Jump to content

Իրեք աղպրտինք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


33. ԻՐԵՔ ԱՂՊՐՏԻՆՔ

Կըլնի, չիլնի մի թագավոր: Էս թագավորի երկրումը մի գիժ կնիկ կար՝ ուներ իրեք տղա. նրանցից մինը ոըշպաը էր, մինը՝ կատեպան, մեկելը՝ ջուլհակ։ Մի տարի էս թագավորի երկիրը սով ընկավ. սո՛վ, էն թավուր սո՛վ, որ իմ միս կտրողին ռաստ չգա. մի կտոր հացի հմար հազար գլուխ ին ջարդում, ըն էլ ձեռ չէր ընկնում։ Մի օր, չեմ գիտա ոնց էլավ, թագավորի ուղտը կորավ։ Էս գիժ կնկա տղեքը տեհան թե չէ՝ բռնեցին, տարան տուն։ Գիտային, որ իրանց մերը գիժ ա, կէթա թագավորին խաբար կտա՝ բերին նրան հարսի շորեր հագցրին, լաչակ քցեցին էրեսին, տարան տան պուճախումը կաննացրին։

— Նա՛նի,— ասեցին,— քեզ պտի թազադան պսակենք, էս ուղտն էլ քու հարսանքի ուղտն ա, մորթում ենք, որ հարսանքավորի հմար կերակուր էփենք։

Իրեք աղպրտինքը ուղտը մորթեցին, քերթեցին. միսը ղավուրմա արին, լցրին աքաշները, տարան թաքուն տեղ պահեցին, որ չգտնեն՝ բալի ման ին գալի, թե չէ նրանք տնով, տեղով Սիբիրական ին։ Եննա ամեն մարդ գնաց իրա բանին։

Թագավորը իրա նոքարներին ղրկեց, որ էթան կորած ուղտին ման գան։ Նոքարները շատ դե՛ս ընկան, դե՛ն ընկան՝ չգտան։ Վերջը էկան, որ էս գիժ կնկա տղեքանցը հարցնեն։ Աղաք ռըշպար աղպոր կուշտը գնացին, որ հանդումը վար ու ցանք էր անում։

Թագավորի նոքարները հարցրին.– Ա՛ղպեր, ըստերանք ուղտ հո չե՞ս տեհե:

— Չե՞ք տենում, որ վար եմ անամ։— Սա իրան ընենց էր շանց տալի, սաքի թե գիժ ա։

– Մենք քեզ հարցնում ենք՝ ուղտ չես տեհե, դու ասում ես՝ վար եմ անամ։ Էդ հո մենք էլ ենք տենում. թե բան գիտաս՝ ասա՛։

— Չէ՛, ընենց օր ա ըլնում, որ մի՛ օրավար ենք վարում, ընենց օր ա ըլնում՝ է՛րկու օրավար:

— Ո՛ւղտ ենք ասում, ո՛ւղտ՝ չորս ոննանի, էրկու անկաջանի, շլինքը ծուռը։

— Էս հլա վարում ենք. վարից եդը պտի ցանենք, բեջարենք, վախտին ջրենք, որ մասիլը չչորանա:

Թագավորի նոքարները իրար մեջ ասեցին. «Ա՛ղպեր, սա գիժ ա, սրանից բան չենք հասկանա. էթանք է՛ն մեկել աղպոր կուշտը, բալի մի դրուստ ջուղաբ տա»։

Գնացին կատեպան աղպոր կուշտը, տեհան պոպոք ա թափ տալի, հարցրին.— Ա՛ղպեր, թագավորի ուղտը կորել ա, բալքի տեհա՞ծ ըլնես։

— Քո՞ռ եք, ինչ ա. չե՞ք տենում, որ պոպոք եմ թափ տալի:— Սա էլ իրան ընենց շանց տվեց, սաքի թե գիժ ա։

— Թագավորի ո՛ւղտն ենք ասում, թագավորի ո՛ւղտը. տեհել ես, ասա՝ տեհել եմ, թե չէ՝ պրծավ գնաց:

— Ընենց տարի ա ըլնում, որ պոպոքի հազարը[1] մի մանեթով ենք ծախում. ընենց տարի էլ ա ըլնում, որ հազարը[2] էրկու մանեթով ա էթում. տա՛րին գիտա։

— Ո՛ւղտ ենք ասում, ո՛ւղտ․ քա՞ռ ես, ինչ ա։

— Էս հլա դեռ պուճուր ծառն ա. մենծ ծառը հիքու գլխին ա. էն եննա պտի թափ տանք։

Նոքարները իրանց-իրանց միտք արին, թե սա նրանից դհա գիժ ա. էթան սրանց տունը, մեկել աղպորը հարցնեն. բալքի նա թագավորի ուղտիցը խաբարություն ունենա։

Գնացին ջուլհակ աղպոր կուշտը, հարցրին.— Թագավորի ուղտը կորել ա, ա՛ղպեր, հո չե՞ս տեհե, քեզ մուշտուլուղ կտանք։

— Աչքներդ լա՛վ բաց արեք, լա՜վ. չե՞ք տենում ինչ ա, որ կտավ եմ գործում։— Սա էլ մեկել աղպորտանը պես՝ իրան գիժ շանց տվեց:

— Քեզ ո՛ւղտ ենք հարցնում, դու ասում ես՝ ֆլան չի, բեհման ա։

— Հա՛, ընենց օր ա ըլնում՝ մի թոփ եմ գործում. ընենց օր ա ըլնում՝ կես թոփ էլ ա չեմ կարում գործի, վա՛խտը գիտա։

— Գիժ հո չե՞ս, ա՛յ աղպեր. մենք քեզ թագավորի ուղտն ենք հարցնում՝ դու կտավիդ վրա ես խոսում։

— Էժան վախտը կտավի թոփը վեց աբասի ա, թանկ վախտը ութ աբասի, յա էրկու մանեթ:

Թագավորի նոքարները ասեցին.— Ա՛ղպեր, սա էն էրկու աղպորից էլ գիժ ա էրևում. էթա՛նք սրանց մորը հարցնենք, բալքի նա՛ մեզ գրուստ ջուղաբ տա։

Գնացին սրանց գիժ մորը հարցրին, թե թագավորի ուղտը հո չի՞ տեհե։— Ո՛նց չէ,— ասեց,— տեհել եմ, իմ տղեքը բերին մորթեցին, ղավուրմա արին՝ հրենիկ աքաշներում պահել են։

— Էդ ե՞բ։

— Եբ որ ես թազա հարս ի, ինձ նոր պտի պսակեին։

Թագավորի նոքարները տեհան, որ էս կնիկը նրանցից գիժ ա՝ թողին գնացին թագավորին իմաց տվին, թե մեռան ման գալոն ուղտը չկարացին գտնի։

  1. Տպագիր տեքստում՝ հարիր, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ):
  2. Տպագիր տեքստում՝ հարիր, ուղղումը բանահավաքինն է (Ծ.Կ ):