Jump to content

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ հանրապետական խորհրդի 2013թ․-ի դեկտեմբերի 21-ի նիստում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ելույթ ՀԱԿ հանրապետական խորհրդի 2013թ․-ի դեկտեմբերի 21-ի նիստում



Սիրելի գործընկերներ,

Անկախ պետականության վերականգնումից հետո, քաղաքական առումով, Հայաստանն այսօր, թերեւս, ապրում է իր ամենաշփոթ կամ անհստակ ժամանակաշրջանը։ Վստահ եմ, որ ձեզ, ինչպես եւ ողջ հասարակությանը, հուզում են բազմաթիվ հարցեր՝ կապված մեր երկրի ներկա վիճակի եւ ապագա հեռանկարների հետ։ Իմ հակիրճ ելույթում ես կփորձեմ պատասխանել այդ հարցերից միայն մեկին, որը տվյալ պարագայում, կարծում եմ, ամենաշատն է հետաքրքրում բոլորին.

Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ եւ հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Եւրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։ Դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբավարարվեմ մատնանշելով ընդամենը երեքը։

1. Պատճառներից առաջինն ու գուցե ամենահիմնականն, իմ կարծիքով, պատմական է։ Հակառուսական տրամադրված որոշ անհատների եւ մարգինալ տարրերի մշտակա առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երեւույթ, երբեւէ գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի։ Անկախ նրանից՝ տվյալ կատեգորիկ պնդումը ոմանց դուր կգա, թե ոչ, մենք գործ ունենք մի անհերքելի իրողության հետ, որի ակունքները պետք է փնտրել բացառապես հայ ժողովրդի ոչ հեռավոր պատմության ծալքերում։ Անհնար է ժխտել, որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել եւ հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում։ Հետեւաբար, անհնար է նաեւ այս իրողությունը ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ վերածված գրեթե կենսագոյության բնույթի ենթագիտակցության, ինչը հատուկ է մանավանդ ցեղասպանության ենթարկված ազգերին։ Այս ամենը չի նշանակում, անշուշտ, որ հայ ժողովուրդը տառապանքներ չի կրել ցարական Ռուսաստանում կամ Խորհրդային միությունում։ Սակայն, ի տարբերություն Օսմանյան Թուրքիայի, այդ տառապանքները չեն սպառնացել նրա ֆիզիկական գոյությանը եւ ամենեւին չեն բխել հայերի նկատմամբ ռուսների տածած խտրական վերաբերմունքից։ Ցարական Ռուսաստանում եւ Խորհրդային Միությունում հայ ժողովուրդը տառապել է այնքան, որքան կայսրության մնացյալ բոլոր ժողովուրդները, ոչ ավելի, եւ ոչ պակաս։ Այս արձանագրումները ոմանք կարող են գնահատել որպես դրական, իսկ ոմանք՝ որպես բացասական երեւույթ։ Ի տարբերություն այդպիսիների, սակայն, ես դրանք դիտում եմ որպես օբյեկտիվ իրականությունից բխող կանխադրույթներ, որոնք անհրաժեշտ են պետականամետ քաղաքական ռազմավարության մշակման եւ իրականացման համար։ Հետեւաբար, ինձ համար հավասարապես մերժելի է թե՛, այսպես կոչված, արեւմտամետների մոտեցումը, որը բացարձակապես չի ձգտում հաշվի նստել նշված գործոնի հետ, եւ թե՛ զորիբալայանական տիպի ռուսամետների գյուլիստանյան փիլիսոփայությունը, որը, անկախ կոնկրետ քաղաքական նկատառումներից կամ ի հեճուկս այդ նկատառումների, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անկարողության (իմպոտենցիայի) խոստովանություն։

2. Հաջորդ պատճառը նույնպես առնչվում է պատմությանը, բայց արդեն ոչ թե իրողությունների, այլ պատմական դասերի առումով։ Դասերից ամենադառն, անշուշտ, 1920 թվականի ողբերգությունն է, երբ Արեւմուտքի վրա անհաշվենկատ խաղադրույք կատարելու եւ, ըստ էության, հակառուսական դիրքորոշում որդեգրելու հետեւանքով, մեր երկրի ժամանակի իշխանությունները ոչ միայն չկարողացան հասնել Արեւմտահայաստանի ազատագրման նպատակին, այլեւ կորցրին առաջին հանրապետության de facto եւ de jure տարածքի ուղիղ կեսը (Ղարսի նահանգը, Սուրմալուի գավառը եւ Նախիջեւանը), անկախությունն էլ վրադիր։ Մյուս դասերը մեր աչքի առաջ են։ Նորանկախ Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, կորցնելով իրականության զգացողությունը, առաջին իսկ օրվանից որդեգրեցին կոշտ հակառուսական դիրքորոշում, ինչի պատճառով ունեցան պետականության կայացման հետ կապված լրջագույն խնդիրներ՝ ուղեկցված զգալի տարածքային կորուստներով։ Ի տարբերություն այդ պետությունների, 1990-ական թվականներին Հայաստանը ոչ միայն խուսափեց նրանց բաժին ընկած ճակատագրից, այլեւ խոհեմություն ունենալով հակասովետական պայքարը չվերածելու հակառուսականի, կարողացավ պահպանել թե՛ իր տարածքային ամբողջականությունը, եւ թե՛ էապես նպաստել Արցախի ազատագրման գործին։

3. Եւ վերջապես, Հայաստանում մայդանի չկայացման երրորդ պատճառը հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արեւմուտքից ու նրա կիրառած երկակի ստանդարտներից։ Երբ 2008 թվականին Հայաստանում մայդանից ավելի հզոր բողոքի ալիք գոյություն ուներ, Արեւմուտքը, բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն չնկատելու տվեց համաժողովրդական այդ ընդվզումը, այլեւ անվերապահորեն թիկունք կանգնելով տասը զոհերի եւ հարյուրավոր քաղբանտարկյալների գնով իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին ու նրա ավազակախմբին, աչք փակեց ինչպես այդ, այնպես էլ նրանց բազմաթիվ այլ հանցագործությունների վրա։ Ավելին, վեց տարի շարունակ չզլացավ նաեւ գովեստներ շռայլել Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան կոչելով հայ ժողովրդին արժանի առաջնորդ ու հրաշալի նախագահ, դրանով ամրապնդելով նրա հանցավոր իշխանությունը եւ ճանապարհ հարթելով բոլոր հաջորդ ընտրությունների կեղծման եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետագա ոտնահարման համար։ Եթե Արեւմուտքը Հայաստանի պարագայում աներ Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների առթիվ կատարած քայլերի թեկուզ մեկ տոկոսը, այն է՝ 2008-ի փետրվարյան շուրջօրյա ցույցերի ժամանակ Հայաստանի իշխանություններին ընդամենը զգուշացներ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա մեր երկրում այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եւ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Եւրոմիությունը չէին կանգնի ներկայիս քաղաքական ֆիասկոյի առջեւ։ Արեւմուտքն, ըստ այդմ, Հայաստանում հնձեց այն, ինչ ցանեց, եւ թող ուրիշ մեղավոր չփնտրի։ Եթե այժմ դժգոհում է Արեւելյան գործընկերության երկրների վրա Ռուսաստանի գործադրած ճնշումներից, դրանում նախեւառաջ թող իրեն մեղադրի, որ այդ գործոնը իսկզբանե հաշվի չէր առել։ Ավելին, հիմքեր կան պնդելու, որ Եւրոմիությունն իր անհաշվենկատ քաղաքականությամբ որոշ առումով նույնիսկ սադրեց առկա հանգուցալուծումը։ Մինչեւ Եւրոասոցացման գաղափարի նախաձեռնումը Ռուսաստանը Ուկրաինայի եւ Հայաստանի առջեւ Մաքսային միությանը միանալու կոնկրետ պահանջ չէր դրել, բայց երբ տեսավ, որ բացեիբաց փորձ է արվում այդ երկրները դուրս բերել իր ազդեցության գոտուց, հանդես եկավ կտրուկ դիրքորոշմամբ։


* * *</cenetr>


Վերոշարադրյալ պնդումների հերքման միակ միջոցը հայկական մայդանի կայացումն է։ Ուստի հարգարժան արեւմտամետները պետք է բարի լինեն, լրատվամիջոցներով դատարկաբանելու փոխարեն, օր առաջ կայացնել այդ մայդանը, թեեւ խիստ կասկածում եմ, որ այդ պարագայում էլ Արեւմուտքը հայկական մայդանին նույն կերպ արձագանքեր, ինչ ուկրաինականին, նկատի ունենալով աշխարհի համար այդ երկու երկրների ներկայացրած անհամեմատելի կարեւորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսի օրակարգը բոլորովին ուրիշ է, այն է՝ պայքարել ոչ թե կատարված փաստի, այլ երկիրը ներկայիս խայտառակ վիճակին հասցրած իշխանության դեմ։ Նկատի ունենալով իմ վերջին երկու հրապարակումների աննախադեպ հասարակական արձագանքը, համոզված եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կարող էինք առնվազն 50-հազարանոց հանրահավաք անցկացնել։ Հարց է ծագում. ինչո՞ւ չանցկացրինք։ Պատասխանում եմ. որովհետեւ եթե մյուս ուժերը չմիանային, եւ դրանով նոր քաղաքական գործընթաց չսկսվեր, ապա այդ հանրահավաքը սոսկ դատարկ կրակոց կլիներ ու ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը։

21 Դեկտեմբեր 2013