Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում

Լևոն Տեր-Պետրոսյան

Սիրելի հայրենակիցներ և զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլև իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման և վերաիմաստավորման անհրաժեշտության առջև։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր և համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

Բախում, թե՞ սպանդ[խմբագրել]

Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև։ Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի «իրավական» հիմնավորման հանցավոր գործին։ Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին՝ զոհին դարձնել դահիճ, իսկ դահճին՝ զոհ, խնդիր, որ նրանք, վստահաբար, կլուծեն հասարակական ճնշման բացակայության և միջազգային հանրության անտարբերության պարագայում։ Վարկածի հեղինակը, եթե կուզեք՝ դիրիժորը կամ ռեժիսորը, բնականաբար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր ընթերցել նրա վերջին երեք մամլո ասուլիսները (մարտի 1, 5 և 20), որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով և իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ ճիգերով։ Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին տասը տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել. մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս, նա, ըստ էության, դրսևորում է նույն անպարկեշտ վարքագիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը կոծկելիս։ Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերոհիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայտում են նշված անձի բարոյական կերպարը, այլև մարտի 1 ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը։

– Մարտի 1-ի մամլո ասուլիսում, խոսելով նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին, Քոչարյանը նշում է. «Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմակերպվում Երևանում, և դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ։ Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջը, ընդամենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի և զինամթերքի մասին»։ Բացարձակ սուտ. ոստիկանությունը ոչ միայն խուզարկության պահանջ չի ներկայացրել Ազատության հրապարակում գիշերողներին, այլև անգամ ցրվելու կոչ չի արել նրանց։ Երբ շուրջ ժամը վեցն անց քառասուն րոպեին ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով և վահաններով զինված ոստիկանական ուժերը շրջապատեցին Ազատության հրապարակը, ես բարձրացա հարթակ, և խոսափողից դիմելով ներկաներին, ասացի բառացիորեն հետևյալը. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զսպվածություն հանդես բերել, հանգիստ մնալ և ոչ մի շփում կամ կոնտակտ չունենալ ոստիկանների հետ։ Նրանք գուցե մեզ ասելու բան ունեն, սպասեք տեսնենք, թե ինչ են մեզանից ուզում։ Ոստիկաններին էլ զգուշացնում եմ նկատի ունենալ, որ հրապարակում կան նաև կանայք և երեխաներ։ Իսկ ցուցարարներին կրկին խնդրում եմ հանդարտություն դրսևորել և հինգ-վեց քայլ ետ քաշվել ոստիկաններից»։ Երբ ժողովուրդը կատարեց իմ խնդրանքը և հինգ–վեց մետր ետ քաշվեց, ոստիկաններն, առանց որևէ նախազգուշացման, միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, մահակի անխնա հարվածներ տեղալով նրանց գլխին և հաճախակի գործի դնելով էլեկտրաշոկերը։ Մարդկանցից շատերն արագորեն հեռացան հրապարակից։ Ոմանք փորձեցին պաշտպանվել վրանների հենացցերով ու վառելափայտով, բայց ոստիկանների ճնշման տակ նրանք ևս շուտով լքեցին հրապարակը։ Տասը-տասնհինգ րոպեից հրապարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, և այնտեղ լիակատար տիրություն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռևս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ երեք հազար ցուցարարներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ստահոդ պնդմանը, ապա դրա հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել տարակուսանք առաջացնող երկու հանգամանքի վրա։ Առաջին. եթե ոստիկաններն իսկապես խուզարկության կամ ցրվելու պահանջ ներկայացրած լինեին ցուցարարներին, մի՞թե պարզ չէ, որ իշխանություններն այդ տեսարանը հարյուր անգամ արդեն ցուցադրած կլինեին իրենց հեուստաալիքներով։ և երկրորդ. աշխարհի ոչ մի երկրում դեռևս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ երեք-չորս հազար ոստիկաններով։

– Անդրադառնալով մարտի 1-ի երկրորդ կեսին ֆրանսիական դեսպանատան մոտ ծավալված իրադարձություններին, Քոչարյանը նույն ասուլիսում հայտարարում է, որ «ոստիկանական զորքը զինված չէր հրազենով»։ Հիշեցնենք, որ սա ասվել է Արտակարգ դրություն հայտարարելու պահին, այն է՝ երեկոյան շուրջ ժամը 22։30-ին, երբ բանակն իբր դեռևս գործի չէր դրվել, և երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ պատճառած արյունահեղությունն արդեն տեղի էր ունեցել։ Թյուրիմացությունից խուսափելու համար Քոչարյանի ասուլիսի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ. «Կա ութ վիրավոր ոստիկանության աշխատողներից։ ...Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք և, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը»։ Սակայն, ի դժբախտություն Քոչարյանի, այստեղ բնականաբար ծագում է հետևյալ հարցը. եթե բանակը դեռևս գործի դրված չի եղել, իսկ ոստիկաններն էլ հրազեն չեն ունեցել, ապա ինչպես մինչև Արտակարգ դրության հայտարարումը յոթ քաղաքացի զոհվեց հրազենից և տասնյակ ուրիշներ ստացան հրազենային վնասվածքներ։ Հարցին, որքան էլ զարմանալի է, պատասխանում է ինքը Քոչարյանը, ասուլիսի հաջորդ հատվածում անզգուշաբար մատնելով իրեն. «Կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետևում կային նաև այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում։ Կրակողը մեքենայի հետևից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում։ Իսկ իր վրա կրակել, կնշանակեր նաև զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն էին»։ Քոչարյանը չի էլ նկատում, թե ինչպիսի թակարդն է ընկել. եթե ոստիկանները, ինչպես ինքն է պնդում, զինված չէին հրազենով, ապա նրանք ինչպես պիտի կրակեին այդպես տմարդավարի վարվող ցուցարարների վրա։ Մեկ անգամ էլ նա իրեն մատնում է մարտի 20-ի մամլո ասուլիսում. «Շատ հարցադրումներ կային և մամուլում և խոսակցություններում, թե ո՞վ է տվել կրակելու հրամանը, եղել է, թե չի եղել այն։ Աշխարհի ոչ մի երկրում ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չունի։ Մեր «Ոստիկանության մասին» օրենքը նախատեսում է ..., թե երբ և ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքը»։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը, ինքն էլ չզգալով, վերջիվերջո ակամա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ զինված է եղել հրազենով։ Այլապես կմնար ենթադրել, որ բանակը գործի է դրվել Արտակարգ դրություն հայտարարելուց առաջ, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում և ծանրագույն պետական հանցանք կլիներ՝ կատարված գլխավոր հրամանատարի կողմից։

– Ինչպես տեսանք, Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը Քոչարյանը հիմնավորում է նրանով, որ մարտի 1-ին ցուցարարներից շատերն իբր հրազեն են կրել և կիրառել ոստիկանների դեմ։ Այդ պնդումն, ի դեպ, նա բազմիցս կրկնում է իր բոլոր երեք ասուլիսներում։ Սակայն որքան էլ զարմանալի է, իշխանությունների և ընդդիմության կատարած հազարավոր տեսագրություններում, դեպքերից երկու ամիս անց իսկ, հրազեն կրող և կիրառող որևէ քաղաքացի չի հայտնաբերվել։ Փաստը զարմանալի է մանավանդ այն առումով, որ հրազեն կիրառող ոստիկաններին վերաբերող տեսանյութերը չափազանց առատ են։ Ավելին, մինչ Քոչարյանի իսկ պնդմամբ՝ բերման են ենթարկվել մոտ 800, իսկ կալանավորվել ավելի քան 100 քաղաքացիներ (մարտի 20-ի ասուլիս), սակայն տարօրինակ կերպով նրանցից ոչ մեկին մարտի 1-ին հրազեն կրելու և կիրառելու մեղադրանք չի ներկայացվել։ Այսքանից հետո մի՞թե լրացուցիչ ապացույցներ են պետք Քոչարյանի հորինած այս էժանագին առասպելը հերքելու համար։

– Բացի փաստերն անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու ակնհայտ իրողությունից, ինչը կարելի է բացատրել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, Հայաստանի նախագահի բարձր պաշտոնն զբաղեցնող անձը չի խորշում անգամ կենցաղային մակարդակի ստախոսությունից։ Այս տեսակետից ուշագրավ է հատկապես մարտի 5-ի ասուլիսի մի ընդարձակ հատված։ Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության, և ցանկություն է ունեցել գալ և միանալ հանրահավաքի մասնակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել», Քոչարյանն ասում է. «Ծանոթ եմ այդ հարցազրույցին, և մեղմ ասած, այդ թեզը իրականությանը չի համապատասխանում։ Առաջինն՝ ի՞նչ է նշանակում հնարավորություն չեմ ունեցել։ Ո՞վ էր խանգարում։ Հանգիստ կարող էր գնալ։ Ոչ մեկն իրեն չէր խանգարում։ Խնդիրը հետևյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ։ ...Նպատակներն ուրիշ էին։ Իրականում երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսյանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ և հանգստացնել ժողովրդին։ Ասել ենք՝ այո, միայն կողջունենք, գնացեք և հանգստացրեք։ Ասաց՝ չէ, ես պայմաններ ունեմ։ Պայմանները հետևյալն էին. ինքը գնում է և այդ մարդկանց առաջնորդում Թատերական հրապարակ, շարունակում է հանրահավաքը, որից հետո ևս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը։ Բայց երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղաքապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից. ամբոխը զինված էր փայտերով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար և բարիկադներ էին կառուցվում, կային ծեծված ոստիկաններ։ ... Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք Դինամո մարզադաշտի հրապարակ։ Նա մերժեց։ Սա է եղել պատմությունը»։

Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը, իր իսկ խոսքերով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Նախ՝ մարտի 1-ին Գրիգորի Սարկիսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ և ոչ թե միայն երեկոյան, այլ երեք անգամ՝ սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ և համոզել ցուցարարներին, որ դադարեցնեն հանրահավաքը։ Բայց գիտակցելով, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու, ես, այո՛, պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան և խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարավորութուն կընձեռեն։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես մերժել եմ, մտավախություն ունենալով, որ դեսպանատներից ու քաղաքի կենտրոնից հեռու, իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել և պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Մատենադարան։ Երկրորդ անգամ Սարկիսյանը Քոչարյանի անունից ինձ հաղորդել է՝ մի քիչ էլ սպասել, իսկ՝ երրորդ անգամ, արդեն ուշ երեկոյան, նախագահը հայտարարել է, որ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել։ Ի դեպ, նույն բանակցությունները Քոչարյանի հետ ես վարել եմ նաև Հայաստանում հավատարմագրված ևրոմիության դեսպանների միջոցով, և երեք անգամ էլ դեսպաններին նախագահական նստավայրից տրվել են նույն պատասխանները։

ևս մեկ անգամ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում նաև Քոչարյանի այն պնդումը, թե իբր «Տեր-Պետրոսյանի թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ»։ Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել և չէր կարող ասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ, և նրա միակ պարտականությունը իմ անվտանգության ապահովումն էր։

– Նույն ասուլիսի շարունակության մեջ Քոչարյանը ճշմարտության դեմ մի ավելի բացահայտ մեղք է գործում, պնդելով հետևյալը. «Շահարկում են, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է և չի կարողանում գնալ Սահմանադրական դատարան։ Բայց նման բան չկա, երբ ցանկանա կարող է գնալ։ Երբեք տնային կալանք չի եղել, և մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում»։ և այսպես, մինչ Հայաստանի իրադարձություններին վերաբերող համարյա բոլոր միջազգային փաստաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Քոչարյանը հայտարարում է, որ նման բան չկա։ Մարտի 1-ից մինչև մարտի 25-ը իմ առանձնատան երկու դարպասները հսկվում էին Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները և համապատասխան մատյանում գրանցում ինձ այցելող բոլոր անձանց, այդ թվում տասնյակ արտասահմանյան դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անունները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ներկայանալուս պարագային, ապա այդ բանն ինձ թույլ տրվեց միայն դատարանի համապատասխան կարգադրությունից և գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո, այն էլ Սարկիսյանին ենթակա չորս ավտոմատավոր սպաների ուղեկցությամբ։ Ճիշտ է, որ Հայաստանում տնային կալանքի իրավական ռեժիմ գոյություն չունի։ Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է բնութագրել գեներալ Գրիգորի Սարկիսյանի կողմից իմ տեղաշարժի ազատության դեմ կիրառված սահմանափակումը։ Գուցե՝ առևանգո՞ւմ. սակայն դա արդեն հետագա իրավական գնահատականի խնդիր է։

Քոչարյանի խնդրո առարկա մամլո ասուլիսների կատարված վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրա համար կարևորը, տեղեկատվական դաշտում իշխանությունների վայելած բացարձակ մենաշնորհի պայմաններում, հնարավորինս առավել սուտ լուրերի տարածումն է, հույս ունենալով, որ դրանք, գեբելսյան իմաստությամբ բազմիցս կրկնվելով, մի կողմից կծառայեն ընդդիմության վարկաբեկման անհրաժեշտ գործին, մյուս կողմից կվերածվեն կարծրատիպերի, որոնց հաղթահարման համար հասարակությունից երկար ժամանակ կպահանջվի։ Տվյալ գործելաոճն, անտարակույս, նաև իրադարձությունների հետաքննությունն ուղղորդելու ակնհայտ միտում է պարունակում, ինչի վկայությունն են, մասնավորապես, դատախազության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնցում կրկնվում են Քոչարյանի ասուլիսներում առկա համարյա բոլոր հակասությունները, փաստական աղավաղումներն ու ստահոդ պնդումները։ Սակայն սա առանձին խոսակցության առարկա է, որին մենք թերևս կանդրադառնանք այլ առիթով։ Իսկ քոչարյանա-սերժական քարոզչության գլխավոր նպատակն, ինչպես արդեն ասվեց, խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից հիմնավորապես ծրագրված և իրագործված հրեշավոր ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ ձգտումն է։ Այլ կերպ ասած, եթե իշխանությունները սուտ են խոսում, դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ այն է, որ նրանք թաքցնելու բան ունեն, այլապես հարկադրված չէին լինի դիմելու նման անպատվաբեր միջոցի։

Ինչ որ բան թաքցնելու անհրաժեշտությունը թելադրված է նրանից, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու և ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել են մարտի 1 ի իրադարձություններից դեռևս մեկ շաբաթ առաջ։ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը բողոքի ցույցերը որակեց որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», միաժամանակ սպառնալիքներ կարդալով ընդդիմության հասցեին (ի դեպ, այս փաստի վրա հատուկ ուշադրություն է հրավիրել Ջոն Պրեսկոտը, ապրիլի 14-ին ևրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած իր զեկույցում)։ Ի կատարումն Քոչարյանի հրահանգի, հաջորդ օրն ևեթ, փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը հարուցեց քրեական գործ հետևյալ հիմնավորմամբ. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանս, քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը, պարզեցի. Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում և ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5%-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաև զինված խմբավորումներ կազմավորելու և դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175–176, 181–182, 192 րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լևոն Տեր Պետրոսյանի և մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ և կատարել նախաքննություն։ 2. Սույն որոշման պատճենն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին»։

Իրավական անգրագիտության այս գլուխգործոցում հատկապես ուշադրության են արժանի «մյուսները» բառը և մանավանդ «Լևոն Տեր Պետրոսյանի և մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելը» որպես կատարված փաստ ներկայացնելու ձևակերպումը։ Սակայն կարևորը տվյալ պարագայում սա չէ, այլ այն պարզ իրողությունը, որ նշված փաստաթղթով իշխանությունները փետրվարի 24-ին արդեն գծել են իրենց հետագա բոլոր գործողությունների մանրակրկիտ սցենարը, ընդհուպ մինչև մարտի 1-ի արյունահեղությունը, խանութների թալանը, ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները և այլն։ Քաղաքական տեսակետից՝ այս հրեշավոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է՝ Արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել իրենց համար անցանկալի վճիռ։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները և փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։ Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների և ոստիկանության միջև, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որը թեև ֆորմալ առումով կապված չէ հրաման արձակելու հետ, ապա նա, որպես ընտրյալ համարվող նախագահ, պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ գնալ այդ ծայրահեղ քայլին։ Համենայն դեպս, նրա պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսևորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում։ Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար և շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային, անկախ հետաքննության անցկացմանը։ Այլապես հազար տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահեղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը։

Արևմուտքի վերաբերմունքը հայաստանյան ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ[խմբագրել]

Արևմուտք ասելով, ես, առաջին հերթին նկատի ունեմ ևրոպական կազմակերպությունները՝ ևրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցել է Հայաստանը և համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջև։ Սակայն, նախքան բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կատարել հետևյալ անհրաժեշտ պարզաբանումը։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջև, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջև, այն է՝ ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները և քաղաքացիական իրավունքները։ Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե՛ Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, և թե՛, մանավանդ, մեր ժողովրդի առջև իրենց պարտավորությունները կատարելու հարցում։ Դա ապացուցելու համար բավական է, թեկուզ, նշել «Ա1+» և «Նոյան տապան» հեռուստակայանների վերաբացման հարցում նրանց ցուցաբերած լիակատար անկարողությունը, ինչպես նաև այն, որ մինչ այժմ անպատասխան է մնում Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003թ. ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ ևրոդատարան ներկայացված հայցադիմումը։

Կարծում եմ, նույնքան և գուցե ավելի պերճախոս է այդ կազմակերպությունների դրսևորած անսկզբունքային վերաբերմունքը Հայաստանում կայացած վերջին նախագահական ընտրությունների և մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նկատմամբ։ Առարկայական լինելու համար ես կսահմանափակվեմ միայն այդ կազմակերպությունների կողմից կազմված մի քանի պաշտոնական փաստաթղթերի դիտարկմամբ։ Դրանք են՝ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի» (ODIHR) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի երկու զեկույցները (փետրվարի 20 և մարտի 3), «ևրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի» (PACE) դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը (ապրիլի 14), «ևրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովին» դեսպան Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի ներկայացրած համատեղ զեկույցը (ապրիլի 15), «ևրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի» թիվ 1609 բանաձևը (ապրիլի 17), ինչպես նաև «ևրոխորհրդի Մարդու իրավունքների կոմիսար» Թոմաս Համմարբերգի զեկույցը (մարտի 20), որը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին և իր օբյեկտիվությամբ առանձնանում մյուսներից։

Միջազգային դիտորդական առաքելությունների անպատասխանատվությունը դրսևորվեց նրանց առաջին իսկ զեկույցում, որում, նախքան խախտումների բողոքարկման ու ձայների վերահաշվարկի համար սահմանված ժամկետի ավարտը և նախքան ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը, տեղ գտավ հետևյալ ձախորդ ձևակերպումը. «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ ի և ևրոխորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների և չափանիշների համաձայն»։ Թեև այնուհետև ինչպես այս, այնպես էլ դիտորդական առաքելությունների մյուս զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման հարյուրավոր դեպքեր, սակայն դրանք, դիտորդների «հեղինակավոր» կարծիքով ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաստերը չազդել ընտրությունների արդյունքների վրա, և եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը, նրանք լռում են։ Երբ հարցնում ես՝ ևրոպական որևէ երկրում իրենք կհանդուրժեին, արդյոք, նման խախտումներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց դիրքորոշումը։

Դիտորդական առաքելությունների աշխատանքի որակի վկայությունն են նաև նրանց զեկույցներում առկա բազմաթիվ փաստական սխալները, որոնցից հարկ եմ համարում առանձնակի ուշադրություն հրավիրել հետևյալ երկուսի վրա։ Այսպես, Գերդ Արենսի փետրվարի 20 ի զեկույցում գրված է հետևյալը. «Հակասություն է առաջացել այն բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ ընտրարշավ էր անցկացնում՝ շարունակելով գործել որպես վարչապետ։ ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է ընտրարշավ անցկացնել առանց պաշտոնը թողնելու։ Պարոն Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում և քարոզարշավի առավելություն»։ Օգտվելով Գերդ Արենսից, բայց ավելի առաջ գնալով, Ջոն Պրեսկոտն ապրիլի 14 ի իր զեկույցում հայտարարում է. «Քարոզարշավի հակասության գլխավոր կետը Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ որպես թեկնածու գրանցվելուց հետո պահպանել վարչապետի պաշտոնը։ Թեև, ըստ օրենքի, նա իրավունք ուներ այդպես վարվելու (ընդգծ. Լ.Տ.-Պ.), սակայն այդ որոշումը նրան ընտրարշավային անարդար առավելություն ընձեռեց»։ Ցավալի է, որ դիտորդական առաքելությունների հարգարժան ղեկավարները զլացել են ընթերցել ՀՀ ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածը, որում հստակորեն նշված է, որ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր, որպես թեկնածու գրանցվելուց հետո, շարունակել իր պաշտոնավարությունը, այն է՝ եթե օժտված լիներ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակով։ Իսկ հաջորդ կոպիտ սխալը տեղ է գտել Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի ապրիլի 15-ի համատեղ զեկույցում, որում նշված է, թե Սահմանադրական դատարանն իբր «հերքել է Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկն այն մասին», որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր նիստեր գումարել և վճիռ կայացնել Արտակարգ դրության պայմաններում։ Զեկույցի հեղինակներն, ակներևաբար, տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանը ոչ թե հերքել է իմ փաստարկը, այլ, խուսափելով պատասխանատվությունից, պարզապես անտեսել է այն։

Այս բոլոր քննադատությունները, սակայն, ոչինչ չարժեն փաստաթղթից-փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձևակերպման համեմատ, որ «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի և ևրոխորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների և չափանիշների համաձայն»։ Սոսկ այս մեկ անզգույշ նախադասությամբ ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի» դիտորդական առաքելությունը, փաստորեն, միանգամից և անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները։ Դրանից ոգևորված, Հայաստանի իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի և ընտրախախտումների դատական քննության գործընթացները, այլև բողոքի խաղաղ ցույցերը որակելով որպես «իշխանության ապօրինի զավթման փորձ», վերջիվերջո կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը։

Արևմուտքն, այսպիսով, բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը։ ևրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով և երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության և իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը։ Առերևույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արևմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող արժանապատիվ իշխանություն։ Ափսոսանքով, բայց միաժամանակ սառնասրտորեն պետք է արձանագրել, որ ևրոպական կազմակերպությունները հանդուրժեցին Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները՝ ինչ-որ չափով նաև նպաստելով այդպիսի ընտրությունների կայացմանը։ ևրոպական կազմակերպությունները որոշ առումով հանդուրժեցին նաև մարտի 1-ի արյունահեղությունը՝ այն համարելով ոչ թե որպես վարչախմբի կիրառած վայրագ բռնության, այլ ընդդիմության և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման արդյունք։ Եթե այդ կազմակերպությունները հանդուրժեն նաև այն, որ այդ աններելի ոճրագործության հետաքննությունը վարեն դրա պատասխանատվությունը կրող իշխանությունները, ապա, որևէ կասկած չի կարող լինել, որ նրանք վերջնականապես կկորցնեն իրենց վարկը Հայաստանում։ ևրոպական կազմակերպությունների նկատմամբ հայ ժողովրդի վստահության թեկուզ մասնակի վերականգնումը կախված է նրանից, թե ինչպիսի հաստատակամություն և հետևողականություն կդրսևորի «ևրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը» ապրիլի 17-ին ընդունած իր բանաձևի պահանջների կատարման գործում։

Հասարակության պառակտում, թե՞ միավորում[խմբագրել]

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, և թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, և որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջև։ Առաջին հայացքից՝ երկխոսության առաջարկը միանգամայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է։ Սակայն հարց է առաջանում՝ ճի՞շտ է, արդյոք, երկխոսության առաջարկի այն ելակետը, թե իբր Հայաստանի հասարակությունը պառակտված է։ Եթե դատելու լինենք ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներից, ապա, կարծես-թե, պատասխանը միայն դրական կարող է լինել, քանի որ «հաղթած» թեկնածուն ստացել է 53%, իսկ ընդդիմության թեկնածուները՝ 47%։ Մի բան է, սակայն, պարզ թվաբանությունը, բոլորովին մի այլ բան՝ նրա տակ թաքնված իրականությունը։

Պարադոքսն այն է, որ հասարակության պառակտվածության թեզի հետ համաձայն չեն ոչ միայն Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այլև իշխանությունների շուրջ համախմբված ուժերը։ Իշխանությունների համոզմունքը կառուցված է տարրական հաշվարկի վրա։ Ըստ նրանց, քանի որ քվեների շուրջ 18 և 6 տոկոս ստացած երկու թեկնածուներ միացել են իշխող կոալիցիային, դա նշանակում է, որ իրենք ներկայացնում են հասարակության 77%-ը, հետևաբար խնդիր ունեն ընդամենը 21.5% ներկայացնող անհաշտ ընդդիմության հետ, որին քաղաքական հալածանքների և ագրեսիվ քարոզչության միջոցով չեզոքացնելը լուրջ խոչընդոտ չպետք է համարել։ Այլ հարց է, թե որքանով է առաջին հայացքից համոզիչ թվացող այս տրամաբանությունը համապատասխանում իրականությանը։ Նշված երկու անձնավորությունները՝ Վահան Հովհաննիսյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարը (այսուհետև հապավված՝ ԱԽՔ) ընտրություններում հանդես են եկել որպես ընդդիմադիր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ նրանց օգտին քվեարկած քաղաքացիները բոլորովին չեն ենթադրել, որ իրականում ձայն են տալիս Սերժ Սարգսյանին, թեև այդ մասին մենք ժամանակին ահազանգել ենք։ Թե՛ Վահան Հովհաննիսյանը, թե՛ ԱԽՔ-ը ընտրությունների հաջորդ օրը հայտարարեցին, որ դրանք կեղծված են, հետևաբար իրենք չեն ընդունում դրանց արդյունքները։ Ավելին, ի նշան բողոքի, Հովհաննիսյանը հրաժարվեց Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ ԱԽՔ-ի զինակից, պատգամավոր Հեղինե Բիշարյանը կեղծված ընտրությունների դեմ ցասումնալից ելույթով հանդես եկավ Համաժողովրդական շարժման կազմակերպած հանրահավաքում։

Թե ինչ տեղի ունեցավ հետո, արդեն վերաբերում է ոչ թե քաղաքականության, այլ բարոյականության ոլորտին։ Բայց քանի որ ես խորշում եմ բարոյախոսությունից (շեշտում եմ՝ ոչ թե բարոյականությունից, այլ բարոյախոսությունից), ապա զերծ կմնամ մարդկանց վարքը գնահատելուց, բավարարվելով սոսկ փաստերի արձանագրմամբ։ Թեև Վահան Հովհաննիսյանը և ԱԽՔ-ը, ընդունելով հանդերձ ընտրությունների կեղծված լինելու իրողությունը, այնուամենայնիվ միացան Սերժ Սարգսյանին, դա դեռևս չի նշանակում, որ վերջինիս միացավ նաև նրանց ընտրազանգվածը։ Ընդհակառակը, դիտարկումները ցույց են տալիս, որ Հովհաննիսյանի և մանավանդ ԱԽՔ-ի թեկնածությունը պաշտպանած քաղաքացիները, հիասթափված իրենց առաջնորդների անվայել պահվածքից, այսօր ավելի լարված են Սերժ Սարգսյանի դեմ, քան նույնիսկ ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե սրան գումարենք նաև այն, որ մարտի 1-ի արյունահեղությունից հետո Սերժ Սարգսյանն ատելի է դարձել անգամ իր ընտրազանգվածի մեծամասնության համար, ապա հասարակության 77%-ը ներկայացնելու մասին իշխանությունների մոտ ձևավորված պատկերացումը հօդս է ցնդում։ Իշխանությունների համար դժվար է ընդունել, իսկ միջազգային հանրության համար դժվար է պատկերացնել, որ 1988թ. Ղարաբաղյան շարժումից և 1991թ. Անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանի հասարակությունը երբևէ այնքան միասնական չի եղել, որքան հիմա։ Եթե այնուամենայնիվ անհնար է խուսափել պառակտում բառից, ապա պետք է համաձայնել, որ պառակտումը ոչ թե հասարակության ներսում է, այլ հասարակության և իշխող վարչախմբի միջև։ Իրականում դա պառակտում էլ չէ, այլ ահռելի մի վիհ, որ գոյացել է ժողովրդի մեծամասնության և իշխանությունը կեղծիքներով ու արյունահեղությամբ զավթած փոքրաթիվ մարդկանց միջև։ Հասարակության միասնականությունն, ըստ այդմ, արտահայտվում է ներկա վարչախմբի լիակատար մերժման և նրանից շուտափույթ կերպով ազատվելու վճռականության իրողություններում։ Սա նոր, ազատատենչ, անարդարություն չհանդուրժող, իր իրավունքները լիովին գիտակցող քաղաքացիական հասարակություն է, որի պատկերացումները պետության, ազգային շահի, ժողովրդի բարօրության և արժեքային համակարգի մասին շեշտակիորեն տարբերվում են վարչախմբի պատկերացումներից։ Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն, խնդիր դնելով՝ հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր քաղաքացիներին,– ապահովել ազատ մրցակցությունը,– երաշխավորել սեփականության անձեռնմխելիությունը,– կազմաքանդել ձևավորված կոռուպցիոն համակարգը,– հավասարաչափ բաշխել հարկային բեռը,– վերացնել մենաշնորհային արտոնություններ շնորհելու սովորույթը,– դադարեցնել վիճակագրական աճպարարությունները,– հստակեցնել արտաքին քաղաքականության սկզբունքները,– միջոցներ ձեռք առնել երկրի քաղաքական և տնտեսական մեկուսացման հաղթահարման ուղղությամբ,– քաղաքական կամք դրսևորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում,– հաշտ ու խաղաղ ապրել բոլոր հարևանների հետ և այլն։ Եթե Հայաստանի ներկա իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել և վտանգել երկրի կայունությունը։ Հասարակության և վարչախմբի միջև առկա վտանգավոր լարվածության լիցքաթափման միակ միջոցն, ակնհայտորեն, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Սակայն գիտակցելով, որ Հայաստանի ներկա իշխանություններն ու ևրոպական կազմակերպություններն առայժմ նման հանգուցալուծման պատրաստ չեն, գիտակցելով նաև, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահանջում, մենք՝ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներս, պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը և հասարակությանը գործողությունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել։ Հաջորդ բաժնում ես կփորձեմ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրել այս հարցերի հետ կապված որոշ նախնական առաջարկների վրա։

Համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները[խմբագրել]

Համաժողովրդական շարժման գործունեության ելակետը ետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական ուժերի նոր հարաբերակցության ձևավորումն է։ Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա։ Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում՝ հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող Համաժողովրդական շարժումը։ Ուրիշ ընդդիմություն, ըստ էության, գոյություն չունի, ինչը մեզ համար միաժամանակ թե՛ պատվաբեր է, թե՛ պարտավորեցնող։ Համաժողովրդական շարժումը, սակայն, ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետևաբար, այսօր իներցիոն երևույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ։ Ուստի մենք, նախևառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջև։ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրականության հետ չհաշտվող հասարակության իղձերի և տրամադրությունների հունավորումը։ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաև, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձևով և նոր անվանմամբ։

Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել «կոնգրես» բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (հապավված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային-ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական և սոցիալական բազմաշերտ ներկայացուցչականությունը։ Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձևին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը և Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաև անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաև, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության և գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության։ Չի բացառվում նաև, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին։

«Հայ ազգային կոնգրեսի» ստեղծման գաղափարը, բնականաբար, անակնկալ է ձեզանից շատերի համար, սակայն խնդրում եմ՝ այն ընդամենը որպես նախնական առաջարկ և հետագա քննարկումների առարկա համարել։ Թերևս արժե այդ հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մեր հաջորդ հավաքում, որի գումարման մասին ձեզ ժամանակին տեղյակ կպահվի։ Անկախ, սակայն, կազմակերպական ձևափոխումից ու վերանվանումից, ակնհայտ է, որ Համաժողովրդական շարժումը, հասարակական լայն աջակցության շնորհիվ, մշտական և վճռորոշ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագա բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով հանդես գալով բոլոր մակարդակների ընտրություններում։ Ինչ վերաբերում է Շարժման ընթացիկ խնդիրներին, ապա դրանց անդրադառնալուց առաջ հարկ եմ համարում շեշտել հետևյալը։ Մենք մշտապես առաջնորդվել և այսուհետև ևս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով, գործել և այսուհետև ևս գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում՝ ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել և շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչա տնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները և վերջապես, ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը։ Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու և քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը նախևառաջ լիապես կատարի «ևրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի» ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձևի՝ որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները, որոնք են. – մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննությունը, – քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կալանավորված անձանց անհապաղ ազատ արձակումը, – «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում Ազգային Ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների անհապաղ ուժը կորցրած ճանաչումը՝ համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների։ Բանաձևը նաև ավելացնում է, որ «եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, և եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջև լրջորեն չծավալվի բաց երկխոսություն 8 րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի՝ որպես ևրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը։ Ուստի Վեհաժողովը պետք է 2008թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության՝ քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը»։ Ինչպես տեսնում ենք, վերջապես խոսքից գործի անցնելով, «ևրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը» սպառնում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոց կիրառել, ինչը ողջունելի է։ Սակայն ողջունելով հանդերձ վարչախմբի դեմ ուղղված քաղաքական պատժամիջոցները, մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի դեմ ծրագրվող տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ արված հայտարարություններից, քանի որ դրանցից տուժելու է ոչ թե վարչախումբը, այլ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը։ Ուստի օգտագործելով առիթը, Համաժողովրդական շարժման անունից ես դիմում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը և «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վարչությանը, խնդրելով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից։

Դա կարևոր ենք համարում, նկատի ունենալով, մանավանդ, քաղաքականից բացի՝ նաև երկրում հասունացող սոցիալական լարվածությունը, որն արդյունք է սպառողական ապրանքների գների կտրուկ թանկացման և հարկային բեռը գլխավորապես մանր ու միջին բիզնեսի ուսերին բարդելու պրակտիկայի։ Որպես հիրավի Համաժողովրդական շարժում մենք պարտավոր ենք ուղղորդել ոչ միայն հասարակության քաղաքական, այլ նաև սոցիալական դժգոհությունները, մի կողմից՝ դրանց արմատները վերացնելու, իսկ մյուս կողմից՝ սոցիալական բունտի վտանգը կանխելու նպատակով։

Շարունակելով սկզբունքային և վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաև անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից և երկրի կայունությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները և լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։

Այս ամենը չի նշանակում, սակայն, որ Համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքականությանը, որի արդյունքն են ինչպես Հայաստանի լիակատար մեկուսացումն ու տնտեսական զարգացման հեռանկարի բացակայությունը, այնպես էլ ՄԱԿ ի Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունված տխրահռչակ բանաձևը։ Ուստի մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել և, որքան հնարավոր է արագ, ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռեալ գործընթացի սկզբնավորմանը։

Ժամանակի սղության պատճառով ես անդրադարձա Համաժողովրդական շարժման առջև կանգնած բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսին՝ դրանք համարելով ամենակարևորը։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք ձեզ կներկայացվեն մեր ընթացիկ գործունեության և հրապարակային միջոցառումների ընթացքում։ Օրվա ամենահրատապ խնդիրն, անտարակույս, անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է, առանց որի՝ երկխոսության կամ հասարակական համերաշխության վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Իսկ որպես ընդհանուր ռազմավարություն, ակնհայտ և անկասկած է, որ մենք օգտագործելու ենք օրինական բոլոր միջոցները՝ հանցավոր վարչախմբից ազատվելու և երկրի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Մի բան պետք է պարզ լինի թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային հանրության համար, այն է՝ փետրվարյան վերջին տասնօրյակի ազատության վայելքը ճաշակած արժանապատիվ հասարակության հաղթական երթն անկասելի է։

Շնորհակալություն ուշադրության համար։

2 մայիսի, 2008թ.