Jump to content

Լաբիրինթոսներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐ


Ծառի ճյուղերը ծանր ու թեթեւ են անում
կապույտն անկշռելի։ Եվ երկինքը ծանրանում է՝
երբ հավք չկա օդի մեջ։

Ապագան մի ծալն է
միայն անցյալի՝
դեռ չիրականացած։

Ու թեպետ նույն առվակն է՝ նույն ձորում,
բայց, երդվում եմ, ջուրն այսպես չէր հոսում
այն հեռավոր, հեռավոր օրերին։

Վերմակատակի մաշված խոսքերից բռնկվում են գիշերվա
փեշերը, եւ մգլահոտը զզվեցնում է արդեն։

Բոլոր ծաղիկները
վերադիրներ են։ Եվ հետադիմությունը ոչ մի տեղ
ցայտուն չէ այնքան, որքան առաջընթացում։ Իսկ
տերեւներից ոչ մեկը, քանի դեռ կանաչ էր, գլուխ չէր դնում
քամու հետ։ Հիմա՝ մեկ է։

Աշնան հասցեով երկտող գրելու միտք չունի ոչևոք,
չնայած նա, դեղնաթղթերի վրա խաշամի, իր հասցեն է նետում
ամեն բակ, թողնում ամեն դռան ճեղքում։ Մանավանդ՝
շուտով ձյուն կնստի ճամփեքին,
եւ փոստը տեղ կհասնի միայն գարնանը, եթե վերջինս,
իհարկե, գա։

Արիադնայի կծիկը նետում եմ,
գլուխ առնում ու գնում եմ՝
առանց որեւէ ուղղության։