Jump to content

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սիրելի հայրենակիցներ,

Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

Սակայն, մինչեւ գնահականներ տալը, ուզում եմ սրտանց շնորհավորել արտաքին քաղաքականության ճակատում շարունակ պարտություններ կրող Սերժ Սարգսյանին` սեփական ժողովրդի նկատմամբ տարած «փառահեռ» հաղթանակի համար։

Դուք տեղյակ եք, որ միջազգային հանրությունը` Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, սկսած 1998 թվականից, ընտրությունից ընտրություն, Հայաստանում առաջընթաց, իրենց լեզվով ասած` պրոգրես են արձանագրում` եւ ընտրությունների որակի, եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման առնչությամբ, բայց մենք տեսնում ենք, իրականում, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն շատ ավելի այլանդակ է լինում, քան նախորդը։ Եթե սա է Եվրոպայի, Արեւմուտքի պատկերացումը պրոգրեսի մասին, ապա կամ նրանք զբաղված են երգիծաբանությամբ, կամ էլ պարզապես ձեռ են առնում մեր ժողովրդին` նրան դնելով երկրորդ սորտի մարդկանց տեղ։ Միջազգային հանրությունը, այսպիսով, ոչ թե նպաստում է ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, այլ կարծես թե դիտավորյալ խոչընդոտում է այդ զարգացումը։ Ես մի փաստ կարող եմ ասել. եթե եվրոպական կառույցները, Միացյալ Նահանգները, ողջ Արեւմուտքը սկզբունքային գնահատական տային 2008 թ. նախագահական ընտրություններին, ապա այսօրվա խայտառակ ընտրությունները տեղի չէին ունենա։ Արեւմուտքի անլրջության վկայությունն է նաեւ թեկուզ այն փոքրիկ փաստը, որ այս ընտրությունները դիտարկելու համար նրանք ուղարկել էին ընդամենը 15 հոգու։ Երբ լրագրողներից մեկն այդ դիտորդական առաքելության ղեկավարին հարցրել էր` արդյո՞ք 15 հոգին բավական է ընտրությունները դիտարկելու եւ օբյեկտիվ գնահատելու համար, այդ խմբի ղեկավարը առանց քաշվելու ասել էր` գիտեք ինչ, հարյուր հոգին էլ բավական չէր լինի։ Դե եթե այդպես է, ինչո՞ւ եք վեր կացել-եկել, այդքան էլ փող ծախսել, չգիտեմ` նորից մեր ժողովրդին ձեռ առնելու համա՞ր։ Եւ այս ասելուց հետո էլ առավոտյան արդեն նրանք հրապարակել են իրենց առաջին զեկույցը։ Եւ ինչպե՞ս են գնահատել ընտրությունները` որ ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանել են եվրոպական չափանիշներին։ Ուրեմն, կամ պետք է մտածել, որ այդ մարդիկ մեզ են ծաղրում, կամ իրենք իրենց են ծիծաղելի վիճակի մեջ դնում։ Եթե եվրոպական չափանիշ է լրագրողին ծեծելը, եթե եվրոպական չափանիշ է հազարավոր ավտոբուսներով ընտրողներին տեղամասեր բերելը, եթե եվրոպական չափանիշ է ընտրակաշառք բաժանելը, եթե եվրոպական չափանիշ է վստահված անձանց, հանձնաժողովների անդամներին ահաբեկելը, ապա մենք այդ եվրոպական չափանիշների հետ գործ չունենք, թող այդ չափանիշները տանեն, կիրառեն իրենց վրա։

