Լենին քեռին
I
Հայրը զենքով եկավ գործարանից այդ օրը։
Դեմքը խիստ էր, անգամ մի քիչ մռայլ։
Երբ մոտեցավ, ուզեց գրկի հորը՝
Կամաց մի կողմ հրեց հայրը նրան։
Անխոս, նստեց թեյի։ Միտքը դուրսն էր. հեռուն էր
Աչքը երկա՜ր-երկա՜ր հառել էր մի բանի։
Դեմքին դեռ մնացել էր գործարանի մուրը։
Այդ երեկո խոժոռ էր հայրն Իվանի։
«Գնում ենք, մորն ասաց, մենք լեհերի վրա.
Հանել է լեհերին մեր դեմ էլի Անտանտը։
Բայց հույս ունենք, կնի՛կ, որ կջարդենք նրանց,
Կշպրտենք— անթիվ տանկերո՛վ էլ գան թե՛։
Դենիկինն էր երեկ, հետո Կոլչակն էկավ.
Ու լեհերն են հիմի... Ոչի՛նչ, կնի՛կ։—
Կարմիր Բանակը մեր բանվորական
Սովորել է քշել նրանց բնից...»։
Այսպես երկար խոսեց հայրը մինչև գիշեր,
Խոսեց կռվի մասին՝ բուրժույի դե՛մ։
Անցած հազար-հազար դեպքեր հիշեց,
Հիշեց հուլիս ինչ-որ ու հոկտեմբեր։
Եվ նա տեսավ, տեսավ, թե ինչպես հոր
Աչքերը հուր դարձան հետզհետե.
Լուսարձակներ երկու դարձան ոնց որ,
Ոնց որ ռումբեր, որ նա պիտի էգուց նետե։
Ու վառելով այդպես իր բորբոքուն հայացքը՝
Հայրը թռավ հանկարծ, ելավ ոտքի։
Եվ Իվանին թվա՛ց թե
Այրող գնդակ անցավ իր հոր մտքից։
Ոտքի թռավ այդպես ու սրբելով քրտինքը՝
Հայրը ասավ.— «Արդյոք հասկանո՞ւմ ես, կնի՛կ—
Մեր զորքերին էգուց խոսելու է ի՛նքը.
Ինքը Լենինը մեզ պիտի ճամփա դնի...»։
Հայրը այսպես ասաց ու գնաց քնեց,
Որ առավոտ ծեգին գնա բանին։—
Բայց խոսքերը նրա վերջին էն
Վառվեցին սրտում Իվանի...
II
Հարկ չկա երկար պատմելու
Այդ բանվոր խոխի[1]՝ այդ Իվանի մասին։
Կապույտ աչքեր ուներ, գանգուր գլուխ.
Դե ռուս տղա էր մի՝ ութ տարեկան հազիվ։
Իր բանվոր հոր հետ միասին
Գործարան էր գնում նա երբեմն։
Կամ հավաքած իր քաջ ընկերներին դրսի՝
Նա խաղում էր «Կռիվ բուրժույի դե՛մ»։
Ձիավոր էր լինում միշտ ինքը։
Նստած ձեռնափայտին պապի՝
Քշում էր փայտե ձին, մինչև ջերմին քրտինքը
Ողողելով մարմինը՝ վերջ տար թափին։
Մտածում էր Իվանը.— երբ մեծանա
Պիտի շոֆեր դառնա, կամ օդաչու.
Պիտի մտնի հետո— Կարմիր Բանակ...
— Դեռ սպասի՛ր, բուրժո՛ւյ.
— Դեռ կգա՛ Վանյկա-օդաչուն,—
— Դեռ մեծանա՛...
Սակայն հայրը էգուց պիտի գնա...
Պիտի ճամփա դնի նրանց — ընկեր Լենինը...
Պիտի խոսքեր ասի նրանց էգուց։
Իսկ ի՞նքը...
Պիտի այսպես տնում էլի նստած մնա՞—
Արդեն հասակն առած պատանի է թեկուզ...
Եվ նա գիտե՛ արդեն Լենին քեռուն,
Հրեն նայում է նա այնտեղ պատից՝
Խորամանկ մի ժպիտ աչքերում,
Ահագին մի միտք ճակատին։
Այդ նա՛ է, Լենի՛նը։ Այսինքն նա,
Որ ղեկավարն է բանվոր դասի.
Նրա նկա՛րն է միշտ պլակատների վրա,
Միշտ նա՛ է, ամենուր՝ Մարքսի հետ միասին...
Հայրը հաճա՜խ նրան ցույց է տվել երկու
Այդ մեծերի պատկերքը։
Անգամ այնտեղ— նրա այբուբենի գրքում՝
Նրանց նկարը կա։
Սովորել է հորից և գիտե՛ նրանց երգը՝
«— Ե-լի՜ի՜ի՜ր— բո-ղո-քի՜ի՜ի՜ր—
բան-վո՜ո՜ո՜ր դա-սա-կա՜ա՜ա՜րգ...»։
Պատմել է հայրը նրան,
Որ Լենին քեռին
Խելացի է, մեծ ու քաջ։
Այնքա՛ն, այնքա՜ն, այնքա՜ն,
Որ աշխարքում ուրիշը— այդպիսին չկա։
Պատվիրել է, որ ինքն էլ երբ մեծանա՝
Երթա նրա— այդ մեծ Լենին-քեռու ճամփով,
Որի վրա թեկուզ հազար փուշ կա ցանած,
Բայց գնում են որով գյուղացի ու բանվոր...
Բա՞ս.
Այսպիսրն է ԼԵնին-քեռին։
Եվ վաղը նա ի՛նքը պիտի խոսի։
Պիտի անցնի իր հայրը՝ զենքը ձեռին—
Եվ Լենինին լսի...
Այդ հո նման է— զարմանք բանի՞...
Եվ որոշում է Իվանը.
Ինչ էլ լինի՝
Վաղն առավոտ կանուխ պիտի փողոց գնա
Եվ տեսնի— ընկեր Լենինին։
III
Արդեն գնացել էր հայրը, երբ արթնացավ։
Շտապ հագավ շորերը և թռավ փողոց։
Վռազ, վռազ, վռազ անցավ իրենց փողոցը
Եվ ընկավ Կարմիր Հրապարակը՝ բանվորներով ողող:
Ծփում էր Կարմիր Հրապարակը,
Ինչպես մարդկային մի անտառ։
Հավաքվել էր կարծես
Աշխարքը բովանդակ։
Ողջը բանվոր մարդիկ,
Հոր պես հագած։
Դրոշակներ անթիվ,
Անթիվ պլակատ։
Հրմշտելով մարդկանց ու բոթելով՝
Փորձեց առաջ երթալ, հորը կոչել.
Փորձեց ելնել կողքի մի բանվորի վրով՝
Բայց բանվորը— պապի ձեռնափայտը հո չէ՞ր։
Այդպես սեղմած-մնաց։
Փորձեց էլի։
Պատահեց մի մարդ հայհոյող։
Նորից մնաց՝ հոգին մորմոքով լի։
Բայց ի՞նչ տեսներ– իր այն մի թիզ բոյով...
Հանկարծ մի ծով ամբողջ
Ոնց որ գոռա —
Դղրդաց հրապարակը,
Գոռաց ուռռա։
Հետո լռեց ամբողջը.
Բանվոր մի կին
Իր կողքի ընկերոջը
Շշնջաց՝
«Լենի՛նը...»։
Փսփսաց նա էլ կողքինին։
Ու շրթից շուրթ անցավ՝
«Լե՛նին, Լե՛նին...»։
Հասկացավ Իվանը.
— Այնտե՛ղ է նա...
