Խաչագողի հիշատակարանը/Մաս IV/Ժ
Ժ
ՆԵՆԵԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Կան այնպիսի դրություններ, որ մարդ րոպեական զվարճության համար կորցնում է իր ամբողջ ապագան և մինչև անգամ կյանքը, բայց դարձյալ չէ հրաժարվում իրան զրկել ցանկացած վայելքից։ Այսպիսի վտանգավոր ձեռնարկություններից մեկն էր Նենեի գիշերային այցելությունը։ Ես անհամբերությամբ սպասում էի նրան, սպասում էի, թե ե՞րբ կզարկե գիշերվա երկու ժամը։
Վերջապես, իմ օթյակի դուռը կամաց բացվեցավ, ծերունի սպասավորը նրան ներս հրեց և հեռացավ, ասելով.
— Որքան կամենում եք, խոսեցեք, բայց ձայն չբարձրացնեք։
Ինձ դժվար է նկարագրել այն սրտաշարժ տեսարանը, որ տեղի ունեցավ մեր տեսակցության առաջին րոպեներում։ Այո , դժվար է նկարագրել այն բոլոր լացը, արտասուքը, այն անսահման ուրախությունը, այն հոգեկան սաստիկ մրրիկը, որ փոթորկում էր մեր սրտերը մեր գրկախառնության լուռ ցնծության մեջ։ Մեր մեջ խոսում էին հոգին, սիրտը, ճախրում էին և թրթռում էին վաղուց նիրհած, թախծալի զգացմունքները։ Իսկ լեզուն բառեր չէր գտնում սրտի թարգման լինելու։
Դատապարտյալի սերն անգամ իր ոտներին շղթա էր կրում։ Նա սիրում է արտասվելով, նա սիրած կնոջը գրկում է սարսափելով։ Նա սիրում է առանց սիրելու իրավունք ունենալու։ Սերը նրա համար մի հանցանք է։ Նույն հանցանքի մեջն էինք գտնվում ես և Նենեն։
— Ի՞նչպես հայտնվեցար այստեղ, ի՞նչպես եկար, — եղավ իմ առաջին հարցմունքը, երբ Նենեն, իմ ձեռքը առնելով իր ափի մեջ, նստեց իմ մահճակալի վրա, իմ կշտին։
— Ես քեզ այն ժամանակ ասացի, որ կգամ, և որտեղ էլ որ լինես դու, կգտնեմ քեզ, — Ասաց նա, սեղմվելով իմ կուրծքի վրա։ — Տեսնո՞ւմ ես, եկա ու գտա քեզ։
— Ա՜խ, որքան տանջված կլինես, ո՜րքան նեղություններ կրած կլինես, Նենե։
— Այդ բոլորը ես մոռանում եմ քո գրկի մեջ։ Իմ կրած չարչարանքները ոչինչ են այդ մխիթարության առջև, որ այժմ վայելում եմ։
Ես հիացման մեջ էի գտնվում։ Մի՞թե այդ բարեսիրտ, նազելի արարածը առաջվա կիսավայրենի Նենեն էր։ Ո՞ր աստվածային շունչը այսպես մեղմացրեց, այսպես ազնվացրեց նրա բնավորությունը։
— Դու ո՞ւմ մոտ ես ապրում, — Հարցրի նրանից։
— Բժշկապետի տանը։ Նրա ամուսինը մի պատվական կին է, սաստիկ սիրում է ինձ։ Գիտե՞ս, Մուրադ, նա ինձ սովորեցրեց գրել, կարդալ, ես շատ գրքեր եմ կարդացել։
— Նրանք գիտե՞ն, որ դու հիմա այստեղ ես։
— Գիտեն։ Բժշկապետը ինքը պատվիրել էր ծերունի սպասավորին, որ ինձ ներս թողնե։ Ես նրան շատ խնդրեցի, սկզբում չէր հոժարում, ասում էր քո այցելությունը վատ ազդեցություն կանե հիվանդի առողջության վրա, բայց երբ երկար աղաչեցի, հոժարեցավ։
