Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. ապրիլի 20-ի հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ
Հիմա ընտրապայքարի մեջ ենք, եւ ընտրապայքարը թելադրում է վարքի իր կանոնները: Քանի մոտենում են ընտրությունները, ելույթներն ավել կտրուկ, ավելի խիստ եւ ավելի էմոցիոնալ են դառնում: Դա անհրաժեշտ է եւ անխուսափելի։ Բայց, միեւնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ընտրարշավը լուրջ աշխատանք է եւ հետեւաբար՝ կարիք ունի նաեւ մեկնաբանվելու, բացատրվելու, հանդարտ վերլուծությունների ենթարկվելու:
Հիմա կփորձեմ դա անել:
Դուք հետեւում եք մեր մամուլին եւ գիտեք` այս 4 տարվա ընթացքում ինչպիսի վերաբերմունք է եղել ընդդիմության եւ, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսի նկատմամբ: Երբ շարժումը շատ հզոր էր` 2008-2009-2010-ին, այն միահամուռ հավանության էր արժանանում: Երբ, ժամանակի հետ, բնականաբար, ինչ-որ հոգնածություն, ինչ-որ տեղատվություններ եղան, սկսեցին չարախնդալ, մեղադրել, թե ահա` տեսեք, բան չմնաց, Կոնգրեսը վերանում է: Երբ անձրեւոտ եղանակին ժողովուրդը փոքր-ինչ քիչ էր հավաքվում, անմիջապես նշում էին, թե Կոնգրեսի հանրահավաքներն ավելի սակավամարդ են դառնում: Հիմա թող խոսեն այդ մարդիկ` տեսնելով այս բազմամարդ հրապարակը:
Երկրորդ մեղադրանքն այն էր, թե իբր Կոնգրեսն անհանդուրժողական է, փոխզիջումների չի գնում եւ չի կարողանում միավորել ամբողջ ընդդիմությունը: Ես չեմ տեսել աշխարհում որեւէ երկիր, որտեղ որեւէ ուժ կարողանար միավորել ամբողջ ընդդիմությանը: Այդպիսի բան չկա, եւ եթե ոմանք այդպիսի բան են պնդում, ուրեմն այդ մարդիկ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում եւ միայն մտքեր պղտորելով են զբաղված: Հաշվի չի առնվում նաեւ այն, որ Կոնգրեսում 18 կուսակցություն է ընդգրկված: Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում որեւէ դեպք, ավելին` ես չեմ հիշում աշխարհում որեւէ երկիր, որտեղ ընդդիմությանը հաջողվեր միավորել 18 կուսակցություն: Հայաստանի քաղաքական դաշտը գիտեք։ Ո՞վ է դուրս մնացել այս 18 կուսակցություններից բացի։ Նրանց մի մասը խորհրդարանում էր, իշխանության մաս էր կազմում, իսկ դուրս մնացած մասը մեկ-երկու կուսակցություն էր։ Եւ համարում էին, թե մեզ չի հաջողվել միավորել ընդդիմադիր դաշտը:
Մեզ մեղադրում էին՝ ե՛ւ ներսում, հատկապես իշխանական ճամբարից, ե՛ւ միջազգային հանրությունը, թե մենք իբր անզիջող ու անհանդուրժ ենք եւ չենք ուզում երկխոսության մեջ մտնել իշխանության հետ: Մինչդեռ դեռեւս 2008-ի մարտի 4-ի ՍԴ-ում ունեցած իմ ելույթում մենք հստակ արտահայտել էինք մեր տեսակետը, այն է՝ մենք պատրաստ ենք երկխոսության, բայց քանի դեռ մեր ընկերները բանտում են, քանի դեռ Հայաստանում թեկուզ մեկ քաղբանտարկյալ կա, իշխանության հետ երկխոսություն չի կարող լինել: Հետագայում, զարմանալիորեն, նույն մարդիկ, մասնավորապես Արեւմուտքը, որ մեզ մեղադրում էր, թե չենք գնում երկխոսության, արաբական երկրներում տեղի ունեցած արյունալի դեպքերի ժամանակ բառացիորեն կրկնեց մեր նույն դիրքորոշումը. Բարաք Օբաման հայտարարեց. «Ինչպե՞ս կարելի է երկխոսել իշխանության հետ, երբ ընկերներդ բանտում են»: Երբ անցած տարի Կոնգրեսին հաջողվեց բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել, մենք հարգեցինք մեր խոսքը եւ նստեցինք երկխոսության` իշխանությունների հետ: Հիմա էլ գտնվեցին ուժեր, որոնք դա համարեցին Սերժ Սարգսյանի հետ գործարք, իբր թե պայամանավորվածություն` ապագա խորհրդարանում տեղերը բախշելու եւ այլ հարցերի վերաբերյալ: Տեսաք, թե ինչպես ավարտվեց այդ «գործարքը»:
Այդ երկխոսությունը մեր նորանկախ պատմության մեջ ամենանշանակալի քաղաքական իրադարձությունն էր, երբ ընդդիմադիր կողմը շատ դաժան պայքարից, գնդակոծությունից, բանտարկությունից հետո երկխոսության նստեց իշխանության հետ` դնելով քաղաքակիրթ քաղաքական մշակույթի հիմքը, ստեղծեց այնպիսի նախադեպ, որը պետք է փայփայվի, գուրգուրվի եւ այսուհետ դառնա ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության քաղաքական վարքի Աստվածաշունչը: Եւ այս մեծագույն նվաճումը, որը ոչ մեր` Կոնգրեսի, ոչ իշխանության, այլ առաջին հերթին մեր պետության նվաճումն էր, հիշեք, թե ինչպիսի դրվատական արձագանքի արժանացավ միջազգային հանրության կողմից: Հիմա նույն մարդիկ, բազմաթիվ քաղաքական գործիչներ ու թերթեր, որ փառաբանում էին երկխոսությունը (հատկապես մի թերթ, որն այդ երկխոսության ջատագովն էր), այսօր համարում են, թե երկխոսությունը Կոնգրեսի ամենամեծ սխալն է եղել: Ես երկխոսությունը համարում եմ Հայաստանի քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումը, եւ սխալ է այն կարծիքը, թե այն որեւէ արդյունք չի ունեցել: Այդ երկխոսության հեռանկարի շնորհիվ էր, որ մեզ հաջողվեց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ժողովրդին վերադարձնել իշխանությունների կողմից գրավված այս հրապարակը, իշխանություններին ստիպել, որ նրանք ստանձնեն Մարտի 1-ի բացահայտման գործը: Եթե դա չլիներ` այսօր էլ Եւրախորհրդարանի բանաձեւում Մարտի 1-ի բացահայտումը չէր մնա որպես Հայաստանի իշխանություններին ուղղված գլխավոր պահանջ: Եւ սա զարմացրեց աշխարհին: Աշխարհի ցանկացած ընդդիմություն կնախանձեր Հայաստանի ընդդիմությանը, Հայ Ազգային Կոնգրեսին, որ կարողացավ այսպիսի մեծ նվաճումներ արձանագրել:
Մեզ մեղադրում էին, որ ընտրություններում չենք համագործակցում ընդդիմադիր այլ ուժերի հետ: Ստեղծեցինք ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբ, որին անդամակցում են` ՀՅԴ-ն, «ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ Կոնգրեսը: Հիմա տեսեք` այն նույն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում էին, թե մենք չենք կարողանում համագործակցել ընդդիմության հետ, հենց սկսեցինք համագործակցել, անմիջապես դա դարձրին իրենց գլխավոր թիրախը: Եւ հիմա ողջ իշխանական քարոզչությունը, ժամանակին՝ իբրեւ թե անկախ համարվող, իրականում՝ նույն քարոզչության մաս կազմող լրատվամիջոցներն ու քաղաքագետները, լծվել են մի գործի` ամեն ինչ անել՝ այս շտաբի գործունեությունը վիժեցնելու համար: Իսկ դա կարող է ունենալ միայն մեկ նպատակ` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի արյունոտ ռեժիմի հավերժացումը:
