Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. մայիսի 29-ի հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու համար։ Այդ հարցերը ընտրովի կարող են թվալ, բայց հավաստիացնում եմ, դրանք փոխկապակցված են թե՛ ընտրությունների, եւ թե՛ երկրի զարգացման ընդհանուր միտումների տրամաբանությամբ։
* * *
Որքան էլ փորձենք, այնուամենայնիվ անհնար է խուսափել արտաքին քաղաքականության հարցերի արծարծումից, քանի որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու նաեւ միջազգային հարաբերությունների առումով։ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում սպասվող գլխավոր զարգացումը հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում նախատեսված Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումն է, որը, դատելով դիվանագիտական շրջանակներից արտահոսող տեղեկություններից, կարող է շրջադարձային լինել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս առումով ուշագրավ պետք է համարել մանավանդ Վլադիմիր Կազիմիրովի մայիսի 13-ի հայտարարությունը, ըստ որի, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ չեն գալու փոխհամաձայնության, հասունացել է նրանց խաղաղություն պարտադրելու անհրաժեշտությունը։ Այսինքն, խոսքը վերաբերում է Դեյտոնյան տիպի մի կարգավորման, որը կիրառվեց Բոսնիական հակամարտության պարագայում։ Կազիմիրովը պատահական մարդ չէ Ռուսաստանի կովկասյան քաղաքականության ասպարեզում. թեեւ հանգստյան կոչված, նա շարունակում է մնալ Ղարաբաղի հարցով ամենահեղինակավոր փորձագետն այդ երկրում։ Ուստի պատահական չի կարող լինել նաեւ այս պահին, Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումից առաջ, նրա կողմից արված վերոհիշյալ հայտարարությունը։ Կասկած չկա, որ եթե Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ղարաբաղի հարցում ընդհանուր համաձայնության գան, ապա պարտադրված լուծման կամ Դեյտոնյան տարբերակի կիրառման հնարավորությունը միանգամայն իրական կարող է դառնալ։ Այդ դեպքում հայկական կողմն ստիպված է լինելու վճարել ժամանակին մեզ արված նպաստավոր առաջարկների անխոհեմ մերժման եւ բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրսմղման գինը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Ղարաբաղյան կարգավորման հարցում սկզբունքային համաձայնության կայացմանը, ապա դա կարող է տեղի ունենալ հուլիս ամսին նախագահ Օբամայի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նման գերտերությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շարքում Ղարաբաղն այն խնդիրը չէ, որի շուրջ նրանք չկարողանան համաձայնության գալ։ Հայաստանի վրա Ղարաբաղի հարցով ճնշումներն, այսպիսով, առաջիկայում ահագնանալու են եւ ավելի եւս ընդգծվելու է դրանց դիմակայման համար անհրաժեշտ ազգային համախմբման հրամայականը։ Այդ համախմբման՝ կոնսոլիդացիայի բանալին, ինչպես նշել եմ նախորդ համաժողովրդական հանրահավաքում, գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ միջոցը քաղբանտարկյալների ազատ արձակումն է եւ Երեւանի քաղաքապետի օրինական ընտրությունների անցկացումը։
* * *
Արեւմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում վերջերս մեզ կշտամբում են, ասելով, թե մենք խանգարում ենք Սերժ Սարգսյանին՝ կարգավորելու Հայաստանի առջեւ կանգնած կենսական ազգային խնդիրները՝ հայ–թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրանք չեն զլանում նաեւ մեզ հիշեցնել, որ մենք միշտ կողմ ենք արտահայտվել այդ խնդիրների շուտափույթ լուծմանը, իսկ այժմ, կարծես-թե, դեմ ենք գնում մեր սեփական սկզբունքներին։ Այո, մենք միշտ կողմ ենք եղել հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, համոզված լինելով, որ առանց դրա Հայաստանը տնտեսապես զարգանալու, միջազգային մեկուսացումը հաղթահարելու եւ նորմալ, բարգավաճ, ապահով պետություն դառնալու հնարավորություն չունի։ Բայց մենք երբեւէ մտադիր չենք եղել այդ խնդիրները լուծել ամեն գնով, այն է՝ Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անտեսման գնով։ Հետեւաբար, ինչպիսի ճնշումներ էլ բանեցվեն մեզ վրա, մենք թույլ չենք տալու հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ չենք համաձայնելու որեւէ լուծման, որում ոտնահարված կլինի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Մենք բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում ենք, որ ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, չնայած ներքաղաքական լուրջ հակասություններին, չնայած մեր դեմ կիրառվող դաժան բռնություններին, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր այն քայլերին, որոնք չեն հակասում հայ ժողովրդի ազգային շահերին։
Արեւմտյան դիվանագետների կշտամբանքները, թերեւս, որոշ արդարացում կունենային, եթե նրանք, այդքան շահագրգռություն ցուցաբերելով հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում, չմոռանային հիշել նաեւ Հայաստանի առջեւ կանգնած ամենակենսական խնդիրը՝ Սահմանադրական կարգի վերականգնումը եւ ժողովրդավարության հաստատումը, չհանդուրժեին մեր երկրում տիրող բռնությունները, քաղբանտարկյալների առկայությունը, մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող վիճակը։ Այդպես վարվելով, այդ դիվանագետները մոռացության են տալիս իրենց իսկ պատմությունը՝ ժողովրդավարության եւ ազատության համար Եւրոպայում տեղի ունեցած տասնյակ հեղափոխություններն ու հսկայական մարդկային զոհողությունները։ Մոռացության են տալիս, վերջապես, հանուն ստրկատիրության վերացման, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ մղված արյունահեղ քաղաքացիական պատերազմը, որն ինձ համար այդ երկրի պատմության ամենալուսավոր էջն է։
Չկա ավելի կենսական ազգային խնդիր, քան ժողովրդի ազատությունը եւ սեփական երկրում ապահով ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը։ Հետեւաբար, ապացուցելու համար, որ հիրավի անշահախնդիր կերպով հակված է նպաստելու հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արեւմուտքը նախ եւ առաջ պետք է ապացուցի, որ անկեղծորեն շահագրգռված է Հայաստանում լիակատար ժողովրդավարության հաստատմամբ, չհաշտվելով ընտրությունների կեղծման, մարդու իրավունքների ոտնահարման, քաղբանտարկյալների առկայության, համատարած կոռուպցիայի եւ նմանատիպ այլ բազմաթիվ արատավոր երեւույթների հետ։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած անսքող ջանասիրությամբ Արեւմուտքը ոչ թե ցանկանում է օգնած լինել հայ ժողովրդին, ինչպես փորձում է դա ներկայացնել, այլ սպասարկել սեփական շահերը կամ առնվազն ազատվել այդ խնդիրների պատճառած գլխացավանքից։
* * *
Զարմանալիորեն Թուրքիայի եւ Ղարաբաղի հարցերում Սփյուռքի ազգային կառույցների օրակարգը համընկնում է Արեւմտյան կառավարությունների օրակարգին, միայն այն տարբերությամբ, որ եթե վերջիններս այդ հարցերում Հայաստանից զիջումներ են պահանջում, Սփյուռքը պահանջում է հակառակը, այն է՝ չկատարել որեւէ զիջում։ Զարմանալիորեն նույնն է նաեւ Արեւմուտքի եւ Սփյուռքի վերաբերմունքը, կամ ավելի ճիշտ վերաբերմունքի բացակայությունը ժողովրդավարության բնագավառում Հայաստանում տիրող վիճակի նկատմամբ։ Արեւմուտքի պես, Սփյուռքին եւս կարծես-թե ամենեւին չեն հետաքրքրում սեփական ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունների կիրառած բռնությունները, ընտրությունների կեղծումը, քաղբանտարկյալների առկայությունը եւ երկրի թալանը, միայն թե վարչախումբը բավարարի վերը նշված իր երկու ակնկալիքները։ Արեւմուտքն օտար է, նա կարող է այդպես վարվել։ Բայց երբ նույնը կատարում է Սփյուռքը, դա արդեն ողբալի է։ Այս առումով հատկանշական է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ ազգային կոմիտեի (Դաշնակցության), Հայոց եկեղեցու ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունը, որը կուրորեն հավատալով իրադարձությունների պաշտոնական վարկածին, դատապարտում էր ընդդիմության գործողությունները եւ անվերապահ աջակցություն հայտնում սեփական ժողովրդի արյունը հեղած Հայաստանի ոչ-լեգիտիմ, «նորընտիր» իշխանություններին։ Այս խայտառակ փաստաթուղթը հիշեցնում է նույնքան խայտառակ մի այլ հայտարարություն, որով 1988թ. աշնանը հանդես էին եկել սփյուռքահայ կուսակցությունները՝ ի դատապարտումն Ղարաբաղ կոմիտեի գործողությունների եւ ի պաշտպանություն Համազգային շարժման դեմ պայքարող Հայաստանի կոմունիստական իշխանությունների։
Սփյուռքը Հայաստանի ղեկավարներին գնահատում է մեկ չափանիշով. եթե նա հետապնդում է Ցեղասպանության ճանաչման հարցը, հայհոյում է թուրքերին ու հոխորտում նրանց դեմ, ուրեմն նա ազգային հերոս է, իսկ եթե ոչ՝ ազգի դավաճան, փույթ չէ, թե այդ հայհոյանքներն ու հոխորտանքը ինչ հետեւանքներ կունենան երկրի ու նրա ժողովրդի ճակատագրի վրա։ Սփյուռքի միեւնույն ազգային ջոջերը, որոնք մեկ տարի առաջ անվերապահորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այսօր հայհոյում են նրան, ամենեւին չգիտակցելով իրենց սեփական մեղքը։ Նրանք բացարձակապես չեն անդրադառնում, որ նպաստելով Հայաստանում ոչ-լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ դրանով թուլացնելով մեր պետականությունը, իրենց իսկ ձեռքով հարթեցին արտաքին քաղաքականության ոլորտում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի ճանապարհը։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցման եւ Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների համար, նրանք նույնքան պատասխանատու են, որքան Սարգսյանը։
Մինչեւ սփյուռքահայ կազմակերպությունները հայ ժողովրդի գոյության աղբյուրը եւ ինքնության հիմքը չհամարեն Հայոց պետականությունը, ինչպես նաեւ չարժեւորեն հայրենիքում ժողովրդավարության եւ ազատության գաղափարների կայացման հրատապ անհրաժեշտությունը, նրանք կվտանգեն թե՛ Հայաստանի ապագայի կերտման, թե՛ ազգային իղձերի իրականացման գործը։ Սփյուռքում կան, իհարկե, առողջ ուժեր, որոնք բոլորովին այլ կերպ են դատում, քան ազգային կոչված կառույցները, բայց նրանք, բացառությամբ մի քանի խիզախ անհատների, համատարած հասարակական կարծիքի ճնշման տակ, չեն համարձակվում բարձրաձայնել իրենց առարկությունները։ Դրանից բխում է, որ Սփյուռքի ավանդական կառույցների բարեփոխումը նույնքան այժմեական է, որքան Հայաստանի պետական կառույցներինը։ Մտածողության եւ գործելակերպի ճգնաժամն, ըստ այդմ, համազգային է, եւ չի սահմանափակվում միայն Հայաստանի շրջանակներով։
* * *
Իսկ այժմ դառնանք Հայաստանի ներքին խնդիրներին եւ մասնավորապես Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Դաշնակցությունը, ընդդիմություն ձեւանալով, խաղ են խաղում, իսկ իրականում, հիասթափված Սերժ Սարգսյանից եւ համոզված լինելով, որ նա շուտով կորցնելու է իշխանությունը, նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։ Չեմ կասկածում, անշուշտ, որ Քոչարյանը չի հաշտվել երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակի հետ եւ, ինչպես Հայաստանի քաղաքական միջավայրում, այնպես էլ Եւրոպայում եւ Ռուսաստանում, իսկ ըստ որոշ լուրերի, նույնիսկ Իրանում ու Սիրիայում, աջակցություն է որոնում իր իշխանությունը վերականգնելու համար։ Սակայն չեմ կասկածում նաեւ, որ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը գիտակցում են, որ Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, եւ որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ու մանավանդ մարտի 1-ի սպանդի պատճառով, նրա վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն հավիտյանս փակ է։ Նրանք հազիվ-թե իրենց անունը կամենային կապել սեփական ժողովրդի դեմ կրակ արձակած ու լիովին վարկաբեկված մի անձնավորության հետ՝ դրանով վտանգելով թե՛ իրենց վարկանիշն ու հեղինակությունը, եւ թե՛ իրենց քաղաքական ապագան։
Վերջին հաշվով բոլորի համար պարզ է, որ Քոչարյանն է Հայաստանին բաժին հասած դժբախտությունների գլխավոր աղբյուրը։ Նա է ավազակապետական համակարգի հիմնադիրը, երկրի համատարած թալանի կազմակերպիչը, օրենքների ոտնահարման, ազատությունների ոչնչացման, պետության քրեականացման կնքահայրը, հայ–թուրքական հարաբերությունների տապալման, Ղարաբաղի ապագայի վտանգման ճարտարապետը։ Սերժ Սարգսյանն ընդամենը եղել է Քոչարյանի մեղսակիցներից ու գործակիցներից մեկը, թեկուզ ամենաազդեցիկը, իսկ այժմ դարձել է նրա չարաբաստիկ գործի անճարակ շարունակողը։ Նախագահի աթոռին բազմելուց հետո Սարգսյանը չօգտվեց քոչարյանական հանցավոր վարչակարգից սահմանազատվելու հնարավորությունից՝ դրանով իսկ անխոհեմաբար իր վրա վերցնելով իր նախորդի գործած բոլոր մեղքերը, եւ դրանով իսկ պաշտոնավարման առաջին իսկ օրից արժանանալով հասարակության քամահրանքին։ Այս ամենը նշելով հանդերձ, ես չեմ բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները տարածվում են հենց Սերժ Սարգսյանի շրջապատից՝ վախեցնելու համար ժողովրդին այն սարսափելի հեռանկարով, որ վերջինիս գահազրկման պարագայում կարող է կրկին իշխանության գալ Քոչարյանը։
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եթե անկեղծորեն ուզում է ծառայել ժողովրդին ու այս երկրում որեւէ բան փոխել, ապա, հետեւելով Դաշնակցության օրինակին, պետք է այսօր եւեթ դուրս գա իշխանական կոալիցիայից։ Այլապես ոչ ոք չի հավատա նրա անկեղծությանը, եւ բոլորի համար պարզ կդառնա, որ նա իրականում նպաստում է Հանրապետական կուսակցության մենատիրության ու ավազակապետական համակարգի հավերժացմանը։ Ավելին, չանելով այդ քայլը, Բարգավաճը լիովին կկիսի Սերժ Սարգսյանի վարած հակազգային քաղաքականության ողջ պատասխանատվությունը եւ շուտով կդադարի որպես կուսակցություն գոյություն ունենալ։ Դաշնակցությունը, լինելով փորձառու եւ սեփական վարկի պատմականությունը գիտակցող կուսակցություն, թեեւ ուշացած, այնուամենայնիվ լքեց խորտակվող նավը։ Եթե այդ բանը նա աներ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ներկա վարչախմբի կողմից Ցեղասպանության ուրացման խայտառակությունը տեղի չէր ունենա եւ Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացը նման անմխիթար վիճակում չէր հայտնվի։ Ինչպես տեսնում եք, ես չեմ խոսում իշխանական կոալիցիայի երրորդ անդամի՝ Օրինաց երկրի մասին, քանի որ դա, ինչպես ասում են, անհույս դեպք է։ Օրինաց երկիրը երբեք իշխանական կերակրատաշտից չի հեռանա, իսկ եթե պետք լինի, կդառնա անգամ թուրքական կամ ադրբեջանական կոալիցիայի անդամ՝ միայն թե այս արեւի տակ քարշ տա իր խղճուկ գոյությունը։
* * *
Թեկուզ շատ ջանանք շրջանցել Ռոբերտ Քոչարյանի թեման, պաշտոնից հեռանալուց հետո անգամ, իր ճղճիմ քայլերով, նա անընդհատ հիշեցնում է սեփական գոյությունն ու տխրահռչակ համբավը, ինչի ամենացայտուն օրինակը «Հայկական ժամանակ» թերթի դեմ նրա բացած դատն է։ Միայն ողորմելի, մանրախնդիր, պրիմիտիվ հոգեկերտվածքի տեր անձը կարող էր ընդունակ լինել նման անպատվաբեր քայլի։ Քաղաքակիրթ երկրներում ոչ մի նախկին թե գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքել իր հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ որեւէ լրատվամիջոցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրագրողի բերանը փակել դատարանի միջոցով։ Մինչ այժմ նախկին կամ ներկա նախագահներից միայն Լուկաշենկոն է դատ բացել լրագրողի դեմ։ Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի։ Իր անպարկեշտ արարքով Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ցույց է տալիս իր փոքրոգությունը, այլեւ ընդհանրապես արատավորում է նախագահի ինստիտուտը։ Եթե նրան թվում էր, թե պատիվ կամ արժանապատվություն ունի, որը ձգտում է փրկել դատարանում, ապա թեկուզ միայն իր այս քայլով նա իսպառ ոչնչացրեց այդ պատիվն ու արժանապատվությունը։
* * *
Շատերը քաղաքապետի ընտրությունը համարում են կենաց-մահու պայքար, իսկ ոմանք էլ այն դիտում են որպես ընդդիմության կամ Հայ Ազգային Կոնգրեսի հաջողության հասնելու վերջին շանսը։ Ես այդպես չեմ կարծում։ Այս ընտրությունը մեզ համար ո՛չ կենաց-մահու պայքար է, ո՛չ էլ վերջին շանս, այլ ընդամենը երկրի աննախանձելի իրավիճակը գոնե մասնավորապես բարելավելու միջոց, որից պարտավոր է օգտվել մեր հասարակությունը։ Ընտրությունն անձերի կամ կուսակցությունների միջեւ չէ, այլ քաղաքական-պետական համակարգերի՝ մի կողմից ավազակապետությունը կազմող ուժերի, մյուս կողմից՝ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ։ Առաջինի ընտրության պարագայում ժողովուրդը կերկարաձգի իր թշվառությունն ու ստրկությունը։ Իսկ Կոնգրեսի հաղթանակի դեպքում երկրի վիճակն ու բարոյական մթնոլորտն արմատապես վերափոխելու, ազատություն, պաշտպանվածություն եւ իրավահավասարություն ձեռքբերելու պատեհություն կունենա։ Ձեւափոխելով հայտնի պատմական ասույթը՝ ժողովրդին անհրաժեշտ է մի փոքրիկ հաղթական ընտրություն՝ սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնելու եւ երկրի ճակատագրի տնօրինումն իր ձեռքը վերցնելու համար։ Եթե կուզեք, ժողովրդի համար այս ընտրությունը, ամեն ինչից առավել, արժանապատվության խնդիր պետք է լինի։ Որքա՞ն կարելի է հանդուրժել տգետ, քրեական, անպատասխանատու բռնազավթիչների իշխանությունը՝ դառնալով ողջ աշխարհի ծաղրուծանակի ու արհամարհանքի առարկան։
Անկախ ընտրությունների արդյունքից, ընդդիմությունը, հանձին Հայ Ազգային Կոնգրեսի, կորցնելու բան չունի։ Նա մնալու է իր առաջնորդող տեղում եւ ավելի հզորանալու ու ծավալվելու է։ Կորցնողը լինելու է մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին։ Իսկ եթե քաղաքապետի ընտրությունն իսկապես վերջին շանս է, ապա վերջին շանս է ոչ թե ընդդիմության, այլ Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ այս ընտրությունից է կախված նրա քաղաքական ապագան։ Պետական մոտեցում հանդես բերելու պարագայում նա ունի թե՛ իր հեղինակությունը բարձրացնելու, եւ թե՛ երկրի վիճակը բարելավելու հնարավորություն։ Իսկ սխալ կողմնորոշվելու պարագայում նա հերթական հարվածը կհասցնի Հայոց պետականությանը եւ կկորցնի իր չունեցած հեղինակությունն անգամ։ Մայիսի 15-ի հանրահավաքում ունեցած ելույթում ես նշել էի, որ Սարգսյանն իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունի։ Եթե այս անգամ էլ նա կեղծի ընտրությունները, ապա կմնա դրանցից միայն մեկը, այն է՝ անհապաղ հրաժարական տալ եւ հեռանալ Հայաստանից։ Ժողովրդին ու ընդդիմությանն այլ բան չի մնա, քան Սարգսյանի հրաժարականի պահանջը դարձնել հետագա քաղաքական պայքարի միակ կարգախոսը։
Այսպիսով, այս ընտրություններով ոչինչ չի վերջանում, ընդհակառակը, ամեն ինչ նոր է սկսվում։ Եթե ոչ այսօր, միեւնույն է, վաղը Սերժ Սարգսյանը, իր ուժերից վեր խնդիրների ճնշման տակ, հեռանալու է։ Ընդ որում, Արեւմուտքն էլ նրան չի փրկելու, քանի որ Ցեղասպանությունը եւ Ղարաբաղը տալուց հետո նա Արեւմուտքին այլեւս պետք չի գալու։
Արդ, ընտրությունները կեղծելու պարագայում, պատրաստվեք Սերժ Սարգսյանին անմիջապես ճանապարհ դնելուն։ Բավական է բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Բավական է ժողովրդին անլեզու կենդանու կամ ստրուկի տեղ դնել։ Բավական է, վերջապես, չարաշահել ժողովրդի համբերությունը։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եւ թող ոչ ոք չկասկածի, որ ժողովուրդը հաղթելու է։
29 Մայիս 2009թ․