Հիմա ավելի էական մի հարցի մասին։ Ի՞նչ է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուզածը։ Ես համայնքային հանրահավաքներում այդ հարցին անդրադարձել եմ տարբեր տեղերում, բայց առիթ է ավելի լայն լսարանի առջեւ այս շեշտադրումը կատարելու։ Նրանց երազած պետությունը` ընդդիմություն չունեցող, քաղաքական կուսակցություններ չունեցող, ոչ մի հակաճառող գոյություն չունեցող, հլու-հնազանդ հպատակների մի հավաքականություն է եղել։ Եւ նրանք տասնմեկ տարի շարունակ հստակորեն փորձել են իրականացնել ահա իրենց այս նպատակը։ Չկանգնելով ոչ մի քայլի առջեւ. եթե պետք է կեղծել ընտրությունները` կեղծե՛լ, եթե պետք է բռնություն գործադրել ընտրողների վրա` գործադրե՛լ, եթե պետք է գնդակահարել ընդդիմադիրներին` սառնասրտորեն գնդակահարե՛լ, ինչպես գնդակահարեցին Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին, եթե պետք է ժողովրդի սպանդ կազմակերպել` ա՛յդ էլ կանենք, եւ այդ էլ արեցին մարտի 1-ին, եթե պետք է հարյուրավոր մարդկանց բանտերը լցնել` ա՛յդ էլ կանենք։ Սա էր իրենց գլխավոր խնդիրը։ Դուք պատկերացրեք` ի՞նչ է նշանակում ընդդիմությունը բռնազավթիչի համար։ Ընդդիմությունը բռնազավթիչի համար նշանակում է ամենօրյա վտանգ նրա իշխանության հավերժությանը։ Նրանք ուզում են իշխել հավերժ։ Գողերը, ավազակները, մարդասպանները տիրել են երկրին եւ ուզում են տիրել հավերժ։ Ասացի, նրանք ոչ մի բանի առջեւ կանգ չառան, ամեն ինչ արեցին` ընդդիմադիրների կամ կես-ընդդիմադիրների մի մասին նրանք ուղղակի կաշառեցին, գնեցին ոտքով-գլխով` եւ ֆիզիկապես, եւ արժանապատվությամբ, ամեն ինչով։ Մյուսներին, ովքեր անկախ էին, այդ թվում` երկրապահները (այդ մարդիկ ազատագրել էին Արցախը), պատժեցին բանտերով ու զնդաններով։ Ժողովրդին պատժում են թշվառությամբ, պարտադրված թշվառությամբ, որովհետեւ այն թշվառությունն ու աղքատությունը, որն այսօր տիրում է Հայաստանում, օբյեկտիվ պատճառ չունի։ Դա իրենց անսահմանափակ թալանի արդյունքն է։ Այդ մարդիկ այս երկիրը իրենցն են համարում, մեզ, ձեզ, բոլորիս` իրենց ճորտերը։ Անկախը, բարձրաձայնելու քաջություն ունեցողը պետք է զսպվի, նրա բերանը պետք է փակվի։

Եւ ի՞նչ ստացան։ Ստացան հակառակը։ Այսօր մենք ունենք այնպիսի ընդդիմություն, որը Հայաստանի անկախ գոյության քսան տարվա ընթացքում գոյություն չի ունեցել, հզորագու՛յն ընդդիմություն։ Այդ ընդդիմությունը օդից չծնվեց. այն ունի իր սնուցող աղբյուրները, որոնք են` ե՛ւ մեր ազատամարտիկները` սկսած 1988 թվականից, բոլոր երկրապահները, ե՛ւ Հայոց Համազգային Շարժումը` իր քաղաքական փորձով, ե՛ւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, որն ըստ էության այդ ընդդիմությունը ղեկավարել է 1998 թվականից սկսած` վերջին տասը տարվա ընթացքում, բոլոր մյուս կուսակցությունները, որոնք վիզ չեն ծռել այս իշխանությունների առջեւ։ Ահա այս աղբյուրներից սնված ընդդիմությունն էր, որը, վաստակելով ժողովրդի աջակցությունը, այսօր դարձել է մի այնպիսի ուժ, որը քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյանին եւ նրա ավազակախմբին։

Ընդհանրապես կարող եք հարցնել` ի՞նչ է ընդդիմությունը, ու՞մ է պետք այդ ընդդիմությունը։ Եթե պետությունը ընդդիմություն չունի` այդ պետության մեջ ժողովրդավարության, ազատության մասին խոսելը ավելորդ է։ Այդ պետության մեջ կաշառակերությունը վերացնելու մասին խոսելը բացարձակապես ավելորդ է։ Ընդդիմությունը ունի երկու ֆունկցիա. մեկը` ներքին, մյուսը` արտաքին։ Ներքինը. նրա գոյությունն այն զսպող ուժն է, որը սահմանափակում է իշխանությունների անվերահսկելի վարքն ու բարքը։ Մյուս մեխանիզմը ազատ հեռուստաընկերություններն են, ազատ մամուլն է, որ Հայաստանում ըստ էության գոյություն չունեն, իսկ ազատների, անկախների մեծ մասը դատապարտված է ֆինանսական-նյութական չքավոր գոյության` փոքրիկ տպաքանակներով։ Եթե կուզեք իմանալ, այս վերջին մեկուկես տարում այս ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, ձեզ հետ միասին արդեն հսկայական դեր է խաղացել. այդ զսպող, վերահսկող դերը խաղացել է` անկախ այն բանից, թե մենք իշխանություններում ներկայացվա՞ծ ենք, թե` ոչ։ Ի դեպ` սրանից օգտվել են ավելի շատ իշխանությունները եւ իշխանամերձ քաղաքական ուժերը, քան բուն ժողովուրդը։ Եթե չլիներ ընդդիմությունը` այսօր Հայաստանում մանր եւ միջին ձեռնարկատիրություն գոյություն չէր ունենա. ուղղակի այս ավազակապետությունը ամբողջությամբ լափած կլիներ այդ վերջին չնչին հարստությունը, որը իրենց իշխանության սահմաններից դուրս էր գտնվում եւ առայժմ գտնվում է` շնորհիվ այս ընդդիմության։ Եթե չլիներ այս ընդդիմությունը` այս օլիգարխների մի զգալի մասն էլ կորցրած կլիներ իր հարստությունը, մյուսները` ավելի զոռբաները, արդեն վերաբաշխած կլինեին այդ հարստությունը։ Եթե չլիներ ընդդիմությունը` «Օրինաց երկիրը», Դաշնակցությունը չէին կարող երազել կոալիցիայի կազմում ընդգրկվելու մասին։ Եթե չլիներ այս ընդդիմությունը` Վազգեն Մանուկյանը երբեւէ նախագահ չէր դառնա, իսկ այսօր դարձել է Հանրային խորհրդի նախագահ. վերջապես այս մարդը հասավ իր մուրազին` ընդդիմության շնորհիվ։

Սա ընդդիմության նշանակությունն է ներքին քաղաքականության մեջ, ներքին կյանքում, բայց ընդդիմությունը կարեւոր գործառույթ ունի նաեւ երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Ընդդիմությունը այն նյութն է, որը իշխանություններին հնարավորություն է տալիս արտաքին քաղականության մեջ մանեւրել, ստիպված չլինել, հարկադրված չլինել ստորագրել ամեն ինչ։ Ես չեմ տեսել որեւէ թուղթ, որ դեմ տան Սերժ Սարգսյանին, եւ նա չստորագրի։ Խոսքը վերաբերում է արտաքին աշխարհին. ինչ թուղթ տան` նա ստորագրել է եւ ստորագրելու է։ Այնինչ կար մի շատ հեշտ միջոց. սա ինձ համար տեսական դատողություն չէ, սա իմ փորձառությունն է։ Երբ Դաշնային խորհրդում, որը գլխավորում էր Գորբաչովը, եւ դրանից հետո` Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովներում` բազմիցս ականատես եմ եղել այդ բանին։ Ասենք` Կրավչուկը, երբ մի բան չէր ուզում ստորագրել, ասում էր` գիտե՞ք ինչ, եթե ես սա ստորագրեմ, ապա Կիեւ չեմ կարող վերադառնալ, ընդդիմությունը ինձ կհոշոտի։ Նույնը` Ալիեւը, մյուս նախագահները։ Եթե Սերժ Սարգսյանը հանդուրժեր ընդդիմություն` նա, օրինակ, երբ նրան առաջարկեին ստորագրել հայ եւ թուրք պատմաբանների ստեղծման հանձնաժողովի այդ պահանջը` նա հանգիստ կարող էր ասել` ես չեմ կարող դա բացատրել իմ ժողովրդին, որովհետեւ այնտեղ կա մի գազան` Հայ ազգային կոնգրես է անունը, որը ինձ կհոշոտի, թույլ չի տա սա ստորագրել։ Նույնը` Ղարաբաղի հարցում։ Մարդ ինքը իրեն զրկի այսպիսի գործիքի՞ց։ Մի լավ իրավաբան ունեինք ժամանակին, ես չեմ ուզում ուրիշ բառ օգտագործել, այսպիսի դեպքերի համար ասում էր` եկեք չխոսենք խելագարության կանխավարկածի մասին։

Հիմա, ի՞նչ տեղի ունեցավ այս ընտրություններում։

Ֆորմալ առումով` Սերժ Սարգսյանը, ես «Սերժ Սարգսյան» եմ ասում, որովհետեւ ՀՀԿ, Բեգլարյան, մյուսներ, դրանք նույն բանն են, ամբողջը «Սերժ» է կոչվում։ Այս ընտրություններում ֆորմալ առումով Սերժը ավելի շատ ձայն ստացավ, քան 2008 թ. նախագահական ընտրություններում` 47.8 տոկոս, այնինչ` նախագահական ընտրություններում 42-43 տոկոս էր ստացել։ Կարելի է ասել, որ զարմանալի բան է կատարվել մեր երկրում։ Ի՞նչ գործի համար այս մեկուկես տարվա ընթացքում պիտի Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելանար Երեւանում։ Եկեք հիշենք` այս մեկուկես տարվա ընթացքում ընտրությունները կեղծեց այնպես, որի տակից ժողովուրդը եւ այս երկիրը երկար տաիներ դեռ չի կարողանալու դուրս գալ։ Եթե նա մարտի 1-ի սպանդի գլխավոր հրաման տվողը չէր, ապա նույնքան պատասխանատու էր այդ սպանդի համար, որովհետեւ նա այդ կենտրոնական շտաբի անդամ էր, որի մասին մամուլում եղան գրություններ, եւ դա հարյուր տոկոսանոց իրականություն է։ Նա ոչ միայն հանդուրժեց, թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանին` իրականացնել այդ սպանդը, այլ նաեւ այս մեկուկես տարվա ընթացքում նրա այն հսկայական եռանդը, որը ներդնում է այդ սպանդի, մարդասպանությունների բուն մեղավորներին կոծկելու համար` ապացուցում է, որ ինքն այդ սպանդի համահեղինակներից մեկն է։ Ուրիշ ի՞նչ լավ գործ արեց` հարյուրավոր մարդկանց նետեց բանտերը, որոնցից հիսունը դեռ այսօր էլ գտնվում են այնտեղ։ Ռոբերտ Քոչարյանը գոնե կարող էր ասել, որ իր ժամանակ երկնիշ տնտեսական աճ եղել։ Անկախ այն բանից, թե դա եղել է արտերկից ուղարկված տրանսֆերտների հաշվին, բայց փաստ է, գոնե կարող է ասել` մի լավ բան տեղի ունեցել է։ Մեր ժամանակ շատ դժվարություններ կային, հսկայական դժվարություններ, բայց դրանց կողքին կային ռեալ գործեր` Հայաստանի անկախության ձեռքբերումը, Ղարաբաղի ազատագրումը, տնտեսական ռեֆորմների իրականացումը եւ այլն, եւ այլն։ Ցույց տվեք Սերժ Սարգսյանի օրոք, այս ահավոր մթնոլորտի պայմաններում, որեւէ գործ, որը կարող է դրվել սրանց կողքին։

Մյուսը` տնտեսական վիճակի այս վատթարացումը, երկնիշ աճող թվերն այսօր վերածվում են, այս ամիս դուք արդեն կտեսնեք, երկնիշ անկման թվերի, եւ սա անընդհատ դեռեւս գլորվելու է։

Ղարաբաղի հարցում. Ղարաբաղի հարցը Սերժ Սարգսյանի օրոք։ Ես չեմ ուզում նրան վերագրել այդ մեղքը։ Մեղքի մեծագույն բաժինն ընկնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի վրա, որոնք տասը տարի, մայմունություններով զբաղված, պարզապես տանուլ են տվել Ղարաբաղի խնդիրը, իսկ Սերժն այսօր դրա վերջակետն է դնում։ Եւ ամենամեծ խայտառակությունը` հայ-թուրքական հարաբերություններում համաձայնելն էր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը այլ բան, քան ցեղասպանության ուրացում, չի նշանակում։ Այստեղ իլյուզիաներ թող չլինեն, հեքիաթներ թող չպատմեն, թող չասեն` նա ինչ է նկատի ունեցել կամ ինչ նպատակով է դա արել։ Սրա միակ իմաստը ցեղասպանությունը վաճառելն էր թուրքերին` ընդամենը սահմանը բացելու համար, որպեսզի այս ժողովրդին ցույց տար, որ գոնե այսպիսի ռեալ գործ նա կատարեց։

Ընտրությունների կեղծման մեխանիզմների մասին իմ ընկերները շատ խոսեցին։ Կատարելոգործվել է մի փառահեղ ձեւով։ Ոչ մի այլ բնագավառում Հայաստանն այնպիսի հաջողությունների չի հասել, ինչպես ընտրությունների կեղծման մեխանիզմների մշակման մեջ։ Այստեղ Սերժ Սարգսյանը եւ նրա համակարգը, կարելի է ասել, գրոսմայստերներ են։ Բայց ամենացավալին հետեւյալն է. այս ընտրություններից երեւաց, որ կեղծման գլխավոր մեխանիզմը եղել է ընտրակաշառքը, որին տուրք է տվել ընտրողների մի զգալի մաս։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ` 100-150 հազար մարդ քվեարկել է ուղղակի կաշառված։ Ինչո՞վ սա բացատրել։ Նախ, որ իշխանությունները կիրառել են չափազանց կարեւոր մեխանիզմներ` օգտագործելով վարչական ռեսուրսը։ Մենք ունենք տվյալներ, փաստաթղթեր, որ Կենսաթոշակային հիմնադրամ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբին է տրամադրել Հայաստանի թոշակառուների բոլոր տվյալները` հասցեներով, անուն-ազգանուններով, եւ այլն։ Մեկ առ մեկ աշխատել են բոլոր թոշակառուների հետ։ Մի այլ բան. ՀՀԿ-ի նախընտրական շտաբին են տրվել «Փարոս» ծրագրով բոլոր նպաստառուների տվյալները։ Նրանց են տրվել, այդ փաստաթղթերի մի մասն անգամ հրապարակվեց, կոմունալ պարտքեր ունեցող բոլոր քաղաքացիների տվյալները, որոնցից շատերի պարտքերը զեղչվել են, թոշակառուներին, նպաստառուներին լրացուցիչ գումարներ են տրվել, եւ այլն, եւ այլն։ Ես չեմ ուզում այս հարցը տեղափոխել բարոյական հարթություն։ Սա մեր դժբախտությունն է։ Սա մեր դժբախտությունն է, եւ ես Կոնգրեսն ի նկատի չունեմ, այլ մեր ժողովրդին, մեր երկրին նկատի ունեմ։ Դա խոսում է երկրի համատարած թշվառացման եւ աղքատացման մասին։ Ինչո՞ւ 2008 թ. նախագահական ընտրություններում ընտրակաշառքն այսքան համատարած չէր։ Համենայն դեպս, 2008 թ. փետրվարի 19-ին դեռ տնտեսական ճգնաժամը չէր սկսվել, եւ մեր ժողովուրդը այսպիսի թշվառ վիճակի մեջ չէր` համեմատաբար։ Միայն այդ փաստը կարող է պատկերացում տալ այն սոցիալական թշվառացման մասին, որը տեղի է ունեցել այս տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Գիտե՞ք ինչ, այլ երկրներում էլ են լինում ընտրակաշառքի դեպքեր։ Նույնիսկ ԱՄՆ-ում։ Դեպքեր կան դրա մասին գրված։ Աղքատ, չքավոր, անտուն խավերի շրջանում երբեմն այդ ընտրակաշառքն աշխատում է, բայց այդ խավերը Միացյալ Նահանգների բնակչության անգամ մեկ տոկոսը չեն կազմում։ Այդ մեկ տոկոսից ավելի վատ վիճակի մեջ գտնվում է Հայաստանի ժողովրդի 75 տոկոսը։ Այդ թշվառությունն էլ պատահական չէ։ Իշխանություններին ձեռնտու է, որ ժողովուրդը միշտ թշվառ լինի, միշտ աղքատ լինի։ Եւ ընտրակաշառքը ստացողն էլ չի հասկանում, որ իրեն տալիս են իրենից գողացածի մի չնչին մասը։ Եւ երկրորդ. տալիս են, որ այսուհետեւ եւս նրան պահեն թշվառ վիճակի մեջ` անհրաժեշտության պահին մի պատառ նետելու համար։ Համոզված եղեք` սրանք ամեն ինչ անելու են, սպառելու են երկրի ողջ հարստությունը, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ կյանք չտեսնի։ Հակառակ դեպքում ժողովուրդը կլինի ազատ ժողովուրդ։ Բարեկեցիկ ժողովուրդը չի կարող լինել ճորտ, ենթակա եւ իշխանություններին հլու-հնազանդ։ Ես ասացի` չեմ ուզում հարցը տեղափոխել բարոյական հարթություն, բայց մի շատ ավելի ողբերգական բան եմ տեսնում։ Այդ ընտրակաշառվածները չեն հասկանում, որ իրենք մեղսակից են դառնում Սերժ Սարգսյանի բոլոր դավաճանություններին, ոչ միայն ներազգային, այլեւ դավաճանական գործերին, ցեղասպանության ուրացման գործին, Ղարաբաղը տանուլ տալու գործին։ Ես մի ավելի տխուր եզրակացություն կարող եմ անել, որն ինձ համար ողբերգություն է։ Չէի ուզի այդպես մտածել, բայց կարծես թե մեր ժողովրդի մի զգալի մասը, կարելի է ասել, թքած ունի Ղարաբաղի վրա էլ, հայ-թուրքական հարաբերությունների վրա էլ, ցեղասպանության վրա էլ։ Մարդկանց հասցրել են այնպիսի վիճակի, որ օրուգիշեր թաղված հոգսերի մեջ` նրանք այլեւս ի վիճակի չեն անգամ մտածել ազգային արժանապատվության, ազգային իղձերի, ազգային նպատակների մասին։ Ահա թե ինչ են նրանք դարձրել մեր ժողովրդին։

