Խաչագողի հիշատակարանը/Մաս II/Բ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա Խաչագողի հիշատակարանը

Րաֆֆի

Գ

Բ

ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱԳԱԶԻՆ

Կարծեմ ընթերցողը ճանաչեց հայր Անտոնիոսին և նրա սարկավագ երիտասարդ Ամբրոսիոսին։

Այն բոլոր սրբությունները, որ մենք վաճառում էինք Երուսաղեմի վանքի անունով, նրանցից և ոչ մեկը Պալեստինայի երկիրը տեսած չէր։ Մենք ունեինք մեզ հետ ամեն տեսակ նյութեր, որոնցից պատրաստում էինք հարկավոր եղած իրեղենները։ Այդ աշխատությունները կատարում էինք մենք գիշերով և այնպիսի խուլ անկյուններում, որ ոչ ոք մեր արհեստի մասին կասկած ունենալ չէր կարող։ Ես սովորել էի շինել գեղեցիկ սադաֆե խաչեր և ձիթապտուղի կորիզներից «տերողորմյաներ»։ Մեր աբիսինիացի խափշիկը գիտեր պատրաստել օրհնության թղթեր և զարդարել նրանց զանազան խորհրդավոր նկարներով։ Այդ պարոնը, որ ճանապարհորդության ժամանակ կառապանի պաշտոն էր կատարում, իսկապես աբիսինիացի չէր, նա նույնպես «խաչագող» էր, բայց, երեսի մուգ-դեղին կաշին և դեմքի գծագրությունը փոքր-ինչ աբիսինիացու նման լինելով, քավոր Պետրոսը պահում էր իր մոտ իբրև մի ցույց։

Ինքը քավոր Պետրոսը գիտեր պատրաստել «քավության պատանքներ»[1]։ Այսպիսի պատանքներ, ճշմարիտ է, պատրաստվում են Երուսաղեմի վանքում, և միաբանությունը մի-մի հատ ընծայում է այն ուխտավորներին, որոնք մի նշանավոր քանակությամբ նվերներ էին տված վանքի գանձարանին։ Իսկ մերը իսկականը չէր, մեր ունեցածը մեր ձեռագործն էր։ Բայց այնքան ճշտությամբ նմանեցրած էր իսկականին, որ կարող էր գրավել ամեն մի մոլեռանդի սնահավատությունը։ Այն սպիտակ կտավի վրա տպված էին գույնզգույն ներկերով փրկչի մարդեղության խորհրդի բոլոր նկարագիրները. նրա ծնունդը, մկրտությունը, խաչելությունը, հարությունը և այլն։ Բացի դրանցից, կային նրա վրա զանազան սրբերի, հրեշտակների և հրեշտակապետների պատկերներ։

Մեր արհեստի ճյուղերից մեկն էր պատրաստել այդպիսի պատանքներ։ Կտավը և ներկերը կարելի էր ամեն տեղ գտնել. իսկ փայտի վրա փորագրած պատկերները մեզ հետ ունեինք։ Շատ գիշերներ անց էինք կացնում պատանքներ, խաչեր, «տեր-Ողորմյաներ» և այլ դրանց նման իրեղեններ պատրաստելով։ Եվ այդ բոլորը Երուսաղեմի վանքի անունով վաճառելով, մեծ վաստակ էր բերում մեզ։

Այս րոպեիս էլ, այդ տողերը գրելու ժամանակ, սարսափում եմ ես, իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ մեր կատարած չարագործությունները։ Արդյոք, ո՜ր աստիճան բարոյապես ընկած էինք մենք, որքան մեծ էր մեր մեջ անպատկառ անզգալությունը, որ համարձակվում էինք կրոնը, եկեղեցու սրբությունները մեր խաբեբայությունների, մեր շահասիրության առարկա դարձնեք...

Մենք ման էինք ածում մեզ հետ մի ամբողջ շարժական մագազին։ Մեր սնդուկների մեջ կային ամեն տեսակ մթերքներ։ Որտեղ ո՛րը շահ էր բերում, այն էինք վաճառում։ Գնալով ավելի և ավելի ներս էինք մտնում կայսրության հեռավոր գավառները, միշտ խույս տալով մեծ քաղաքներից։ Այդ առանց պատճառի չէր։ Ո՛ւր ավելի տիրում էր մտավոր խավարը, ուր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ էր, այնտեղ ավելի առատ էր լինում մեր հունձքը...

Խաբել, սուտ խոսել, կողոպտել, ամեն տեղ մի նոր կեր պարանք տալ իրան՝ այդ խարդախությունների մեջն էր մեր գործունեությունը։ Մենք ունեինք մեզ հետ ամեն տեսակ պարագայք, ամեն տեսակ հարմարություններ, մի տեղ իրան ձևացնելու որպես ասիացի վաճառական, մյուս տեղ որպես կրոնավոր, մի այլ տեղ՝ հասարակ արհեստավոր և երբեմն մուրացկան, բժիշկ, կախարդ, ձեռնածու և այլն։

Խաչագողը անդադար պետք է փոխե իր կերպարանքը, նա միշտ միևնույն դերի մեջ մնալ չէ կարող։ Ես ուրախ էի, որ բավական վարժված էի այդ բոլորի մեջ և հպարտանում էի իմ ճարպկություններով... Քավոր Պետրոսը գովում էր իմ հառաջադիմությունը, ասելով.

— Մուրադ, զավակս, դու խելացի տղա ես, ամեն բան շատ շուտ սովորեցար...

Քիչ չէր պատահում, որ մեր ծուղակի մեջ ընկնում էին այնպիսի բարեպաշտ քրիստոնյաներ, որպիսիք էին հարուստ կալվածատերը և նրա միամիտ տիրուհին, որոնց պատկերները տեսանք նախընթաց գլխում։ Բայց զարմանալին այն է՛ր, թե ի՛նչպես էր հաջողվում մեզ գտնել այդպիսիներին։ Ահա ի՞նչպես։

Ամեն մի քաղաք կամ մեծ գյուղ մտնելու՛ց հետո քավոր Պետրոսը ինձ իր հետ առնելով՝ կգնայինք մի հյուրանոց։ (Այդպիսի տեղերը հաճախում էինք հասարակ արհեստավորի հագուստով։) Առհասարակ ընտրում էինք այնպիսի հյուրանոցներ, ուր հաճախում էր ժողովրդի ստոր, միևնույն ժամանակ անբարոյական մասը։ Ուր ամեն տեսակ մարդկանց կարելի էր գտնել, սկսյալ փողոցային սրիկաներից, ավազակներից, մինչև խաղամոլներ, գրպանահատներ, մոլարբուներ և այլն։ Այդ հասարակությունը գիտե քաղաքի բոլոր գաղտնիքները։ Առանց նպատակի չէր, որ քավոր Պետրոսը ընտրում էր այդպիսի անառակ տեղեր։ Կտեսնեիր, մեկին գտավ։ (Նա իր նպատակներին հարմար մարդիկ գտնելու մեծ ընդունակություն ուներ)։ Կսկսեր նրա հետ ծանոթանալ, իր հաշվով խմեցնել և թուղթ խաղալ։ Թղթախաղի մեջ ոչ ոք քավոր Պետրոսի հետ կարող չէր մրցություն անել։ Թայց այսպիսի դեպքերում դիտմամբ միշտ տանուլ էր տալիս, որպեսզի իր նոր ծանոթին ավելի ևս մտերմացնի իր հետ։ Խաղը, խմելը տևում էր ամբողջ ժամեր։ Այդ միջոցում նա կարողանում էր թափ տալ իր խաղակցի գլխից այն գաղտնիքները, ինչ որ իրան պետք էր։ Դա կատարվում էր այնքան անզգալի կերպով, մինչ նրա խաղընկերը ոչինչ չէր նկատում։

Մի այսպիսի հյուրանոցի մեջ, փոքրիկ գավառական քաղաքում, քավոր Պետրոսը տեղեկացավ մի պառավ տիկնոջ գաղտնիքների։ Հաղորդողը նույն տիկնոջ ծերունի սպասավորն էր, որ մանկությունից ծառայել էր նրա մոտ, բայց ալևոր հասակում արտաքսված էր չափազանց արբեցության համար։ Տիկինը այն պառավներից մեկն էր, որ իրանց մանկությունը անց են կացնում զանազան զվարճությանց փոթորիկների մեջ, իսկ գերեզմանին մոտենալու ժամանակ մտածում են առաքինի լինել։ Նա ապրում էր իր կալվածներում, որոնց մեջ մի քանի հազար հոգի ճորտեր կային։ Կալվածները գտնվում էին քաղաքից երկու հարյուր վերստ հեռավորության վրա։

