ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1848 թ. ապրիլի 2-ին (հ. տ.) յուր բնակարանից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում Խաչ. Աբովյանը։ Նրա կյանքի, հատկապես անհայտացման մասին հարյուրից ավելի ուսումնասիրություններ, գրքեր և հոդվածներ են գրել հայ, ռուս և այլ ազգի հեղինակներ[1]։ Մինչև այժմ էլ շարունակվում են պրպտումները, սակայն նրա անհայտացման մասին եղած նյութերի վրա այդ ուսումնասիրությունները արժեքավոր բան քիչ են ավելացրել։
Առաջին պաշտոնական գրությունը Աբովյանի անհայտացման մասին Երևանի գավառապետին[2] ուղարկել է Տուրկեստանովը, որ մարտի 30-ից սկսել էր Աբովյանից ընդունել գավառական դպրոցի գործերը[3]: Տուրկեստանովը տեղեկացրել է հաջորդ օրը, ապրիլի 3-ին։ Որովհետև նրա գրությունը մինչև այժմ ամբողջությամբ հրատարակված չէ, ստորև տալիս ենք լրիվ թարգմանությունը։
1848 թ. ապրիլի 3
ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐՈՆ ԳԱՎԱՌԱՊԵՏԻՆ
Կոլեժսկի ասեսոր Աբովյանը երեկ, վաղ առավոտյան, ինչպես հայտնեց նրա կինը, անհայտ է, թե որտեղ է գնացել և մինչև այժմ տուն չի վերադարձել: Եվ որովհետև նա, համաձայն դպրոցական բարձր իշխանության կարգադրության, պարտավոր էր հանձնել ինձ ինչպես տեսչական պաշտոնը, այնպես էլ կանխիկ գումարը և արքունի գույքը, բայց կարողացավ հանձնել միմիայն անցյալ տարիների մի քանի գործերը, ուստի տեղեկացնելով Ձերդ բարեծննդությանը այս հանգամանքի մասին, պատիվ ունեմ Ձեր համաձայնությունը խնդրելու՝ թույլ տալ ինձ Երևանի դպրոցի ուսուցիչների և Ձեր կողմից նշանակված պաշտոնյաների հետ միասին ձեռնարկել գումարի և արքունի գույքի ընդունելը:
Ընդ սմին պատիվ ունեմ խոնարհաբար խնդրելու Ձերդ բարեծննդության կարգադրությունը կոլեժսկի ասեսոր Աբովյանին փնտրելու մասին»*[4]:
Այս առաջին փաստաթղթից, որի վերջին պարբերությունը հրատարակվում է առաջին անգամ, առայժմ ընդգծենք այն, որ Աբովյանը անհայտացել է վաղ առավոտյան, որ այդ մասին հաղորդել է նրա կինը, և որ ինքը՝ Տուրկեստանովը, խնդրել է գավառապետի կարգադրությունն Աբովյանին փնտրելու մասին։
Բանն այն է, որ բանասերներից ոմանք այն կարծիքն են հայտնել, թե կառավարությունը, մանավանդ գավառապետ Նիկիֆոր Բլավատցկին, մատների արանքով են նայել Աբովյանի անհայտացմանը և անհրաժեշտ չափի հետախուզումներ չեն կատարել[5]։ ճիշտ նկատելով, որ, սառնություն, նույնիսկ թշնամական հարաբերություններ են եղել, մի կողմից՝ գավառապետ Բլավատցկու և ոստիկանապետ Մորոխովեցի մյուս կողմից՝ գավառական դպրոցի տեսուչ Աբովյանի միջև**[6], ուսումնասիրողներից ոմանք սխալ եզրակացության են հանգում, ենթադրելու որ այդ սառնության հետևանքով թե՛ գավառապետը և թե՛ ոստիկանապետ նույնիսկ սովորական կարգի հետախուզումներ չեն արել։
Այնինչ, իրականում հակառակ պատկերն է։ Մեր ձեռքի տակ եղած տվյալները ապացուցում են, որ ապրիլի 3-ից, այսինքն՝ անհայտացման հաջորդ օրվանից դեթ մինչև օգոստոսի 17-ը, իսկ խնամակլության գործով՝ էլ ավելի ուշ, Աբովյանի կասկածելի անհայտացումը նյութ է պետական մի քանի հիմնարկությունների միջև բազմաթիվ գրագրությունների։
