Jump to content

Լենինն ու Ալին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լենինն ու Ալին

I

Աշխարհի կենտրոնը— Մոսկովն է։
Մոսկովը Մեկկայից էլ հի՛ն է։
Մոսկովից մեծ քաղաք— չի՛ք։
— Քանի որ Մոսկովի միջին
Ապրում է ինքը— Լենինը։

Տրապիզոնը Մոսկովից հեռու է։
Տրապիզոնից Մոսկով—
Չես հասնի ոտքով դու իսկի։
Թե ունես ոսկի՝
Կնստես նախ նավ դու
Ու նավով կերթաս նախ Բաթում.
Հետո գնացք նստած
Կհասնես Թիֆլիս,
Հետո Բաքու,
Ռաստով.
Հետո կերթա՜ս-կերթա՜ս
Ու նոր
Կհասնես Մոսկով։

Ա՛յ, Մոսկովում հենց այդ
Ապրում է արխադաշ[1] Լենինը։
Նա, որ մեծ է, ինչպես ամենամեծ խալիֆ[2]։
Բայց այնպիսի՛ խալիֆ,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի[3] հալից։
Այդ է պատճառը հենց,
Որ սիրում է նրան տրապիզոնցի Ալին։

Թիավար է Ալին մի նավակի վրա։
Ստանում է ամիսը—
Երեք ու կես լիրա։
Աշխատում է սակայն առավոտից-գիշեր:
Ու սիրում է նրան
Տերը, ինչպես գրաստ[4]
Քշել,
Քշել,
Քշել։

Սիրում է Ալին Լենինին։
Նրա մասին նրան
Պատմել է նավաստի մի ռուս։
Ցույց է տվել նրան
Պատկերքը Լենինի.
Ասել է.
«— Լենին— կառոշ։
Ալի՛ն ասել է.
— Չո՞կ[5]։
Ուռուսն ասել է.
— Յա՞.
Լենին վար—
Բուրժույ յոկ»։
Բուրժույ— այսինքն զանգին,
Այսինքն էֆենդի, աղա.
Այն, որ նստում են հանգիստ,
Ուտում են ուրիշի քրտինք
Ու սիրում են
Միշտ
Ծովափին
Նստել նարդի խաղալ։

Հասկացել էր Ալին.
«Լենին— բեյուկ[6] խալիֆ»։
«Բեյուկ խալիֆ» սակայն,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից։
Ու սիրում էր նրան,
Այդ Լենինին հեռու
Իր չարքաշի սիրով տրապիզոնցի Ալին։

II

Այդ օրը սուգ էր Մոսկովում
Ու սուգը— վա՛ռ էր։
Որբացել էր ասես պրոլետարը։
Ով որ մոտ էր նրան—
Արդեն գիտեր.
— Էլ չկա Կարմիր Ղեկավարը...

Փակել էր աչքերը Ղեկավարը,
Որ կյանքում չբանա էլ բնավ։
Քնել էր Ղեկավարը
Անզարթնելի քնով։

Այդ օրը արդեն Կոմկուսը
Հավաքում էր մկան առ մկան
Իր ուժերը, որ պատնեշ հյուսե
Անողոք կորուստի դիմաց։
Այդ օրը ամեն պրոլետար
Մոսկովում, Բաքվում, Թիֆլիսում
Շինել էր իր կամքը— բետոն
Ու հոգին— չուգուն.
Պողպատել էր իրեն, որ էգուց,
Կորուստի տեղ այդ թանկագին՝
Կուռ՝
Դնե բյուրմկան մի բռունցք
Ոսոխի բկին։

Մորմոքող իր սրտով այդ օրը
Մեր երկրում ամեն պրոլետար
Այնպե՛ս էր զգում, կարծես նո՛ր է,
Կարծես նո՛ր է եկել կռվի օրը
Եվ ինքը գոռ գրոհ պիտի տա.
Ամփոփե պիտի իր ուժերը,
Հավաքե մկանն իր վերջին,
Որ մնա՛ բանվորի դիկտատուրը[7]
Եվ հաղթե—
Առանց Իլյիչի...

III

Ու թռավ ռադիոն այդ օրը,
Ինչպես թուր աշխարհը կիսող`
Մահառիթ ռադիոն այդ օրը
Մոսկովից հասավ Տրապիզոն։
Այդ օրը այնքա՜ն էր աշխատել,
Որ հալից ընկել էր Ալին։
Մարմինը քրտինք էր պատել,
Բայց պիտի աշխատեր էլի։
Նվում էր ամեն մի մկանը,
Նվալով քաշում էր դեպի տուն.
Բավակա՜ն է, ասում էր,— բավակա՜ն է
Հոգնությունը քո...

