Իտեալս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Իտեալս

Ռուբեն Որբերյան

Չէի ուզեր վարպետ մ'ըլլալ արձանի,
Որուն կյանքը շղթայված է մարմարին,
Ոչ նկարիչ մը պաշտումի արժանի,
Գույներն անոր՝ ծաղկի պես շուտ կը խամրին:

Ոչ դերասան որուն առջև հիացիկ՝
Ամբոխները կը սարսռան մի վայրկյան,
Կամ հռետոր, որոտագին, շանթաձիգ,
Կամ ունենալ մի մելանուշ երգչի ձայն:

Ես բանաստեղծ ծնա, մնամ թող այնպես,
Սիրտդ պսակն եղավ տրտում քնարիս,
Ներշնչեցիր դուն սլացքս բոցակեզ,
Կյանքիս հոգին, գորովագին դիցուհիս:

Ժամանակը կը խամրե վարդ հիշատակ,
Այլ սրտե սիրտ եթե երգերն իմ սլանան,
Պիտի հանգչիմ իմ մոռցված շիրմին տակ,
Անոնց մեջ դուն պիտի ապրիս հավիտյան...