Ավելին. այդ հաճախակի «հոյժ կարևոր», «հոյժ շտապ» գրությունները կասկածի տեղիք են տալիս, որ հենց ցարական ադմինիստրացիան անհանգստացել էր Աբովյանի անակնկալ անհայտացմամբ, և նույնիսկ գործուղել էին քննիչներ, հրահանգվել էր գավառակային «զասեդատելներին»՝ մի որևէ անհայտ դիակ հայտնաբերելուց անմիջապես տեղեկացնել այդ մասին գավառապետին[7]։ Աբովյանի անձնավորության կարևոր արժանիքը չէր փութաջան հետապնդումների նպատակը։ Այլ ժամանակ գուցե այդքան էլ չարվեր։ Կարելի է նույնիսկ կասկածել, որ գավառապետ Նիկ. Բլավատցկու հետապնդումները նպատակ ունեին պարզելու Աբովյանի անհայտացումը՝ արդարացնելու համար առաջինի թշնամությունը նրա հանդեպ, արատավորելու և վարկաբեկելու անձնական հակառակորդին[8]:
Բայց մենք դիմենք հետևյալ գրագրություններին։
Ապրիլի 6-ին, գավառապետի կարգագրությամբ՝ ոստիկանապետ Մորոխովեցը, նոր տեսուչ Տուրկեստանովը և Աբովյանի պաշտոնակից ուսուցիչները բաց են անում դրամարկղը և քննում հաշվեմատյանը։ Քննության ակտը կարևոր չէ, որպեսզի ամբողջությամբ բերենք։ Քննությունը պարզում է, որ «դրամի հաշիվը ճիշտ է», որ միայն մի քանի մանր գումարներ Աբովյանը սխալ է գրանցել, և ապրիլի 8-ին Տուրկեստանովը այդ մասին գրում է դպրոցների դիրեկտորին։
Սակայն, թե՛ ապրիլի 6-ի մի շարք նույնանման ակտերի՝ գրված զանազան հաշվեմատյաններում նույն օրը, և թե՛ Տուրկեստանովի ապրիլի 8-ի գրության մեջ, Աբովյանի անհայտացման մասին հետաքրքիր են հետևյալ տողերը.
Ապրիլի 8-ին Տուրկեստանովը գրում է. «Դեռ ապրիլի 3-ին, № 27 գրությամբ խնդրել էի Երևանի պարոն գավառապետի, իբրև դպրոցի պատվավոր տեսչի, համաձայնությունը՝ չսպասելով պ. Աբովյանի վերադարձին, որ <թեպետև> պարտավոր էր հանձնել»...*[9] Ընդգծած տողերից կարելի է ենթադրել, որ անհայտացումից գեթ հինգ օր հետո Տուրկեստանովը ակնկալում է Աբովյանի վերադարձը։ Հետո մենք կհանդիպենք ուրիշ փաստաթղթի՝ ավելի ուշ գրված, որտեղ ավելի պարզ է արտահայտած Աբովյանի վերադարձի հույսը։
Որպեսզի ապրիլի 6-ի ակտերի նշանակությունը ավելի հասկանալի դառնա, պետք է ասել, որ սահմանված կարգի համաձայն, դպրոցի տեսուչը յուրաքանչյուր ամսվա վերջին, ուսուցիչների ներկայությամբ ստուգում էր դպրոցական գումարի քանակը, քննում այդ ամսվա ելումուտքը և մայր հաշվեմատյանում իր ձեռքով գրում էր ակտի շաբլոն ձև առ այն, որ առկա գումարը ճիշտ է, և հաշիվները ուղիղ։
Նոր տեսուչ Տուրկեստանովը եկել էր մարտի 30-ին։ Մինչև այդ, ծախքերը գրանցել էր հին տեսուչ Աբովյանը յուր ձեռքով։ Մայր մատյանից երևում է, որ ամսի վերջին օրը մարտի 31-ին, Աբովյանը դուրս է գրել յուր և մյուս պաշտոնակիցների ռոճիկը[10]։ Այդ օրը կամ հաջորդ օրը նա պարտավոր էր մարտ ամսվա ծախքերի գումարի ստուգումը կատարելու և ձևակերպելու սովորական ակտով, ինչպես արել է ամեն ամսվա համար։
Սակայն այդ ակտն այս անգամ նա չի գրում մարտի 31-ին վերջին անգամ դուրս է գալիս դպրոցից և առանձնանում յուր սենյակում, ապա ապրիլի 2-ի առավոտյան անհայտանում[11]։ Մարտ ամսվա համար ակտ չի գրում, իսկ առանց դրան նրա հաջորդը իրավունք չուներ դրամական նոր գրանցումներ անելու մայր մատյանում։ Ելքը գտնում են... Աբովյանի ստորագրությունը կեղծելով[12], որից հետո մյուս ուսուցիչները ստորագրում են մարտի ակտը։