Սերժ Սարգսյանը, ինչպես ես սկզբում ասացի, կարող է «փայլուն» հաղթանակ նշել այսօր։ Չգիտեմ` նա ինչ շահեց, առնվազն շահեց ժամանակավորապես իր բռնապետությունը եւ երկիրը թալանելը շարունակելու հնարավորությունը։ Ժամանակավորապես։ Բայց դրանով, վստահ եղեք, նա թուլացրեց մեր պետությունը եւ այն դարձրեց արտաքին ճնշումների հանդեպ խոցելի։ Չեմ կասկածում, որ հերթական կեղծված ընտրություններն առավելագույնս կօգտագործվեն Սերժ Սարգսյանից նորանոր զիջումներ կորզելու համար` թե՛ Թուրքիայի, թե՛ Ղարաբաղի հարցում։

Սերժ Սարգսյանը լուծեց նաեւ մի ուրիշ խնդիր։ Դրա մասին խոսեցին իմ ընկերները։ Նա ոչ միայն խնդիրներ ունի ժողովրդի հետ, ընդդիմության հետ, այլեւ իր շրջապատի հետ, որովհետեւ այնտեղ երբեմն ոմանք չեն հասկանում իրենց կարգավիճակը, եւ երբեմն հանդգնում են իրենց կարգավիճակից ավելի բաների հավակնել։ Այս ընտրություններով, մասնավորապես, Սերժ Սարգսյանը պատժեց, նվաստացրեց, իրենց տեղը ցույց տվեց «Բարգավաճ Հայաստանին», Դաշնակցությանը եւ «Օրինաց երկրին»։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին նա հայրաբար ասաց` չհամարձակվես հանդգնել Գագիկ Բեգլարյանի կրստեր եղբորից ավելի բարձր կարգավիճակի։ Սա, բայց, արարի կեսն է։ Երկրորդ կեսը Գագիկ Ծառուկյանի սեփականության վերաբաշխումն է, որին շատ շուտով ականատես կլինենք։ Թեեւ չեմ ուզում այդ կուսակցության անունն էլ տալ, նախագահի անունը երբեք չեմ տալիս, բայց ուղղակի ձեզ համար մի բացատրություն էլ, որը գուցե ամենամեծ անակնկալներից մեկն է, որը չեք զգացել։ Նախագահական ընտրություններում «Օրինաց երկիրը», որը հանդես էր գալիս որպես ընդդիմություն, Երեւանում ստացել էր 12 տոկոս ձայն։ Այս ընտրություններում նա ստացել է ընդամենը հինգ տոկոս։ Այսինքն, սա ձեր պատասխանն է նրա այն Հուդայի գործողությանը, որը կատարվեց ընտրություններից անմիջապես հետո։

Ասացի, Սերժ Սարգսյանը բազմաթիվ հարցեր լուծեց, բայց, կրկնեմ, նա վտանգեց մեր պետությունը, թուլացրեց այն, ավելի խոցելի դարձրեց արտաքին աշխարհի համար եւ կորցրեց չափազանց կարեւոր մի շանս` այս երկրի հոգեբանական վիճակը բարելավելու համար։ Այս ընտրություններով Սերժ Սարգսյանը փաստորեն փակեց երկխոսության եւ ազգային համերաշխության հաստատման ճանապարհը։ Նա այրեց բոլոր կամուրջները։ Երկխոսության եւ ազգային համախմբման մասին մեր տեսակետը ձեզ հայտնի է։ Մենք ասել ենք։ Դա միայն կուժեղացներ մեր պետականությունը եւ հնարավորություն կտար դիմակայել արտաքին մարտահրավերները։ Փակելով ազգային երկխոսության ճանապարհը` Սերժ Սարգսյանը Թուրքիայի, հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցում արդեն իսկ կատարած դավաճանական քայլերին գումարեց եւս մի դավաճանական քայլ, որը ազգի հիմնովին պառակտումն է։ Ես սա պաշտոնապես եմ հայտարարում։ Մենք բազմիցս ասել ենք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ քաղաքապետի օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում պատրաստ ենք նստել Սերժ Սարգսյանի հետ բաց, հրապարակային երկխոսության։ Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ։ Քանի որ Սերժ Սարգսյանը, քաղբանտարկյալների հարցում խաբելով միջազգային հանրությանը, ուզում է մինչեւ վերջ իրականացրած լինել իր քինախնդրությունը, ցուցադրել իր ուժը` ում ուզեմ` կնստեցնեմ, բանտերում կփտեցնեմ, երբ ուզեմ, կթողնեմ, հետո նորից կնետեմ զնդանները. սրանից նա հաճույք է ստանում, սա ուրիշ երեւույթ է։ Ուրեմն հետո ինչ-որ մի կիսատ-պռատ զառանցանք մայիսի 28-ին համաներման մասին, դրանից մի օր առաջ ինչ-որ ուղերձ Սարդարապատի ճակատամարտի տոնակատարության առթիվ։ Սրանք ուղղակի ամաչելու փաստաթղթեր են։ Որեւէ քաղաքացի ոչ միայն մեր երկրում, որեւէ այլ երկրում կամաչեր, եթե իր նախագահն այդպիսի հայտարարություններ աներ։ Մեզ էլ ասում են, թե դուք վերաբերմունք ցույց չեք տալիս համաներման մասին Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը։ Ի՞նչ հայտարարություն է արել, ո՞վ է այդ հայտարարությունից բան հասկացել։ Ընդհանրապես դա մեկնաբանելու կարիքը չեմ զգում, որովհետեւ մեր մամուլը փառահեղ կերպով մեկնաբանել էր այդ հայտարարությունը։ Սա մի խեղկատակություն էր։ Երկրորդը` անցած ընտրությունները։ Ուրեմն Սերժ Սարգսյանը մեր առաջարկներից մեկն ուղղակի ծաղրեց, ձեռ առավ։ Դա քաղբանտարկյալների հարցն էր։ Մյուսն ուղղակի բռնաբարեց` բռնի ուժով իրականացրեց Հայաստանի պատմության ամենաայլանդակ ընտրությունը։ Ես չեմ չափազանցնում։ Վստահ եղեք, եթե Սերժ Սարգսյանը մնա եւ մի հաջորդ ընտրություն էլ նրա օրոք տեղի ունենա, այդ ընտրությունը ավելի այլանդակ է լինելու, քան այս մեկը։ Ասել եմ` Հայաստանում մի բան է պրոգրես ապրում, դա ընտրությունների կեղծման մեխանիզմն է։ Ուրիշ ոչ մի պրոգրես Հայաստանում չկա։

Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց։ Պաշտոնապես հայտարարում ենք։ Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ։ Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ։ Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի։ Մանավանդ, եթե այդ փաստաթուղթը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին։ Ուստի, քանի մենք կանք, իսկ մենք հավերժ ենք, մեր միակ կարգախոսը լինելու է` «Սերժիկ, »... (Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են` «Հե-ռա-ցի՛ր»։) Ինչպես Քրիստոսը կասեր` «Դուք ասացիք»։

Հիմա, մեր առաջիկա անելիքների մասին։ Ինչ վերաբերում է հիմային, թե վաղվան, ես վստահ եմ, որ դուք լիովին վստահում եք ձեզ առաջնորդող Հայ ազգային կոնգրեսին։ Ուրեմն հիմայի եւ վաղվա հարցի լուծումն էլ պիտի վստահեք նրան։ Առաջիկայում մենք ի՞նչ ենք անելու։ Ես միշտ էլ, 20 տարվա իմ գործունեությունը ձեր աչքի առջեւ է, հապշտապ որոշումներ չեմ կայացրել։ Մինչեւ մենք լրջորեն չվերլուծենք եւ իրադրությունը, եւ զարգացման միտումները, մեր եւ իշխանությունների հնարավորությունները, մենք ժողովրդին որեւէ արկածախնդրության չենք տանի։ Դա մոռացեք։ Մենք հիմա շատ հանգիստ, հստակ, բայց գերմոբիլիզացված աշխատանք ենք տանելու։ Դուք հանգստանալու եք։ Դուք կհանգստանաք մինչեւ հաջորդ միտինգը, մենք ենք աշխատելու գիշեր-ցերեկ։ Առաջին։ Կան ֆորմալ բաներ։ Ես շատ մեծ կարեւորություն չեմ տալիս, բայց անելու ենք։ Մենք օգտագործելու ենք, օրինակ, ընտրությունների արդյունքների օրինական բողոքարկման համար բոլոր հնարավորությունները։ Դիմելու ենք ե՛ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ե՛ւ Վարչական դատարան` ընտրություններն անվավեր ճանաչելու նպատակով։ Շատ մեծ կարեւորություն չտալով դրան, բայց սա մենք անելու ենք մինչեւ վերջ, եթե հարկ լինի` անգամ եվրոպական ատյաններ։ Անկախ սրանից` մենք շարունակելու ենք հզորացնել համաժողովրդական պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր վերջնական նպատակին` ավազակապետության վերացմանը։ Վհատվելու, տրտնջալու, պայքարի օրինական միջոցներից հիասթափվելու, պարտվողական տրամադրությունների կարիք չկա։ Իրենք են գիշեր-ցերեկ ահուդողի ու սարսափի մեջ։ Ես իմ համայնքային հանրահավաքներից մեկում ասացի` ի՞նչ է նշանակում պարտվել քաղաքական պայքարում։ Այդպիսի բան գոյություն չունի։ Այնքան ժամանակ, քանի դեռ պայքարը շարունակվում է, պարտության մասին խոսելն անհեթեթություն է։ Պարտություն կարող եք համարել միայն այն դեպքում, եթե մենք դադարենք պայքարել։ Իսկ մենք պայքարը դադարեցնողը չե՛նք։ Կա մի դասական գերմանացի ստրատեգ` Կլաուզերից։ Նրա խոսքերով` քանի դեռ որեւէ պայքարում չի կոտրված մրցակցի կամքը, նա պարտված չէ։ Իսկ պայքարի մեր կամքը կոտրել հնարավոր չէ, ուստի` Պայքար, պայքար մինչեւ վերջ։

Ես, իմ ընկերները, Կոնգրեսի բոլոր ղեկավարները ձեզ հրաժեշտ ենք տալիս բարձր տրամադրությամբ, եւ մեր հաղթանակի անխուսափելիության գիտակցությամբ։ Նույնը մաղթում եմ ձեզ։ Իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 12-ին, ժամը 19։30-ին, երբ մենք պատրաստ կլինենք ձեզ ներկայանալու շատ ավելի մշակված եւ հստակ ծրագրով։

ՀԳ. Ուշադրություն։ Ես ասացի, մենք այլեւս կամուրջներն այրված ենք համարում եւ հրաժարվում ենք որեւէ երկխոսությունից այս իշխանությունների հետ։ Այս կոնտեքստում կարեւոր է նաեւ ձեզ տեղեկացնել, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունների որոշմամբ` «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակում անդամագրված` Ավագանու բոլոր թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից։

01 Հունիս 2009