Ինձ ավելի հետաքրքրում էին Նենեի հետ պատահած անցքերը, սկսյալ այն օրից, որ ես անջատվեցա նրանից։ Ես խնդրեցի պատմել բոլորը։ Նա խիստ դժվարությամբ հանձն առեց պատմել, ասելով, որ իր հետ պատահած արկածների մեջ կային այնքան դա՜ռն, այնքան տխո՜ւր դեպքեր, որ չէր ցանկանա ես լսեի։
— Այսուամենայնիվ, ես պետք է գիտենամ բոլորը:
— Ուրեմն կպատմեմ։
Նա այսպես սկսեց իր պատմությունը,
— Դու հիշո՞ւմ ես, Մուրադ, քո կալանավորվելուց հետո ես մի անգամ կարողացա տեսնվել քեզ հետ, այն ևս բերդի մեջ։ Այնուհետև ես ամեն օր գալիս էի, կանգնում է, բերդի դռան մոտ, լաց էի լինում, աղաչում էի, բայց ինձ ներս չէին թողնում. «Գի՛ժ աղջիկը... տեսեք գի՜ժ աղջիկը...», ասում էին ու ինձ հալածում էին։ Երբ խավարը պատում էր, երբ չար մարդիկ այլևս չէին երևում, ես դարձյալ մոտենում էի բերդին, պտտում էի նրա շուրջը, և գիշերային լռությունը աղմկում էի իմ հառաչանքներով։ Միայն առավոտյան լույսը ինձ հեռացնում էր այնտեղից։ Անցա՜ն օրեր, անցա՜ն շաբաթներ, անցա՜ն ամիսներ։ Մի առավոտ բերդի դռան պահապան զինվորը ասաց ինձ. «Խե՜ղճ աղջիկ, այն, որ դու պտրում ես, էլ այստեղ չէ»... «Ապա ո՞րտեղ է», հարցրի ես սարսափելով. «Տարան»... պատասխանեց նա, կարծես, ինքն ևս տխրելով, չգիտեմ իմ վրա, թե քեզ վրա։ «Ո՞րտեղ տարան», հարցրի ես, ավելի մոտենալով նրան։ «Սիբի՜ր»։ Ես խելագարի նման սկսեցի վազ տալ։ Չգիտեի, թե ո՛ր կողմը գնամ։, նույն զինվորը ետևից ձայն տվեց. «Բռնեցեք փոստայի մեծ ճանապարհը»։
Վերջապես ես հասա։ Մի խումբ աքսորյալների հետ քեզ վարում էին։ Ինձ թույլ չտվին մոտենալ քեզ։ Որքան խնդրեցի, որքան աղաչեցի, դարձյալ թույլ չտվին։ Ես կատաղեցա, խելքս գլխիցս թռավ, աչքերիս առջև մթնեց... Չգիտեմ այլևս ի՞նչ արեցի, ի՞նչ պատահեց ինձ հետ, միայն այսքանը հիշում եմ: Երբ աչքերս բաց արի, ինձ գտա քաղաքային գժատան մեջ: Երբ խելքս գլուխս եկավ, ես տեսա միևնույն բժշկապետին, որի տանը այժմ ապրում եմ։ Նա եկել էր ինձ նայելու։ Ես բռնեցի նրա ձեռքից և արտասվալի աչքերով ասացի նրան. «Պարոն բժշկապետ, ես գիժ չեմ, իզուր են չար մարդիկ ինձ գիժ կոչում։ Ինչո՞ւ են բերել ինձ գժատունը»։ Բժշկապետը կարեկցությամբ ասաց ին՛ձ. «Խե՜ղճ աղջիկ, ես գիտեմ, որ դու գիժ չես. միայն խորհուրդ եմ տալիս, որ առժամանակ գժատանը մնաս»։ «Ի՞նչու», հարցրի ես զայրացած կերպով։ «Այդ միայն կարող է ազատել քեզ», պատասխանեց նա հազիվ լսելի ձայնով։ «Ի՞ն՛չ բանից», հարցոի ես ավելի վրդովվելով։ «Սիբիրից»... Ես սկսեցի ծիծաղել։ «Ես էլ հենց այդ եմ ո՛ւզո՛ւմ, որ ինձ ուղարկեն Սիբիր... այնտեղ կտեսնեմ նրան»... «Ո՞ւմը»։ հարցրեց նա։ «Այն աքսորյալին, որ մի քանի օր առաջ տարան», պատասխանեցի ես։ «Դուք, պարոն բժշկապետ, կարծեմ, ճանաչում եք նրան, դուք բժշկում էիք նրան»։ «Այո , ճանաչում եմ...— պատասխանեց նա, — ես մի անգամ խնդրեցի բերդապահից, քեզ թույլ տվին նրա մոտ բանտը մտնել, հիշո՞ւմ ես», հարցրեց նա։ «Այո՛, հիշում եմ, ես մինչև այսօր դեռ չեմ հայտնել ձեզ իմ շնորհակալությունը»։ Այդ խոսքերի հետ բռնեցի նրա ձեռքը և ամուր կերպով սեղմեցի։
«Ես այն աքսորյալին սիրում եմ, ես անկարող եմ չսիրել նրան», ասացի ես, չթողնելով բժշկապետի ձեռքը։ «Նա իմ կյանքը ազատել է մի սարսափելի սպանությունից, ի՞նչպես չսիրել նրան»։ Հետո պատմեցի, թե ո՛րպես ծնողներից որբ մնալով, իբրև անտեր, անպաշտպան մի աղջիկ, սկսեցի թափառական կյանք վարել, միակ արհեստը, որ ուսուցել էր ինձ իմ մայրը, էր կախարդությունը, ես մարդկանց բախտը գուշակում էի, նրանք ինձ հաց ու մի քանի գրոշներ էին տալիս։ Պատմեցի, թե ո՛րպես հափշտակվեցա ավազակներից, և ո՛րպես նրանք, ինձ երկար չարչարելուց հետո, վերջը կամենում էին սպանել, իսկ դու ազատեցիր ինձ։ Մի խոսքով, պատմեցի բոլորը, ինչ որ մինչև այն օրը պատահել էր ինձ հետ։ Բժշկապետը հետաքրքրությամբ լսելուց հետո ասաց ինձ. «Այդ բոլորը ես գիտեմ, այն աքսորյալը պատմել է ինձ»։
— Դուք պատմե՞լ էիք նրան, Մուրադ, — Հարցրեց Նենեն, կտրելով իր խոսքի թելը և դիմելով ինձ։
— Այո , պատմել էի, պատմել էի այն ժամանակ, երբ ես բանտումն էի։ Ես խնդրեցի նրանից, որ քեզ առնե իր պաշտպանության ներքո, և նա խոստացավ կատարել իմ խնդիրքը, և, որպես երևում է, կատարեց բարի մարդը։
— Այո՛, կատարե՜ց, — կրկնեց Նենեն մի առանձին զգացմունքով։ — Ա՜խ, ի՞նչով կարող ենք փոխարինել այդ ազնիվ երիտասարդի երախտիքը... նա դիտավորություն ունի դեռևս շատ լավություններ անելու մեզ...
Նենեն, ուրախության արտասուքը սրբելով իր աչքերից, շարունակեց,
— Ես հարցրի բժշկապետից, թե ի նչ էր պատճառը, որ ինձ բերել էին գժատուն։ Նա ասաց, որ այն դատապարտյալին, այսինքն՝ քեզ, դեպի աքսոր վարելու ժամանակ, ես խելագարի նման հարձակվել էի պահապան զինվորների վրա, խլել էի մեկի հրացանը և արձակել էի։ Թեև ոչ ոքին վնաս չէի հասցրել, բայց իմ վարմունքը օրենքով համարվում էր ծանր հանցանք։ Այդ հանցանքը ավելի խստությամբ էր պատժվում գլխավորապես այն պատճառով, որ կատարվել էր քեզ հափշտակելու նպատակով։ «Իսկ երբ գործողությունը կատարած է ուղեղի անառողջ դրության մեջ, — Ավելացրեց բժշկապետը, — պատիժը մեղմացնում են»։ Ես պատասխանեցի, «Ամենևին չեմ ցանկանում, որ իմ պատիժը մեղմացնեն։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ կուղարկեն Սիբիր։ Այնտեղ կտեսնեմ նրան, այնտեղ տարան նրան, թող ես էլ նրա մոտ լինեմ»։ «Խե՜ղճ աղջիկ,— ասաց բժշկապետը, — դու դեռ այնքան անփորձ ես, որ չգիտես, թե ի նչպես են վարվում աքսորյալների հետ։ Խելագարությունը միայն կարող է փրկել քեզ»։ Ես դարձյալ պնդեցի, թե երբեք չեմ ասի, որ ցնորված եմ եղել, այլ պարզ կխոստովանեմ, որ կամենում էի ազատել սիրելիիս և այդ նպատակով հարձակում գործեցի։ Բժշկապետը, թեև չկարողացավ ինձ համոզել, բայց դարձյալ ուրիշ շատ խրատներ տալով ավելացրեց, որ իմ վարմունքը իսկապես «մինչև խելագարության հասած» սիրո ցնորք է եղել, և ավելի ոչինչ։
Բայց ես բժշկապետին չհավատացի, թեև նա ինձ զանազան խոստմունքներ արեց և զանազան հույսեր տվեց։ Ես հաստատ մնացի իմ կամքի մեջ, և երբ աոաջին անգամ տարան ինձ դատարանը, ես պարզ ասեցի դատավորներին. «Պարոն դատավորներ, ես խելագար աղջիկ չեմ, ես շատ խելացի աղջիկ եմ։ Խելագարությունը չէր, որի պատճառով ես հարձակում գործեցի զինվորների վրա։ Ես սիրում էի նրան, այն երիտասարդին, որին դուք Սիբիր ուղարկեցիք։ Ես կամենում էի ազատել իմ սիրելիին։ Ոչ, պարոն դատավորներ, դուք մի՛ հավատացեք, որ ես խելագարված եմ եղել։ Ես միշտ խելացի էի, ինչպես այժմ։ Այդ հանցանքները ևս գործել եմ իմ առողջ դատողությունով։ Ինձ ևս աքսորեցեք Սիբիր, ես ցանկանում եմ սիրելիիս հետ միասին լինել» Բայց դատավրրները ինձ չհավատացին։ Ես շատ բարկացա, երբ իմ վճիռը կարդացին։ Փոխանակ Սիբիր ուղարկելու, վճռել էին՝ երեք ամիս նստացնել ապաշխարության տան մեջ։ Թեև ես վճռից գոհ չմնացի, այնուամենայնիվ, ինձ տարան այնտեղ։
Բայց գիտե՞ս, Մուրադ, իմ սխալն ինչումն էր, — հարցրեց Նենեն, դառնալով դեպի ինձ։ — Ես չպետք է ասեի, թե խելացի աղջիկ եմ և ամեն ինչ գործել եմ իմ կամքով, իմ հոժարությամբ։ Ես պետք է ասեի, թե խելագարված եմ եղել, չեմ հասկացել, թե ինչ եմ գործել։ Ես պետք է աշխատեի արդարացնել իմ վարմունքը և խնդրել, որ ինձ չպատժեն։ Այն ժամանակ կմտածեին, որ ես գիտությամբ եմ գործել և իմ ցանկացած պատիժը կնշանակեին։ Ինձ կուղարկեին Սիբիր։ Բայց դատարանի մեջ, երբ աշխատում ես քեզ արդար ցույց տալ, մեղավոր են համարում։ Իսկ երբ ուզում ես քեզ գիժ ցույց տալ, խելացի են համարում, և ընդհակառակն։
Ապաշխարության տան մեջ եղած ժամանակս, — շարունակեց Նենեն, — Բժշկապետը մի քանի անգամ այցելեց ինձ։ Այնտեղ ես առաջին անգամ ծանոթացա նրա կնոջ հետ։ Նա ինձ համար զանազան բաներ էր բերում և ամեն կերպով հոգ էր տանում, որ ես հանգիստ լինեմ։ Թե՛ այր և թե՛ կին խոստանում էին, որ իմ ապաշխարության ամիսները վերջանալուց հետո ինձ կընդունեն իրանց տանը և կպահեն ու կպահպանեն իրանց զավակի նման։ Բայց ես իմ վրա չէի մտածում, ես միշտ քեզ վրա էի մտածում։ Այդ էր պատճառը, հենց որ վերջացավ երեք ամիսը, ես փախա այնտեղիցք որ բժշկապետի տնից ազատվեմ։ Առանց որևիցե պատրաստության, ես ճանապարհ ընկա քեզ մոտ գալու համար։ Սիբի՜ր, Սփբի՜ր. այդ անո՛ւնը կրկնելով, շարունակում էի իմ ճանապարհը։ Խիստ սակավ էր պատահում, որ ես մի որևիցե բնակության հասնեի։ Ըստ մեծի մասին գիշերներն անց էի կացնում բացօթյա։ Մարդիկ, տեսնելով իմ պատառոտած հագուստը, խառնված ծամերը, ցրտից և արևից սևացած դեմքը, ասում էին՝ «դա ջադուկ է», և ինձ օթևան չէին տալիս։
Նենեի նկարագրությունները ինձ սարսափեցնում էին։ Ո՜րքան տանջվել էր, ո՜րքան չարչարվել էր խեղճ աղջիկը մի կորած, աշխարհից կտրված դատապարտյալի համար։ Մի՞թե ես արժանի էի այսքան զոհաբերությանց։ Ես խնդրեցի նրանից համառոտել իր պատմությունը և միայն այն ասել, թե ի՞նչպես կրկին հանդիպեց բժշկապետին։
— Ես շուտով այդ տեղը կհասնեմ, — պատասխանեց նա, — մի փոքր ևս լսիր, եթե չես ձանձրանում։
— Ես չեմ ձանձրանում, այլ տխրում եմ... իմ սիրտը լցվում է ցավերով...
— Շուտով կուրախացնեմ քեզ, — Ասաց նա և շարունակեց.— Մի անգամ, երեկոյան պահուն, հասնում եմ մի գյուղ։ Գյուղացիները հավաքված էին գինետան առջև, զանազան դատարկախոսություններ էին անում։ Ես հարցրի նրանցից,
— Որ ճանապարհն է տանում դեպի Սիբիր։ նրանք զարմացած նայեցին իմ վրա։
— Սիբի՞ր, — Հարցրեց մեկը ծիծաղելով։
— Այո՛, Սիբիր։ Հեռո՞ւ է։
— Այդ սատանայական սև մազերդ կսպիտակեն, մինչև այնտեղ կհասնես։
— Ցույց տվեցեք ինձ ճանապարհը, — կրկնեցի ես։
— Ահա՛ ճանապարհը, գնա՛, գուցե առավոտյան կհասնես, — Ասաց մի ուրիշը, ավելի լրբաբար ծիծաղելով։
— Եթե գայլերը չպատառոտեն, — նկատեց մի այլը: — Մի ծաղրեք ինձ, բարի մարդիկ, ես Սիբիր եմ գնում, — Աղաչեցի նրանց։
— Դա խելագար է, — Ասաց մեկը։
— Չէ, անպատճառ անտառի դևերից մեկը կլինի, տեսեք, ինչպես վառվում են աչքերը, — Ասաց մյուսը։ — նայեցեք մազերին։ Բոլորը խաչակնքեցին։
— Ոտքերիցը արյուն է հոսում, խե՜ղճ աղջիկ, — նկատեց մի պառավ կին։ — Երևի փուշերը ծակռտել են։
— Դուք չե՞ք հասկանո՛ւմ, ես Սիբիր եմ գնում, — զայրացած կերպով ձայն տվի ես։ — Ցույց տվեցեք ինձ ճանապարհը։
— Կորե՛ք, թող սատանան տանե ձեզ, — Ասեցին ինձ և երեսները շուռ տվին։
Ես բռնեցի առաջին պատահած ճանապարհը և հեռացա: Դեռ գյուղից չէի դուրս եկել։
— Մուրացկա՛ն, մուրացկա՛ն, — ձայն տվեց մի երեխա։
— Ես Սիբիր եմ գնում...— պատասխանեցի նրան։
Ես անցնում էի փոստային իջևանի առջևից։ Այդ միջոցին ուղևորի սայլակը, փոշու ամպերի մեջ ծածկված, փոթորիկի նման հասավ իջևանը։ Սայլակի միջից դուրս նետվեցավ մի պարոն, վազեց իմ ետևից և իմ թևքից բռնելով, ասաց.
— Վերջապես գտա քեզ...
Այդ պարոն բժշկապետն էր։ Ես իսկույն նկատեցի նրա բարի դեմքի վրա այն մեծ ուրախությունը, որ պատճառեց ինձ գտնելը։ «Ո՞ւր ես գնում», հարցրեց նա, չթողնելով իմ ձեռքը։ «Սիբի՜ր», պատասխանեցի ես, աշխատելով դուրս պրծնել նրա ձեռքից։ «Այժմ ուշ է, — Ասաց նա, — տեսնո՞ւմ ես, արեգակը մտնելու մոտ է, տեղ չես հասնի, անապատումր կմնաս»։ «Ես միշտ անապատումն եմ գիշերում, մարդիկ ինձ տեղ չեն տալիս»։ «Մնա ինձ մոտ, այս գիշեր հանգստացիր, առավոտյան կշարունակես քո ճանապարհը»։ «Ես դեռ ոչ բոլորովին հոգնած եմ, կարող եմ անցնել մի քանի վերստ ևս, մինչև արեգակը կմտնե»։
Վերջապես նա համոզեց ինձ մնալ և տարավ փոստային կայարանը, — շարունակեց Նենեն։ — Աշնան սաստիկ ցրտերի ժամանակն էր։ Իսկ իմ հնամաշ հագուստը հազիվ ծածկում էր իմ մարմինը։ Ես նոր էի զգում, թե որքան մրսել էի։ Երբ մտա սենյակը, իմ ատամները սկսեցին բաբախել» Իմ լեզուն դժվարանում էր շարժվել։ Նա իսկույն փաթաթեց ինձ իր մուշտակի մեջ և նստեցրեց մահճակալի վրա։ Տաք թեյը կյանք տվեց ինձ, իսկ սպիտակ հացը կարագի հետ զովացրին իմ սպառված ուժերը։ Ես ա՛յժմ միայն հասկանում էի, եթե այն դրության մեջ անապատում մնայի, անպատճառ, կսառչեի։ Երբ ես բավական հանգստացա, երբ իմ գրգռված դրությունը մեղմացավ, բժշկապետը ասաց ինձ, որ ինքը հատկապես ինձ համար եկած էր։ Նա պատմեց, թե այն առավոտը, երբ ինձ պետք է արձակեին ապաշխարության տնից, ինքը և իր կինը կառքով եկան այնտեղ, որ ինձ առնեն և իրանց տունը տանեն։ Բայց մինչև իրանց գալը, ես անհայտացած էի։ Հետո հարցուփորձ անելով տեղեկացան, թե ես ո՛ր կողմն էի գնացել։ Բժշկապետը առանց ժամանակ կորցնելու հետամուտ եղավ և գտավ ինձ։
Առավոտյան, — շարունակեց Նենեն, — Բժշկապետը հայտնեց, թե ինքը նույնպես Սիբիր գնալու դիտավորություն ունի և խոստացավ, որ ինձ ևս կվեր առնի իր հետ։ Կարծես, ամբողջ աշխարհը ինձ տվեցին, ուրախությունիցս չգիտեի, թե ինչ անեմ։ Երեխայի նման քաշ ընկա իմ բարերարի պարանոցից և սկսեցի համբուրել նրա աչքերը, երեսը, ճակատը, բոլորը։ «Կտանե՞ք, կտանե՞ք», անդադար հարցնում էի ես։ «Անպատճառ կտանեմ», պատասխանեց նա և ավելացրեց, թե ինքը պետք է պաշտոնով գնա այնտեղ, և այդ մասին արդեն առաջարկել են իրան, և ինքը ընդունել է։ «Եվ ես կտեսնե՞մ նրան»:«Կտեսնես, շատ անգամ կտեսնես», պատասխանեց նա։ Ես կրկին գրկեցի նրա պարանոցը։
Բժշկապետը, — առաջ տարավ Նենեն, — ինձ շատ խրատներ էր տվել, ինձ շատ խորհուրդներ էր տվել, բայց առաջ ես չէի հավատում նրան։ Մարդիկ ինձ այնքան շատ խաբել էին, որ ես կորցրել էի իմ հավատը դեպի ամեն մարդ։ Բայց երբ նա խոստացավ, որ ինձ կտանե Սիբիր, ես բոլորովին հավատացի։ Այդ էր պատճառը, որ ես իսկույն հնազանդվեցա, երբ առավոտյան աոաջարկեց ինձ նստել ճանապարհորդական սայլակի վրա և վերադառնալ տուն։ Չնայելով, որ ես մինչև այն գյուղը հասել էի երեք օրվա մեջ, բայց նույն օրվա երեկոյան պահուն մենք հասանք քաղաքը։ Բժշկապետի բնակարանը բավական ընդարձակ էր, իսկույն ինձ համար որոշեցին մի աոանձին սենյակ։ Նրա մանկահասակ կինը ավելի բարեսիրտ երևաց, քան թե ամուսինը։ Նրա առաջին հոգսը եղավ լվանալ իմ գլուխը, սանրել և փոխել իմ հագուստը. Երբ ես ոտքից ցգլուխ հագնվեցա, նա մի առանձին ուրախությամբ նայեց իմ վրա, գրկեց և համբուրելով՝ ասաց. «Հիմա դու շատ սիրուն աղջիկ դարձար»։ Եվ որպեսզի ես մի նոր ծանրություն չդառնամ այդ ոչ այնքան միջոցներ ունեցող ընտանիքի վրա, հենց երկրորդ օրը ես խնդրեցի տիկինից, որ ինձ ցույց տա մի քանի գործեր, թե ինչո՛վ կարող էի ծառայել նրանց։ Տիկինը ժպտաց և ինձ հանձնեց մի քանի թեթև գործեր։ Ես իմ պարտավորությունները այնքան ճշտությամբ կատարում էի, որ նրանք, որ առաջ միայն խղճում էին ինձ, սկսեցին այնուհետև սիրել։ Տիկինը չափազանց գութ ուներ ինձ վրա։ Նա մի աոանձին եռանդով սկսեց զբաղվել իմ դաստիարակությամբ. ամեն օր մի քանի ժամ պարապում էր ինձ հետ։ Ես սովորեցի գրել, հաշվել և գրքեր կարդալ, Ա՜խ, որքան լավ բան են այդ գրքերը։ Նրանց մեջ խոսում են խելացի մարդիկ, նրանք այն չեն ասում, ինչ որ մենք սովորաբար լսում ենք կամ տեսնում ենք կյանքի մեջ։ Նրանք պախարակում են այդ մեր տեսածները և ասում են, որ լավ բաներ չեն, և ցույց են տալիս, թե ի՞նչպես մարդիկ կարող էին ավելի լավ լիներ
— Եվ դու լավացար, — կտրեցի ես Նենեի խոսքը։
— Այո՛, լավացա, — պատասխանեց նա մի առանձին բավականությամբ։
— Դու հենց սկզբից բարի էիր, Նենե։
— Իմ առաջվա բարության և այժմյան բարության մեջ մեծ զանազանություն կա։ Աղավնին էլ բարի է, բայց եթե նրան հարցնելու լինես, թե ինչու համար է բարի, նա քեզ չէ կարող բացատրել պատճառը։ Նա բարի է, ինքն էլ չգիտե, թե ինչի համար։ Այդպես էր և իմ բարի լինելը։ Ոչխարի բարություն և ավելի ոչինչ։ Բայց ես հիմա գիտեմ, թե ինչո՞ւ լավ է բարին և ինչո՞ւ վատ է չարը։ Չէ՞ որ ես առաջ սուտեր էի խոսում, խաբում էի մարդկանց, բայց չէի հասկանում, որ դա վատ է։ Ես մի բոշա աղջիկ էի և մորիցս սովորած կախարդությանը ինքս էլ հավատում էի։ Բայց հիմա գիտեմ, որ այն բոլորը խաբեբայություն էր։ Այդ թողնենք, — խոսքը փոխեց Նենեն, — բժշկապետը և նրա կինը կատարեցին իրանց խոստմունքը։ Երբ նրանք պաշտոն ստացան Սիբիրում, ինձ ևս բերեցին իրանց հետ։ Իմ հարաբերությունը քեզ հետ նրանք գիտեին, նրանց հայտնի էր և այն, թե ո՛ր աստիճան ես սիրում եմ քեզ։ Հետո, թեև ինձանից գաղտնի, նրանք աշխատում էին, որ դու ազատված լինես քո դատապարտությունից, և մեզ բախտավորացնեն ամուսնական կյանքով։ Այդ մասին ինձ հետ չէին խոսում, բայց ես նրանց ակնարկություններից և առանձին խոսակցություններից շատ բան էի հասկանում։
