Jump to content

Լավ վերաբերմունք դեպի ձիերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լավ վերաբերմունք դեպի ձիերը
թարգմանությունը Եղիշե Չարենցի։

ԼԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԴԵՊԻ ՁԻԵՐԸ


Դոփելով, սմբակները
երգում էին կարծես․
― Գրիբ։
― Գրաբ։
― Գրոբ։
― Գրուբ։
Քամուց լիզված,
սառցոտ,
սահում էր փողոցը։
Ձին
հանկարծ
սայթաքեց․
հավաքվեցին նրանք,
և ընկավ հռհռոցը։
Նրանք, որոնք անգործ
իբրև էին տալիս,
հավաքվեցին։
Ծիծաղ։
― Ձի՛ն ընկավ։
― Ձի՛ն։
Ծիծաղում էր փողոցը,
Միայն ես
չխառնեցի իմ ձայնը այդ ոռնոցին անձուկ։
Մոտեցա ու տեսնում եմ․․․
ձիու աչքերը․․․
Փողոցը շրջվել է,
հոսում է նրանցում․․․
Մոտեցա ու տեսնում եմ․
կաթիլ առ կաթիլ
արցունքը,
հոսելով մռութից,
թաքնըվում է բրդում։
Եվ ինչ-որ ընդհանուր
անասնական թախիծ
իմ մեջ ծփաց հանկարծ
և հորդեց դուրս․
«Ձի՛,
հարկավոր չի՛․
մտի՛կ տվեք ինձ․
ինչո՞ւ եք դուք կարծում, որ վատ եք նրանցի՛ց էլ։
Մանկի՛կս,
բոլո՛րս էլ
ձիեր ենք մի քիչ․
մեզանից ամե՛ն մեկը իր տեսակի մի ձի է»։
Կարելի է
ծեր ձին
կարիք է՛լ չուներ դայակի․
կարելի է՝ խոսքե՛րս իսկ
տափակ թվացին նրան,
ձին
սակայն
կանգնեց հանկարծ ոտքի,
խրխնջաց
ու գնաց։
Խաղացնում էր պոչը։
Մանկան պես ուրախ էր։
Ուրախ մսուրն հասավ,
պոչը շարժեց։
Եվ թվում էր նրան
թե ինքը քուռակ է․
արժե ապրել կյանքում
և աշխատել արժե։