Jump to content

Իսկ ինձ թվում էր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՍԿ ԻՆՁ ԹՎՈՒՄ ԷՐ


Օրերս փռել ճամփեքիդ վրա,
Ճամփեքիդ վրա խոհերս փռել,
Կանգնել եմ ահա
Սպասումներիս մեջ...
                 Մինչեւ ե՞րբ այսպես:
Տանեմ, դե՞ն նետեմ իմ զույգ թեւերը,
Երբ չես ալիքվում նրանց տակ այսօր
                 Կապույտների պես:
Ինձ մոռացե՞լ ես,
Այո՞,
Ցավո՜ւմ եմ:
Ապրում ես իմ մեջ եւ քեզ չգիտեմ,
Երբեք չեմ տեսել քեզ այնպես՝ ոնց կաս...
Իսկ ինձ, թվում էր, ճանաչո՜ւմ եմ ինձ: