Jump to content

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. հունիսի 26-ի հանրահավաքում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. հունիսի 26-ի հանրահավաքում



Սիրելի հայրենակիցներ

Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների եւ լրագրողների կողմից, դիտվելով որպես լուրջ հետեւանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից։ Դրանում համոզվելու համար բավական է համեմատել նշված բոլոր հայտարարությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված պատգամներ պարունակող հատվածները.

Ակվիլա-Իտալիա. 10.06.2009. «Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։... Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին մենք հորդորում ենք վերացնել իրենց միջեւ մնացած չնչին տարաձայնությունները եւ ավարտին հասցնել նրանց համաձայնությունը Հիմնարար սկզբունքների շուրջ»։ Մուսկոկա-Կանադա. 26.06.2010. «Մենք վերահավաստում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հարցում։... Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը եւ ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով սկսելու խաղաղության համաձայնագրի նախագծի պատրաստումը»։

Դովիլ-Ֆրանսիա. 26.05.2011. «Մենք խստորեն հորդորում ենք կողմերի առաջնորդներին՝ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, եւ ոչ թե պատերազմի։... Մենք, հետեւաբար, կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսեւորել՝ հունիսին կայանալիք իրենց հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու համար»։

Լոս Կաբոս-Մեքսիկա. 18.06.2012. «Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, որոնք ձեռնարկելու կոչով մեր երկրները հանդես էին եկել 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությամբ։... Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ։ Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը եւ խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։

Դժվար չէ նկատել, թե նախորդ հայտարարությունների համեմատ որքան է կոշտացել վերջին հայտարարության ոճը, որը եթե դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետեւյալը.

  • ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, թեեւ մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
  • Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաեւ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
  • Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
  • Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
  • Եւ վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։

Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի եւ Օլանդի ուղերձի իմաստը հետեւյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ, բավական է խաղաք մեր համբերության հետ եւ հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»։

Իսկ թե որն է այդ ուրիշ լեզուն, կարելի է գուշակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված որոշ հեղինակավոր փորձագիտական գնահատականներից։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պաշտպանության եւ պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից, Ուեյն Մերիի ս.թ. մայիսի 14-ին հրապարակած ուշագրավ հոդվածը, որի բովանդակությունը կարելի է ամփոփել հետեւյալ կետերում.

1. Մինսկի խումբը թեեւ բարեխղճորեն աշխատել է կարգավորման բովանդակության եւ տեխնիկական մանրամասների ուղղությամբ, բայց քսան տարի անց նկատելի առաջընթաց չի ապահովել երկու կողմերի հանրային հիասթափությունը փարատելու հարցում։ Տասնամյակներ տեւող միջնորդական առաքելությունը ավելի շուտ համընդհանուր ցինիզմ, քան խաղաղ ելքի հույս է առաջացրել։ Միջազգային միջնորդությունը Բաքվի եւ Երեւանի իշխանություններին հնարավորություն է տվել խուսափելու սեփական ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու իրենց բուն պատասխանատվությունից։ Մինսկի խումբն օգտագործելով որպես քող, երկու կառավարությունները թեեւ, որպես կանոն, պատրաստակամություն են հայտնել առաջընթաց ապահովելու, բայց ձախողման մեղքը մշտապես բարդել են մյուս կողմի վրա։ Որոշ ավագ փորձագետների կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարումը թեկուզ ժամանակավորապես կարող էր նույնիսկ բարելավել դիվանագիտական հեռանկարները։

2. Անցած քսան տարիների ընթացքում ամերիկյան, ֆրանսիական եւ ռուսական վարչակազմերը, հակամարտող կողմերին ներգրավելով նախագահական մակարդակի հանդիպումներում, փորձել են դիվանագիտական բեկում ապահովել Ղարաբաղի հարցում։ Դժբախտաբար, նախագահական այդ նախաձեռնությունները ձախողվել են, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն կամեցել կամ անկարող են եղել քաղաքական կամք կամ քաջություն դրսեւորել՝ ընդունելու այդ նախաձեռնությունները։ Զույգ կառավարություններն էլ, թեեւ քաջ տեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, բայց ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների։ Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին, եւ ոչ թե ժողովուրդներին։ Այն, ինչ այսօր պահանջվում է, միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն, Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար, արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է՝ համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով։ Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջեւ հնացած տիպի գործարք-համաձայնություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային եւ միջազգային շահերը։

3. Եթե այս ամենը չարվի, ապա հեղինակի կարծիքով, այլընտրանքը մնում է պատերազմը, որի հավանականությունը ոչ միայն չի փոքրացել, այլ քանի գնում մեծանում է՝ նախեւառաջ դիվանագիտական ջանքերի վիժեցման, իսկ ապա՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սկսված սպառազինությունների թեժ մրցավազքի, երկուստեք թշնամանքի խորացման, մաքսիմալիստական նկրտումների արտահայտման, եւ մանավանդ հրադադարի ինտենսիվացած խախտումների եւ սահմանային բախումների ու միջադեպերի հաճախակիացման պատճառով, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի, ըստ հոդվածագրի, ժամանակն է, որ արտաքին ուժերն սպասարկեն իրենց սեփական շահերը եւ միջնորդությունից այն կողմ անցնեն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը երրորդ տասնամյակ՝ լուծում չէ, ոչ էլ նոր պատերազմի սպասումը։

Ինչպես տեսնում ենք, Ուեյն Մերրիի նախօրոք հրապարակված հոդվածը բավականին համահունչ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը։ Այս հանգամանքը չի նշանակում, անշուշտ, որ դրանից հեռուն գնացող հետեւություններ պետք է անել։ Բայց որ ե՛ւ նախագահների հայտարարությունը, ե՛ւ խնդրո առարկա հոդվածը լուրջ մտորումների տեղիք են տալիս, կասկածից վեր է։ Եթե ոչ այլ բան, ապա պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Իլհամ Ալիեւի մանեւրի դաշտը գնալով նեղանում է։

* * *

Այժմ անցնելով մեր երկրի ներքին խնդիրներին, ուզում եմ կանգ առնել միայն մի չափազանց կարեւոր իրադարձության վրա, թեկուզ այդ մասին բավականին հանգամանորեն խոսեցին նախորդ հռետորները։ Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձեւավորումից եւ կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ։ Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլեւ մամուլի միջոցներից շատերը։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ.

  • «Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանում արժանացավ միանգամից չորս խմբակցությունների լուրջ դիմադրությանը։ Ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորներն անխնա քննադատության ենթարկեցին ոչ միայն այդ ծրագիրը, այլեւ այն իրականացնելու հայտ ներկայացրած թիմին» («Ժողովուրդ». 21.06.2012)։
  • «Խորհրդարանական չորս ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» երեկ մի քանի ժամ շարունակ, պատկերավոր ասած, ջախջախում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ խորհրդարանի հաստատմանը ներկայացրած նրա հնգամյա ծրագիրը։ Ընդ որում, ջախջախում էին ոչ թե խոսքով, այլ փաստերով, թվերով, հիմնավորումներով» («Հայկական Ժամանակ». 21.06.2012)։
  • «Չգիտեմ՝ օրակարգի հարցն էր պատճառը, թե այսուհետ Ազգային Ժողովի նիստերը միշտ են այսպես բուռն ու հետաքրքիր անցնելու, բայց երեկ խորհրդարանում ընթացող քննարկումից պառլամենտի «հոտ» էր փչում։... Եթե այսպես գնա, ապա առաջիկայում կառավարությունը, նախագահի աշխատակազմը, դատական համակարգը չեն կարող չձգվել եւ չփորձել հասնել ԱԺ-ին՝ իրենց գործառույթներն իրականացնելու մրցավազքում» («Հրապարակ». 21.06.2012)։
  • «Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը վկայեց, որ երկրում դինամիկ փոփոխության է ենթարկվում ոչ միայն պարզապես իշխանությունը, այլ քաղաքական համակարգն ընդհանրապես։... Բոլորին պարզ է դարձել, որ խորհրդարանը դարձել է կոշտ, իրական քաղաքական պայքարի ասպարեզ։ Ներկայումս Հայաստանում կա ադեկվատ ընդդիմություն, եւ նա արդեն դա ապացուցել է խորհրդարանի առաջին նիստում» («Լրագիր». 21.06.2012)։
  • «17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ ԱԺ-ում կարող են հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարող է դեմ լինել 47 պատգամավոր եւ այլն։... Մթնոլորտը փոխվել է եւ պառլամենտը, աչքով չտանք, սկսել է կատարել իր գործառույթները» («Առավոտ». 22.06.2012)։

Կարծում եմ, անիմաստ է շարունակել նման գնահատականների թվարկումը, որովհետեւ դրանք անսպառ են։ Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության եւ մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետեւ ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միեւնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը եւ այլն։ Թեեւ այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել եւ նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները եւ վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, եւ երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։

Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երեւույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախեւառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, եւ Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ Եւ երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որեւէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենեւին պետք չէ խրտնել այդ բառից։

Ինչեւիցէ, իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետեւյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ եւ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը։ Այսինքն, փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու եւ նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրեւ-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, եւ կարծես-թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաեւ հարկային, ուժային եւ վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում «Բարգավաճ Հայաստանը», պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին եւ չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Տարիներ շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, գնդակոծվեց, բանտերն ընկավ եւ այլն, բայց որեւէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչեւ վերջնական հաղթանակ։ Եթե այս ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետեւաբար, նրա գոյության եւ քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, եւ մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաեւ քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրեց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, եւ ինչո՞վ են զբաղված խառնակիչները։

Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաեւ, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաեւ այսուհետեւ։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետեւ կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթեւացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթեւացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաեւ Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետեւանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի եւ իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական եւ իրավական պետության կայացման միակ գրավականն է։

Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան խորհրդարանի հետագա գործունեության ընթացքում կամ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայտնի կդառնան ամառային արձակուրդներից հետո, մանավանդ առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին, ինչի մասին մենք ձեզ հետ կխոսենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, որն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն։


26 Հունիս 2012