Այդ կեղծ ակտին*[13] հետևում է ոստիկանապետ Մորոխովեցի և Տուրկեստանովի մասնակցությամբ կազմած ապրիլի 6-ի արձանագրությունը, որտեղ հետին թվով, տարբեր ձեռքով և թանաքով ավելացված է. «Պ. Աբովյանի անհայտ բացակայության (отлучка) առիթով»։
Այստեղ էլ կրկնվում է նույնը։ Մինչև ապրիլի 6-ը ենթադրել են, որ, ուր որ է, կվերադառնա Աբովյանը՝ օրինական կարգով մարտ ամսվա ակտը կազմելու։ Սակայն նա չի վերադառնում, և կեղծ ակտը ծառայում է ելք։ Ապրիլի 6-ին կազմում են նոր արձանագրություն, որի հիման վրա Տուրկեստանովը, իբրև նոր տեսուչ, իրավունք է ունենում շարունակել դրամական գրանցումները։ Սակայն, նրանք հենց այդ արձանագրության մեջ հարկ չեն համարում հիշատակել Աբովյանի անհայտ բացակայությունը[14] և միայն որոշ ժամանակ անց, ինչպես մատնում է տարբեր թանաքն ու ձեռագիրը, տողերի արանքում, և այն Էլ ոչ բոլոր մատյաններում, ավելացնում են վերը բերած նախադասությունը։
Ապրիլի 8-ին Նիկիֆոր Բլավատցկին կարգադրում է ոստիկանապետին՝ սկսել Աբովյանի անհայտացման քննությունը[15]։ Ոստիկանապետ Մորոխովեցը ապրիլի 9-ին պահանջում «դեպուտատ»՝ գործի քննության մասնակցելու[16]: Տեսուչը դեպուտատ է նշանակում ուսուցիչ Ստեփան Վեքիլովին՝ «տաճկական անվանի աղալարների ընտանիքից», մի մարդու[17], որը շատ լավ ծանոթ էր Աբովյանին, նրա շրջապատին, պաշտոնակիցն էր, մոտ մասնակցություն ուներ դպրոցական գործերին, մի արկածախնդիր մարդու, որ «սարվազների բատալյոնի» հետ մասնակցել էր ռուս-պարսկական պատերազմին, ստացել էր շքանշան, եղել էր հարկահավաք, ապա թեմական դպրոցի ուսուցիչ, Աբովյանի ժամանակ՝ պետական դպրոցի դասատու, 49 թ․՝ տիտուլյարնի սավետնիկ, իսկ 53 թ.՝ Երևանում պրիստավ։ Աբովյանի անհայտացումից հետո նրա գույգի և որբերի վրա նշանակված երկու խնամակալներից մեկը Ստ. Վեքիլովն է լինում[18]:
Թեև ինքը' ոստիկանապետ Մորոխովեցն էր ստուգել դպրոցի գանձարկղը և դրամական հաշիվները, թեև այդ ստուգմանը մասնակցել էր և նոր տեսուչ Տուրկեստանովը, այնուամենայնիվ, մայիսի 17-ին առաջինը երկրորդին գրում է, որ «...Աբովյանը հեռացել է, հայտնի չէ, թե ուր, հենց այն ժամանակ, երբ ձեզ պիտի հանձներ յուր պաշտոնը, արքունական գումարը և այլ գույքեր»։ Ոստիկանապետը նորից է հարցնում. «...արդյոք նա չի՞ վատնել արքունական գումարը և կամ որևէ այլ գույք, կամ դուք չե՞ք նկատել արդյոք ծառայության վերաբերյալ որևէ պատճառ, որ դրդեր նրան հեռանալու...»[19]:
Մեր կողմից ընդգծված այս նախադասությունը, որ ակնարկում է «հեռանալը», կարևոր նշանակություն է ստանում, եթե կապակցում ենք Աբովյանի վերադարձի ակնկալության՝ վերը բերած փաստերի հետ։ Տուրկեստանովը ոստիկանապետին նույն օրր հիշեցնում է, որ նրա ներկայությամբ են ստուգված դրամն ու գույքը, որ «դրամները, համաձայն <գանձարկղի>, ելևմտից մատյանի, լիովին տեղն էին, բացի 51 ռուբլուց, որը պ. Աբովյանը ծախսել է անկանոն կերպով, ինչպես պետք է ենթադրել, անուշադիր վերաբերմունքից դեպի ծառայությունը»: Նույնը և գույքի