— Ի՞նչ միջոցներով էին աշխատում, — հարցրի ես անհամբերությամբ։ — Արդյոք հույս կա՞... կարելի է...— և բազմաթիվ հարցերով շփոթեցրի Նենեին։
Կարծես, նա վախենում էր, որ միանգամից հաղորդած ուրախալի տեղեկությունը կարող էր վատազդել իմ առողջության վրա և երևի այդ մտքով բավական հեռվից սկսեց իր պատասխանը։
— Դու պետք է գիտենաս, — Ասաց նա, — Որ բժշկապետը աղքատ և շատ աղքատ ծնողների որդի է եղել, ժողովրդի ստոր դասակարգից։ Նրա հայրը փողոցներում կոշկաներկ վաճառող է եղել, իսկ մայրը՝ մի լվացարար կին։ Բայց տիկինը բարձր շրջաններից է, Ս. Պետերբուրգում նշանավոր ազգականներ ու բարեկամներ ունի, որոնք նույնպես նշանավոր պաշտոններ են վարում։ Բժշկապետը, որպես աղքատ ուսանող, նրա հոր տանը մասնավոր դասեր էր տալիս։ Այստեղից սկսվեց նրանց ծանոթությունը, որը հետո սիրո փոխվեցավ։ Օրիորդի ծնողները, իհարկե, հակառակվեցին նրա ամուսնանալուն մի բժշկի հետ, որ թե իր դիրքով և թե իր ծագումով չէր համապատասխանում նրանց կոչմանը։ Բայց օրիորդը այնքան բնավորության զորություն ուներ, որ, հակառակ ծնողների կամքին, թողեց հայրենական տունը և սկսեց սիրած երիտասարդի հետ ապօրինի ամուսնությամբ ապրել։ Այնուհետև ծնողները բոլորովին մերժեցին նրան և միշտ անհաշտ մնացին նրա հետ։ Բայց տիկինը ուներ մի ազգական, որ ծառայում էր մինիստրության մեջ։ Այդ բարձր աստիճանավորը սաստիկ սիրում էր տիկնոջը և գնահատում էր նրա արժանավորությունները։ նա մինչև անգամ մեղադրում էր տիկնոջ ծնողներին, որ այնպես անգթաբար վարվեցան նրա հետ։ Ահա այդ ազգականի հետ տիկինը սկսեց բանակցություններ անել քո ազատության մասին և, կարծես, հաջողված է...
— Այդ դու ո՞րտեղից գիտես, իմ ավետաբեր հրեշտակ, — Բացականչեցի ես և սկսեցի անհագաբար համբուրել նրա ձեռքերը։
— Գիտեմ, մի քանի օր առաջ տիկինը ցույց տվեց ինձ մի նամակ, որ նոր էր ստացել Ս. Պետերբուրգից ու ասաց, «Նենե, քո բախտը վճռված է»...
— Բարերա՜ր աստված, փառք լինի քո գթությանը, — կրկին բացականչեցի ես, հետո դաոնալով դեպի իմ ազատիչը, ասեցի նրան, — Այդ բոլորը քեզ եմ պարտական, քե՛զ, եթե դու չլինեիր, եթե դու չգտնվեիր բժշկապետի ընտանիքի մեջ, ո՞վ կդարձներ նրանց բարի ուշադրությունը ինձ վրա։ Դու, միայն դու քո հրեշտակային բնավորությամբ գրավեցիր քո տիկնոջ սիրտը և նրա ամուսնու ցավակցությունը դեպի մեր թշվառ վիճակը։ Եթե դու չլինեիր, ես հավիտյան կորած էի թե աշխարհի և թե քեզ համար...
Այդ միջոցին դուռը բացվեցավ, և ծերունի սպասավորի երկայն կերպարանքը հայտնվեցավ շեմքի վրա։
— Օրիորդ, — դարձավ նա դեպի Նենեն, — օրը լուսանում է, լավ չի լինի, եթե քեզ տեսնեն այստեղ։
Նենեն վեր կացավ և, ինձ հետ կրկին և կրկին համբուրվելով, հեռացավ, ասելով.
— Շուտով դարձյալ կտեսնվենք...