Գուցե հեշտ է պարտքի մասին
իմաստնություն շշնջալը,
Երբ քայլում ես աղջիկների այրող ու
տաք թեւը բռնած,
Գուցե հեշտ է շշնջալ, թե
«Իմ օրերը կնվիրեմ, երբ
պահանջի Հայրենիքը»,
Գո՛ւցե, իրավ...
Բայց ուրիշ է, երբ հատուցման
ժամն է հասնում...
Նվիրում եմ Սովետական Միության հերոս Թեմիկ Ավթանդիլյանին
ՀՐԱՎԵՐ ՆԱԽԵՐԳԻ
Այն երգը,
Որ ամեն վայրկյան ալիքվում է իմ խորքերում,
Փոքրիկ այգու ծառերն ասես սվսվում են բերանացի։
Երգը՝ գարնան,
Հաղթանակի,
Որ խայտում է լուրթ առվակի ամենագեղ հայելու մեջ
Ու թրթռում օրվա շուրթին։
Օրը երգ է,
Տխրություն է,
Ուրախության կրքոտ նվագ։
Օրը տոն է։
Այգու ամեն, ամեն տերեւ
Թրթռում է ստվերախիտ իր խոհերով։
Հետո գալիս,
Երեկոյի միջով գալիս լույսի մի շող
(Իմ խոհերի՞ց, թե՝ աստղերից հեռվում զսպված)
Լույս-առվակի ալիքներում մկրտվում է
Պայծառ երգով,
Սլաքի պես ձգվում, ապա,
Այգում կանգնած հուշարձանի դեմքին ծաղկում։
Իմ հայացքը պատվաստվում է աստղածնունդ ծաղկի վրա։
Իմ հայացքը երազի պես ինձ տանում է իր ետեւից։
Եվ, ի՜նչ հրաշք։
Ծառ ու ծաղիկ ակնածանքով մի կողմ քաշվում,
Ճանապարհ են տալիս, ահա, լուսապսակ,
Սովորական ու անսովոր մի տղայի,
Որ լույսերից կենդանացել
Եվ ուզում է գեթ մի գիշեր
Մռով սարի աստեղնացող փեշից եկող բույրը շնչել:
Լսում էի շշուկները
Հայրենիքի, պարտքի մասին ու հատուցման,
Որ փայլ էին տալիս հոգուս,
Ինչպես առվին` բեկված լույսի փշուրները հազար երանգ:
ՀՐԱՎԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ
«Հաղորդ եղա ճշմարտության արցունքադառն խորհուրդներին,
Եվ մնում եմ նորից նույնը՝
Արդարության,
Հավատամքի,
Հայրենական բույր խնկարկող
Քարի, ջրի, ծիլ ու խոտի ամենաջերմ երկրպագուն։
Դրանի՞ց չէ, որ ամեն օր իմ սրտի մեջ դալարում է
Ինձ հավերժին կապող սերը՝
Ինձնով կանգուն իմ լեռների,
Ինձնով վարար իմ գետերի,
ինձնով անմեղ, ինձնով լուսե
հայրենական գիշերների։
Ու այնպե՜ս եմ ես կարոտել,
Ու այնպես եմ կրքոտորեն երկրպագում նրանց հիմա,
Ինչպես ծարա՜վ, ծարա՜վ ծաղկին՝ արմատներին կաթած ցողը,
Ինչպես հովը՝ հասնող արտին,
Հույսը՝ սրտին,
Ինչպես, ինչպես նուրբ նվագը՝ կարոտներում հալվող երգի։
Իմ արյան մեջ Հայրենիքն է շուշանների նման ծաղկում,
Այն հրեղեն շուշանների,
Որ Մռովի սուրբ լանջերին ամենախուլ գիշերն անգամ
Դրոշների ալվան գույնով ճառագել են իմ ճամփեքին,
Եվ ողջ կյանքում
(Չի պարփակվում այն իմ ապրած սեւ-
սպիտակ տարիներով)
Այդ լույսով եմ առաջնորդվում։
Ավելի ճիշտ՝ ես աշխարհ եմ եկել միայն այդ լույսերի
Հրավերով...
Իսկ ինչո՞ւ են աշխարհ գալիս. մշտաբորբոք,
արդար հարցն այս
Օրվա ամեն ոլորանում չի՞ ծառանում,
արդյոք, քո դեմ,
Եվ ինչպե՞ս ես ապրում օրը,
Որ նա անցյալ չդառնա էլ,
Ինչպե՞ս, ո՞նց են հարստանում ապրած
օրվա նվիրումով.
Կամ երբեւէ մտածե՞լ ես քանդակել դու
Արդարության դեմքը խաղաղ։
Դու լռո՞ւմ ես։
Քո փոխարեն խոսք են ասում վայրկյանները,
Ու ես նրանց հավատում եմ։
Քո ձեռքով են հյուսվում նրանք։
Քո ձեռքով են վայրկյանները դառնում ծաղիկ, դառնում ծիծաղ,
Ես կագնում եմ Լեռան վրա։
Կանգնում այնպես, որ ինձանով ավելի է
վսեմանում Մռով սարը,
Ձուլվում երկնի կապույտներին
Եվ ընթացքը շտկում մեկեն ցավից
կծկված իմ աշխարհի։
Ես խորհում եմ՝
Ծնվում են, որ մեղմեն ցավը,
Ծնվում են, որ ջերմացնեն հողագունդը։-
Ահա հոգնած, դարերից-դար անցած, անմաշ խոկումներն այն,
Որ ծաղկի տեղ փնջել եմ ես հայրենական իմ դաշտերից։
Իմ արյան մեջ Հայրենիքն է շուշանների նման ծաղկում»։
ՀՐԱՎԵՐ ՊԱՐՏՔԻ
«Գուցե հեշտ է պարտքի մասին
իմաստնություն շշնջալը,
Երբ քայլում ես աղջիկների այրող ու
տաք թեւը բռնած,
Գուցե հեշտ է շշնջալ, թե
«Իմ օրերը կնվիրեմ, երբ պահանջի Հայրենիքը»,
Գո՛ւցե, իրավ...
Բայց ուրիշ է, երբ հատուցման ժամն է հասնում,
Խոսքերն այստեղ հնանում են
Նորեկ գարնան կանաչի տակ ծածկված,
պահված խաշամի պես,
Ու կրծքիդ տակ մեծանում է այրող ու
տաք մի ցանկություն,
Մի ցանկություն՝ անմնացորդ կրակվելու...
Կրակվում ես,
Որ ջերմանան սրտերն ամեն,
Որ միշտ հպարտ քայլես այն սուրբ հողի վրա,
Որին հավերժ կապված ենք մեր ամեն քայլով։
Ծիլ ենք տալիս,
Ճյուղ արձակում,
Հզորանում արեւի ու հողի սիրով,
Որ մեր ափի կոշտուկներով ձեռագրվի
երգը դարի։
Քիչ չի լինում, երբ դարերը
Անց են կենում վայրկյանների բարակաթել
կամուրջներով,
Մի վայրկյանի հայելու մեջ
տեսնում իրենց։
Ինձ էլ, այո՛, վիճակված էր կամուրջ լինել
Այն մշտավառ սիրո համար,
Հաղթանակի,
Զուլալության համար պայծառ
այն հավատի,
Որով պիտի Հայրենիքը քայլեր առաջ։
Կամուրջ դարձա։
Իսկ ե՞րբ էր դա։ Պայծառության բույր էր
ելնում պատանեկան
Օրվա դեմքից։
Իմ կրծքի տակ ճառագել էր ու երգում էր իմ արյունը,
Որի անխառն կարմիրի մեջ
Մի անծանոթ, ինչ-որ մի նոր ու չմարսված
գույն էր կաթել։
Երազներս հորդուն էին,
Հորդում էին կարոտներս երազ ու սուրբ երեկոյի
միջով այն լավ,
Որ միակը եղավ, ավա՜ղ, իմ ողջ կյանքում։
Ես չգիտեմ, եւ, երեւի, ոչ ոք, ոչ ոք այս աշխարհում
Չի իմանում,
Ե՞րբ է, արդյոք, ծնվել սերը.