— Դա խիստ պարարտ որս է Երուսաղեմի աբեղայի համար, —Ասաց քավոր Պետրոսը, և մյուս օրը վաղ առավոտյան պատրաստվեցանք այնտեղ գնալու։

Քավոր Պետրոսը շատ լավ գիտեր, թե ամեն մի տեղ գնալու համար ի՞նչ տեսակ պատրաստություններ էին հարկավոր, որպես հմուտ զորապետը իսկույն կշռում է, թե այսինչ բերդը գրավելու համար ո՞ր կողմից կամ որքան թնդանոթներով պետք է ռմբակոծել։ Բայց այն առավոտ այնքան շտապեց նա, որ մոռացավ մի քանի անհրաժեշտ բաներ։

Ծածկված կառքը իր հինգ միագույն ձիաներով թողեց քաղաքում, հրամայեց լծել մի ճանապարհորդական թեթև սայլակ երեք ձիաներով։ Մեր սնդուկները մնացին նույն հյուրանոցում, որտեղ իջևանել էինք։ Աբիսինիացին մնաց այնտեղ մեր իրեղենները պահելու համար։ Մենք ճանապարհ ընկանք արևի ծագելուց շատ առաջ։ Ես կառավարում էի ձիաները, իսկ քավոր Պետրոսը, փաթաթված իր աբեղայական լայն վերարկուի մեջ, նստած էր սայլակի վրա։

Երեկոյան պահուն մենք հայտնվեցանք պառավ տիկնոջ տանը հասարակ աբեղաների հագուստով, առանց որևիցե հանդիսավոր ձև տալու մեր այցելությանը։ Պառավը բարեսրտությամբ ընդունեց մեզ, որպես աղքատ օտարերկրյա կրոնավորների, և ավելի շարժվեց նրա գութը, երբ լսեց սուրբ Երուսաղեմի անունը։

Քավոր Պետրոսը հրամայեց ինձ փոքր-ինչ հիվանդ ձևանալ, որ առիթ ունենանք այն գիշեր մնալ պառավի տանը։ Տիկինը այնքան բարեսիրտ էր, որ խորին ցավակցությամբ խղճալով իմ վրա, իր ձեռքով խինա խմացրեց, պատվիրեց աղախիններին, որ իմ ոտների տակ տաք ջրով լցրած շշեր դնեն, որպեսզի ես քրտնեմ, որովհետև մրսած էի։

Թե ի՞նչ ասաց, ի՞նչ խոսեց քավոր Պետրոսը տիկնոջ հետ, ես չգիտեմ, որովհետև ես պառկած էի մյուս սենյակում, ես հիվանդ էի։

Առավոտյան ինձ լավ էի զգում։ Քավոր Պետրոսը պատրաստվեցավ մի թեթև մաղթանք կատարելու, որ հետո հեռանանք։ Հայտնվեցավ, որ քավոր Պետրոսը մոռացել էր իր հունարեն ավետարանը և նրա տեղը սխալմամբ վեր էր առել մի հաստ, մագաղաթյա գիրք, գույնզգույն ներկերով գրված։ Դա հայերեն հին բժշկարան էր, որից երբեմն օգուտ էր քաղում քավոր Պետրոսը իր բժշկությունները անելու ժամանակ։ Նրա մեջ կային շատ բաներ, օրինակ, լոշտակի բույսը գտնելու աղոթքը, զանազան հոդվածներ «Վեցհազարյակի» կախարդական արհեստից[2], տեսակ-տեսակ աստղագիտական աղյուսակներ, համաստեղությունների մարդկանց ճակատագրի վրա ունեցած լավ կամ վատ ազդեցությունը և այլն։

Քավոր Պետրոսը ամենևին չշւիոթվեցավ, երբ նկատեց, որ հունարեն ավետարանի փոխարեն այդ գիրքն է վեր առել։ Նա սկսեց կարդալ։ Իր ընթերցանության մեջ գործ էր ածում այնպիսի բառեր, այնպիսի խոսքեր, որ ոչ մի լեզվի մեջ չէր կարելի գտնել։ Բոլորը ինքն էր հնարում։ Ես էլ ոչինչ չէի հասկանում։ Բայց այնպիսի մի ջերմեռանդության ձև էր տալիս թե իր առոգանությանը, թե՛ արտասանությանը և թե ձայնին, որ անկարելի էր կասկածել, թե նրա կարդացածը Սուրբգիրքը չէ:

Ես էլ սկսեցի քավոր Պետրոսի օրինակին հետևել։ Բայց որ նրա նման հնարած, անմիտ խոսքեր կարդալ, այլ երգել զանազան «ջանգյուլումներ» և հայերեն ռամկական երգեր, որ սովորել էի մանկությանս ժամանակ։ Իմ ձայնը վատ չէր, հոգևոր երգերը ես էի երգում։

Մեր ամբողջ ծիսակատարությունը վերջացավ մի հիմար երգով, որի մեջ դարձյալ փոքրիշատե միտք կար։ Դա վերջին մեղեդին էր։

Քավոր Պետրոսը սկսեց.

«Մեր տղա, որսի ժամանակ է,
Մեր գործն այստեղ հաջողակ է,
Պառավի գլուխը դատարկ է,
Որքան կարող ես՝ Հավաքե...
Ալելուիա, ալելուիա,
Սոխ ու սխտոր, ալելուիա,
Կանաչ կխտոր, ալելուիա»։

Ես պատասխանեցի նույն եղանակով,

«Վերջացավ մեր պատարագը,
Հիմա պարպենք պառավի քսակը,
Հիմարների այդ տեսակը Կկատարե մեր փափագր...
Ալելուիա, ալելո՛ւիա,
Սոխ ու սխտոր, ալելուիա,
Կանաչ կխտոր, ալելուիա...

Մեր օրհներգությունը, որքան և խաբեական լիներր այսուամենայնիվ խորին ազդեցություն գործեց պառավի վրա, խաչագողները շատ անգամ զվարճության առարկա են դարձնում իրանց արհեստը, այսօր մենք նույնպես վարվեցանք։

Պառավը առաջարկեց նախաճաշիկ ուտել։ Այս անգամ քավոր Պետրոսը չէր խորշում կերակուրներից և թարգմանի բերանով չէր խոսում։ Նա անդադար հանաքներ էր անում և երբեմն նուրբ սրախոսություններով ծիծաղեցնում էր պառավին։ Բայց երբ պառավը առաջարկեց նրան հարյուր ռուբլի «աջահամբույր», քավոր Պետրոսը այն ժամանակ միայն ընդունեց ծանր և մինչև անգամ խիստ կերպարանք և մերժեց արծաթը, ասելով.

— Այդ բավական չէ ձեր մեղքերը քավելու համար, տիկին։

— Ի՞նչ մեղքեր, — Հարցրեց պառավը վրդովված կերպով։

Քավոր Պետրոսը ինձ աչքով արեց, ես սենյակից դուրս եկա, նրանք մնացին մենակ։ Մյուս սենյակից ես լսում էի նրանց խոսակցությունը։

— Ի՞նչ մեղքեր, — կրկնեց պառավը։

— Մի՛ թաքցրեք, տիկին, ես բոլորը գիտեմ... Ձեր անցյալի սարսափելի պատկերը նկարված է իմ աչքի առջև։

— Որպե՞ս։

— Դուք մի ծեր գեներալից միակ զավակն էիք։

— Այդպես է։

— Հորից մեծ ժառանգություն ստացաք։

— Ուղիղ է։

— Պետերբուրգում ամուսնացաք մի մեծ աստիճանավորի հետ։

— Այդպես է։

— Դուք միմյանց հենց սկզբից չէիք սիրում, նա հրապուրվեցավ քո փողով, իսկ դու նրա աստիճանով։

Վերջին խոսքերը լսածին պես պառավի երեսի խորշոմների մեջ նկատվեցան ցնցումներ։ Քավոր Պետրոսը շարունակեց.

— Դուք չսիրեցիք ձեր ամուսնին, որովհետև ձեր սիրտը ուրիշին էր պատկանում...

— Հետո՞ ։

— Ձեր ամուսնի խանդոտությունը առիթ եղավ նրա մահին...

— Աստվա՜ծ իմ։ Բավական է։

— Լսեցեք, դեռ բոլորը չէ։ Դուք թունավորեցիք օրինավոր ամուսնին, որ ազատ կյանք վարեք սիրականի հետ։ Պառավը կրկին գոչեց զարհուրելով,

— Բավակա՜ն է, ի սեր աստծու։

— Դեռ բավական չէ։ Ես բոլորը դեռ չեմ ավարտել։ Լսեցեք: Դո՛ւք սպանեցիք ամուսնին, որ ավելի ազատ ապրեք սիրականի գրկում, և ձեր եղեռնագործությունը ծածկելու համար նրա հետ միասին գնացիք արտասահման։ Այնտեղ սիրականը վատնեց ձեր փողերը, կողոպտեց ձեզ և մաշված լաթի նման մի կողմ ձգեց։ Դուք վերադարձաք Պետերբուրգ։ Այստեղ երկար մնալ չկարողացաք, որովհետև հանապազ ձեզ տանջում էր մի կողմից սպանված ամուսնի ուրվականը, մյուս կողմից խաբված սերը... Ձեր խիղճը հանգստացնելու համար դուք տեղափոխվեցաք այդ գյուղը, որ միակ կտորն էր մնացած ձեր հոր ահագին հարստությունից, և այնուհետև սկսեցիք մխիթարություն որոնել գյուղական առանձնության մեջ։

— Բավական է, դուք բոլորը գիտեք... Ես սարսափում եմ...

— Ես պետք է վերջացնեմ։ Այդպես էր ձեր տխուր անցյալը: Հիմա նայեցեք, ահա ձեր ապագայի սոսկալի նկարագիրը իմ առջև բացված է տարտարոսը, ծծումբի բոցերի միջից հազիվ նշմարում եմ ձեր սարսափած դեմքը... սատանաները բորբոքում են կրակր, ձեր տանջանքը ավելի և ավելի սաստկացնելու համար... Իսկ այնտեղ, հեռու, մի բարձրության վրա, տեսնում եմ կանգնած մի մարգ, որպես վրեժխնդրության բողոքավոր արձան կանգնած է նա, նայում է ահռելի դեմքով և աղաչավոր ձեռքերը մեկնել է դեպի հավիտենական աթոռը, արդարադատություն է խնդրում... Դա ձեր ամուսնի պատկերն է...

Վերջին խոսքերը համարյա թե չլսեց պառավը, որովհետև նա արդեն ուշաթափ ընկած էր։ Քավոր Պետրոսի մոգական ազդեցությունը կրկին նրան ուշքի բերեց, և բռնելով նրա թևից, նստեցրեց դիվանի վրա։

Փոքր-ինչ հանգստանալուց հետո արտասուքը աչքերում հարցրեց նա,

— Այդ դուք ո՞րտեղից գիտեք։

— «Աստուծո մարդը» ամեն բան գիտե, — պատասխանեց քավոր Պետրոսը ծանր կերպով։

Բավական մեծ քանակությամբ արծաթ արժեց պառավին, մինչև «աստուծո մարդը» հոժարեցավ քավել նրա մեղքերը և ազատեց դժոխքի տանջանքներից։ Բացի դրանից, տվեց նրան մի սուրբ պատանք, որպես Երուսաղեմի հիշատակ, և պատվիրեց մեռնելուց հետո նրանով թաղվել, ասելով, թե չար ոգիները երբեք չեն համարձակվի մոտենալ նրա մարմնին։

Պառավին ըստ կարգին կողոպտելուց հետո վերադարձանք հյուրանոցը, ուր թողել էինք մեր իրեղենները։ Այստեղ գտանք աբիսինիացուն անհայտացած։ Մեր հարցերին հյուրանոցի տերը ոչինչ բացատրել չկարողացավ, որից կարելի լիներ մի որոշ հետևանքի հասնելը։ Բայց քավոր Պետրոսը իսկույն հասկացավ պատահածը և մտավ սենյակը, որտեղ դրած էին մեր իրեղենները։ Նա սկսեց քննել արկղներր։ Նրանցից մեկի կողպեքը կոտրած էր։ Դա միևնույն արկղն էր, որի մեջ սովորաբար պահում էինք մեր փողերը։ Պակաս էր հիսուն հազար ռուբլի։ Ես հիշեցի հայկական առածը.

       «Գողը գողից գողացավ,
       աստված տեսավ, զարմացավ»...

— Ես այդ վաղուց սպասում էի...— Ասաց քավոր Պետրոսը և սկսեց ծիծաղել։

Զարմանալի բնավորություն ուներ այդ մարդը, ոչինչ նրան վրդովեցնել չէր կարող։ Դա այն տեսակ քարասիրտ մարդիկներից էր, որոնք ոչ դժբախտության ժամանակ տրտմել գիտեն և ոչ հաջողության ժամանակ ուրախանալ։ Ես չկարողացա համբերել և փոքր-ինչ կոպիտ կերպով ասացի նրան.

— Հիսուն հազար ռուբլի տարել է անպիտանը, և դուք դեռևս ծիծաղո՞ւմ եք։ Հենց այս րոպեին պետք է նրա ետևից ընկնել։

— Երբ խաչագողը անհայտանում է, նրա հետևից այլևս չեն ընկնում, — Պատասխանեց նա, դարձյալ իր ծիծաղը շարունակելով։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ անկարելի է գտնել։

— Ես այդ անպիտանին հենց այս գիշեր կարող եմ բռնել։

— Չես կարող։ Եթե նա իմ աշակերտն է, ես լավ եմ ճանաչում, թե ի՜նչ պտուղ է...

Աբիսինիացին քավոր Պետրոսի ամենաընդունակ աշակերտներից մեկն էր։ Նրա իսկական անունը Մաթոս էր, բայց չափազանց խորամանկության համար կոչում էին «Շեյթան Մաթոս», որ նշանակում էր սատանա Մաթոս։

Ես հարցրի քավոր Պետրոսից,

— Դուք ասում եք, թե վաղուց սպասում էիք մի այսպիսի վարմունք նրա կողմից։ Երբ այսպիսի կասկած ունեիք նրա վրա, ինչո՞ւ չէիք հեռացնում ձեզանից։

— Երբ խաչագողը կասկած ունի իր ընկերի վրա, այդ դեպքում ոչ նրանից բաժանվում է և ոչ հեռացնում է իրանից.

— Ապա ի՞նչ է անում։

— Սպանում է...

Վերջին խոսքը ակամա թռավ քավոր Պետրոսի բերանից:

— Սպանո՜ւմ է...— կրկնեցի ես հետաքրքրությամբ։

— Ուրիշ ճար չկա։ Եթե կասկածավորին կենդանի հեռացնե, այնուհետև պետք է զանազան չարիքներ սպասե նրա կողմից։ Նա կարող է դավաճանել, կարող է մատնել, մի խոսքով, շատ վնասներ կարող է տալ, որովհետև իր ընկերի գաղտնիքների մասին շատ տեղեկություններ ունի։

— Որպես աբիսինիացին մեր գաղտնիքների մասին։

— Ուրեմն ինչո՞ւ չսպանեցիք նրան։

— Խոստովանում եմ, որ այդ դեպքում ես սաստիկ ծույլ գտնվեցայ: Միշտ այսօր էգուց ասելով, գործը այնքան հետաձդեցի, մինչև նա ավելի ճարպիկ գտնվեցավ։

— Այո՛, ճարպիկ գտնվեցավ, բացի հիսուն հազար ռուբլի հափշտակելը, տարավ իր հետ մեր գաղտնիքների մեծ մասը։ Այսուհետև նա ամեն տեսակ խաղ կարող է խաղալ մեզ հետ։

— Կարող է...— ասաց քավոր Պետրոսը, — մանավանդ երբ կմտածե, որ մենք նրան հանգիստ չենք թողնի...

Այդ ժամանակ միայն ես նկատեցի քավոր Պետրոսի դեմքի վրա վրդովմունքի նշաններ։ Նա առ ոչինչ էր համարում հիսուն հազար ռուբլու հափշտակությունը։ Փողի կորուստը նրան չէր կարող խռովություն պատճառել. փող նա միշտ կարող էր գտնել։

Բայց նրան վրդովեցնում էր իր խաբված դրությունը։ Նա սաստիկ վիրավորանք էր համարում, որ գտնվեցավ աշխարհում մի մարդ, որը կարողացավ խաբել քավոր Պետրոսին, այդ խաբեբայության մեծ հանճարին...

— Պետք է նրան «ներողամտության նշան» ցույց տալ, — Ասաց քավոր Պետրոսը և վառեց երկու մոմ, դրեց լուսամուտի առջև ներսի կողմից։

Դրսում տիրում էր գիշերային խավարը։

— Ա՞յդ է «ներողամտության նշանը»։

— Այդ է։ Պետք է նրան միամտացնել, որ մենք ներում ենք, որ մենք այլևս չենք հալածի նրան։

Քավոր Պետրոսի վարմունքը ինձ բոլորովին ծիծաղելի երևաց։ Ես ասացի,

— Նա կորավ, գնաց և գուցե այժմ մի քանի հարյուր վերստ հեռացել է այս քաղաքից։ Նա ո՞րտեղից պետք է տեսնե այդ «ներողամտության նշանը»։

— Նա գուցե այս րոպեիս պտտվում է մեր հյուրանոցի շուրջը։

Ես խլեցի մի տապար, որ այնտեղ դրած էր, և դուրս վազեցի, գոչելով.

— Եթե այդպես է, ես հիմա նրա փոքրիկ գլուխը կջարղեմ:

Քավոր Պետրոսի զորեղ ձեռքերը բռնեցին ինձ։ Նա ասաց բավական հեգնական եղանակով.

— Ավելի լավ կանես, եթե նրա փոքրիկ գլխով ու փոքրիկ մարմնով չխաբվես։ Նա թեև պստիկ է, բայց ճստիկ է: Նա վագրի սիրտ ունի և՝ առյուծի ուժ։

Այդ խոսքերը սաստիկ վիրավորեցին իմ հպարտությունը, և ես փոքր-ինչ տաքացած կերպով պատասխանեցի.

— Դուք կարծում եք, որ ձեր «ներողամտության նշանը» կօգնե՞ , և նա կհավատա , որ դուք այսուհետև չեք հալածի նրան, և իր անձը պաշտպանելու համար չի մատնի ձեզ։

— Օրինավոր խաչագողը պետք է այնքան ազնվություն ունենա, որ հավատա։ Այդ նշանը մեր մեջ ընդունված է որպես մի սուրբ պայման, որի դեմ հազիվ թե կմեղանչեր ամենաստոր խաչագողն անգամ։


  1. Պատանքն այն սպիտակ սավանն է, որի մեջ փաթաթել են Քրիստոսին թաղելուց առաջ։ Այդ ծեսը իբրև ավանդույթ խոր արմատներ ունի և կիրաովում է քրիստոնյա ժողովուրդների մեջ: Առանձին նշանակություն են ստանում այն պատանքները, որոնք բերվոյւմ են Երուսաղեմից, և որոնք կոչված են քավելու հանգուցյալի ենթադրվող մեղքերր, այստեղից էլ «քավության պատանք» խոսքը։ Ուղղափառ (հունադավան) եկեղեցու շնորհած քավության պատանքների վրա դաջված են լինում նաև զանազան պատկերներ։ Քրիստոսին վերաբերող թեմաներով:
  2. «Վեցհազարյակ» խորագրով ձեռագիրը հանդիսանում է կախարդանքների, տգետ ու խաբեական գրվածքների, սուտ իմաստակությունների ու գուշակությունների մի ժողովածու։ Առաջարկվում են պայմաններ՝ կապված հայերեն ձայնավոր տառերին խոսեցնելու հետ, որոնց ըստ ցուցումի կիրառումը օգնում է խոսելու հրեշտակների և մարգարեների հետ և իմանալու աշխարհի, սկզբից մինչև վերջ եղածի գաղտնիքները և լինելիքի գուշակությունը։ Ձեռագրի հեղինակը իր գործի արժեքը հավաստի դարձնելու համար այս «աշխատությունը» վերագրել է Անանիա Շիրակացուն, «Այս արուեստ վեցհազարեկին է, զոր գովեաց Անանիա Շիրակացի և ասաց, գանձ ծածկեալ է յերկրին Հայոց և ակն թագուցեալ է ի տանն Թորգոմայ. զի մայր է սա ամենայն իմաստութեան», (տեþս «Բազմավեպ», 1847, թիվ 11, Հք 164), Ա, Գ., Աբրահամյանի «Անանիա Շիրակացու մատենագիտությունը» աշխատության մեջ (Երևան, 1944, էջ 57—64) ասված է, որ Ա. Շիրակացին ունեցել է «Վեցհազարյակ» անունով թվաբանության գիրք (բաժանման աղյուսակ), որը սակայն ոչ մի կապ չի ունեցել այդ կեղծ «Վեցհազարյակի» հետ։ (էջ 87):