Շփոթված գլխարկը հանեց
Եվ սեղմեց ատամները՝ բարկությունից դեղնած։
Էլ ճար չկար։ Տեսավ՝ տեղ չե՛ն տա իրեն:
Եվ որոշեց՝ անի, ինչ էլ լինի։—
Ոտքը խոթեց հանկարծ գրպանը կողքինի—
Եվ բարձրացավ վրեն...
Թռավ ուսին նստեց
Մի բանվորի.
Բայց բանվորը ներքև շպրտել
Չփորձեց էլ նրան նորից։
Պտույտ եկավ գլուխը, սիրտը ամուր թակեց։
Կարծես աշխարքը ողջ նվիրեցին նրան։
Նայեց... Լենին-քեռին կանգնած էր տախտակե
Ամբիոնի վրա...
Ձեռքը առաջ մեկնած, գլուխը բաց,
Ինչպես տնում կախած այն նկարի խորքից—
Իր մայրիկի ձայնով, մի փոքր բարձր՝
Նա պատգամ էր ասում բանվորական զորքին...
Եվ Իվանին հանկարծ այնպես թվաց,
Թե տեսել է ինքը նրան վաղուց.
Որ այդ Լենին-քեռին պիտի սիրեր իրան,
Եթե տեսներ «բուրժույ», «զորք» խաղալիս։
Ու մտածեց՝ էգուց երթա տեսնի նրան,
Ասի՝ ինձ է՛լ ղրկի, գնամ բանակ.
Ասի՝ ուզում եմ ես կարմիր շոֆեր դառնամ—
Լենին-քեռուն բոլոր իր մտքերը բանա...
Այսպես՝ աչքերը չիռ Լենին-քեռուն հառած՝
Երազում էր Իվանը։
Հանկարծ լռեց Լենինը.
Ու դղրդաց նորից բանվորական ուռան.
Ձեռքը մեկնեց առաջ— ու բղավեց ինքն էլ։
Զորքը ծփաց հետո ու շարժըվեց առաջ։
Ու դրոշի վրա դիմացի նա
Տառ-տառ կարդաց վաղուց իմացած իր բառը.
«Երրորդ Ինտերնացիոնալ»:
Դրոշակներ նորից։ Այդ ինչքա՞ն են...
Եվ կապելով իրար տառերն հազիվ՝
Կարդաց նորից Իվանը՝
«Կորչի՛ բուրժուազիան»։
Երգում էր զորքը «Ինտերնացիոնալը»։
Ինքն էլ գիտեր երգել։ Երգեց։ Նայեց՝ հեռուն,
Զինվորների նման, գլուխը բաց՝
Երգում էր երգը նույն— Լենին-քեռին...
Ու խանդոտ մի բոց աչքերին՝
Նայեց նորից Իվանը... Տեսավ՝ հրե՛ն
Հայրը քայլում է՝ մեծ մի հրացան ձեռին—
Ու նայում է, նայում Լենին-քեռուն...
Ուզեց կանչի նրան,
Բայց այդ պահին հանկարծ
Մի ահռելի ուռա
Կրկին զնգաց։
Գոռում էր զորքը ողջ,
Ինչքան որ ձայն ուներ.
Ախ, ունենա՜ր ինքն է՛լ
Մի բարձր ձայն գոնե...
Թնդում էր օդը
Նրանց ձայնից,
Ինչպես որոտը՝
«Լե՛նին, Լե՛նին»։
Ու ինքը, Լենինը, կանգնած այնտեղ...
Նման էր ողջը— երազի...
Եվ որոշեց Իվանը, որ անպայմա՛ն երթա—
Իրա բոլոր մտքերը Լենին-քեռուն ասի...
Երթա ասի, որ ինքը կուզե շոֆեր դառնալ,
Կամ օդաչու կարմիր՝ թռչել անահ...
Այդ հարազատ, այդ մեծ Լենին-քեռու առաջ
Իրա բոլո՛ր, բոլոր գաղտնիքները բանա...
1924
- ↑ խոխա — երեխա: