում, դուք կտեսնեք միքանի շենքեր, որ մի ամբողջ թաղամաս են զբաղեցնում։ Մուտքին գրված է «Վ. Ի. Լենինի անվան Լենինի շքանշանակիր ՍՍՀՄ պետական գրադարան»։ Այդ գրադարանի ներսը շրջելու համար շատ ժամանակ է հարկավոր։ Դուք պետք է բարձրանաք վերելակներով, իջնեք աստիճաններով, անցնեք միջանցքներով: Այնտեղ դուք կտեսնեք գրքերով լեցուն գրադարակների անվերջ շարքեր և սայլակների մի շարան, որով գրքերն ընթերցասրահ են բերում, և շատ ու շատ այլ բաներ։

Սովետական Միությունում տպագրված ամեն մի գիրք, թերթ ու հանդես անպայման հանգրվանում է այդ գրադարանում։ Այս գիրքը ևս, որ հիմա դուք կարդում եք, իր տեղը կգտնի Լենինի գրադարանի գրադարակին։ Այստեղ գրքեր, թերթեր, հանդեսներ են ստացվում նաև այլ երկրներից։ Գրադարանում նրանց թիվը միլիոնների է հասնում։ Ահա թե ինչպիսին է այդ աշխարհի ամենախոշոր գրադարաններից մեկը, որն ստեղծվել է ավելի քան հարյուր տարի առաջ։ ժամանակին այնտեղ պարապել է Վլադիմիր Իլյիչը։

Պատահական չէ, որ թե գրքերի մի ամբողջ քաղաք կազմող այս հսկայական գրադարանը, թե մանկական գրադարանը, ուր դուք հաճախում եք, և թե ձեր տան գրադարանը անվանեցինք միևնույն բառով «գրադարան»։

Գրադարանը այն գրքերի հավաքածուն է, որ մեկ մարդ կամ շատ մարդիկ սիրով հավաքել են և խնամքով պահպանում են։

Գրադարանները գոյություն ունեն հազարամյակներ ի վեր։ Սովետական Միության տարածքում առաջին գրադարաններն ստեղծվել են շատ դարեր առաջ։

Հայաստանում, օրինակ, գրադարաններ են եղել մեզանից դեռևս 1500 տարի առաջ։ Սկզբում դրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, ջամբռ, երբեմն էլ նշխարանոց, նշխարախուց և այլն։ Դրանք եղել են վանքերին կից կամ ունեցել են առանձին շինություն, ինչպես Հաղպատում, Արգինայում եղել են նաև վանքերին մոտակա քարայրային գրապահոցներ։ Միջնադարում իրենց գրադարաններով հռչակված էին Սանահինի, Հաղպատի, Տաթևի, Գետիկի վանքերը։ Հայտնի էին նաև Անիի արքայական գրադարանը, Գլաձորի, Գեղարդի, Երզնկայի, Կիլիկիայում գտնվող Սկևռա քաղաքի ու Դրազարկի վանքի և շատ ու շատ այլ գրադարաններ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմքը կազմում է Էջմիածնի ձեռագրատունը, որը հիմնադրվել էր 5-րդ դարում։

Այժմ ճայկական ՍՍՀ-ում կան երեք հազարից ավելի գրադարաններ Ամենախոշորներն են Ալ Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանը, որ հայ գրքի ամենախոշոր պահոցն է աշխարհում։ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Երևանի քաղաքային գրադարանները Դպրոցական ու մանկական գրադարանների թիվը հազարից ավելի է։ Մանկականներից ամենախոշորը Խնկո Ապոր անվան գրադարանն է: Այս բոլոր գրադարաններն էլ գտնվում են Երևանում: Հարյուրավոր հայկական գրադարաններ կան նաև սփյուռքում, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների մատենադարանները և այլն: Գրադարաններում այնքան շատ գրքեր կան, որ նրանց մեջ դժվար է պետք եղածը գտնելը: Ահա այդ ժամանակ օգնության են հասնում ուղեցույցները` գրացուցակները, որ կան ամեն մի գրադարանում։ Երկար արկղիկներում շարված են քարտեր։ Ամեն մի քարտի վրա գրված է գրքի անունը, հեղինակի ազգանունը, իսկ անկյունում մի նշան կա, որ կազմված է տառերից ու թվանշաններից և կոչվում է գրանիշ։ Գրանիշը գրադարակում պահվող գրքի կրճատ հասցեն է: Գրադարանավարը գրանիշին նայելով անմիջապես իմանում է, թե որ գրադարակում պետք է փնտրի գիրքը: Եթե դուք դեռ գրադարանի անդամ չեք, անպայման անդամագրվեցեք: Դրանից հետո դուք կսովորեք օգտվել գրացուցակից: Եթե դուք դեռ գրքեր չեք հավաքում, սկսեք հավաքել: Որոշ ժամանակ անց դուք կունենաք ձեր սեփական գրադարանը: Գրքերն այնտեղ պահեցեք կարգ ու կանոնով և խնամքով, եթե մեկնումեկից գիրք եք վերցրել, մի մոռացեք վերադարձնել և ինքներդ էլ հիշեցեք, թե ում եք գիրք տվել կարդալու: Բայց անպայման ձեր գրքերն ընթերցելու տվեք նաև ընկերներին: