Jump to content

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԺԿ 7-րդ համագումարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հարգելի ներկաներ,

Հայաստանի Ժողովրդական Կուսակցության համագումարը նշանակալից իրադարձություն է մի շարք առումներով, որոնցից կուզեի առանձնացնել մասնավորապես հետեւյալ երեքը.

ա. Տասներկու տարի շարունակ ՀԺԿ-ն հանդիսացել է երկրի քաղաքական կյանքի մշտական գործոններից մեկը.

բ. Դոմինանտ դեր է խաղացել 1998 եւ 2003 թթ. նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններում.

գ. Հսկայական ավանդ է ներդրել 2007-ին ծնունդ առած Համաժողովրդական շարժման եւ Հայ Ազգային Կոնգրեսի ձեւավորման գործում։

Առանց ՀԺԿ-ի մասնակցության ո՛չ Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը չէին ունենա այն ընդգրկումն ու հզորությունը, որ ձեռք են բերել ու շարունակում են պահպանել մինչ օրս։ Ուստի պարտքս եմ համարում Կոնգրեսի անունից խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Ժողովրդական Կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին՝ մաղթելով նույն ակտիվությամբ շարունակել համատեղ ձեռնարկած այն գործը, որը պարտավոր ենք միասնաբար հասցնել իր հաղթական ավարտին։

* * *

Գնահատանքի առիթ լինելուց բացի, ՀԺԿ համագումարն ինձ համար նաեւ պատեհություն է անդրադառնալու մի հարցի, որն առանձնակի հաճույքով շահարկվում է իշխանական քարոզչության եւ «անկախ վերլուծաբանների» կողմից։ Խոսքը վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի հասցեին հնչող այն շինծու մեղադրանքին, որ կազմված լինելով տարբեր գաղափարախոսություններ ներկայացնող կուսակցություններից, վերջինս իբրեւ-թե ընդհանրապես որեւէ գաղափարախոսություն կամ ծրագիր չունի, բացի իշխանության ինքնանպատակ ձգտումից։

Տպավորություն է ստեղծվում, սակայն, որ այդպես դատողները կա՛մ պատկերացում չունեն գաղափարախոսության մասին, կա՛մ այդ հասկացությունը նրանց համար բոլորովին այլ բան է նշանակում, կա՛մ էլ դիտավորյալ աղավաղում են նրա էությունը։ Ուստի առկա շփոթը պարզելու համար թերեւս հարկ է նախեւառաջ ճշտել եզրույթի իմաստը, մանավանդ որ հայ իրականության մեջ, որքան ինձ հայտնի է, մինչ այժմ նման փորձ չի կատարվել։

Գաղափարախոսություն (idéologie) եզրույթը, որը 1796 թվականին շրջանառության մեջ է դրել ֆրանսիացի փիլիսոփա Դեստյուտ դե Տրասին, թեեւ ժամանակի ընթացքում արժանացել է բազմաթիվ սահմանումների, բայց դրանցից ոչ մեկը սպառիչ չի կարելի համարել։ Ամենատարածված սահմանման համաձայն՝ գաղափարախոսությունը գաղափարների, համոզմունքների եւ ձգտումների համակարգ է, որը պայմանավորում է այդ արժեքները կրող հասարակական խավերի, խմբերի կամ դասերի վարքը։ Ըստ բովանդակության՝ գաղափարախոսությունները պայմանականորեն կարելի է բաժանել երեք տեսակի՝ կրոնական, ռասայական եւ սոցիալ-քաղաքական։ Կրոնականն ու ռասայականը բացատրության կարիք չունեն։ Ինչ վերաբերում է սոցիալ-քաղաքականին, ապա դրա տակ մտնում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կապիտալիզմը, իմպերիալիզմը, կոմունիզմը, սոցիալիզմը, լիբերալիզմը եւ այլն։ Բաժանումն, ինչպես ասվեց, պայմանական է, քանի որ իրականության մեջ մաքուր գաղափարախոսություններ գոյություն չունեն. յուրաքանչյուր գաղափարախոսություն միաժամանակ կարող է պարունակել թե՛ կրոնական, թե՛ ռասայական, եւ թե սոցիալ-տնտեսական բաղադրիչներ կամ տարրեր։

Գաղափարախոսությունները մեծ մասամբ համամարդկային բնույթ ունեն՝ թեեւ ծագում առած տարբեր քաղաքակրթություններում, բայց աստիճանաբար յուրացված այլ ժողովուրդների կողմից։ Հայաստանում առաջացած միակ ինքնուրույն գաղափարախոսությունը թերեւս պավլիկյանականությունն է, որը, հալածվելով սեփական հայրենիքում, միջնադարում լայն տարածում է գտել Բալկանյան երկրներում (բոգոմիլներ) եւ Ֆրանսիայում (կաթարներ)։ Հայ իրականության մեջ արմատներ գցած մյուս բոլոր գաղափարախոսությունները՝ քրիստոնեություն, կոմունիզմ, սոցիալիզմ, լիբերալիզմ, նացիոնալիզմ եւ այլն, փոխառված են այլ քաղաքակրթություններից։ Հիմնված լինելով գլխավորապես համոզմունքի վրա եւ արտացոլելով տարբեր սոցիալական, ազգային կամ դասակարգային շահեր, գաղափարախոսությունները, բնականաբար, գտնվում են մշտական հակամարտության մեջ՝ նպատակ հետապնդելով ապացուցել իրենցից յուրաքանչյուրի գերազանցությունը մյուսների համեմատ։ Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ գաղափարախոսությունն ինքնին իր կրողներին դեռեւս որեւէ առավելություն չի տալիս այլ գաղափարախոսություն դավանողների նկատմամբ։ Եթե, օրինակ, դու լիբերալ ես, ապա դա դեռեւս չի նշանակում, որ ավելի խելոք ու բարոյական ես, քան սոցիալիստը, կամ եթե նացիոնալիստ ես, դա էլ ամենեւին չի նշանակում, որ ավելի հայրենասեր ես, քան կոմունիստը։ Ինչպես մի առիթով նշել եմ, կան հազարավոր մահմեդականներ, որոնք ավելի ազնիվ ու մարդասեր են, քան քրիստոնյաներից շատերը, կամ հազարավոր կոմունիստներ, որոնք ավելի պարկեշտ են, քան բազմաթիվ լիբերալներ։ Այսինքն՝ ոչ թե գաղափարախոսությունն է վեհացնում ու ազնվացնում իր հավատավորներին, այլ վերջիններս են սեփական վարքով ու գործունեությամբ արժեւորում իրենց դավանած գաղափարախոսությունը։ Գաղափարախոսություններն ի վերուստ տրված չեն, այլ արգասիք են հասարակական հարաբերությունների։ Ուստի այդ հարաբերությունների փոփոխությանը զուգընթաց, նրանք նույնպես ենթակա են փոփոխությունների։ Կենսունակ ու արդյունավետ են այն գաղափարախոսությունները, որոնք կարողանում են արձագանքել ժամանակի պահանջներին եւ վերափոխվել դրանց համապատասխան։ Զարգացման անընդունակ գաղափարախոսությունները, որպես կանոն, վերածվում են աղանդների։ Իսկ երբ գաղափարախոսություններն ուղեկցվում են մոլեռանդությամբ ու անհանդուրժողականությամբ, դառնում են համընդհանուր չարիք, ինչպես ինկվիզիցիան, գուլագը, ֆաշիզմը, միջազգային տեռորիզմը եւ այլն։ Մի խոսքով, որեւէ գաղափարախոսության առավելություններն ու թերությունները տեսանելի են միայն այն գործադրող ուժերի գործունեության արդյունքում, ինչը նշանակում է, որ գաղափարախոսությունների գնահատման ուրիշ չափանիշ գոյություն չունի։


* * *

Իսկ այժմ վերադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի հասցեին հնչեցված վերոհիշյալ մեղադրանքին, տեսնենք, թե որքանով է այն արդարացված կամ որքանով է համապատասխանում իրականությանը։ Գաղտնիք չէ, անշուշտ, որ Կոնգրեսի կազմում իսկապես ընդգրկված են տարբեր գաղափարախոսություններ դավանող ուժեր, որոնք ներկայացնում են Հայաստանի գրեթե ողջ քաղաքական ներկապնակը՝ սկսած լիբերալներից ու սոցիալիստներից, ավարտած ազգայնականներով ու պահպանողականներով։ Ավելին, Կոնգրեսի հռչակագիրը ոչ միայն չի կաշկանդում իր անդամ-կուսակցությունների ինքնուրույնությունը, այլեւ երաշխավորում է նրանց գործունեության լիակատար անկախությունը։ Ո՞րն է, արդ, այն միավորող գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը երկուսուկես տարի շարունակ ապահովում է Կոնգրեսի անժխտելի կենսունակությունն ու վճռորոշ դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, կամ ի՞նչն է Կոնգրեսին անդամագրված ուժերին ստիպում իրենց կուսակցական շահերն ստորադասել մի ավելի գերակա խնդրի։

Այդ գերակա խնդիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը կործանումից փրկելու հրամայականը, այն է՝ ավազակապետության կազմաքանդումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը։ Ինչ վերաբերում է գաղափարախոսությանն առնչվող դատարկաբանություններին, ապա չպետք է մոռանալ, որ որեւէ պետության սրբություն սրբոցը սահմանադրությունն է, իսկ գաղափարախոսությունները կոչված են սոսկ դրան սպասարկելուն։ Նրանք ընդամենը գործիք են սահմանադրությունը կյանքի կոչելու ու պահպանելու համար։ Ո՞ւմ են պետք լիբերալիզմը, սոցիալիզմը կամ նացիոնալիզմը, երբ սահմանադրությունը պղծվում է կամ չի գործում։ Կամ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպես է լուծվում սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը՝ լիբերալիստաբար, սոցիալիստաբար, թե՞ նացիոնալիստաբար։ Երբ տանը հրդեհ է բռնկվում, ո՞ւմ հոգն է, թե կրակն ինչ միջոցով ես հանգցնում՝ ջրով, փրփուրով, թե՞ ավազով։ Անդունդ գլորվող երկրի համար կա՞ ավելի վեհ գաղափարախոսություն, քան ինքը սահմանադրությունը։ Կա՞ն ավելի կարեւոր նպատակներ, քան ժողովրդի անվտանգության եւ բարօրության ապահովումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարական ազատությունները, արդար ընտրությունները, իշխանության թեւերի հավասարակշռությունը, դատարանների անկախությունը, սեփականության անձեռնմխելիությունը, ազատ ձեռներեցությունը, հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցությունը եւ այլն։ Սա այն ամենն է, ինչն արձանագրված է Հայաստանի սահմանադրության մեջ, եւ սա է այն ամենը, ինչն իր առջեւ խնդիր է դրել վերականգնել Հայ Ազգային Կոնգրեսը։ Իսկ այժմ համեմատեք սահմանադրության ներկայացրած պատկերն այսօրվա իրականության հետ, եւ կտեսնեք, թե ինչպիսի ահռելի անունդ գոյություն ունի նրանց միջեւ։

Այնպես որ, Կոնգրեսի գաղափարախոսական հենքի բացակայության մասին իշխանական քարոզչության մոգոնած խոսակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էժանագին սպեկուլյացիա՝ ժողովրդի ուշադրությունը երկրի առջեւ կանգնած իրական խնդիրներից շեղելու համար։ Մենք ասում ենք՝ դուք բռնությամբ զավթել եք իշխանությունը եւ բռնի միջոցներով էլ պահպանում եք այն, մեզ պատասխանում են՝ իսկ դուք գաղափարախոսություն չունեք։ Մենք ասում ենք՝ դուք խախտում եք մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական ազատությունները, թալանում երկիրը, մեզ հակաճառում են՝ իսկ դուք ծրագիր չունեք եւ այլն։ Եթե իշխանություններին թվում է, թե այս խղճուկ մարտավարությամբ կարող են փրկել իրենց կամ նվազեցնել Կոնգրեսի ժողովրդականությունը, նրանք չարաչար սխալվում են, ինչում շուտով բոլորը կհամոզվեն։ Մի՞թե նշանակալից չէ, որ երկուսուկես տարի շարունակ իշխանական քարոզչության, իրենց անկախ համարող վերլուծաբանների եւ ընդհանրապես մամուլի գլխավոր թեման եղել եւ մնում է Հայ Ազգային Կոնգրեսը։ Եւ մի՞թե կարելի է մեր գործունեության սրանից ավելի մեծ գնահատական պատկերացնել։

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Ժողովրդական Կուսակցության համագումարին՝ ինձ հնարավորություն ընձեռելու համար պարզաբանելու Կոնգրեսին առնչվող հերթական հերյուրանքներից մեկը։ Հաջողություն եմ մաղթում համագումարի աշխատանքներին եւ ցանկանում ՀԺԿ շարքերի հետագա ընդլայնում, քաջ գիտակցելով, որ իր կազմում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի հզորացումը նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի հզորացման երաշխիքն է եւ նրա վերջնական հաղթանակի գրավականը։

04 Դեկտեմբեր 2010թ.