մասին։ Իսկ անհայտացման մասին Տուրկեստանովը գրում է. «Նրա բացակայման զուգորդվող հանգամանքների մասին ինձ ոչինչ հայտնի չի»[20]։ Մենք հետո կծանոթանանք արդարադատության մինիստրի այն գաղտնի հրահանգին, որին իրազեկ էր Երևանի գավառական ադմինիստրացիան հենց այն ժամանակ, այսինքն՝ մայիսի կեսերին։ Այդ հրահանգը բխում էր ռուս կառավարության վախից՝ 1843 թվի փետրվար-ապրիլ ամիսներին Արևմտյան Եվրոպայում բռնկված հեղափոխության հնարավոր արձագանքները կանխելու համար։ Գաղտնի հրահանգը պատվիրում էր առանձին հսկողություն ունենալ պետական գանձարանների գույքի և, առհասարակ, արքունի գույքի ու դրամի վրա։ Ստանալով այդ հրահանգը՝ ոստիկանապետ Մորոխովեցը մի անգամ ևս գավառական դպրոցի տեսուչ Տուրկեստանովից հարցնում է Աբովյանի կողմից արքունի գումար կամ գույք վատնելու մասին, թեև, ինչպես պատասխանել է Տուրկեստանովը, այս խնդիրը դեռ ապրիլի 6-ին հատուկ արձանագրությամբ պարզել է նույն Մորոխովեցը։ Ոստիկանապետի մայիսի 17-ի հարցումը սոսկ ձևական բնույթ չուներ, ինչպես կարող են ենթադրել Աբովյանի և Երևանի գավառական ադմինիստրացիայի գլխավորների հարաբերություններին անտեղյակ անձինք։ Հենց խնդիրն էլ այն էր, որ այդ լարված, կարելի է ասել, հալածող վերաբերմունքի հետևանքով, որ Աբովյանի հանդեպ ունեին մանավանդ գավառապետ Նիկ. Բլավատցկին և ոստիկանապետ Մորոխովեցը,— վերջիններս կամենում էին որևէ հիմք գտնել, ըստ այդ հրահանգի, իսպառ վարկաբեկելու իրենց անձնական հակառակորդին և արգիլելու նրա դեռ հնարավոր վերադարձը[21]։
Դեպուտատ Ստ. Վեքիլովը, որը ամառվա ամիսներին փոխարինում էր տեսուչ Տուրկեստնովին, Անդրկովկասյան դպրոցների դիրեկտորին հունիսի 24-ին ռապորտով հայտնում է, որ «քննությունը չպարզեց, թե ո՞ւր է (ո՞րտեղ է) կորել պ. Աբովյանը»։ Նույն գրության մեջ Վեքիլովր Աբովյանի մասին արտահայտվում է իբրև «անհայտ կորած» մարդ և տեղեկացնում է, որ ոստիկանապետը գործը ավարտել է և ներկայացրել ըստ պատկանելույն[22]։
Սակայն քննությունը սրանով չի վերջանում, ավելի ճիշտ՝ ավարտվում է միայն նախնական քննությունը։ Գործը ուղարկվում է, հավանորեն, քաղաքացիական և քրեական գործերի դատական պալատի տնօրինության։ Նոր փաստաթղթերը հաստատում են, որ Աբովյանի անհայտ բացակայման գործը ուղարկվել է Թիֆլիսի զինվորական նահանգային վարիչ և քաղաքացիական մասի գեներալ Երմոլով 2-րդի հայեցողության[23]։ Որտե՞ղ է այդ գործը, որ ըստ հետքերի, պետք՝ ստվար լիներ,-հայտնի չէ մինչև այժմ։ Կան ո՛չ անհիմն տվյալներ, ըստ որի Աբովյանի անհայտացման մասին կատարած քննության գործը ոչնչացված է։
Վերը բերած նախնական վավերագրերը վկայում են, որ Աբովյանի անհայտացման սկզբի շրջանում, այսինքն՝ առաջին ամիսները, ավելի տիրապետող է վերադարձի ակնկալությունը։ Այս և նման կարգի բազմաթիվ փաստաթղթերից և ոչ մեկում որևէ ակնարկ կամ աղոտ նշույլ չկա Աբովյանի սպանության կամ ինքնասպանության մասին։
Այստեղ մենք հիշատակենք և մի հանրածանոթ փաստը նրա կինը՝ էմիլյա Աբովյանը, շատ երկար, ինչպես ասում են, մինչև մահը, սպասում էր ամուսնու վերադարձին։ Երբ քամին խփեր դուռը կամ պատուհանը, մայրը երեխաներից մեկին ուղարկում էր իմանալու արդյո՞ք հայրը չէ[24]: Նրա բարեկամներից մեկը՝ Դավիթ Արզանովը, որ երկու տարի անց նշանակվում է Երևանի գավառական դպրոցի տեսուչ, Աբովյանի մասին իր զեկուցագրում արտահայտվում է իբրև «անհայտ թաքնված»*[25] մարդ:
Ստորև բերում ենք նոր վավերագրեր, որոնցից հայտնի է դառնում, որ Աբովյանի անհայտանալուց հետո նրան փնտրել են ազգականները, Աբովյանի փեսան՝ Աղաբաբ Առաքելյանը, և վերջինիս բարեկամ Գրիգոր Ելիմիրզյանը, երկուսն էլ Քանաքեռի բնակիչներ։
Այս անգամ էլ գործի քննության նախաձեռնողը գավառապետ Բլավատցկին է, քննություն կատարողը՝ Երևանի դատարանը։
1848 թ. օգուտոսի 9-ին Երևանի գավառային դատարանը քննության է առնում գավառապետի հուլիսի 31-ի գրությամբ[26] ուղարկված քրեական գործը՝ Երևանից անհայտ բացակայման մեջ եղած գավառական դպրոցի նախկին տեսուչ Կոլեժսկի ասեսոր Աբովյանի մասին․ և գտնված սապոգը, որ իրր թե պատկանում է Աբովյանին, և Զանգիբասարի գավառակում գտնված մեռած մարդու կմախքի մասին»**[27]։ Ամբողջ գործը չկա։ Մեր ձեռքի տակ է միայն դատարանի համառոտ եզրակացությունը` ռեզոլյուցիան, ինչպես գրված է տեքստում[28], ըստ այդ ռեզոլյուցիայի՝ դատարանը գործը գրանցում է քրեական գործերի ռեգիստրի մեջ, ապա որովհետև «սույն գործը լրիվ է, հանձնարարել օրենքների համեմատ քաղվածքներ անել՝ վճռի ներկայացնելու»։ Գործին կցված սապոգը հանձնարարվում է պահելու դատարանի քարտուղարին մինչև քննությունը։
Այդ ռեզոլյուցիան անհրաժեշտ ձև էր, առանց որի ցարական դատարանը իրավազոր չէր գործը քննելու։ Օգոստոսի 17֊ին նույն դատարանը տալիս է յուր կարծիքը գործի քննության արդյունքների մասին։ Այդ արձանագրությունից երևում է, որ Աբովյանին նրա վերև հիշված երկու ազգականները փնտրել են զանազան վայրերում, և որ նրանք Զանգիբասարի գավառակում, Խորվիրապի մոտերքը, գտել են մի կմախք, ապա՝ կմախքից ոչ հեռու մի սապոգ, որ էմիլյա Աբովյանը ճանաչել է և վկայել, թե սապոգն Աբովյանինն է։
Ի նկատի ունենալով փաստաթղթի կարևորությունը, մենք թարգմանաբար բերում ենք ամբողջ տեքստը՝ դատարանի կարծիքը և ռեզոլյուցիան։
«ԼՍԵՑԻՆ. — Կարծիք. Երևանի գավ. դատարանը քննեց քաղվածքը և քրեական իսկական գործը, Երևան քաղաքից անհայտ բացակայած գավառական դպրոցի նախկին տեսուչ կոլեժսկի ասեսոր Աբովյանի մասին:— Սույն գործից երևում է, որ Քանաքեռի բնակիչներ Աղաբաբ Առաքելովը (կոլ. ասեսոր Աբովյանի փեսան) և առաջինի ազգական Գրիգոր Ելիմիրզևը զանազան վայրերում Աբովյանին փնտրելով, Զանգիբասարի գավառակում, Արաքս գետի ափին, Խորվիրապ վանքից մի վերստ ոչ հեռու գտել են կմախք և այդ կմախքից ոչ հեոու՝ սապոգ, որ Աբովյանի կինը՝ էմիլյան ճանաչել է Աբովյանին պատկանող: Սակայն բժշկական չինովնիկի դիտումից հետո կմախքը պարզվեց կանացի սեռի, 15 տարեկանից ոչ ավելի, և գետի մոտ, հողի մեջ երկար ժամանակ ընկած, իսկ կոշկակարը, որի վրա հենվել էին (сделана ссылка), երդմամբ վկայեց, որ այդ սապոգը նրա աշխատանքը չի, իսկ տեղական ոստիկանության հետախուզումից և հետազոտումից չի հայտնաբերվել Աբովյանի ուր լինելը»:
Դատարանը հետևյալ ոեզոլյուցիան է, ընդունում.
«ա) Կոլեժսկի ասեսոր Աբովյանի անհայտ բացակայման խնդիրը թողնել մինչ այն ժամանակ, երբ Աբովյանը կամ ինքը կերևա, կամ նրա բացակայումը ինքն իրեն կպարզվի. բ) մահվան դեպքը կնոջ, որի կմախքը գիտված է Արաքս <գետի> մոտ, հանձնեի աստծո կամքին, գ) այդ կմախքից ոչ հեռու գտած սապոգը, որի Աբովյանին պատկանելը նրա կինը հաստատեց, այդ ցուցմունքի ապացուցման անբավարար հետևանքով՝ վերադարձնել <նրան՝> տիկին էմիլյա Աբովյանին. դ) սույն գործի համար տեղական գավառային <դատախազին> և քաղաքային բժիշկին վճարած ութ ռուբլի 52 կոպ․ արծաթ դրամը ընդունել գանձարանի հաշվին, սակայն սույն եզրակացությունը չկիրառելով, իսկական գործի և նրանից հանած քաղվածքի հետ միասին ներկայացնել Թիֆլիսի Զինվ. նահանգային վարիչ և քաղաքացիական մասի պ․ գեներալ-մայոր և կավալեր Երմոլով 2-րդի հայեցողության»[29]:
Այս փաստաթղթերից հայտնի է դառնում այն, որ Աբովյանին փնտրել են նրա ազգականները «զանազան վայրերում»։ Պատահաբար գտնված կմախքը, իհարկե, գործի հետ առնչություն չունի։ Բայց որ սապոգը Աբովյանինն է, այդ անկասկած է։ Հայտնի է, որ Աբովյանը երկարավիզ սապոգ էր հագնում։ Անհավանական չի, որ նրա փեսա Ազաբարը նրա տունը հաճախելով՝ ճանաչեր սապոգը։ Նրանք են գտնում սապոգը և, ինչպես երևում է դատարանի որոշումից, բերում են իրենց հետ Երևան, ներկայացնում գավառապետին[30], որից հետո վերջինս մայիսի 31-ին[31] դատարանին կամ, գուցե, դատախազին առաջարկում է զննություն կատարել, ձևակերպել քրեական գործ։ Էմիլյա Աբովյանը պնդում է, որ սապոգը ամուսնունն է, սակայն դատարանն անբավարար է համարում նրա բացատրությունը, միայն այն պատճառով, որ վկայության կանչված կոշկակարը հրաժարվում է ճանաչել սապոգը յուր ձեռքի գործ։ Եվ այս հանգամանքը դատարանի համար ծառայում է ձևական հիմք. իրականում, կոշկակարի հրաժարվելը բացատրվում է նրա վախով, թե չլինի իրեն էլ խառնեն խորհրդավոր գործին, որի մասին ո՞վ գիտե, այն ժամանակ Երևանում ինչպիսի զրույցներ էին շրջում։ Ձևականորեն չհիմնավորված համարելով Էմիլյա Աբովյանի ցուցմունքը՝ դատարանը, այնուամենայնիվ, Աբովյանի սապոգը հանձնում է նրա կնոջը։
Արդյո՞ք սպանության կամ ինքնասպանության հիմք է մատնանշում այս մի սապոգը,— կարելի է անել բազմաթիվ ենթադրություններ, որոնց բավարար հիմնավորումը վերը բերած փաստաթուղթը չի տալիս։ Եվ այս դեպքում էլ անլուծելի է մնում այն խնդիրը, որի կողքով շատ զգուշությամբ անցել են սպանության կամ ինքնասպանության վերսիայի կողմնակիցները։ Հապա ո՞ւր է դիակը. եթե նրան սպանել են Երևանի այգիներում, ինչպե՞ս է մի հատիկ սապոգը հայտնվում Խորվիրապի մոտ։ Եթե ինքն է իրեն քցել Զանգուն, դարձյալ բանավոր է հարուցել դիակի հարցը։ Եթե նրան սպանել են և թաղել են մի որևէ տեղ, դժվար թե սպանողը դուրսը թողներ մի որևէ հետք։ Բայց մենք վերը բերինք այն ստույգ տեղեկությունը, որ Աբովյանը վաղ առավոտյան ինքն է տնից դուրս եկել, որ նախքան այդ, մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը, նա առանձնացել է յուր սենյակում[32]:
Գավառապետ Բլավատցկին ապրիլի 20-ին[33], փոխարքա իշխան Վորոնցովին հետևյալն է հաղորդում Աբովյանի մասին. «Երևանի գավառական դպրոցի տեսչի պաշտոնից ազատված կոլեժսկի ասեսոր Աբովյանն ապրիլի 2-ի լուսադեմին մեկնել է՝ հայտնի չէ, թե ուր, և անհետ կորել։ Տանեցիների ասելով մեկնելուց երեք օր առաջ նա ընկել էր մտածմունքների մեջ, համարյա ոչինչ չէր ուտում, քիչ էր խոսում, շորերը չէր հանում և իբրև թե տառապում էր անքնությունից»*[34]: Նույն բանն է վկայել սպահանցի Ասատուրը՝ Աբովյանի տան սպասավորը[35]. «Իմ աղեն երեք օր տրտմության մեջ ընկավ, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, այլ մի գլուխ իր երկար չիբուխն էր ծխում ու շարունակ ախ ու վախ անում»**[36]:
Մենք որոշ ամփոփումներ անենք, նախքան նոր փաստաթղթեր բերելը: Մարտի 31-ին, առայժմ անհայտ առիթից, Աբովյանը կիսատ է թողնում բոլոր գործերը և առանձնանում։ Ապրիլի 2-ի առավոտյան տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում։ Առաջին օրերը վերադարձի ակնկալությունը գերակշռող է։ Ոչ մի ակնարկ այն մասին, որ նա մահացել է։ Նախաձեռնվում է հետախուզություն, հարցուփորձ։ Փնտրում է ոստիկանությունը, փնտրում են նրա ազգականները։ Միակ ապացույցը նրա սապոգն է՝ գտնված Արաքսի ափին։ Սակայն այս էլ անբավարար համարելով՝ դատարանը ենթադրում է, որ «Աբովյանը կամ ինքը կերևա, կամ նրա բացակայումը ինքն իրեն կպարզվի»։ Իսկ ոստիկանությունը փնտրում է պատճառներ, «որոնք դրդեին նրան հեռանալու...»:
Այժմ ծանոթանանք նոր փաստաթղթերի, որոնց հեղինակները բարեխղճությամբ գրի են առել «ժողովրդի մտածմունքը» Աբովյանի «չերևալու պատճառի» մասին։ Այս փաստաթղթերը, որ անձնական նամակներ են, լրացնում են մինչև այժմ մեր բերած տվյալները և հաստատում, որ անհայտացումն անակնկալ էր ո՛չ միայն ոստիկանության, այլև շրջապատողների համար, որ այդ ժամանակվա «ժողովրդի մտածմունքի» մեջ եղել է և այլ բացատրություն, քան հետագայում ձևակերպված անհայտացման երեք վերսիան։
Խաչ. Աբովյանի «անհայտ բացակայումը» լուսաբանելու համար այս երկու նամակները չափազանց կարևոր են, իբրև անշահախնդիր մարդկանց արձանագրություն՝ թարմ հետքերով։ Թեպետ կան հակասություններ, բայց «ժողովրդի մտածմունքի» երկու վավերագրերը չեն դրել ո՛չ «սև կառեթի», այսինքն՝ քաղաքական աքսորի, և ո՛չ էլ «թուրքի դավադրության» վերսիաների մասին։ Միայն երկրորդ նամակում մի թույլ ակնարկ կա, որ իբր թե նրա դիակը «ճըրըմր տեսել են... ու թե տեղ էլ բրթել են ջուրը...»