Ես չափազանց կարեւորում եմ միասնական շտաբի գործը: Չորս կուսակցությունները, որոնք միավորված են այս շտաբում, այն կուսակցությունները չեն, որ ժամանակին ամուսնացած են եղել, իրար գուրգուրել են, փայփայել: Ընդհակառակը՝ դաժան պայքար են մղել միմյանց դեմ, լուրջ մեղադրանքներ են ներկայացրել իրար։ Եւ այդ շտաբի արժեքն այն է, որ այսօր հենց այդ կուսակցություններն են միավորվել, որովհետեւ բոլորը հասկացել են, որ բավ է, պետք է վերջ տալ ընտրակեղծիքներին եւ Հայաստանում անցկացնել իրապես արդար եւ օրինական ընտրություններ՝ սա է, որ նրանց առաջնորդում է:
Այս իշխանությունների, գողերի, ավազակների, բանդիտների, ողջ վարչախմբի եւ նրանց սպասարկմանը լծված լրավամիջոցների, քաղաքագետների գերագույն խնդիրը` Ադրբեջանի դեմ հաղթանակից ավելի՝ այս շտաբի կործանումն է, քայքայումը, որովհետեւ նրանք զգում են, թե ինչ վտագ է պարունակում այն: Դրանում ընդգրկված երեք կուսակցությունները` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում ունեն մեկական անդամ՝ երեք հսկիչ ամեն հանձաժողովում: Դրան գումարած՝ այդ 4 կուսակցությունների վստահված անձինք, այսինքն՝ յուրաքանչյուր տեղամասում տասը հսկիչ, որոնց ներկայությունն այլեւս չի կարող թույլ տալ Սերժին եւ նրա մանկլավիկներին անել այն, ինչ նրանք արել են նախորդ ընտրություններում: Այսինքն՝ սա ընտրությունների վերահսկման մի չափազանց հուսալի մեխանիզմ է: Եւ եթե այս չորս կուսակցություններն անկեղծորեն համագործակցեն, ապա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն որեւէ ընտրության ժամանակ այլեւս չեն կարող հաղթել: Մի բացառություն եմ ուզում անել. շտաբը շատ լավ գործում է, անցել է գործնական աշխատանքի, արդեն սկսել են դիմումներ գրել ԿԸՀ, արդեն իսկ վերահսկվում, արձանագրվում են Ընտրական օրենսգրքի խախտումները: Բայց շտաբի անդամներից մեկի գործունեությունը կամ վարքն ինձ համար անհասկանալի է. դա «Ժառանգությունն» է: Անկեղծորեն եմ ասում, գուցե կրթությունս չի ներում, չեմ հասկանում նրանց պահվածքը, ու քանի որ չեմ հասկանում, զերծ եմ մնում մեկնաբանություններից: Ում համար հասկանալի է, թող նա էլ մեկնաբանի:
Կոնգրեսը ոչ միայն ակտիվորեն մասնակցում է միասնական շտաբի գործունեությանը, այլեւ միակողմանիորեն իր համար սահմանել է ընտրապայքարի հետեւյալ կանոնները.
1. Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկման բոլոր անկեղծ նախաձեռնություններին, մասնավորապես՝ ՀՅԴ-ի, «Ժառանագության», ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի կողմից ձեւավորված միասնական շտաբի գործունեությանը:
2. Քննադատության թիրախ դարձնել քոչարյանասերժական վարչախմբի երկու հենասյուները՝ ՀՀԿ-ին եւ նրա կույրաղիքը հանդիսացող ՕԵԿ-ին:
3. Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավելեւս անձական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես՝ միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» դեմ:
4. Միեւնույն ընտրատարածքներում Կոնգրեսը եւ նշված կուսացկությունները ներկայացնող թեկնածուների առկայության պայամաններում առաջնորդվել փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ արդար ընտրությունների համար համագործակցության սկզբունքներով:
5. Անկախ այն բանից՝ մյուս քաղաքական ուժերը կխախտեն այս պայմանները, թե ոչ, Կոնգրեսը հաստատակամ է եւ չի շեղվի դրանցից: Այս կանոնների մասին ես ասել եմ ապրիլի 12-ին, մինչեւ հիմա հարգել ենք, եւ հարգելու ենք մինչեւ մայիսի 6-ը:
Հիմա անցնեմ մեր կարգախոսին` «Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին»:
Սա կարող է էմոցիոնալ կարգախոս թվալ, բայց այն լուրջ բովանդակություն ունի: Նախ, դա բացատրելու համար պետք է հասկանալ, թե ինչ է ռեժիմը: Ես վստահ եմ` ձեզանից շատերը գիտեն, բայց քանի որ այս ելույթը նախատեսված է ողջ ժողովրդի համար, ուստի, ուզում եմ փոքր բացատարություն տալ: Ռեժիմն ինչո՞վ է տարբերվում նորմալ, ժողովրդավար իշխանությունից: Մեկ բանով. ռեժիմն այն է, երբ իշխանությունը զավթում են բռնությամբ եւ ոչ թե ընտրված լինելով, եւ բռնությամբ էլ կառավարում են երկիրը: Ռեժիմ էր հիտլերյան Գերմանիան, ստալինյան ԽՍՀՄ-ը, Քադաֆիի Լիբիան, Հուսեյնի Իրաքը, Մուբարաքի Եգիպտոսը, Բենալիի Թունիսը, Սալեհի Եմենը: Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը ոչնչով չի տարբերվում այս ռեժիմներից: Նրանք չեն ընտրվել, իշխանությունը զավթել են բռնությամբ եւ բռնությամբ էլ կառավարում են երկիրը: Բայց սրանով չի սահմանափակվում ռեժիմի բովանդակությունը: Իշխանության բռնազավթումը նրանց հնարավորություն է տալիս անպատիժ կերպով թալանել սեփական ժողովրդին: Սա արդեն մտնում է ռեժիմի հանցանքների մեջ։ հիմա ես կթվարկեմ, թե որոնք են այս ռեժիմի հանցանքները: Ամենամեծ հանցանքն արտագաղթն է. 1998-ից մինչեւ այսօր քոչարյանասերժական բռնապետության պատճառով հայրենիքը լքել է 1 մլն. մարդ: Հիմա այս թիվը համեմատեք Օսմանյան Թուրքիայում 1915 թվին տեղի ունեցած Ցեղասպանության հետ, երբ 1,5 մլն էր զոհվել: Օսմանյան Թուրքիայում հայերին տեղահանում, տեղափոխում էին Դեր-Զորի անապատներ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հետեւելով Ստալինի օրինակին, որը հայերին Ալթայ ու Սիբիր էր քշում, հիմա նույնկերպ հայերին արտաքսում են այդ վայրերը: Այսինքն՝ մարդիկ, ովքեր հերոս ձեւանալով` աշխարհից պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սեփական երկրում համարյա նույն մասշտաբի ցեղասպանություն են իրականացրել: Եւ սա ես չեմ ասում, սա ասել է Սերժ Սարգսյանի նշանակած ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը:
Մյուս հանցանքներն են` կոռուպցիա, օրենքի բացակայություն, ժողովրդի պաշտպանվածության բացակայություն, արտաքին քաղաքականություն, Թուրքիա, Ղարաբաղ:
Կոռուպցիայի մասին. մոսկովյան հրապարակումներին ծանոթ եք. դրանցում բացահայտվեցին եւ հրապարակվեցին մեր բոլոր պետական պաշտոնյաների թալանած հարստությունը, ունեցվածքը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանն ունի 4 մլրդ դոլար, Սերժ Սարգսյանը՝ մոտավորապես դրան հավասար, վարչապետը, ՊԵԿ նախարարը, ոստիկանապետը՝ բոլորինը մեկ առ մեկ նշվեց: Մեր իշխանավորները, որոնք հերոս են, քաջ են մեր երկրի ներսում իբր թե զրպարտությունների համար ԶԼՄ-ներին եւ առանձին լրագրողների դատի տալու հարցում, չհամարաձակվեցին դատի տալ մոսկովյան լրատվամիջոցներին եւ լրագրողներին: Սրանից մի եզրակացություն կարող ենք անել` Մոսկվայում նրանք չէին կարող ապացուցել, որ իրենք գող ու ավազակ չեն եւ չեն թալանել այն գումարները, որ այնտեղ նշվել են: Միայն այդ փաստը բավական է համարելու, որ իշխանություններն իրենք ընդունում են մոսկովյան լրատվամիջոցների ներկայացրած մեղադրանքները:
Կոռուպցիայի չափը պատկերացնելու համար բավական են միջազգային այն լուրջ փորձագիտական գնահատականները, որոնց համաձայն՝ Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է ընդհանուրի 2/3 մասը: Այսինքն՝ ամբողջի 1/3-ն է մտնում բյուջե, 2/3-ը` գողացվում է: Մեր բյուջեն 2,5 մլրդ դոլար է: Դրան գումարենք գողացված 5 միլիարդը, ստացվում է, որ մեր բյուջեն պիտի լիներ 7,5 մլրդ դոլար: Դե հիմա պատկերացրեք` 2,5 եւ 7,5 մլրդ դոլար բյուջե ունեցող երկիրը: Այսինքն՝ եթե այդ գումարները, որոնք մտել են նրանց գրպանները, հայտնվեին բյուջեում, այսօրեւեթ կարելի էր կրկնապատկել կենսաթոշակները, նպաստները, աշխատավարձերը, ծնունդների համար վճարվող նպաստները, եռապատկել առողջապահության, կրթության, գիտության ֆինանսավորումը, եռապատկել ռազմական ծախսերը: Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն 3 մլրդ դոլար է, Հայաստանի ռազմական բյուջեն` 300 մլն դոլար՝ 10 անգամ պակաս: Եւ այս մարդիկ, որոնք թալանել են իրենց երկիրը, պատրաստվում են նորից հաղթե՞լ Ադրբեջանին: Հանրապետական ճղճղան պատգամավորներ կան, որոնք գիշեր-ցերեկ հոխորտում են, թե՝ պետք եղավ՝ Գյանջան էլ, Բաքուն էլ կգրավենք, իսկ երիտնժդեհականներից մեկն էլ սահմանն անցավ, թե՝ որ պետք եղավ, Իրանը կգրավենք: Ինչո՞վ եք գրավելու։ Կամ երբ Ղարաբաղն ազատագրվում էր, դուք ո՞ւր էիք: Այսօրվա հայաստանյան իշխանության, մեր բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաների, պատգամավորների 99,9 տոկոսը Ղարաբաղի ազատագրական շարժմանը չի մանակցել: Իսկ կոռումպացվածության մակարդակով Հայաստանը գրավում է աշխարհի երկրների ցանկում վերջին տեղերից մեկը:
Ռեժիմի մյուս կարեւոր հանցանքներից մեկը ժողովրդի անպաշտպանվածությունն է: Սա կարող է վերացական թվալ, բայց ես կոնկրետ օրինակներով կխոսեմ. եթե դուք խնդիր եք ունենում հարեւանի հետ, մի հանցագործի հետ, ձեզանից քանի՞սը կհամարձակվի դիմել ոստիկանությանը`օգնություն ստանալու համար, քանի՞սը կհամարձակվի դատարան դիմել: Ով դիմեց, նա էլ տուժող է դառնալու։ Եթե տունդ մտել թալանել են, դու ճանաչել ես գողին եւ դիմեցիր ոստիկաններին կամ դատարան, ապա նրանց գործ ես տալիս։ Նրանք անմիջապես գործարքի մեջ են մտնում այդ հանցագործների հետ եւ քեզ են մեղավոր հռչակում: Ահա մի պետություն, որտեղ ո՛չ ոստիկանությունն է ժողովրդին պաշտպանում, ո՛չ դատարանը: Ի՞նչ պաշտպանվածության մասին է խոսքը, երբ մարդը երեխա է դաստիարակում, 18 տարեկան դարձնում, ուղարկում բանակ, որպեսզի բանակում այդ գողերը, ավազակները, կաշառակեր հրամանատարները կեղեքեն, խոշտանգեն, տանջեն, ինքնասպանության հասցնեն կամ սպանեն զինվորին: Եթե մեր ժողովուրդն արտագաղթում է, ապա, իմ կարծիքով, ոչ այնքան սոցիալական ծանր վիճակից, ոչ այնքան գործարարությամբ զբաղվելու անհնարինությունից, այլ, առաջին հերթին՝ ա՛յս պատճառով։
Վերջերս ես հանրահավաքներից մեկում մի այսպիսի օրինակ բերեցի` Նիկոլի շատ սիրած մարդու՝ Սամվել Ալեքսանյանի մասին։ Այդ պատգամավորը 90-ական թվակաների սկզբին, երբ մենք Մեղրիում կառուցեցինք ժամանակավոր կամուրջը, այդ կամրջի վրայով շալակով պարկերով շաքար էր կրում Իրանից Հայաստան: Տարիներ շարունակ: Բայց նրա հետ միեւնույն ժամանակ նույն գործով զբաղված էին հազարավոր մարդիկ: Եւ Մեղրին այդ ժամանակ սկսեց շունչ քաշել, Մեղրիից մինչեւ Գորիս ժողովուրդը գործ ունեցավ՝ վարորդները, մանր առեւտրականները: Մեղրիում ստեղծվել էր ազատ առեւտրի գոտի, իրանցիներն էլ էին անցնում սահմանը, պահեստներ էին վարձել, մեծածախ առեւտուր էին անում: Այսինքն՝ դրանից օգտվում էր մի ամբողջ տարածաշրջան: Հետո այդ հազարները վերացան, եւ ամբողջ այդ առեւտուրն անցավ Ալեքսանյանի ձեռքը: Նույնը դրանից հետո տեղի ունեցավ Սադախլոյում. Սադախլոյի շուկայի շնորհիվ քիչ թե շատ բարեկեցիկ կյանք էին իրենց համար ապահովել հյուսիսային Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքներ: Բայց այս իշխանությունների ագահությունն այնքան մեծ էր, որ դա էլ թույլ չտվեցին, անմիջապես վերացրին այդ շուկան եւ ամբողջ առեւտուրը վերցրին իրենց ձեռքը: Նույնը տեղի ունեցավ ամբողջ տնտեսության մեջ: Այստեղ կլինեն գյուղացիներ Արարատյան դաշտավայրից, Արմավիրից, կհիշեք այն ժամանակները, երբ վրացիներն ազատ գալիս էին ձեր դաշտերը, այգիները, տեղում իրենք քաղում էին բերքը, տեղում վճարում` առանց միջնորդների, եւ գնում էին իրենց երկիրը: Դա էլ ոչնչացրին, հիմա ծիրանի, խաղողի արտահանումը նորից ամբողջությամբ կենտրոնացված է մի քանի մոնոպոլիստների ձեռքում:
Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի մասին. այս մրցապայքարի ընթացքում մի տարօրինակ բան է տեղի ունենում` արտաքին քաղաքական հարցերը կարծես թե բացարձակապես դուրս են մնացել բանավեճից: Ո՛չ իշխանություններն են խոսում, ո՛չ մյուս քաղաքական ուժերը: Բայց եթե որեւէ կուսակցություն հավակնում է մտնել խորհրդարան, հասնել իշխանության, նա պարտավոր է ժողովրդին ներկայացնել նաեւ իր արտաքին քաղաքական հայեցակարգերը: ՀՀ արտաքին քաղաքականությունն ունի 2 գլխավոր հարց` հայ-թուրքական հարաբերություններ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Աշխարհի ոչ մի երկրի հետ մենք որեւէ այլ պրոբլեմ չունենք, բացի այս երկուսից: Եթե հարցեր էլ ծագում են` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եւրամիության, Վրաստանի, Իրանի հետ, ապա՝ այս նույն խնդիրների պատճառով: Այսինքն, եթե լուծվում են այս խնդիրները, Հայաստանը դառնում է մի երկիր, որը կարող է ոչ մի հարց չունենալ աշխարհի որեւէ երկրի հետ: Գուցե դրանով նա կարող է դառնալ աշխարհի ամենաերջանիկ պետությունը: Այս խնդիրներն, այո, աշխարհին շատ են հետաքրքրում։ Աշխարհը, գերտերությունները Հայաստանը դիտարկում են միայն այս տեսանկյունից: Հայաստանը նրանց համար ուրիշ ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Ինչո՞ւ են այսքան կենտրոնացած այս երկու հարցերի վրա։ Պարզ պատճառով. աշխարհն, այո, ավելի շատ ուշադրություն է դարձնում բնական ռեսուրսներ, մեծ շուկաներ, բազմաքանակ ժողովուրդ ունեցող երկրների վրա։ Բայց ոչ միայն։ Եթե երկիրը անգամ փոքր լինելով, բնական ռեսուրսներ չունենալով, այնուամենայնիվ, պրոբլեմ է ստեղծում տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային համագործակցության համար, դա դառնում է աշխարհի խնդիրը: Այսօր Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, որոնք գլխավորապես Հայաստանի խնդիրը պիտի լինեին, դարձել են նաև Միացյալ Նահանգների, Եւրամիության, Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները: Այստեղ մեղադրելու բան չկա, նրանց մտահոգությունը, նրանց շահագրգռությունը հասկանալի է, ըմբռնելի է եւ նույնիսկ ողջունելի է: Մենք էլ ենք ուզում, որ այդ հարցերը լուծվեն եւ շնորհակալ կլինենք բոլոր այն ուժերին, բոլոր այն երկրներին, որոնք կօգնեն արդար, սկզբունքայնորեն լուծել այս երկու խնդիրները: Իսկ ի՞նչ են արել մեր իշխանությունները. նրանք իրենց իսկ ձեռքով բարդացրել են եւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Հայ-թուրքական հարաբերությունների մասին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունների ամենամեծ սխալը եղել է այն, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից պահանջեց աշխարհից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այստեղ մեր մտավորականությունը ուշագնաց եղավ ուրախությունից, ոգեւորությունից, ցնծություններ եղան, ձոներ հնչեցրին Ռոբերտ Քոչարյանի հասցեին` ինչ տղա էր, ցավը տանեմ, չվախեցավ, գնաց ՄԱԿ-ի ամբիոնից ինչ ասես ասաց: Այդ մարդիկ չեն էլ հասկանում ՄԱԿ-ը ինչ է: Ի՞նչ պիտի անեին, ինչ կուզեր կասեր ՄԱԿ-ի ամբիոնից, Ռոբերտին պիտի կախեի՞ն, սպանեի՞ն, բանտարկեի՞ն։ ՄԱԿ-ի ամբիոնն ամենաչվախենալու տեղն է, որտեղ ցանկացած, ամենահետին վախկոտը կարող է ձեւանալ ամենամեծ հերոս: ՄԱԿ-ի ամբիոնից բոլոր երկրների ղեկավարներն ինչ ուզես ասում են: Այսքան Իրանին քննադատում են՝ Ահմադինեժադը գնում է ՄԱԿ-ի ամբիոնից ամբողջ աշխարհին ձեռնոց է նետում, Վենեսուելայի նախագահ Չավեսը ծաղրածության էր վերածում ՄԱԿ-ի ամբիոնը`ձեռ առնելով Ամերիկայի նախագահին: Խրուշչովը կոշիկով խփում էր ՄԱԿ-ի ամբիոնին: Հիմա Ռոբերտ Քոչարյանը գնացել այդպիսի բան է արել: Անդրանի՞կն է, Նժդե՞հն է, Սասունցի Դավի՞թը: Եւ ի՞նչ ստացավ այդ տղայության դիմաց: Ես սա համարում եմ տղայություն, վատ, էժան դիվիդենտներ շահելու մի հնարք, որովհետեւ դա անլուրջ քայլ էր: Եթե Հայաստանն ուզում էր ՄԱԿ-ում բարձրացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, դա պետք է աներ ըստ ՄԱԿ-ի արարողակարգի: Հայաստանը պետք է կազմեր մի հրաշալի դոսիե, պաշտոնական արարողակարգով դիմեր ՄԱԿ-ին, եւ ՄԱԿ-ը չէր կարող այդ հարցը չքննել: Ռոբերտ Քոչարյանը չպահանջեց, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը քննի Հայոց Ցեղասպանության հարցը եւ դատապարտի այդ Ցեղասպանությունը: ՄԱԿ-ը այդպիսի կազմակերպություն է, որ իր անդամ երկրների դիմումները պարտավոր է ընդունել քննարկման։ Կընդուներ քննարկման, կքվեարկեին, կանցներ` կանցներ, չէր անցնի` չէր անցնի, բայց կքննարկվեր։ Քոչարյանը չարեց այդ բանը, փոխարենը մի թատրոն խաղաց, մի խեղկատակություն արեց, որը հետո վերածվեց չափազանց մեծ աղետի հայ ժողովրդի համար: Հենց որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետության անունից պահանջեց ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ Թուրքիան պատասխան քայլ կատարեց: Մինչև 1998 թվականը Թուրքիան մեզանից երբեք չի պահանջել պատմաբաննների հանձնաժողով ստեղծել Ցեղասպանության լինել- չլինելը պարզելու համար: Չի պահանջել եւ չէր էլ կարող պահանջել, որովհետեւ մենք այդպիսի խնդիր մեր արտաքին քաղաքականության մեջ չենք էլ դրել: Իսկ հենց Ռոբերտ Քոչարյանը դա դարձրեց մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը, Թուրքիան ձիու քայլ կատարեց, ասաց` շատ լավ, ասում եք` Ցեղասպանությո՞ւն, դեմ չեմ, եկեք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք այդ հարցը` եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանն իբր թե խորամանկ պատասխան տվեց, թե գիտեք ինչ` եկեք, մենք մեր հարաբերությունները կագավորենք, սահմանները բացենք եւ հետո ոչ թե այդպիսի մի հանձնաժողով, այլ մի մեծ կառավարական հանձնաժողով ստեղծենք, որտեղ կքննենք բոլոր հարցերը: Այսինքն՝ նա համաձայնեց ստեղծել այդ հանձնաժողովը, բայց ոչ թե առանձին, այլ` կառավարական, պետական հանձնաժողովի կազմում: Եւ Շվեյցարիայում ստորագրված արձանագրություններում հենց դա էլ արձանագրվեց. միջկառավարական հանձնաժողովում ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների ենթահանձանաժողով, որը պետք է քննի Ցեղասպանության լինել-չլինելու հարցը: Նալբանդյանը ստորագրեց, Սերժ Սարգսյանն էլ հավանություն տվեց։ Ավելին՝ հայտարարեցին, թմբկահարեցին, թե սա փայլուն համաձայնություն է, թե սա բխում է, ես բառացի եմ հիշում՝ «հայ ժողովրդի, Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից», թե այն բացարձակապես չի հակասում մեր ազգային շահերին: Անցավ որոշ ժամանակ, բացահայտվեց ամեն ինչ. Թուրքիան ստացավ այն, ինչ իրեն պետք էր, եւ դրանից հետո չվավերացրեց արձանագրությունները: Սերժը նեղացավ, ասաց` ես չհասկացա, ախր դուք ասել էիք, որ պիտի վավերացնեք, փաստորեն, դուք ինձ խաբե՞լ եք, դուք հիմա նոր նախապայմաննե՞ր եք առաջ քաշում: Թուրքիան ասաց` սա ընդունել եք, հիմա էլ՝ մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, ես չեմ վավերացնի այդ արձանագրությունները: Սերժ Սարգսյանը զարմացավ: Ինձ համար պետության ամենախայտառակ նախագահը նա չէ, որ լեգիտիմ չէ, կոռումպացված է, այլ նա, ով կարող է խաբվել: Ո՞ւմ է պետք այն պետության ղեկավարը, որը կարող է իր հակառակորդին խաբվել եւ վտանգի տակ դնել ե՛ւ իր երկիրը, ե՛ւ իր ժողովրդին: Իմացեք` Թուրքիան էլ չի վավերացրել, Հայաստանն էլ չի վավերացրել, բայց սա արդեն մի այնպիսի քայլ է, որն անշրջելի է: Հայաստանը Նալբանդյանի ձեռքով ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ ընդունել է հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկը: Այլեւս որեւէ իշխանություն, ով էլ գա Սերժից հետո, երբ Թուրքիայի հետ կարգավորման հարց դրվի, Թուրքիան այդ իշխանության առջեւ, այդ կառավարության առջեւ դնելու է այս պահանջը: Չնայած՝ ես ունեմ դրա լուծումը, ես դրանից չեմ վախենում, կգանք իշխանության, ես դրա լուծումը կգտնեմ:
Ղարաբաղի հարցի մասին. Ղարաբաղի հարցում էլ մեր իշխանությունները, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, գործեց մի ճակատագրական սխալ, որի տակից մենք դուրս չենք գալու երբեք: Դա Սերժի սխալը չէր, Սերժն այն ժամանակ պաշտպանության նախարար էր եւ մեղավոր է այնքանով, որ այդ իշխանության մասն էր, բայց որոշողը նախագահն էր: Եւ այդ սխալը Ռոբերտ Քոչարյանը կտակեց Սերժ Սարգսյանին: Դա Ղարաբաղին հակամարտության կողմի կարգավիճակից զրկելն էր, նրան բանակցությունների ձեւաչափից դուրս շպրտելը: Ի՞նչ ասաց Ռոբերտ Քոչարյանը. ասաց` Ղարաբաղի նախագահ եմ եղել, հիմա Հայաստանի նախագահ եմ, ես կարող եմ ներկայացնել ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, պետք չի, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Այնպիսի մի նվեր արեց Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը, որ նրանք ապշեցին: Նույնիսկ այնքան միամիտ էր, որ չկարողացավ այդ նվերը ծախել, ձրի տվեց, էժան, կոպեկով, ինչ է թե` միջազգային հանրությունը ասի` տեսեք ինչ տղա է, ինչ լայնախոհ է, ուզում է լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի ամբողջ պայքարը 90-ական թվականներին մեր դեմ, մեր դիվանագիտության դեմ, եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին: 1992 թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր արտաքին գործերի նախարարը, եւ ձեւավորվեց Միսնկի խումբը, մեզ հաջողվեց Մինսկի խմբում ունենալ հետեւյալ բանաձեւը, որ բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ադրբերջանը եւ Ղարաբաղի ընտրյալ իշխանությունները: Դրանով արդեն դրված էր Ղարաբաղի կարգավիճակի հիմքը`«ընտրյալ իշխանությունները»: Իսկ երկարատեւ պայքարից հետո կամ, ավելի ճիշտ, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո միջազգային հանրությունը 1994 թվականին ստիպված եղավ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության իրավահավասար՝ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար, լիարժեք կողմ: Դա նշանակում է, որ Մինսկի խմբի կամ միջազգային հանրության ներկայացրած կարգավորման ցանկացած ծրագիր պետք է արժանանար միաժամանակ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հավանությանը: Եւ դա կիրառվեց, գործի մեջ դրվեց երկու անգամ: 1997 թվականին Մինսկի խմբի համանախագահությունը հակամարտող կողմերին` Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղին ներկայացարեց կարգավորման, այսպես կոչված, «փաթեթային» տարբերակը: Հայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղը վետո դրեց դրա վրա, չհամաձայնեց: Վերջ, ոչ ոք չբողոքեց, ոչ մի աղմուկ չեղավ, որովհետեւ Ղարաբաղն ուներ վետո դնելու, չընդունելու իրավունքը, եւ այդ ծրագիրը դրվեց մի կողմ: Մի քանի ամիս հետո բերեցին «փուլային» տարբերակը։ Նորից Հայաստանը եւ Ադրբեջանն ընդունեցին այդ տարբերակը, Ղարաբաղն ասաց`ոչ։ Ասին` շատ լավ, եւ ետ տարան այդ թուղթը: 1998 թվականին վերջին անգամ բերեցին «ընդհանուր պետության» տարբերակը: Այս անգամ արդեն Հայաստանը, Ղարաբաղը համաձայնեցին, Ադրբեջանն ասաց` ոչ: 1998 թվականից հետո Ղարաբաղն այլեւս չկա բանակցություններում որպես հակամարտության կողմ, միջազգային հանրության համար այդպիսի դիվանագիտական կամ բանակցային սուբյեկտ գոյություն չունի: Հիմա բոլոր ծրագրերը ներկայացնում են միայն Հայաստանին եւ Ադրբեջանին: Ցավում եմ, բայց սա այլեւս անշրջելի է:
Հիմա մենք ի՞նչ ենք անելու: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ես ասացի, եթե դրվի այդ արձանագրությունների վավերացման խնդիրը, մենք դեմ ենք լինելու պատմաբանների հանձնաժողովի դրույթին. ուրիշ պահանջ մենք չենք դնում, պահանջատիրական խնդիրներ չենք բարձրացնում: Բայց ամեն ինչ կանենք, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով չստեղծվի։ Ես դրա ձեւն էլ գիտեմ, հետո կասեմ, դա լուծվող խնդիր է: Դա լուծելու համար մի բան է պահանջվում. որպեսզի Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը փոխարինվի լեգիտիմ, օրինակարգ իշխանությամբ: Իսկ Ղարաբաղի հարցում մենք պարտավոր ենք, եւ կարծում եմ` ցանկացած քաղաքական ուժ, որ այսօր մասնակցում է ընտրություններին, պարտավոր է ժողովրդին ներկայացնել իր հստակ դիրքորոշումը: Դուք դա պետք է պահանջեք բոլորից: Մեր դիրքորոշումը հենվում է հետեւյալ իրողությունների վրա։ Ղարաբաղի հարցում մի երկար պրոցես է տեղի ունեցել 1992 թվականից սկսած մինչեւ այսօր։ Փաստաթղթից- փաստաթուղթ, հայեցակարգից-հայեցակարգ մշակվել է կարգավորման մի ծրագիր, որն այսօր կոչվում է «Մադրիդյան սկզբունքներ»: Մադրիդյան սկզբունքներն օրհնվել են երեք համանախագահ երկրների նախագահների` Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի կողմից: Սա շատ լուրջ բան է, մակարդակն արդեն այնքան է բարձրացել, որ այս սկզբունքներում որեւէ բան փոխել գուցեեւ արդեն անհնար է։ Հիմնական փիլիսոփայությունը, ստրատեգիան փոխել անհնար է, բայց ինչ-որ բան կարելի է փոխել մանրամասների, դետալների մեջ, որոնք նույնպես շատ կարեւոր են:
Այդ փաստաթղթում դրված է երկու հիմնական սկզբունք. առաջին`Ղարաբաղի հարցը պետք է լուծվի՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկրորդ` հարցը պետք է լուծվի՝ հարգելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Սա մի պարադոքս է, քանի որ այս երկու սկզբունքներն անհամատեղելի են։ Եթե տարածքային ամբողջականությունն է, ուրեմն այդտեղ ինքնորոշում չի կարող լինել, որովհետեւ ինքնորոշումը նշանակում է տարածքային ամբողջականության խախտում: Եթե ինքնորոշում է, ուրեմն, չի կարող լինել տարածքային ամբողջականություն: Ուրեմն ո՞րն է գաղտնիքը։ Սա ընդամենը դիվանագիտական հնարք է, որպեսզի կարգավորան ծրագիրը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարողանան ծախել իրենց սեփական ժողովուրդներին, որպեսզի երկու նախագահներն էլ ունենան իրենց փաստարկը` համոզելու սեփական ժողովրդին, որ սա է ճիշտ լուծումը: Ադրբեջանը, եթե ուշադիր եք, հետեւե'ք Ալիեւի, իրենց արտգործնախարարի խոսքերին, երբ խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին, ասում են` մենք ողջունում ենք, որովհետեւ այնտեղ հարգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս սկզբունքի մասին խոսք չկա: Երբ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանն են խոսում Մադրիդյան ծրագրի մասին, նույնիսկ մի բան էլ խաբելով ասում են` տեսեք՝ այնտեղ առաջին անգամ ընդունված է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի՞նչ է ստացվում` աբսուրդի թատրոն. Ադրբեջանը դա ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Հայաստանը՝ ինքնորոշման սկզբունքի արձանագրման համար:
Սա իսկապես թատրոն է` մեր ժողովրդին խաբելու համար: Եւ մի բան է նշանակում. երբ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է` Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ոչ ավելի, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա: Հիմա ասում են` սա հրաշք էր, առաջին անգամ... Այդպես չէ: Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Լիսաբոնի բանաձեւը նույնն էր, ինչ այս Մադրիդյան սկզբունքները, բացարձակապես նույնը, ոչ մի տարբերություն: Եվ ի՞նչ եղավ Լիսաբոնում. ես չվախեցա եւ վետո դրեցի այդ բանաձեւի վրա: Քլինթոնը, Գորը ժամերով համոզում էին` արա այս բանը, շատ լավ կլինի քեզ համար, գիտե՞ս` ինչ լավ կլինի, ինչ լավ բաներ կանենք Հայաստանի համար: Չվախեցա, որովհետեւ ես օրինակարգ նախագահ էի, եւ իմ թիկունքում ունեի ժողովրդի աջակցությունը։ Չվախեցա, որովհետեւ ես գող-ավազակ չէի, կաշառակեր չէի, իմ վրա աշխարհի ոչ մի երկիր որեւէ կոմպրոմանտ չուներ` ինձ խոցելի դարձնելու համար: Իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ մերժել Մադրիդյան սկզբունքները: Թյուրիմացություններ թող չլինեն, Մադրիդյան սկզբունքները, որպես պաշտոնական կարգավորման ծրագիր, ներկայացվել են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` Ռոբերտ Քոչարյանին 2007-ի դեկտեմբեր ամսին: Եւ Քոչարյանը սիրով եւ պատրաստակամ ընդունել է այդ սկզբունքները, ապա կտակել է Սերժ Սարգսյանին: Ես արդար մարդ եմ, չեմ ուզում չգործած մեղքի համար որեւէ մեկին մեղադրել: Սերժ Սարգսյանի մեղքերն այնքան շատ են, որ դրանց վրա որեւէ նոր բան ավելացնելու կարիք չկա: Ուրեմն, ինչո՞ւ Քոչարյանը չկարողացավ մերժել: Որովհետեւ նա խոցելի է. Ռոբերտ Քոչարյանը եթե համառեր, Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը կարող էին նրա դեմ դնել բոլոր կոմպրոմատները, նրա բոլոր բանկային հաշիվները, բիզնեսներն արտասահմանում: Սերժ Սարգսյանը թող փորձի նրանց առարկել, ինչեր ասես դեմ չեն տա` էլ Լաս Վեգասներ, էլ կազինոներ: Բոլորը տեսագրված են, եւ երբ պետք լինի, նրանք դա կօգտագործեն: Վիկիլիքսում այդ ամենի մի մասը բացահայտված է: Չէին կարող մերժել եւ հիմա էլ չեն կարող մերժել: Ինչ ասեն, ինչ համոզեն, ինչ թելադրեն՝ սրանք պիտի անեն: Ուրեմն, ժամանակն է օր առաջ ազատվել սրանցից` այդպիսի ազգային աղետի չգալու համար:
Եւ եթե մենք գանք իշխանության, մենք չլինենք` ուրիշը լինի, մեզնից տասն անգամ լավը լինի, ցանկացած իշխանություն ստիպված է լինելու հաշվի նստել հայ-թուրքական հարաբերություններում պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի ստորագրված լինելու փաստի հետ, Ղարաբաղի հարցում էլ՝ Մադրիդյան սկզբունքների հետ: Բայց օրինակարգ իշխանությունը կարող է նույնիսկ գերտերությունների նախագահների հետ խոսել բոլորին այլ լեզվով` եթե չի վախենում ոչ մի կոմպրոմատից, եթե իր թիկունքում ունի ողջ ժողովրդի աջակցությունը։ Այդ դեպքում, ես վստահ եմ, որքան էլ վատ, որքան էլ մեր ցանկացածին չհամապատասխանող են Մադրիդյան սկզբունքները, կարելի է էապես փոխել եւ կոնկրետ 3 հարց լուծել:
Ինչ նկատի ունեմ.
Առաջին`Հայաստանը չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, եթե դրա տակ չլինի Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը: Գուցե սկզբունքների հարցում դա հնարավոր չինի, սկզբունքներն արդեն մշակված են, մի քանի դետալ է մնում, եւ դա կարող են ստորագրել Հայաստանը եւ Ադրբեջանը, բայց երբ այս սկզբունքները վերածվեն, այսպես կոչված՝ Մեծ համաձայնագրի, այդ համաձայնագիրը պետք է ստորագրեն հավասարապես Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Սա մեկ պահանջ: Սրան կարելի է հասնել: Ավելին, նույնիսկ վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել այն բանին, որ դա ոչ թե իշխանությունները որոշեն, այլ` ողջ ժողովուրդը: Այդ սկզբունքները պետք է դրվեն համաժողովրդական հանրաքվեի` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում: Երկրորդ` մինչեւ կարգավորման գործարկումը, այսինքն՝ ընթացք տալը` տարածքների փոխանակություն, ճանապարհների բացում, զորքի հետքաշում, նույնիսկ մինչև Ղարաբաղի կարգավիճակի հետագա կարգավորումը, պետք է լուծված լինի Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը, որովհետեւ առանց Լաչինի միջանցքի Ղարաբաղ գոյություն չունի: Եւ երրորդ` խոսվում էր, թե իբր շատ մեծ նվաճում է, որ Մադրիդյան սկզբունքներում կա ռեֆերենդումի գաղափարը, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: Դա ընդամենը մեկ բառ է` առանց բովանդակության: Ավելին, նույնիսկ այդ բառից, որ սկզբում կար, հետո հրաժարվեցին: Հիմա գերտերությունների նախագահների հայտարարություններում այդ բառն այլեւս չկա: Խոսվում է ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի մասին, ավելի անորոշ բաներից: Բայց անգամ եթե ռեֆերենդում լիներ, ապա պետք է հստակեցնել` ի՞նչ էր դա նշանակում: Ուրեմն, մեր հաջորդ պահանջը պետք է լինի այդ բառը լցնել բովանդակությամբ: Այսինքն, հստակ պետք է համաձայնագրում նշված լինի` ե՞րբ է տեղի ունենալու հանրաքվեն, ո՞վ է մասնակցելու, միայն Ղարաբաղի բնակչությունը, թե՞ նաեւ շրջակա շրջանների բնակչությունը, ինչպես պարզաբանում է ադրբեջանակ կողմը, քվեաթերկում ի՞նչ հարց է դրվելու հանրաքվեի, ի՞նչ իրավական հետեւանքներ է ունենալու այդ հանրաքվեն, եւ վերջապես, ո՞վ է կազմակերպելու այն` Ղարաբա՞ղը, Ադրբեջա՞նը, Մինսկի խո՞ւմբը, ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ն: Եթե այս հարցերը չեն լուծվում, այս հանրաքվեն ընդամենը մի ծաղր է, մեր ժողովրդին ձեռ առնելու, խաբելու մի հնարք: Ուրեմն, եթե մենք լինենք Խորհրդարանում, իսկ այդ հարցը վաղ թե ուշ գալու է Խորհրդարան, կանգնելու ենք այս դիրքերի վրա եւ ոչ մի քայլ չենք նահանջելու: Հիմա վերադառնամ մեր կարգախոսին։ Այն, ինչպես նշեցի, երեք մասից է բաղկացած` «ոչ մի ձայն»-ը՝ մի մաս, «հանցավոր»-ը՝ երկու եւ «ռեժիմ»-ը՝ երեք: Երկուսի մասին խոսեցի, անդրադառնամ «ոչ մի ձայն»-ին: Երբ որ ասում ենք՝ «Ոչ մի ձայն», սա դատարկ կոչ չէ, դրա համար իրական հիմք ունենք. իսկապես, այս երկրում ռեժիմը ձայն չունի: Նույնիսկ այն պաշտոնյանները, օլիգարխները, որոնք հլու-հնազանդ ծառայում են այս իշխանություններին, իրենց կողոպտածից բաժին են հատկացնում պետական պաշտոնյաներին, նրանց հետ միասին ուտել-խմելուց, կենաց ասելուց, գովաբանելուց հետո, երբ գնում են տուն, փակում են դուռը եւ կնոջ հետ նստած՝ անիծում են Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Այն գյուղապետերը, դպրոցների տնօրենները, որոնց իշխանությունները նվաստացնում են, ստիպում են հանցագործ դառնալ, ընտկեղծիքների մասնակցել, տուն գնալուց հետո անիծում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին: Անգամ այն մարդիկ, ովքեր 5, 10 կամ 20 հազար դրամ ընտրակաշառք են վերցնում, տուն գնալուց հետո անիծում են այդ անիծյալներին։ Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը Հայաստանում ձայն չեն ունեցել: Նրանք իրենց ձայներն ապահովում են կեղծիքների, վարչական մեքենայի, ոստիկանական ահաբեկումների, հարկային ծառայության միջոցով, ավելին՝ քրեական տարրերի, թաղային հեղինակությունների օգնությամբ: Այնպես որ՝ «Ոչ մի ձայնը», ինչպես կարող է թվալ, հռետորական խոսք չէ, այլ իրականություն է, եւ ես դա կապացուցեմ:
Եթե Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն կամ նրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանը ձայն ունենային, ապա ինչո՞ւ պիտի ընտրացուցակներում երկրից մշտապես բացակա 700 հազար ընտրողների անուն լիներ, ինչների՞ն էր պետք։ Չէ՞որ 2,5 մլն մարդ երբեք չի մասնակցում ընտրություններին, նախագահական ընտրություններում ցույց են տալիս 1.6, 1.7 մլն, ԱԺ ընտրություններում` ավելի պակաս, իսկ իրականում`էլ ավելի քիչ է մասնակցությունը: Ուրեմն ինչների՞ն են պետք բացակա այդ մարդիկ։ Պետք են, որովհետեւ եթե այդ մարդիկ չլինեն, նրանք ոչ մի ձայն չեն ունենա, նրանց ձայները երկրից բացակայող քաղաքացիներն են:
Հաջորդ փաստարկները. եթե ձայն ունենային, ինչո՞ւ պիտի գյուղապետերին, դպրոցի տնօրեններին ստիպեին, հարկադրեին անդամագրվել ՀՀԿ-ին: Եթե նրանք ձայն ունենային, ինչո՞ւ պիտի վախենային, որ քվեարկողները թանաքոտեն մատը: Չէ՞ որ եթե ասում են` մեզ ժողովուրդը սիրում է, մենք հաղթող ենք, միշտ հաղթում ենք, հաղթելու ենք, է՝ թող գան, թանաքոտեն մատը, ի՞նչ է լինելու: Գիտե՞ք` ինչ փաստարկ են բերել, երբ դիտորդներն այս հարցը բարձրացրել են նրանց առաջ: Ասել են` դա չի սազում 3000 տարվա, իսկ Սերժ Սարգսյանի նոր տեսությամբ` 8000 տարվա քաղաքակիրթ մի ազգի, ինչպիսին հայ ժողովուրդն է, ամոթ է մեզ համար, մենք դրանով կնմանվենք աֆրիկյան հետամնաց երկրներին: Բացի այն, որ այս խոսքն ինքնին ռասիզմի դրսեւորում է, ստացվում է նաեւ, որ չեն ամաչում՝ երբ տնտեսական, սոցիալական բոլոր ցուցանիշներով աֆրկյան երկրներից ցածր են, բայց մատների թանաքոտումից ամաչում են: Կամ եթե ռեժիմը ձայն ունենար, ինչո՞ւ պիտի վախենար հրապարակել տեղամասերում ստորագրված ընտրացուցակները: Մեր ժամանակ դա կար` ցուցակները ստորագրումից հետո, երբ տեղամասերը փակվում էին, անմիջապես կախվում էին տեղամասի պատին, եւ ցանկացած մարդ կարող էր գալ եւ ստուգել` ո՞ր բացակա քաղաքացիների փոխարեն են ստորագրել կամ մասնակցել քվեարկությանը: Ինչի՞ց եք վախենում՝ եթե արդար եք, եթե ձայն ունեք: Եթե ձայն ունենային, ինչի՞ են վախենում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրել: Ես գիտեմ, փաստ կա` արեւմտյան որոշ երկրներ նույնիսկ առաջարկել են ՀՀ իշխանություններին, դիտորդներն են այդ հարցը բարձրացրել իշխանությունների հետ համատեղ խորհրդակցության ժամանակ, որ պատրաստ են Հայաստանի բոլոր 2000 տեղամասերում տեսախցիկներ տեղադրել, գումարն էլ կա: Իշխանությունները կտրականապես մերժել են: Եթե ձայն ունեցող ես, ինչի՞ ես վախենում: Ուստի սա ինձ համար հռետորական պնդում չէ` Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այս երկրում ոչ մի ձայն չունեն:
Բնականաբար, մեզ պիտի հարցնեն`գաք խորհրդարան, ի՞նչ եք անելու: Չէ՞ որ մենք ասում էինք անմիջապես իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ: Այո, ասում էինք, պայքարեցինք, ամեն ինչ արեցիք, չեղավ: Բայց դա չի նշանակում, որ պայքարը պետք է դադարեցնել: Չեղավ միանգամից, պետք է տեղի ունենա աստիճանաբար. նախ` խորհրդարանում, հետո` նախագահական ընտրություններում։ Սա է քաղաքականությունը: Մենք երբեք չենք խորշել որեւէ հնարավորությունից, ցանկացած հնարավորություն օգտագործել ենք եւ պիտի օգտագործենք մեր գլխավոր նպատակին հասնելու` այս չարիքից Հայաստանն ազատելու համար: Ի՞նչ ենք անելու խոհրդարանում: Մեր ծրագրերը ձեզ հայտնի են, որոնց հիման վրա կազմել ենք մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները։ Այդ ծրագրերն ընդգրկում են բոլոր բնագավառները՝ ե՛ւ քաղաքականություն, ե՛ւ տնտեսություն, ե՛ւ սոցիալական ոլորտ, ե՛ւ մշակույթ, ե՛ւ գիտություն, ե՛ւ կրթություն, բայց դրանք ձեզ համար կարող են վերացական թվալ: Կոնկրետ` մտնում ենք խորհրդարան, եւ եթե Կոնգրեսը մեծամասնություն է ստանում, ապա հենց առաջին իսկ նիստում բարձրացնում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Եթե մեծամասնություն չենք ստանում, բայց մեր կողքին լինում են ուժեղ ընդդիմադիր խմբակցություններ, եւ նրանք համաձայնում են մասնակցել մեր նախաձեռնությանը, միեւնույն է` մենք նորից բարձրացնում ենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Եթե դա էլ չի լինում, բայց մենք ԱԺ-ում ունենում ենք լուրջ ներկայություն` մեծ խմբակցություն, մենք խորհրդարանը դարձնում ենք պլացդարմ՝ Ս. Սարգսյանին հեռացնելու խնդիրը լուծելու համար. նախագահական ընտրությունները շատ հեռու չեն, այս աշնանն սկսելու է այդ գործընթացը: Եւ իմացեք` եթե Կոնգրեսը 4 տարի շարունակ հզոր էր փողոցում, հրապարակներում, դրան գումարելով խորհրդարանում ուժեղ խմբակցությունը` Կոնգրեսի ուժը տասնապատկվում է: Եւ, բնականաբար, մենք, լինելով կառուցողական քաղաքական ուժ, պիտի օգտագործենք նաեւ խորհրդարանի բոլոր հնարավորությունները: Այո, զուգահեռ պետք է նաեւ շատ կառուցողական, օրենսդրական գործունեությամբ զբաղվենք:
Ի՞նչ է դա նշանակում։ Գիտեք` օրենքների նախագծերը բերում է կառավարությունը, երբեմն էլ խորհրդարանական հանձնաժողովներն են օրենքների նախագծեր ներկայացնում։ Մենք պետք է ներկայացնենք այն բոլոր օրենքները, այն բոլոր բարեփոխումները, որոնք ի վիճակի կլինենք անցկացնել հանձնաժողովներում: Ցանկացած բարեփոխման, օրենքի կատարելագործման կողմ ենք լինելու, եթե այն նպաստում է մեր երկրում կարգուկանոնի հաստատմանը, տնտեսության զարգացմանը, ժողովրդի բարգավաճմանը։ Բայց եթե մեր առարկությունները եւ առաջարկությունները չընդունվեն՝ բոլոր այդ օրենքներին մենք դեմ ենք քվեարկելու, մենք չենք մասնակցելու իշխանությունների հանցանքներին` լինի դա բյուջե թե ցանկացած այլ օրենք: Սա աշխարհի բոլոր երկրներում ընդդիմության գործունեության նորմալ ձեւն է: Երկրորդ` խորհրդարանը մենք դարձնելու ենք գործադիր իշխանությանը իրական հակակշիռ, մենք նրանց օր ու արեւ չենք տալու, գիշեր-ցերեկ, նախագահից սկսած, վարչապետին, նախարարներին հրավիրելու ենք խորհրդարան եւ հաշիվ ենք պահանջելու նրանցից ցանկացած անօրինականության ու զանցանքի համար: Վովա Գասպարյանը, դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանից դուրս չեն գալու` գիշեր-ցերեկ լինելու են մեր հարցերի տարափի տակ: Մի օրինակ բերեմ, մի շաբաթ առաջ դիտում էի Ռուսաստանի Դումայի նիստը, որտեղ հրավիրել էին ՆԳ նախարար Նուրգալիեւին։ Տեսնեիք՝ ինչ վիճակի մեջ գցեցին այդ մարդուն, ինչ լուտանքեր են տեղացին, ինչ բացահայտումներ կատարեցին, ինչպիսի վիրավորանքներ հասցրին, պահանջեցին նրա հրաժարականը: Մեր խորհրդարանում այդպիսի բան տեսե՞լ եք: Եթե նրանք` այդ նախարարները, իրենց այդքան լկտի պահող, հոխորտացող, ժողովրդի հետ չգիտեմ ինչ լեզվով խոսողները հրավիրվեին խորհրդարան, եւ նրանցից հաշիվ պահանջեին, անգամ այս գող, ավազակ, սրիկա իշխանությունը չէր կարող անել այն, ինչ մինչ հիմա արել է։ Մինչեւ որ նրանցից վերջնակապես կազատվենք: Իշխանության խնդիրը ո՞րն է. նախ` օրինակարգությունը, այն պիտի օրինական ընտրված լինի, եւ երկրորդ` պիտի հաշվետու լինի ժողովրդի առջեւ: Ո՞րն է հաշվետվության էությունը. եթե տվյալ մարդը, քաղաքական ուժը կատարել է իր խոստումները եւ այն ծրագրերը, որոնք ժողովուրդն ընդունել է, բնականաբար, նա նորից կարող է վստահություն շահել: Եթե չի կատարել, նա պետք է հեռանա: Դա է հաշվետվությունը։ ժողովուրդը նրանից հաշվետվություն պահանջելու ուրիշ միջոց չունի: Ընտրե՞լ է, եւ վա՞տ է աշխատել, ուրեմն, պիտի գնա: Պետության կենսունակության եւ օրինականության հիմքը իշխանության փոփոխելիությունն է: Իշխանությունը պետք է անընդհատ փոխվի, նույնիսկ օրենքներ, ժամկետներ են սահմանել` որ նախագահը երկու ժամկետից ավելի չի կարող պաշտոնավարել, երկրներ կան, որտեղ մեկ ժամկետ է տրվում, բազմաթիվ սահմանափակումներ են դրված, որպեսզի նույն ուժը երկար ժամանակ չմնա իշխանության: Ամենալավ իշխանությունն անգամ, եթե երկար ժամանակ մնում է, նա լավագույն դեպքում երկիրը տանում է լճացման, իսկ որպես կանոն՝ բռնապետության:
Այդպես է ամբողջ աշխարհում: Միայն տնտեսական ճգնաժամի պատճառով վերջին 2-3 տարվա ընթացքում Եվրոպայում փոխվեցին տասնյակ կառավարարություններ: Փոխվեցին շատ ավելի անմեղ թերացումների համար: Եթե նրանցից որեւէ մեկն այնպիսի հանցանքներ գործած լիներ, ինչպիսին Հայաստանի իշխանություններն են գործել, նրանք մեկ օր անգամ չէին դիմանա իշխանության ղեկին։ Մի փոքր նվազեցրին թոշակները, մի քիչ կրճատեցին աշխատավարձերը, մի քանի աշխատատեղ կրճատվեց, ժողովրդի բանկային ավանդները մի քիչ նվազեցին, եւ ժողովուրդն ըմբոստացավ:
Եվրոպայում բոլոր կառավարությունները փոփոխվում են: Սա է քաղաքական ու քաղաքակիրթ ձեւը։ Եթե չփոփոխվեին, Եվրոպան հեղափոխությունների շատ մեծ փորձ ունի, եւ այնտեղ էլ տեղի կունենային այն նույն իրադարձությունները, ինչ տեղ ունեցան արաբական երկրներում: Արաբական երկրներում էլ, եթե իշխանությունները փոփոխելի լինեին, ապա այդ հեղափոխությունները չէին լինի: Իր պարտականությունները չկատարած իշխանությունը պետք է հեռանա` հանգիստ, սիրուն, արժանպատիվ կերպով, ներողություն խնդրելով ժողովրդից: Ոչինչ, կգան ուրիշ իշխանություններ, կանցնի ժամանակ, ժողովուրդը նրանց էլ կքշի, ավելի վաղ քշված իշխանությունն էլ կարող է դասեր քաղած լինել, նորից ստանալ ժողովրդի վստահությունը: Եղել են կառավարություններ, վարչապետներ, որոնք մի քանի անգամ ընդմիջումներով նորից վերադարձել են իշխանության: Մենք գանք իշխանության՝ կկատարե՞նք մեր խոստումները, շատ լավ, չե՞նք կատարի` մեր վզակոթին էլ կտաք եւ կքշեք իշխանությունից:
Ահա սրա համար ենք մենք գալիս իշխանության: Իշխանությունը ձեզ վերադարձնելու համար, ձեզ` մեզ վռնդելու իրավունք տալու համար: Ժողովուրդը շատ նրբություններ լավ չի հասկանում, եւ ես ժողովրդին չեմ մեղադրում, ես ավելի շատ մեղադրում եմ մեր քաղաքագետներին, մեր լրատվական դաշտին, որոնք չեն բացատրել ժողովրդին խորհրդարանի կարեւորությունը: Դժբախտաբար, այդպես է եղել, Հայաստանում ժողովուրդը մոբիլիզացվել է նախագահական ընտրությունների ժամանակ, սեւ ու սպիտակի ժամանակ, անձերի միջեւ ընտրություն կատարելու ժամանակ, իսկ խորհրդարանը կարեւոր չի համարվել: Բայց խորհրդարանական ընտրությունները նույնքան եւ գուցե ավելի կարեւոր են, քան նախագահական ընտրությունները, որովհետեւ եթե խորհրդարանը իշխանության գրպանում չլիներ` ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ Սերժ Սարգսյանը երբեք նախագահ չէին ընտրվի: Հիմա մեր խնդիրն է խորհրդարանը հանել այդ ռեժիմի գրպանից: Եթե հանում ես, խորհրդարանը դարձնում ես հակակշիռ, եթե անգամ մենք մեծամասնություն էլ չստանանք, եթե անկեղծ, լուրջ, իրական ընդդիմությունն այնտեղ ունենա թեկուզ 45 տոկոս եւ մինչեւ նախագահական ընտրությունները գործի որպես լիարժեք հակակշիռ, ապա Սերժ Սարգսյանը ծոծրակը կտեսնի, նախագահի աթոռն այլեւս չի տեսնի:
Ուրեմն, «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը «ձայն բառբառո հանապատի» չի մնալու, եւ դուք դա պիտի ապացուցեք: Պետք է այնպես անեք, որ երբ Սերժ Սարգսյանը բացի քվեատուփերը, մի քվեաթերթիկ անգամ չգտնի իր օգտին: Դուք ինձանից միշտ ի՞նչ էիք պահանջում` «հիմա»: Մայիսի 6-ը հենց այդ «հիմա»-ն է: «Հիմա»-ն եկել է, դե արեք այն, ինչ ինձանից պահանջում էիք:
Ես ասում էի` «հիմա»-ի պահը գալու է, ուրեմն, մայիսի 6-ը դառնալու է հայ ժողովրդի փրկության, արժանապատվության վերականգնման եւ աշխարհի երկրների շարքում մեր պատվավոր տեղը ձեռք բերելու օրը: Եւ դա անելու եք դուք: Իմացեք`ով ձայն տվեց Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին, նա եթե չի դառնում անգամ նրանց հանցակիցը, ապա դառնում է սեփական երկրի կործանման միջոցը: Մայիսի 6-ը մի Սարդարապատ է: Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ղարաքիլիսան կորցնելուց հետո եկավ մի պահ, երբ այս ժողովուրդն ասաց` բավ է։ Եւ Սարդարապատում մեզ հաջողվեց կանգնեցնել թուրքերին. եղավ Սարդարապատ, եղավ Բաշ Ապարան։ Մայիսի 6-ը լինելու է հայ ժողովրդի նոր Սարդարապատը, նոր Բաշ Ապարանը, եւ դուք էլ դառնալու եք այս նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի հերոսները:
20 Ապրիլ 2012