Jump to content

Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՍԿ ԷՄԵՐՍՈՆԸ ՁՈՒ ԷՐ ԽԱՇՈՒՄ ՀՐԱԲՈՒԽՆԵՐԻ ՎՐԱ


Մութի ճյուղերին ծանրանում է լույսը, եւ ծաղկած
խնձորենիները
քեզ առաջնորդում են դեպի արեւելքն անիմանալի։

Կռունկն ինքն է ընտրում չվելու գիշերն ու երկինքը։

Դու սպիտակ ձյուն ես, սեւ աղջիկ, Երուսաղեմի դաշտերից բերված
երկնային մանանան կրկնակի անուշ է մերկ մարմնիդ վրա, եւ
աստվածները քեզ ունկնդրում են
անգամ այն ժամանակ, երբ դու լուռ ես լինում կամ գրեթե անխոս։

(Տե՛ր, ինձ փրկիր սիրուց)։

Քո ափից ջուր է խմում չգիտեմ ով, ես միայն կորդացած հող եմ, որ
ծաղիկների գուրգուրանքներն է կիսում՝ գրկելով ոտքերդ,
ընդունում մատներիդ արանքով շիթ առ շիթ ծպտված կաթիլները։

Վիրավոր խոտեր,
արյունահամ քամի։

Ոչ ոք չէր բացում դուռը։ Եվ ես ջարդեցի այն։ Եվ երբ
ներս մտա, բոլորը հարգանքով ոտքի ելան՝ բարի գալուստ։ Ի դեպ,
Ապոլիները կանգնել անկյունում եւ ուշի-ուշով հետեւում էր ինձ։

Աստղոտ իրիկուն - մեղսոտ ու գեղեցիկ՝ որպես կնոջ
ձեռք, որը ձգվել է դեպի անմեղավոր
խնձորը։

Ես ինձ մատուցում եմ լույսին, ես շնչում եմ քեզ։
Եվ սիրո հրեշտակն այդ պահին իջնելով երկնքից, ներս է մտնում
վանք, թեւը համբուրում է խաչը խորանի, որը փայլում է
սուրբ ու անօրինակ անուշհոտությամբ։ Իսկ
եկեղեցու ներսում մոմի բոցերը ոստոստում են պատերին,
մի երեխա սպիտակ աղավնիներ է թռցնում երկինք։

Հեռավոր, անհայտ, անորոշ ու դիք ճանապարհներին ծաղիկը
խտուտ է բերում եւ
առյուծի մեջ արթնանում են գարնան բնազդներ։ Ես
հարբել եմ սպիտակ մութով։ Ես սպիտակ
մութով եմ հարբել։ Ես հարբել եմ
մութով սպիտակ։ Հիշո՞ւմ ես, երբ
ուզում էի համբուրել քեզ, երկնքով անցնում էին
անթիվ կռունկներ։ Նույնիսկ մոռացել էինք, թե
առաջին անգամ երբ ենք ծնվել։ Իսկ Ռալֆ
Էմերսոնն իր համար հանգիստ եւ անվրդով
ձու էր խաշում տաք ածուխների վրա հրաբուխների։
(Հիշում եմ երանական օրն այն, երբ դեռ չկայի ես)։

Դռներն իմ առաջ հանկարծ չբացես, թե չէ՝ ետ կգնամ։ Ես
դառն անապատների ավազահողմ ու փոթորիկներ եմ կտրել,
դժվար աղջիկ Երուսաղեմի,
եվ սիրում եմ ներս մտնել միայն փակ դռներով։