Եվ տարիքը իմանալու համար սիրո
Պետք էր հաշվել մոմերի պես երկնում
վառվող աստղիկներին։
Հաշվում էի, բայց չավարտած,
Սեւեր հագավ, սքեմների փայլով
ծածկված անհետացավ
Ամեն աստղ...
Հողագունդը, որ իմ պապի տաքու՛կ-տաքու՛կ
ափերի մեջ
Շփվելուց էր հղկվել ասես,
Կլորացել,
Երերաց իմ ոտքերի տակ։
Ու մի օր էլ (երազո՞ւմ էր) ինձ այցելեց Մռով սարը,
Սարն այն հսկա,
Որի վրա քանդակվել է հավերժության դեմքը լուսե,
Սարն այն անհաղթ, որ ինձանով շարունակվել,
Ձգվել ասես,
Երկինքներից արեգակի լույս է հղում մութ ձորերին։
Սարն ինձ ասաց.
«Ելի՛ր, տղաս։
Եվ իմ մայրը երկար փեշով սրբեց
այրող արցունքները,
Մռով սարից մի բուռ տաք հող դրեց մաքուր
կապոցի մեջ
Ու շշնջաց.
«Թող այս մի բուռ հողը, որդի՛ս, հաղթանակի
ճամփա դառնա.
Քեզ բերի տուն»։
Հայրս... Դե, ի՞նչ, հայր էր բոլոր հայրերի պես։
Առնական էր.
Եվ իրավունք չուներ որդուն կռվի
ճամփել արցունքներով,
Փաթաթվեց ինձ ու խուլ ասաց.
«Դու որդի՛ն ես Մռով սարի»։
Հետո ձգվեց, ծխաց հեռվում, հեռվում
վառվեց ճանապարհս.
Ես զգացի, որ չափվում է կյանքը հաճախ
վայրկյանների տարողությամբ,
Տեսա մարդուն «մարդասպանի ահեղ դերում»,
Իմ դեմ ծփաց գո՜ւյնն իմ արյան...
Գուցե հեշտ է պարտքի մասին
իմաստություն շշնջալը,
Երբ քայլում ես աղջիկների այրող ու
տաք թեւը բռնած,
Գուցե հեշտ է շշնջալ, թե
«Իմ օրերը կնվիրեմ, երբ
պահանջի Հայրենիքը»,
Գո՞ւցե, իրավ...
Բայց ուրի՜շ է , երբ հատուցման ժամն է հասնում,
Խոսքերն այստեղ հնանում են ու
դառնում են ողորմելի,
Մնում է լոկ... հատուցումը։
Իմ արյան մեջ Հայրենիքն է երազների
նման ծաղկում»։
Եվ խավարը հալվում նրա արեւաբույր բառերի մեջ,
Վերածնում էր նրա լեզվով
Անցած բոլոր տարիների լռությունը անլռելի։
ՀՐԱՎԵՐ ՀԱՏՈՒՑՄԱՆ
«Ճանապարհս լույս էր ուզում։
Հրդեհների պար էր շուրջս՝
Անեղանա՛կ, խելագար պար։-
Իսկ հրդեհից լույս չի լինում,
Այլ լինում է կարմի՛ր-կարմի՛ր արյան սարսուռ։
Վայրկյանները ժամանակի ակոսներում ծլում էին
Փշերի պես,
Իսկ մայր հողը ծառս էր լինում երկնքի դեմ։
Ըմբոստացավ սիրտս մեկեն՝
Ինչպես հողը, երբ նրա սուրբ ջերմության մեջ
Ականներ են ցանում գարնան սերմերի տեղ։
Ճանապարհս գիժ կարոտով պարանոցը
գրկեց լեռան,
Ձգվե՜ց,
Ձգվե՜ց...
Լույս էր ուզում ճանապարհս,
Եվ իրենից ելել արդեն ու գնում էր
Ափին հասած, բայց անկատար երազների
հույսի միջով։
Հողի՛,
Սերմի՛,
Ճշմարտության սովոր ու տաք իմ ձեռքերում
Պահվում էր մի սուրբ արեգակ,
Որ ծխահամ չդառնան մեր անուրջները,
լույսն ու բարին,
Որ լույսերով ծլարձակեն
Սիրտ ու հոգի,
Որ արեւը թարմության պես
Կարոտներս փռի կանաչ հովիտներում,
Եզերքներում այն գետերի,
Ուր քայլելու ժամանակ ես, ավաղ,
երբեք չեմ ունեցել։
Իմ ձեռքերը հողոտ էին ու հողաբույր,
Բայց զենք էի բռնում արդեն։ Ներիր ինձ, հո՛ղ։
Եվ Կովկասյան կապտակոհակ լեռների
մեջ ինձ «գրկեցին»
կրակները ահասարսուռ...
Ագուցվել էր ճանապարհը։ Բայց ի՞նչ անել,
Որ բացվի այն,
Որ գիշերներ հերքող լույսի հանգույն
փռվի մեր ոտքի տակ,
Ու բողբոջեց լույսը մեկեն իմ խորքերում.
-Ես կճեղքեմ ահը օրվա
Եվ իմ սրտով ես կչափեմ լայնությունը
վայրկյանների։
Զենքը ձեռքիս առաջ անցա, առաջ
անցա ինքս ինձնից,
Մի վայրկյան եւ... ծուխը երկնի դեմքը գգվեց,
Պայթյունների միջից ասես մի ձայն
լսվեց երդումի պես.
-Հայրենիքի՛, հողի՛ համար...
Եվ իմ վերքից ցայտող արյան ամեն կաթիլ
Փորձ էր անում հրդեհների
ճամփան փակել
Ու ներկում էր օրը ցավով։
Իսկ երբ դանդաղ առանձնացան հող ու երկինք,
Ես բաց տեսա ճանապարհը,
բաց՝ ափիս պես։
...Հուսադրման խոսքեր ասաց Մռովը ինձ,
Ձեռքս բռնեց,
Բարձրացրեց
Ու թիկունքս շոյեց հոր պես.
-Արիացի՛ր։
...Գնդակները երազ էին փնտրում ասես։
Փնտրում էին կարոտ ու սեր,
Որ իրենցով վերջակետեն։
Ճանապարհս լույս էր ուզում»...
«Ուկրաինա։
Լեռան բարձունք։
Արեգակը տիեզերքում խաղաղության
հիմն էր կարծես
Հնչեցնում,
Բայց ո՞նց եղավ՝ կրակակետ դարձրին լեռը։
Աշխարհատենչ հոգիների սեւն ու մաղձը տարածվում էր,
Ուզում էր, որ սեւ թղթերի պաղ գորշությամբ ծածկել ամբողջ
Հորիզոնը,
Որ չտեսնենք ծեգծեգումը արեգակի.
«Խաղաղությանն,
Արեւի՛նն է այդ բարձունքը,
Վերադարձնել»...
Ծարավ էինք վերադարձի,
Խաղաղության,
Արդարության
Ու սուրբ սիրո վերադարձի։ Վերադարձրի՜նք։
Մեր հոգու մեջ հայրենիքն էր Հաղթանակի
նման ծաղկում»։
Նրա վառվող թուխ աչքերում կրկնվում էր գորշ օրերի
Պարը ցավոտ,
Պատմում էր նա, եւ «հատնիլ էր» խոսելն ասես։
Իսկ իմ առաջ մրրկածուփ ծովն էր փռվել Բալթիական։
Ալիքների կռիվ ու վեճ,
Ափնակոծում... ու խորքերում՝ թույլ, օգնություն
հայցող մի կանչ,
խորտակվողի ճիչ ու կական։
Կանչը ձգեց,
Եվ Թեմիկը գնդակների հրասարսուռ տարափի
տակ ծովը մտավ.
«Ի՞նչ բանի ես, ո՞ւր ես, Թարթառ»...
Ինչ-որ ալիք խփեց նրան,
Ինչ-որ ալիք տարա՜վ-տարա՜վ,
Թվաց՝ ծովը նրան իր մութ գիրկն առավ,
Թվաց, թե նա...
Բայց քաշվեցին ալիքները, ալիքները
ճամփա դառան։
Ափ ելավ նա,
Նա ափ բերեց...
