Խաղողի... ժավել
Երբ առաջին անգամ այդ խանութից խաղողի ինքնաթոր օղի առա՝ կատակով ասացի.
— Ոնց որ՝ ժավել լինի։
Դրանից հետո այդ խանութից օղի առնելիս՝ ժավել էի խնդրում, ինձ պետք եղածը ստանում ու տուն գալիս։
Կինս անընդհատ ասում էր.
— Ինչո՞ւ ես միշտ օղի առնում, մի անգամ էլ ուրիշ բան բեր, էլի՞...
Ասում եմ.
— Մեղավո՞ր եմ, ես ժավել եմ ուզում՝ իրենք խաղողի թորած օղի են տալիս։
— Այդպիսի բա՞ն կլինի, թե՞ էլ ուրիշ հեքիաթ չունես պատմելու։
...Ուրեմն՝ կինս չի հավատում ինձ։
Լավ, հաջորդ անգամ միասին կգնանք։
Մտնում ենք խանութի դռնից ներս և պոլիէթիլենե շիշն անմիջապես մեկնում եմ գործակատարին ու խնդրում շշի մեջ ժավել լցնել։ Կինս համակ ուշադրությամբ հետևում է նրա գործողություններին, իսկ սա ամեն անգամվա պես բացում է թորած օղով լի տակառիկն ու լցնում շիշը։
— Տեսնո՞ւմ ես,- դիմում եմ կնոջս,- ասում եմ՝ չես հավատում։
Կինս ծիծաղում է։ Վերցնում ենք շիշն ու գալիս տուն։
Այդպես շարունակվեց մինչև...
...Խանութպան Սերժիկն ամեն անգամ ասում էր.
— Էսա նոր խանութիս շենքի կառուցումը որ ավարտեմ ու տեղափոխվենք այնտեղ, սպասարկումն ավելի բարձր մակարդակի վրա է լինելու։ Էլ հետդ դատարկ շիշ բերելու կարիքը չես ունենա։ Շշալցված-պատրաստ՝ խանութում դրված է լինելու։ Գալու ես վերցնես՝ գնաս։
Այդ օրն էլ եկավ։ Ուրախ-ուրախ, որ արդեն կարող եմ առանց դատարկ շշի գալ, մտա խանութի նոր շենքի դռնից ներս և Սերժիկին ուղղված շնորհավորական ոչ երկար խոսքից հետո մոտեցա նոր գործակատարին։
— Ես ժավել եմ ուզում,- ասացի՝ ամեն անգամվա պես։
— Այ, այնտեղ է, վերցրեք,- ցույց տվեց հատակին շարված շշերը։
Վերցրի շիշն ու մնացի կանգնած.
— Բայց... սա... ժավե՞լ է։
— Իհարկե, բարձր որակի,- անմիջապես վրա բերեց գործակատարը։
Տարակուսանքն ինձ գամել էր տեղում։
— Բայց... սա... ոնց որ իսկակա՛ն ժավել լինի,- հազիվ ինքս ինձ լսելի ձայնով ասացի։
Ու երբ վճարելուց հետո մանրը նախկինից ավելի շատ վերադարձվեց՝ տարակուսանքս համոզմունքի վերաճեց։ Շարունակեցի մնալ կանգնած։
— Ի՞նչ,- գործակատարի դեմքի հարցական արտահայտությունը սթափեցրեց ինձ։
— Ես... սա երևի... չվերցնեմ։
— Ի՞նչ, չվերցնե՞ք։ Բայց Դուք ժավել չէի՞ք ուզում։
— Ժավե՞լ։ Ուզում էի։ Ես խաղողի՛ ժավել էի ուզում։ Խաղողի՛ ժավել...
30.10.2011, Ստեփանակերտ