Jump to content

Իրիկուն էր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իրիկուն էր

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ...

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…