Ու փրկվածի դեմքին ասես երանական
ժպիտ ծագեց,
Ժպիտ, որ լույս,
Բերկրանք շաղեց վառոդաբույր օրվա միջից։
Ժպիտ, որի գույների մեջ սպասումներ կային սիրո,
մանուկների կարոտ ու տենչ,
Հայրենի տան սուգ ու շիվան,
Ժպիտ, որի բույրերի մեջ պահվում է
մի Սուրբ Հայրենիք։
Հետո ասես ծովից եկած մի պարզ ալիք
ցրեց խոհն իմ
Ու երեկոն խաղաղությամբ օրհնեց նորից
բախտը օրվա։
...Պատմում էր նա եւ «հատնիլ էր» խոսելն ասես։
«Ճանապարհս լույս էր առնում։
Ծրարեցի մի օր կապու՜յտ,
կապույտ լույսն այդ
Տողերիս մեջ՝
Հղելու իմ սուրբ աշխարհին.
«Մա՛մ, Մռովի լանջի ձյունը դեռ չի՞ հալվել,
Նոր ծառե՞ր չեք տնկել այգում.
Հին մոշենու արմատները չմոռանաք այժմվանից
Մի լավ հատել,
Որ չձգվի ու թոնրատան ճանապարհը ծածկի նորից,
Հետո՝ ի՞նչ եք անում, ո՞նց եք, գրեք։
Հա՛, աղջիկը հարեւանի՝
Պայծառիկը,
Հաց թխելիս էլ չի՞ գալիս քեզ օգնելու։
Հիմա... ներիր, գրոհումի պահ է կրկին,
Հաղթնակը մոտ է արդեն, շուտով կգամ, շուտո՛վ։
Մնամ...»։
Ճանապարհս լույս էր առնում։
Եվ տունդարձի ճանապարհը կարոտների,
լույսերի հետ
Ես ծրարած
Ու կրծքիս մոտ պահած ամուր՝ ինձ նետեցի
մարտերի մեջ։
Գերմանական Կլեյն քաղաք։
Մութից խլվող, մութը ցրող լույսերի փունջ,
Լույսերի մեջ՝ բոց ու արյուն։
Գնդակները երազ էին փնտրում ասես,
Փնտրում էին կարոտ ու սեր,
Որ իրենցով վերջակետեն...
Հաղթանակի բույրերն առած աչքերի մեջ,
Ճամփա էինք հարթում կապույտ երազների
սիրո համար։
Ու չեմ հիշում ինչպես եղավ, որ գնդակի
սեւ այրուցքով
Կսկծաց իմ սիրտը մեկեն,
Եվ իմ արյան շիթերը տաք կակաչվեցին հողի վրա։
Ես սեղմվեցի հողի կրծքին։
Նրա սրտի զարկերը պարզ
Լսում էի։
Իսկ իմ փակվող կոպերի տակ կակաչաշատ
Մռով սարն էր։
Ես սեղմվեցի հողի կրծքին։
Թվաց... մայրս օրոր ասաց։
(«Մամ, Մռովի լանջի ձյունը դեռ չի՞ հալվել»)։
Իմ արյան մեջ Հայրենիքն է կարոտների
նման ծաղկում»։
«Հայրենիք։ Պարտք։ ՈՒ հատուցում։
Չի հատուցվում պարտքը հողի,
Հայրենիքին պարտք եմ նորից, այս անգամ եւ...
անմահությամբ»։
ՀՐԱՎԵՐ ՎԵՐՋԵՐԳԻ
Աստղերն իջել, թառել թուփ ու ծաղիկներին,
Լսում էին շշուկները
Հավերժության,
Որ Թեմիկի կերպարանքով կանգնել իմ դեմ,
Զրուցում էր ջերմագորով։
Իրիկուն էր, ուշ իրիկուն, երբ նա հուշիկ
Քայլեց, գնաց,
Կանգնեց նորից պատվանդանին,
Արձանացավ։
Երկա՜ր, երկար ես նայեցի նրա վառվող
Աչքերի մեջ,
Ես նայեցի խորքն իմ հոգու,
Ուր վառվում է հերոսների անմահության
հուրը անշեջ,
Ապա կամաց, դանդաղորեն ինձ գտա ես
Մարդկային ջերմ հոսքերի մեջ։
«Իմ արյան մեջ Հայրենիքն է Հավատամքի
նման ծաղկում»։
1974թ.