Մի՛ արթննար, քնացի՛ր…
Ներե ինծի, որ մտա քու ննջարանդ գիշերի այս ուշ պահին…
Թեև սառած, բայց ես չեկա զիս տաքցնելու քու շունչովդ…
Թեև տրտում և մինակ, բայց ես չեկա աստղազարդելու իմ միգամած երկինքը քու նայվածքներովդ…
Ես չեկա այստեղ՝ վրդովելու քու երազներդ…
Ես չեկա թեթևցնելու իմ վիշտը քու անկողնիդ շուշաններն համբուրելով,
Ես կանցնեի քու ննջարանիդ լուսամուտին առջևեն…
Ներե՛ իմ սրտիս, որ ննջարանիդ լուսամուտին առջև… տրոփեց…
Անցնելուս ես տեսա այս աշնանային ծաղիկը՝ ինկած գետնին վրա…
Ծռեցա և բարձրացուցի զայն՝ բերելու և մեղմիվ դնելու քու կուրծքիդ վրա…
Ես բաղձացի, որ անիկա վերածաղկի քու կուրծքիդ վրա, աշնանային այս որբուկ ծաղիկը…
Ներե՛ ինձ, որ ես մտա քու ննջարանդ կես գիշերին…
Ես չեկա իմ վշտիս համար…
Ես միայն բաղձացի փրկել կյանքը այս աշնանային ծաղիկին…