Երեկո էր։
Մութ ծովափով
Գնում էր Ալին դեպի տուն։
Ու տեսավ հանկարծ ծովափին
Իր ծանոթ նավաստուն ռուս։
Մոտեցավ,
Որ ասի սալամ[8],
Սեղմի ձեռքը՝ ծանոթ ինչպես հին,
Ու կամաց փսփսա նրան.
«— Կարաշո՛ Լենին»։

Մոտեցավ։
Տխուր էր նավաստին։
Անծանոթ էր դեմքը։ Անօգ։
Ու չասավ մշտական «դրաստի»–ն
Այլ—
Կամաց.
«— Ալի՛, Լենին յոկ»։
Էլ ոչինչ։
Հեռացավ։
Ու թվաց թե
Լեռնացած՝ զարկեց մի ալիք։
Հասկացա՛վ խոսքերի մութ իմաստը
Նավաստի Ալին...

IV

Գիշեր է։
Քնել է Տրապիզոնը։
Չի հաչում անգամ մի շուն։
Ոստիկանը միայն, ինչպես շունը՝
Արթուն է.
Հսկում է փողոցում։
Սրթսրթում են սև սոսիները,
Փսփսում են ասես խավարին,
Որ թեկուզ Տրապիզոնը քնել է,
Բայց ահա— արթուն է Ալին։

Գողեգող գնում է Ալին
Պատերի տակով դեպի մութը։
Գողեգող գնում է Ալին—
Դեպի ո՞ւր.
— Լոկ ինքը գիտե՛։

Մոտենում է ահա կամացուկ
Մի շենքի։
Կորած խավարում՝
Ցուցանակ կա այնտեղ մի ծուռ...
Նկարած է վրան—
Նա գիտե—
Հասարակ—
Մանգաղ ու մուրճ։

Շրջում է այդտեղ գողեգող
Ոստիկանը՝ խեթ ու տռուզ։
Կոչվում է շենքը քաղաքում—
«Կունսուլատ[9] ռուս»։
Մոտենում է Ալին ինչպես գող։
Անցնում է մոտից ոստիկանը։
Սահում է Ալին կողքով—
Մոտենում է դռանը։
Սեղմում է զանգը։
Զանգից սակայն զիլ,
Խոր լռությա՛ն մեջ
Զարկում է
Մի սիրտ։

Բացվում է դուռը։
Մտնում է ներս։
Լոկ պահապանն է,
Որ արթուն է դեռ։
Նա ճանաչում է
Կարդաշ[10]–Ալուն.
Հաճախ գնացել են մեկտեղ լողալու:

Բայց արդեն գիշեր է.
Ուշ է արդեն.
Ի՞նչ է հարկավոր Ալուն արդյոք։—
— Կոնսո՞ւլ...
— Խա՜-խա՜...
— Գիշեր է։
— Ուշ։
Բայց բախտից Ալու—
Հյուպատոսն հանկարծ ելնում է դուրս
— «Լենին յո՞կ»— հարցնում է Ալին։
Լռություն։
Ինչպես մուրճ՝ տաշող։
Եվ— կրծքին խփելով Ալին՝
Մրմնջում է՝
— «Նեթ կարաշո»։

Եվ ապա, նայելով գետին,
Մի բանից ասես վախելով՝
Ասում է՝ դառնությամբ լի.
«— Ալի պլոխ։ Ալի— աղլիոր1»։

Խոնարհում է գլուխը ներքև,
Անխոս վիշտ է հայտնում ու պատիվ—
Եվ—
Հեռանում է՝ քսվելով պատին...

V

Ուրիշ ի՞նչ։
Ոչինչ։
Խնդալու
Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք։—

— Ողջո՜ւյն արխադաշ Ալուն։
— Հաղթանա՜կ գործին Իլյիչի:

1924


  1. արխադաշ — ընկեր:
  2. խալիֆ — արաբների ամիրապետի տիտղոսը. մուսուլմանների գերագույն գլխավորը, որ համատեղում էր աշխարհիկ և հոգևոր իշխանությունը, ինչպես և դրա տիտղոսը. բոլոր մուսուլմանների հոգևոր առաջնորդի տիտղոսը:
  3. ֆուխարա — գվռ. աղքատ, խեղճ:
  4. գրաստ — բեռնակիր կամ հեծնելի ընտանի կենդանի (ձի, ջորի ևն). փխբ. չարքաշ աշխատանք կատարող մարդ:
  5. չոկ — շատ:
  6. բեյուկ — մեծ:
  7. դիկտատուրա — ոչ մի բանով չսահմանափակվող իշխանություն, որ հենվում է տիրող դասակարգի ուժի վրա:
  8. սալամ — բարև:
  9. կոնսուլատ — հյուպատոսարան:
  10. կարդաշ — եղբայր: