Լիգեյա
[ 136 ]
- Եվ դրանում է անվախճան կամքը, որի խորհուրդը և զորությունն անկարելի է ճանաչել։ Վասնզի Աստվածն ինքը գերագույն կամք է, որն իր նախասահմանված էությամբ արդարև տոգորում է ամեն բան։ Մարդ արարածը երբեք լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, և ոչ էյ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը։
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ինչպես, երբ կամ նույնիսկ որտեղ ծանոթացա լեյդի Լիգեյային։ Աչդ օրվանից երկար տարիներ են անցել, և իմ հիշողությունն անթիվ տառապանքներից ջլատվել է։ Թերևս ես չեմ հիշում այդ ամենը նաև այն պատճառով, որ ժամանակին իմ սիրելիի բնավորությունը, բացառիկ կրթվածությունը, եզակի ու հեզ արտաքինը ու մեղեդային մեղմ ձայնի թովիչ ու գերող ելևէջները աստիճանաբար ու աննկատ են թափանցել իմ սիրտը։ Բայց և այնպես ինձ թվում է, թե ես առաջին անգամ և ամենից հաճախ նրան տեսել եմ Հռենոսի ափին գտնվող մի հին, մեծ ու խարխուլ քաղաքում։ Իր ընտանիքի մասին... Դե, իհարկե, նա ինձ պատմել է։ Կասկած չկա, որ նրա տոհմը դարերի խորքից է գալիս։ Լիգե՜յա։ Լիգե՜յա։ Իմ զբաղմունքների բնույթն ամենից առավել նպաստում է աշխարհիկ հուշերի բթացմանը, և լոկ այդ քաղցր անունը՝ Լիգեյա, կարող է աչքերիս առաջ բերել կերպարը նրա, ով, ավա՜ղ, այլևս չկա։ Եվ այժմ, այս տողերը գրելիս, ես հանկարծ հիշեցի, որ երբեք չեմ իմացել ազգանունը նրա, ով իմ հարսնացուն էր և ընկերը, իմ պարապմունքների մասնակիցը, իսկ ապա նաև՝ իմ պաշտելի ամուսինը։ Թերևս Լիգեյան կատակ էր անում, կամ պարզապես իմ նվիրվածությունն էր փորձում, բայց ես պարտավոր էի երբեք չհարցնել այդ անունը։ Գուցե դա նույնիսկ իմ սեփական քմահաճույքն էր՝ իմ ռոմանտիկ նվիրաբերությունը աշխարհիս ամենից կրքոտ պաշտամունքի զոհասեղանին։ Ինչ էլ որ լինի, ես աղոտ եմ հիշում նույնիսկ բուն փաստը, ուր մնաց թե այն ծնող կամ նրան ուղեկցող հանգամանքները։ Եվ իրոք, եթե խանդաղատանքի ոգին, եթե կռապաշտ եգիպտացիների դժխեմ Աշտոֆետ աստվածուհին իր միգախառն [ 137 ] թևերով իսկապես գուժում է ճակատագրական ամուսնությունների օրերին, ապա նա, անկասկած, ներկա էր նաև իմ հարսնահանդեսին։
Սակայն ինձ համար շատ թանկ մի հարցում հիշողությունս ինձ չի դավաճանել։ Ես լավ եմ հիշում Լիգեյայի կերպարը։ Նա բարձրահասակ էր, նրբակազմ, իսկ իր կյանքի վերջին օրերին՝ նույնիսկ հյուծված։ Ապարդյուն կլիներ նկարագրել, թե որքան վեհ ու անբռնազբոսիկ կեցվածք ուներ նա, ինչքան ճկուն ու թեթև էր ճեմում։ Նա հայտնվում ու հեռանում էր ստվերի պես։ Երբ նա մտնում էր իմ մեկուսի աշխատասենյակը, ես նրա ներկայությունը զգում էի միայն իր քաղցր մեղեդային ձայնից ու մարմարե ձեռքի հպումից։ Ոչ մի կին չէր կարող իր դեմքի գեղեցկությամբ երբևէ համեմատվել Լիգեյայի հետ։ Նրա դեմքը ողողված էր ափիոնից ներշնչված անուրջներին հատուկ եթերային մի փայլով, որն իր վեհությամբ գերազանցում էր նույնիսկ Դելոսի դուստրերի հոգին պարուրած չքնաղ երազներին։ Չնայած դրան, Լիգեյայի դիմագծերը զուրկ էին այն կանոնակազմությունից, որ մեզ սովորեցրել են պաշտել հեթանոսական շրջանի դասական կերտվածքներում։ «Կատարյալ նրբագեղությունը,— գեղեցիկի բոլոր ձևերի ու սեռերի մասին խոսելիս նկատել է Վերուլամի լորդ Բեկոնը ,— անհնար է պատկերացնել առանց համաչափությունների որոշակի տարօրինակության»։ Ու թեպետ ես տեսնում էի, որ Լիգեյայի արտաքինը զուրկ է դասական կանոնավորությունից, թեպետ նա հիրավի «նրբագեղ» էր ու «տարօրինակությամբ» լեցուն, այնուհանդերձ անկարող էի մատնանշել, թե ինչն էր նրա մեջ այդքան անսովոր։ Լիգեյայի լայն և գունատ ճակատն անբասիր էր (որքան սա՜ռն է հնչում այս բառը նրա աստվածային վեհության նկատմամբ) և իր գույնով կարող էր մրցել ամենից ազնիվ փղոսկրի հետ։ Նրա անխռով և տիրատենչ ճակատը քունքերից վեր փոքր֊ինչ լայնանում և ծածկվում էր հիասքանչ սևորակ մազերի շողշողուն խոպոպներով, որոնք ակամա հիշեցնում էին Հոմերոսի «հակինթյա» մակդիրը։ Միայն եբրայական մեհեվանդների պատկերներն ունեն քթի այնպիսի նրբին ուրվագիծ, ինչպիսին Լիգեյայինն էր՝ նույն փարթամ ողորկությունը, հազիվ նշմարելի արծվակերպությանը և ոգու ազատություն վկայող ռունգների ներդաշնակ կամարները։ Ես հիանում էի Լիգեյայի դյութիչ բերանով. այն արդարև աստվածային կատարելության գագաթնակետն [ 138 ] էր՝ փոքրիկ վերին շուրթի սքանչելի կորությունը, ստորինի նիրհող քնքշությունը, կայտառ փոսիկները, խոսուն գույները, և վերջապես, ատամները, որոնք խրտնեցնող փայլով վերադարձնում էին լույսի շողերն ամեն անգամ, երբ Լիգեյան ժպտում էր։ Ես զմայլվում էի նրա կզակի չքնաղ կազմությամբ, վսեմությամբ ու շնչավորությամբ՝ այդպիսի օրինակ լոկ Ապոլոնը, և այն էլ քնի մեջ, ցույց էր տվել աթենացու որդի Քլեոմենեսին։ Այնուհետև ես նայում ու զմայլվում էի Լիգեյայի խոշոր աչքերով։
Հին դարերից աչքերի դասական օրինակ մեզ չի հասել։ Թերևս իմ սիրելու հենց աչքերն էին թաքցնում այն գաղտնիքը, որին անդրադարձել է Վերուլամի լորդը։ Համենայն դեպս, ինձ թվում էր, թե նրանք սովորական մարդկային աչքերից շատ ավելի մեծ են և նույնիսկ ավելի լիածիր, քան Նուրջահադի հովտում բնակվող ցեղի կանանց՝ եղնիկի աչքերին նմանվող աչքերը։ Լիգեյայի աչքերի այդ առանձնահատկությունը երևում էր շատ հազվադեպ, միայն կատարյալ հափշտակվածության պահերին։ Այդպիսի պահերին ինձ թվում էր (թեև դա կարող էր նաև իմ բորբոքված երևակայության արդյունքը լինել), որ նրա գեղեցկությունը երկնային, համենայն դեպս, ոչ հողեղեն բնույթ է ստանում, նման թուրքերի առասպելական հուրիներին։ Լիգեյայի շլացուցիչ սև աչքերի վրա եբենոսյա, անհավատալիորեն երկար թարթիչներ էին կախված։ Նրա փոքր֊ինչ անկանոն կամարված հոնքերը նույն գույնն ունեին։ Բայց Լիգեյայի աչքերի «տարօրինակությունը» ոչ թե նրանց ձևի, գույնի կամ պայծառության մեջ էր, այլ անկրկնելի արտահայտության։ Անիմա՜ստ բառ, որի հնչեղությամբ մենք փորձում ենք քողարկել մարդկային հոգու ճանաչման մեր կատարյալ անկարողությունը։ Լիգեյայի աչքերի արտահայտությո՜ւնը... Քանի՜֊քանի ժամ եմ խորհել այդ մասին... Ամառային մի ամբողջ գիշեր ես ապարդյուն փորձում էի գուշակել այդ արտահայտության խորհուրդը։ Ի՞նչ էր թաքնված այնտեղ, իմ սիրելու բիբերի ընդերքում, որ Դեմոկրիտի ջրհորից էլ խորն էին։ Ի՞նչ էր դա։ Ինձ այրում էր այդ գաղտնիքն իմանալու մորմոքը։ Լիգեյայի աչքե՜րը... Նրա խոշո՜ր, փայլուն, երկնայի՛ն աչքերը։ Նրանք ինձ համար Լեդայի զույգ աստղերը դարձան, իսկ ես՝ ամենից նվիրված աստղագուշակը։
Մարդկային բանականությամբ զբաղվող գիտության բազմաթիվ [ 139 ] անմեկնելի խոտորումների թվում չկա ավելի ուշագրավ փաստ (ըստ իս, դեռ ոչ մի դպրոցի ուշադրության չարժանացած), քան այն, որ փորձելով վերհիշել վաղուց մոռացված մի բան, մենք հաճախ ընդհուպ մերձենում ենք նրան. թվում է, թե ուր որ է կհիշենք, բայց այդպես էլ չենք հիշում։ Ճիշտ այդպես, ամեն անգամ Լիգեյայի աչքերին նայելիս ինձ թվում էր, որ ես ուր որ է կըմբռնեմ նրանց արտահայտության խորհուրդը՝ ես զգում էի, թե ինչպես է այն մոտենում, համարյա հասնում ինձ, բայց, ավաղ, նորից ետ քաշվում։ Դրա հետ մեկտեղ (տարօրինակ, խորհրդավո՜ր գաղտնիք) բազմաթիվ ծանոթ առարկաներում ես գտնում էի այդ անկրկնելի արտահայտության համարժեքները։ Ուզում եմ ասել, որ այն պահից, ինչ Լիգեյայի գեղեցկությունը հանգրվանեց իմ հոգում, ինչպես սրբավայրում, նյութական աշխարհի շատ դրսևորումներ սկսեցին ինձ մոտ առաջացնել նույն այն զգացումը, ինչ նրա հայացքը։ Ես անկարող եմ վերլուծել, սահմանել, կամ թեկուզ նկարագրել այդ զգացումը։ Ես այն ապրում էի, նայելով խաղողի փարթամ որդին, թիթեռին, հարսնյակին, հոսող ջրին։ Նույն զգացումն էր արթնացնում իմ մեջ օվկիանոսը, կամ գիսավոր աստղի անկումը։ Ես այն ճանաչում էի զառամյալ տարիքի հասած մարդկանց հայացքներում։ Կային նաև երեք֊չորս աստղեր (մանավանդ՝ Քնարի համաստեղության մեջ գտնվող վեցերորդ մեծության կրկնակի ու փոփոխական մի աստղ), որոնք նույնպես առաջացնում էին իմ մեջ այդ զգացումը, երբ ես աստղադիտակով երկինքն էի զննում։ Ես վերապրում էի այդ զգացումը նաև այն պահերին, երբ լարային գործիքների նվագ էի լսում, կամ կարդում որոշ գրքերի հատվածներ։ Բազմաթիվ օրինակների թվում լավ հիշում եմ Ջոզեֆ Գլենվիլի գրքի մի պարբերություն, որը (թերևս իր անսովորության շնորհիվ. ո՞վ գիտի) անխափանորեն առաջացնում էր այդ զգացումը. «Եվ դրանում է անվախճան կամքը, որի խորհուրդը և զորությունն անկարելի է ճանաչել։ Վասնզի Աստվածն ինքը գերագույն կամք է, որն իր նախասահմանված էությամբ արդարև տոգորում է ամեն բան։ Մարդ արարածը երբեք լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, և ոչ էլ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը»։
Տարիների հեռավորությունը և իմ հետագա մտորումներն ինձ օգնեցին նույնիսկ ինչ֊որ հեռավոր կապ գտնել անգլիացի [ 140 ] բարոյագետի այդ մտքի և Լիգեյայի խառնվածքի որոշ գծերի միջև։ Նրա մտքերի, արարքների և խոսքերի թափը եթե ոչ հետևանքը, ապա վկայությունն էր կամքի այն վիթխարի ուժի, որը մեր համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում ուրիշ ոչ մի անմիջական դրսևորում չէր ունեցել։ Իմ երբևէ ճանաչած բոլոր կանանցից միայն Լիգեյան էր, արտաքուստ խաղաղ և միշտ անվրդով Լիգեյան, որ անմնացորդ անձնատուր էր լինում խռովահույզ կրքերի վայրի ուրուրներին։ Այդ կիրքը ճանաչելու իմ միակ չափանիշն ու միջոցը Լիգեյայի աչքերի միաժամանակ սարսափ և բերկրանք ներշնչող հեքիաթային լայնացումն էր, նրա մեղմ ձայնի կախարդական ելևէջները և այն ամեհի ուժը (խոսելու անխռով ոճին հակադրվելու շնորհիվ կրկնապատկված), որը պարունակվում էր նրա մոլեգին խոսքերում։
Ես արդեն պատմել եմ Լիգեյայի ակնառու կրթվածության մասին, որպիսին ես ոչ մի կնոջ մոտ չեմ տեսել։ նա քաջ ծանոթ էր դասական լեզուներին և, որքանով ես ինքս կարող էի դատել, տիրապետում էր Եվրոպայի բոլոր ժամանակակից բարբառներին։ Չէր եղել մի հարց, որի վերաբերյալ նա չկարողանար սպառիչ բացատրություն տալ, թեկուզև այն առնչվեր ակադեմիական ամենից խրթին և անմեկնելի խնդիրների հետ։ Ավաղ, ես միայն այժմ ուշացումով հայտնաբերեցի և գնահատեցի իմ սիրելիի այդ բացառիկ, ցնցող բարեմասնությունը։ Կրկնում եմ, որ Լիգեյան կանանց մեջ անօրինակ գիտելիքների տեր էր, բայց մի՞թե կա մի տղամարդ, որն այդքան կատարելապես տիրապետեր բարոյական, ֆիզիկական և մաթեմատիկական բոլոր գիտություններին։ Ժամանակին ես չէի տեսնում այն, ինչ հիմա պարզ գիտակցում եմ, որ Լիգեյան աննախադեպ, բացառիկ նվաճումների էր հասել գիտության մեջ։ Այսուհանդերձ ես նրա գերազանցությունը զգում էի այնքանով, որ մանկան նման ապավինում էի նրա առաջնորդությանը մետաֆիզիկական այն խրթին ուսումնասիրություններում, որոնց մեջ խորասուզված էի մեր ամուսնության առաջին տարիներին։ Ինչպիսի անսահման ցնծությամբ ու խանդավառությամբ, ինչպիսի եթերային սպասումներով էի ես նշմարում այն պայծառ հեռանկարը, որն աստիճանաբար բացվում էր իմ առջև, երբ պարապմունքներիս ընթացքում Լիգեյան ինքնահոժար ու համարյա աննկատելի խոնարհվում էր իմ գրասեղանի վրա։ Ես [ 141 ] տեսնում էի այն երկար ու սքանչելի ուղին, որով դեռ ոչ ոք չէր անցել, և որը պիտի ինձ հասցներ աստվածային իմացության՝ բաց լինելու համար չափից ավելի բաղձալի դռանը։
Որքա՜ն խորը պիտի լիներ, ուրեմն, իմ վիշտը, երբ տարիներ անց ես տեսա, թե ինչպես իմ արդար սպասումները թևեր առան ու անվերադարձ չվեցին֊կորան։ Առանց Լիգեյայի ես նման էի խավարի մեջ խարխափող մի մանկան։ Նրա ընթերցումները, սոսկ նրա ներկայությունը բավական էին, որպեսզի մեզ գերող տրանսցենդենտալ գաղտնիքներըi ողողվեին պայծառ ու սքանչելի լույսով։ Լիգեյայի վառվռուն աչքերի շնորհիվ իմ գրքերի ոսկեփայլ ու շողշողուն երևացող տառերն այժմ ավելի խամրած էին, քան Սատուրնի արճիճը։ Իսկ նրա աչքերն ավելի ու ավելի հազվադեպ էին նայում այն էջերին, որոնք ես կարդում էի։ Լիգեյան հիվանդացել էր։ Նրա մոլեգին հայացքը դարձել էր չափից ավելի բոցաշունչ, դալուկ մատները գերեզմանային երանգ էին ստացել, իսկ ճակատի երկնագույն երակները սկսել էին թրթռալ նույնիսկ ամենաչնչին ապրումից։ Ես հասկանում էի, որ նա պիտի մեռնի, և իմ հոգին անհաշտ պայքարի էր բռնվել խոժոռ Ազրաելիii հետ։ Ինձ ապշեցնում էր, որ իմ քնքուշ կինը ինձնից ավելի կրքոտ ու կատաղի էր պայքարում նրա դեմ։ Լիգեյայի զուսպ նկարագիրն ինձ համոզել էր, որ մահը նրա համար պիտի որ սարսափելի չլիներ, բայց պարզվեց, որ ես սխալվել էի։ Անկարելի է խոսքերով նկարագրել, թե ինչպիսի մոլեգնությամբ էր նա պայքարում մահվան ստվերի դեմ։ Սիրտս մղկտում էր այդ սոսկալի տեսարանից։ Ես կփորձեի մխիթարել, սրտապնդել նրան, բայց խոսքերն ավելի քան անիմաստ էին կյանքի, միայն կյանքի նրա վիթխարի տենչանքի կողքին։ Եվ այնուհանդերձ մինչև վերջին պահը, նույնիսկ իր ալեկոծված հոգու տվայտանքների մեջ, Լիգեյայի արտաքին անխռովությունը նրան չէր դավաճանել։ Նրա ձայնն ավելի մեղմ էր դարձել, բայց ես չէի ցանկանա մեկնաբանել նրա արտասանած բառերի խելահեղ իմաստը։ Ես խելքս կորցնում էի, ունկնդրելով այդ կախարդական մեղեդին, լսելով մահկանացուներին մինչ այդ անճանաչ իղձերն ու բաղձանքները։
Ես չէի կասկածում, որ նա ինձ սիրում է, և ինձ համար դժվար չէր հասկանալ, որ իր խռովահույզ հոգում սերը չէր կարող շարքային մի զգացմունք լինել։ Սակայն միայն Լիգեյայի մահից հետո ես իսկապես գաղափար կազմեցի նրա կրքի սաստկության [ 142 ] մասին։ Ժամեր շարունակ, ձեռքս բռնած, նա հայտնում էր ինձ իր աստվածացման հասնող կրքոտ նվիրվածությունը։ Ինչո՞վ էի ես արժանացել այդ խոստովանությունները լսելու երանությանը։ Ինչո՞վ էի արժանացել դրանք լսելու պահին իմ սիրելիին կորցնելու անեծքին։ Անկարող եմ այլևս խոսել այդ մասին։ Կասեմ միայն, որ Լիգեյայի՝ սիրույն անձնատուր լինելու ավելի քան կանացի տենչանքի մեջ,— որին ես, ավա՞ղ, արժանի չէի,— ես վերջնականապես ճանաչեցի նրա անհագ ծարավը, նրա խելահեղ ձգտումը դեպի կյանքը, որն, ավա՜ղ, այդքան արագ լքում էր նրան։ Նրա այդ մոլի կարոտը՝ կյանքի, միայն կյանքի անզուսպ իղձն էր, որը ես անկարող եմ նկարագրել, որովհետև այն մարմնավորող բառերը գոյություն չունեն։
Մեռնելու օրը, կեսգիշերին, նա ինձ վճռաբար իր մոտ կանչեց և պատվիրեց կարդալ իր, դրանից մի քանի օր առաջ գրած բանաստեղծությունը։ Ես հնազանդվեցի։ Ահա այն.—
Գորշ առօրյայում անցավոր կյանքի.
Սերովբեները, դեմքներին սև քող,
Բեմին են նայում արտասուքն աչքին,
Բեմադրվում է այս գիշեր կրկին
Ողբերգությունը Հույսի ու Ահի.—
Համեմված ձայնով այն երգ֊նվագի,
Որ հասնում է մեզ երկնային գահից...
Միմոսներն, աստծո կերպարանք առած,
Տրտունջ֊մրմունջով մի ողորմելի,
Ճչում են, թռչում բեմում լուսառատ,
Տիկնիկների պես՝ ամրացված թելին,
Հլու ցանկությանն այն սև ուժերի,
Որոնք շարժում են բեմ, զարդ ու պատկեր,
Իրենց, գիշատիչ անգղի թևերից
Թափելով անտես չարիք֊փորձանքներ...
Խեղճ է պիեսն այս և զուրկ ճաշակից,
Բայց վստահ եղեք — չի մոռացվելու.—
Միմոսներն ընկած տեսիլքի ետքից
Չեն հասնում նրան ու չեն հասնելու,
Քանզի այս վազքի շրջագիծը մեղկ
Դեպի նույն կետն է ետ գալիս կրկին...
Խենթություն կա շատ. ավելի շատ՝ Մեղք,
Եվ Սարսափն է այս պիեսի ոգին...
Բայց տես, մի վայրկյան խուժանը լռեց,
Քար կտրեց ահից ու զարհուրանքից.—
Արյան պես կարմիր, անճոռնի ու մեծ.
Մի որդ է սողում բեմի մութ խորքից.
Սողում է՝ արնոտ երախը բացած,
Խեղճ միմոսներին խժռում ու լափում...
Եվ սերովբեներն, ահից պապանձված,
Խավար դահլիճում արցունք են թափում։
Մարեցին բեմի վառ լույսերը, տես.
Արնոտ, գալարվող մսերի վրա
Սև վարագույրը, սև պատանքի պես,
Ւջնում է, ծածկում ոճիրը մռայլ,
Եվ սերովբեներն անդունդից մթան,
Հեգում են՝ ահա դեմքների վրա,
Թե «մարդ» է անունն այս ողբերգության,
Եվ հաղթող որդն է հերոսը նրա...
— Տե՜ր աստված,— բացականչեց Լիգեյան, անկողնուց ելնելով ու ձեռքերը վեր պարզելով,— Տե՜ր աստված, Հա՛յր մեր երկնային, մի՞թե միշտ նույն բանն է կրկնվելու, մի՞թե այդ հաղթողը երբեք չի հաղթվելու։ Չէ՞ որ մենք քո բաժինն ու մասնիկն ենք... Հիրավի, կամքի խորհուրդը և զորությունն անկարելի է ճանաչել։ Մարդ արարածը երբեք լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, ոչ էլ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը։
Եվ, ասես վերջին ուժերը սպառելով այդ պոռթկման մեջ, նա ցած իջեցրեց իր սպիտակ ձեռքերն ու վեհորեն վերադարձավ մահվան մահիճը։ Վերջին շունչը փչելով, նա նորից ինչ֊որ բան շշնջաց, և ես, գլուխս նրա մոտ խոնարհելով, լսեցի Գլենվիլի նույն խոսքերը՝ «Մարդ արարածը լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, և ոչ էլ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը»։
Նա մեռավ, և ես, վշտից խենթացած, չկարողացա այլևս դիմանալ Հռենոսի ափի այդ մռայլ ու խարխուլ քաղաքում գտնվող կացարանի մենությանը։ Ես իրավասու էի տնօրինել այն, ինչ աշխարհում հարստություն է կոչվում՝ Լիգեյան ինձ օժիտ էր բերել շատ ավելին, քան մահկանացուներին սովորաբար վիճակվում է ստանալ։ Մի քանի ամիս աննպատակ դեգերելուց հետո, ես սքանչելի Անգլիայի ամենախուլ ու ամայի շրջաններից մեկում գնեցի ու կարգի բերեցի մի վանատուն, որի անունն [ 144 ] այստեղ չեմ հիշատակի։ Շինության մռայլ տեսքը, շրջապատի վայրի տեսարանը և այդ ամենի հետ կապված հինավուրց ու տխուր ավանդությունները համահնչուն էին այն հուսակտուր տրամադրությանը, որն ինձ դրդել էր հանգրվանել հեռավոր ու անմարդաբնակ այդ վայրում։ Ու թեև վանատան արտաքին մամռակալած տեսքը մնացել էր անփոփոխ, բայց ներսը, երեխայի հատուկ ներհակությամբ, կամ թերևս անամոք վիշտս սփոփելու անմիտ հույսեր տածելով, ես կահավորել էի ավելի քան արքայական շուքով։ Ես մանկուց արդեն հակում ունեի նման քմահաճությունների հանդեպ, և իմ այդ արարքը թերևս վկայում էր, որ վիշտն ինձ նորից դեպի մանկությունն է մղում։ Ավաղ, ես նոր եմ հասկանում, թե որքան արդեն սկզբնավորվող խենթություն կար իմ ընտրած փարթամ ու քմահաճ պաստառ ներում, խելացնոր քիվերի, կահույքի և թավ ոսկեփայլ գորգերի ցնորամիտ զարդանախշերի մեջ։ Միաժամանակ ես դարձել էի նաև ափիոնի հլու֊հնազանդ գերին, և դրանից իմ ամբողջ աշխատանքն ու հրամանները երազների գունավորում էին ստացել։ Սակայն ի՞նչ կարիք կա նկարագրել այդ անհեթեթությունները։ Ես ձեզ կպատմեմ միայն այ ն հավերժ անիծյալ սենյակի մասին, որտեղ, ուղեղի մթագնման պահին, որպես իմ կին, որպես անմոռանալի Լիգեյայի փոխանորդ, ես եկեղեցուց ուղեկցեցի ոսկեհեր ու կապուտաչյա լեյդի Ռովենա Թրեվանյոնին, Թրեմեյնից։
Այդ առագաստի յուրաքանչյուր մանրամասնություն այժմ կարծես աչքիս առաջ լինի։ Ի՞նչ էին մտածում հարսնացուի գոռոզ ազգականները, երբ, ոսկու փայլով շլացած, թույլ տվեցին իրենց անմեղ աղջկան մտնել այդ ձևով հարդարված մի սենյակ։ Ես ասացի, որ լավ հիշում եմ այդ առագաստի բոլոր մանրուքները, թեև արդեն մոռացել եմ շատ ավելի կարևոր բաներ, իսկ սենյակի խառնաշփոթ հարդարանքի մեջ չկար ոչ մի կարգ կամ սիստեմ, որ հիշողության համար նեցուկ հանդիսանար։ Այդ հսկայական հնգանկյուն սենյակը գտնվում էր իմ ամրոցատիպ վանատան բարձր աշտարակներից մեկում։ Հնգանկյան ամբողջ հարավային պատը զբաղեցնում էր սենյակի միակ լուսամուտը՝ վենետիկյան արճճագույն ապակու ամբողջական մի կտոր, որից անցնելով, թե՛ արևի, թե։ լուսնի շողերն ահարկու փայլ էին չտալիս ներսի առարկաներին։ Այդ հսկայական պատուհանի վերևի մասը ծածկված էր աշտարակի ստվար պատերով վեր [ 145 ] մագլցած խաղողի հին թարմայով։ Բարձր կամարակապ առաստաղը մթնագույն կաղնու փայտից էր և ծածկված էր կես գոթական, կես դրուիդյան ոճի ցնորական խորաքանդակներով։ Այդ մռայլ ծածկի ճիշտ մեջտեղում երկար ոսկե օղակներով մի շղթայից կախված էր հագարական ոճի հսկայական ոսկյա բուրվառ, որի բազմաթիվ հնարագյուտ անցքերից անընդհատ դուրս էին սողում բազմագույն բոցերի օձաձև շիթերը։
Սենյակում մի քանի արևելյան բազմոցներ ու աշտանակներ կային, ինչպես նաև՝ հնդկական ոճի ցածր ու սևափայտ, դամ բանատիպ ամպհովանիով ամուսնական մի անկողնակալ։ Սենյակի հինգ անկյուններից ամեն մեկում պատերին հենած էին Լուքսորի արքայական դամբարաններից բերված գրանիտե հսկայական դագաղներ, որոնց կափարիչները ծածկված էին անհիշելի ժամանակներից մեզ հասած քանդակներով։ Բայց ամենից սոսկալին, ավաղ, պաստառներն էին, որոնք ծանր ծալքելով ծածկում էին սենյակի անհամաչափ բարձր պատերը, և նույն կտավից էին, ինչ որ գորգերը, բազմոցների և անկողնու ծածկոցները, ամպհովանին և պատուհանը կիսով չափ ծածկող մանր ու շքեղ վարագույրը։ Այդ կտավը ոսկյա թելերից էր հույսված և անկանոն ընդմիջումներով ծածկված էր սև թելերով ասեղնագործված մոտ մեկ ոտք տրամաչափով արաբանախշ պատկերներով։ Այդ պատկերներն իրենց իրական տեսքն էին ստանում միայն որոշակի դիրքից դիտելու դեպքում։ Մեր օրերում բավական տարածված և դեռևս հնադարում ծնունդ առած մի հնարքի օգնությամբ նրանց տեսքը պարբերաբար փոխվում էր։ Սենյակի սեմին կանգնած մարդու համար դրանք պարզապես գարշելի պատկերներ էին թվում, բայց ներս մտնելուն պես այդ պատկերները նրան շրջապատում էին նորմանների սնապաշտության կամ վանականի մեղսական երազների ծնունդ հիշեցնող զարհուրելի կերպարանքների անվերջ շարքերով։ Այդ ցնորատես տպավորությունն ավելի սաստկացնում էր պաստառների և պատերի միջև ստեղծված օդի արհեստական հոսանքը, որն ահարկու շարժում էր հաղորդում առանց այդ էլ նողկալի տեսարանին։
Ահա նման կացարանում, այդ առագաստում էր, որտեղ լեյդի Թրեմեյնի հետ ես, առանց սրտնեղելու, անցկացրի մեր պիղծ ամուսնության առաջին ամիսը։ Ես չէի կարող չնկատել, որ կինս խորշում էր իմ մռայլ պահվածքից, որ նա խուսափում [ 146 ] էր ինձնից և չէր սիրում ինձ, բայց այդ ամենն ինձ բնավ չէր վշտացնում, ավելի շուտ՝ ընդհակառակը։ Ավելի քան դիվային գարշանքով լցված՝ ես ատելով ատում էի նրան։ Իմ հիշողությունը վերականգնում էր (ինչպիսի՜ բուռն զղջումով) Լիգեյայի, հողին հանձնված իմ սիրելիի գեղեցկագույն, վսեմ կերպարը։ Ես ըմբոշխնում էի նրա մաքրության, իմաստության, նրա եթերային ու վեհ կերպարանքի և կրքոտ, աստվածացնող սիրո հիշողությունները։ Իմ հոգին նոր էր միայն բռնկվել ամենահաղթ ու անկաշկանդ այրուցքով, որը գերազանցում էր ժամանակին նույնիսկ Լիգեյային այրող հուրը։ Ափիոնի երազներով բորբոքված (ես դարձել էի այդ թմրադեղի իսկական գերին), ես բարձրաձայն կանչում էի նրան, լիներ դա գիշերվա լռության մեջ, թե ցերեկով, անտառի խուլ բացատներում. կարծես իմ անսանձ կարոտը, իմ ամենակուլ տենչանքը կարող էին ետ վերադարձնել նրան, ով այլևս,— մի՞թե, մի՞թե ընդմիշտ,— լքել էր երկրային կյանքի արահետները։
Մեր ամուսնության երկրորդ ամսվա սկզբին լեյդի Ռովենան հանկարծ հիվանդացավ, և ապաքինվեց շատ դանդաղ ու մեծ դժվարությամբ։ Նրա տենդը զրկեց նրան գիշերվա հանգստից, և զառանցագին երազների մեջ նա սկսեց պատմել սենյակը լցնող ինչ֊որ ձայների և շարժումների մասին։ Ես այդ ամենը համարում էի նրա խարխլված երևակայության կամ, թերևս, հենց սենյակի հարդարանքի ցնորական ազդեցության արդյունքը։ Ինչևէ, նա սկսեց ապաքինվել և շուտով վերջնականապես առողջացավ։ Սակայն շատ ժամանակ չանցած մի նոր, նախկինից ավելի անողոք ախտ նրան նորից գամեց տառապանքի անկողնուն, և նրա առանց այդ էլ վտիտ առողջությունը այլևս չդիմացավ այդ գրոհին։ Այդ օրվանից հիվանդությունը գնալով ավելի ահարկու, կրկնվող բնույթ ստացավ, մոլորության մեջ գցելով փորձված ու բանիմաց շատ բժիշկների։ Ես նկատեցի, որ Ռովենայի մնայուն ախտը, որն արդեն չափից ավելի սաստկացել էր սովորական մարդկային միջոցներով հաղթահարելու համար, զուգակցվում էր նյարդային աննախադեպ գրգռվածությամբ, որը տեղի էր տալիս անհիմն վախի ու երկյուղածության։ Նա նորից ու նորից անդրադառնում էր ինչ֊որ թույլ ձայների, պաստառների միջի ինչ֊որ անորոշ շարժմանը, որն ինձ արդեն նկարագրել էր։
Մի գիշեր, սեպտեմբերի վերջին, նա սկսեց սովորականից [ 147 ] ավելի շեշտված խոսել այդ ցավալի նյութի շուրջը։ Նա նոր էր արթնացել անհանգիստ քնից, և ես տագնապով ու աղոտ սարսափով դիտում էի նրա հյուծված դեմքի արտահայտությունների խաղը։ Ես նստած էի անկողնու կողքին՝ հնդկական մի բազմոցի վրա։ Նա թիկնել էր անկողնուն և ցածր ու անձկալի ձայնով շշնջում էր այն հնչյունների մասին, որոնք հենց այդ պահին լսում էր, բայց ես չէի լսում՝ այն շարժման մասին, որը նա նույն այդ պահին տեսնում էր, բայց ես չէի նշմարում։ Պաստառների տակ օդի ուժեղ հոսանք կար, և ես փորձեցի Ռովենային համոզել (թեպետ պիտի խոստովանեմ, որ ինքս էլ դրանում համոզված չէի), թե այդ ձայներն ու շարժումը պարզապես այդ հոսանքի հետևանքն էին։ Սակայն նրա դեմքին տարածվող մեռելային գունատությունը վկայում էր, որ իմ ջանքերն ապարդյուն են։ Նա կարծես թե ուշաթափվում էր, իսկ մոտակայքում ոչ մի սպասավոր չկար։ Ես հիշեցի, թե որտեղ էր դրված բժիշկների նշանակած թեթև գինու սափորը, և իսկույն գնացի սենյակի հեռավոր անկյունը, որպեսզի այն բերեմ։ Երբ մտա բուրվառի արձակած լույսի շրջանը, իմ ուշադրությունը գրավեցին միանգամից երկու արտասովոր հանգամանք։ Ես, զգացի, որ կողքովս մի թափանցիկ, բայց նյութական ինչ֊որ բան անցավ ու տեսա ոսկեթել գորգի վրա լույսի շրջանի ճիշտ կենտրոնում ընկած շողքը՝ անորոշ ու դողդոջուն հրեշտականման մի պատկեր, որն ասես տեսիլքի ստվեր լիներ։ Այդ օրը ես ափիոնի անսովոր մեծ բաժին էի ընդունել և այնքան բորբոքված էի, որ ան ուշադրության մատնեցի տեսածս և Ռովենային ոչինչ չասացի։ Վերցնելով սափորը, մոտեցա անկողնուն, մի գավաթ գինի լցրեցի և այն մոտեցրի ուշաթափված տիկնոջ շուրթերին։ Քանի որ նա արդեն ուշքի էր գալիս, ապա ինքը վերցրեց գավաթը, և ես, աչքերս նրանից չկտրելով, նստեցի անկողնու մոտ դրված բազմոցին։ Նույն պահին ես հստակ լսեցի մահճակալի կողքին գորգի վրա ճեմող թեթև ոտնաձայները, իսկ մի պահ անց, երբ Ռովենան գավաթը մոտեցնում էր շուրթերին, ես տեսա, կամ ինձ թվաց, որ տեսա, թե ինչպես, ասես օդում թաքնված անտեսանելի մի աղբյուրից, գավաթի մեջ ընկան երեք թե չորս խոշոր սուտակագույն կաթիլ։ Եթե ինձ թվաց, թե ես ինչ֊որ բան տեսել եմ, ապա Ռովենան ոչինչ չէր նկատել։ Նա առանց տատանվելու խմեց այդ գինին, իսկ ես ոչինչ չասացի, գտնելով, որ այդ ամենը կարող էր ափիոնի, [ 148 ] հիվանդի վախի և ուշ ժամի իմ երևակայության վրա թողած ազդեցության արդյունքը լինել։
Ինչ էլ որ լինի, ես անկարող եմ անտեսել այն փաստը, որ սուտակե կաթիլների ընկնելուց անմիջապես հետո իմ կնոջ վիճակը կտրուկ վատացավ, այնպես որ, դրանից երեք օր անց սպասուհիներն արդեն թաղման պատրաստություն էին տեսնում, իսկ չորրորդ օրը ես, բոլորովին մենակ, նստած էի նրա պատանքի մեջ փաթաթված դիակի կողքին այն ցնորատեսիլ սենյակում, որն ընդունել էր նրան որպես իմ հարսնացու։ Աչքերիս առաջ թռչում֊անցնում էին ափիոնով ոգեկոչված անթիվ֊անհամար խելացնոր պատկերներ։ Ես մերթ ընդ մերթ անհանգիստ հայացքներ էի նետում անկյուններում դրված քարե դագաղներին, պաստառների փոփոխվող կերպարանքներին, բուրվառի բազմագույն ու գալարվող բոցերին։ Հիշելով վերջին գիշերվա դեպքը, ես դարձյալ նայեցի այն կետին, որտեղ անորոշ մի ստվեր էի նշմարել։ Այս անգամ այնտեղ ոչինչ չկար, և ես թեթևացած շունչ քաշեցի, ու հայացքս դարձրի մահճակալի վրայի սպիտակ ու անշարժ մարմնին։ Հանկարծ ինձ համակեցին Լիգեյայի հետ կապված հազարավոր հիշողություններ, և իմ սիրտը նորից հեղեղի պես ողողեց այն անասելի կսկիծը, որով ես նայում էի նույն պատանքի մեջ փաթաթված նրա մարմնին։ Գիշերն անցնում էր, բայց ես, իմ միակ սիրելիի մասին դառը մտքերով տարված, դեռ նայում էի Ռովենայի մարմնին։
Թերևս կեսգիշերին, կամ գուցե դրանից ուշ կամ շուտ (քանի որ ժամանակը չէի նկատում) մի թույլ, բայց հստակ լսվող հոգոց ինձ նորից ուշքի բերեց։ Ինձ թվաց, որ այն գալիս էր մահվան սևափայտ մահճից։ Սնոտի վախով համակված՝ ես նորից ուշադիր ականջ դրի, բայց ոչինչ չլսեցի։ Ես հայացքս սևեռեցի դիակին, բայց այն անշարժ էր։ Բայց և այնպես ես չէի կարող սխալված լինել։ Ես, անկասկած, լսել էի այդ ձայնը, թեև այն շատ թույլ էր, և իմ հոգին արթնացել էր։ Ես համառորեն շարունակում էի նայել դիակին։ Այդ գաղտնիքն իր լուծումը գտավ շատ րոպեներ անց, երբ նրա այտերը և կոպերի երակները թույլ, հազիվ նշմարելի երանգ ստացան։ Անսահման երկյուղածությամբ համակված, որը մարդկային լեզուն անկարող է նկարագրել, ես զգացի, որ իմ սիրտը կանգ առավ, իսկ անդամները քարացան։ Վերջապես պարտքի զգացումն ինձ ստիպեց ուշքի գալ։ Ակնհայտ էր, որ մենք իզուր էինք շտապել և թաղման [ 149 ] պատրաստություն տեսել՝ Ռովենան դեռ կենդանի էր։ Պետք էր իսկույն ինչ֊որ բան ձեռնարկել, բայց աշտարակը շատ հեռու էր վանատան այն մասից, որտեղ գիշերում էին ծառաները, և նրանց կանչելու համար ստիպված կլինեի բավական երկար ժամանակով լքել սենյակը, իսկ ես չէի համարձակվում այդ անել։ Ես մենակ արեցի հնարավոր ամեն բան, որպեսզի նրա թրթռացող հոգին չլքեր մարմինը։ Բայց շուտով պարզվեց, որ իմ ջանքերն ապարդյուն էին՝ աչքերի ու կոպերի գույնն անհայտացավ, թողնելով մարմարե մի ճերմակություն, շուրթերը կծկվեցին մահվան սոսկալի արտահայտությամբ, և ամբողջ մարմնով մեկ նողկալի ու կպչուն մի սառնություն տարածվեց՝ այն նորից փայտացավ։ Ես սահմռկելով ետ ընկա բազմոցին, որից այդքան անակնկալ վեր էի կացել ու դարձյալ անձնատուր եղա Լիգեյայի կերպարը գոյացնող կրքոտ երազներին։
Այդպես անցավ մի ամբողջ ժամ, երբ հանկարծ (հնարավո՞ր է արդյոք) նորից լսեցի անկողնուց եկող թույլ ձայնը։ Ես սարսափահար ականջ դրի. ձայնը կրկնվեց՝ այս անգամ դա մի հոգոց էր։ Ես նետվեցի դեպի դիակը և տեսա, այո, տեսա, թե ինչպես թրթռացին նրա շուրթերը։ Հաջորդ պահին նրանք իրարից հեռացան, բացելով մարգարտե ատամների փայլուն շարքը։ Այժմ զարմանքն իմ հոգում պայքարում էր սարսափի հետ, որը մինչ այդ այնտեղ մենակ էր իշխում։ Ես զգում էի, որ իմ աչքերը խամրում են, իսկ գիտակցությունը՝ պղտորվում, բայց, անասելի ճիգեր գործադրելով, ստիպեցի ինձ կատարել այն, ինչ ինձ կրկին թելադրում էր պարտքը։ Ռովենայի ճակատը, այտերն ու պարանոցը նորից գույն էին ստացել, իսկ մարմինը ջերմացել էր. ես նույնիսկ զգում էի սրտի հազիվ նշմարելի տրոփը։ Նա կենդանի էր։ Ես կրկնապատկված եռանդով սկսեցի նրան կյանքի բերել։ Ես շփում և թրջում էի նրա ափերն ու քունքերը, ես անում էի այն ամենը, ինչ հուշում էր ինձ իմ փորձն ու բժշկական գրականության քաջ ծանոթությունը։ Սակայն ամեն ինչ իզուր էր։ Հանկարծ վարդագույն երանգն անհետացավ, սիրտը կանգ առավ, շուրթերը նորից ծամածռվեցին, և ամբողջ մարմինը միանգամից սառեց, կապտեց, փայտացավ, ներս ընկավ և ընդհանրապես ստացավ դամբարանում բավական երկար մնացած դիակի տեսք։
Ես նորից տրվեցի Լիգեյային ոգեկոչող երազներին և նորից (զարմանալի չէ, որ ցնցվում եմ այս տողերը գրելիս), նորից [ 150 ] լսեցի սևափայտ անկողնուց եկող թույլ հոգոցը։ Կարիք կա՞ արդյոք նկարագրել այդ անպատմելի գիշերվա սարսափը։ Ինչ կարիք կա հապաղել ու պատմել, թե ինչպես, ընդհուպ մինչև գորշ լուսաբացը, կրկնվում էր այդ վերակենդանացման զարհուրելի տեսարանը, ամեն անգամ ընդհատվելով մի նոր, ավելի դաժան և թվում էր, թե անհաղթ մահվան գալուստով։ Թե ինչպես ամեն նոր հոգեվարքը մարմնավորում էր կյանքի և անտեսանելի չարիքի պայքարը, և ինչպես ամեն անգամ այդ պայքարն ավարտվում էր դիակի սոսկալի փոխակերպումով... Ավելի լավ է իսկույն անցնեմ ավարտին։
Այդ սոսկալի գիշերվա մեծ մասն արդեն անցել էր, երբ մեռած կինը նորից շարժվեց՝ ավելի ուժգին, քան առաջ, թեև նրա ոսկրացումը նախորդ անգամներից ավելի սարսռազդու էր։ Ես վաղուց արդեն հրաժարվել էի որևէ կերպ միջամտելու փորձերից և, անշարժ նստած, անձնատուր էի եղել բուռն զգացումների մի ամբողջ ոհմակի, որոնց թվում ծայրագույն սարսափը թերևս ամենից մեղմն էր։ Ինչպես ասացի, դիակը շարժվեց, և ավելի ուժգին, քան առաջ։ Նրա դեմքին նորից, այս անգամ ավելի բուռն, բացվեցին կյանքի գույները, նրա պիրկ մարմինը թուլացավ, և եթե չլինեին ծածկված կոպերն ու պատանքը, ես կկարծեի, որ Ռովենան վերջապես իսպառ թոթափել է մահվան կապանքները։ Եթե տվյալ պահին ես դեռ չէի ընդունել այդ միտքը, ապա կասկածի տեղ այլևս չմնաց, երբ պատանքով փաթաթված կերպարանքն անկողնուց ելավ և, աչքերը փակ, ասես քնի մեջ, երերուն քայլերով անցավ սենյակի կենտրոնը։
Ես չցնցվեցի և մնացի անշարժ, ես քարացել էի այն անճառելի տարակուսանքից, որն ինձ ներշնչել էր այդ կերպարանքի տեսքը, կեցվածքը և քայլվածքը։ Ես չէի շարժվում, բայց անվերջ նայում էի այդ տեսիլքին։ Մտքումս կատարյալ խառնաշփոթ էր տիրում՝ մի՞թե իմ առջև կանգնած էր կենդանի լեյդի Ռովենան։ Մի՞թե դա իսկապես Ռովենան էր, Թրեվանյոնի ոսկեհեր ու կապուտաչյա լեյդի Ռովենա Թրեմեյնը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի ես դրան չհավատայի։ Նրա կզակը պինդ կապված էր, բայց մի՞թե դա Թրեմեյնի կենդանացած տիկնոջ կզակը չէր կարող լինել։ Այտերին վարդեր էին ծաղկել, ճիշտ, ինչպես նրա կյանքի այգաբացին... Այո, իհարկե, դրանք կարող էին կենդանի Ռովենայի այտերը լինել։ Իսկ ծնոտի առողջ փոսիկնե՞րը, մի՞թե չէին կարող նրանը լինել... Բայց արդյո՞ք նա հիվանդության [ 151 ] ընթացքում հասակ էր առել։ Որպիսի՜ ահավոր խենթություն տիրեց ինձ այդ մտքից։ Մի ոստյունով ես հայտնվեցի նրա կողքին։ Իմ հպումից նա ետ մղվեց, նրա գլուխը ծածկող զարհուրելի պատանքն ընկավ, և սենյակում խաղացող քամին ցրիվ տվեց նրա երկար ու արձակ, սաթի պես սև մազերը... Այնուհետև իմ առջև կանգնած կերպարանքը բացեց իր աչքերը։
— Վերջապես,— ճչացի ես,— գեթ այս բանում ես երբեք, երբեք չեմ կարող սխալվել... Այս խոշոր, սև, այս մոլեգին աչքերը ա պատկանում են իմ կորուսյալ սիրուն՝ ԼԵՅԴԻ ԼԻԳԵԱՅԻՆ։