։ Այնինչ, մնացած ամբողջ «մտածմունքի» տվյալներով՝ Աբովյանն ապրիլի 2-ից հետո դեռ ողջ է և ապրում է Տաճկաստանում (Ղարս), Ակոռի, Գյանջա։ Նախքան այս վավերագրերի ստանալը, ուսումնասիրելով նրա խորհրդավոր անհայտացման հանգամանքները, նրա ժամանակը, սոցիալական միջավայրը և Աբովյանի քաղաքական-հասարակական գաղափարները,— մենք այն համոզմանը հանգեցինք, որ ապրիլի 2-ի լուսաբացին Աբովյանն իր կամքով է հեռացել Երևանից, նպատակ ունենալով թողնել ռուսական սահմանները։ Փաստաթղթերը*[37], որ հրապարակվում են առաջին անգամ, երկու նամակ է, ուղղված նույն անձնավորությանը՝ Գևորգին*[38]։ Դժբախտաբար, երկու նամակներն էլ կիսատ են, այնպես որ հայտնի չեն նրանց հեղինակները։ Կարելի է ենթադրել, որ առաջին նամակի հեղինակը Գևորգ Ակիմյանի մոտ ազգականն է, իսկ երկրորդի հեղինակը՝ նրա դպրոցական նախկին ընկերներից մեկը։ Առաջին նամակը թվակիր չէ, երկրորդը դրված է 1848 թ. ապրիլի 24-ին։ Տեքստից երևում է, որ առաջին նամակը ևս ուղարկված է անհայտացումից ոչ այնքան ուշ։ Տպագրելով այդ փաստաթղթերը՝ մենք անփոփոխ պահում ենք գրության ձևը, միայն փակագծերի մեջ առնելով մեր կոմենտարիան։
Ահա՛ առաջին նամակը,
«Հոգույս փափակելի եղպայր իմ Գեորգ ջան.
Գևորգ ջան, դու գրել էիր քn բարերար Աբովեանի մասին, բայց անցաքն (հանցանքն) քեզ զրեմ թե ի՛նչ մասի է գնացել: Առաջ ժամանակ էս երկու տարի է կամ մեկ տարի է որ պարոն Աբովեանն և էլ էն նեմեցն, որ գնացելին Մասուսա սարըն նիլելու թեպետ չին նի ըլեր առզա էին տուել թե մեք նի ելանք, բայց սլեստի էին արել չի էին լինել (քննություն էին արել, որ Մասիսը չեն բարձրացել), մեկ էլ որ էն նեմեցն մեկ գիր էր գրել Աբովյանի վրեն թե ես էս գիրն քեզ գրեցի ես դեզգերա**[39] ես եսպես մեռա դուն էլ քn գլխի չարեն տես բայց որ էն գիրըն երկար չի քաշեց որ նա կորավ․ հիմա նորա սալուղն (համբավ, լուր) Ղարսա յա գալիս բայց ումուտ ունեք աստուծո որ նորա բան չի կա և շատ մարդ նորան քոմակ ունի և շատ էլ չալիշ են գալիս. Գեորգ ջան, դարդ չի անես նորա մասին աստված ողորմած է ամեն դիմաց մեզ աստված չի կորցնե»[40]:
Նամակն այստեղ վերջանում է։ Նրա մյուս էջը «բարովագիր» է։ Հետաքրքրական է միայն մի տող․ նամակագիրը ի միջի այլոց գրում է․ «Էստեղ գոգջեն հասելա, վարթն բացվելա»։ Ուրեմն՝ կարելի է ենթադրել գրել, որ նամակը Երևանից գրված է մայիսի վերջերին կամ հունիսին[41], երբ հասնում էր «գոգջա» սալորը, և բացվում էր վարդը։
Մենք վերը տեսանք, որ, իրոք, շատ մարդիկ «չալիշ» են եկել Աբովյանի անհայտացման պատճառը իմանալու։ Այս նամակում հիշված գերմանացին և «Մասուսա սարըն նիլելու» պատմությունը կապված է պրոֆ. Աբիխի և նրա հետ ունեցած ընդհարման հետ, ինչպես կտեսնենք հետո, երբ ծանոթանանք Ֆր. Բոդենշտեդի բացատրություններին[42]: Այս կարող է և կապ ունենալ Աբովյանի 1847 թվին (այսինքն՝ առաջ ժամանակ էս երկու տարի է կամ մեկ տարի է») «Кавказ» լրագրում տպված հոդվածին՝ «Նոր վերելք Արարատի վրա», և նրանում շոշափած խնդիրներին, որոնց շարժառիթը դարձյալ Աբիխի հետ ունեցած ընդհարումն էր[43]։
Մեր կարծիքով՝ ամենակարևորը այս նամակում նախ այն որոշակի հայտնած հույսն է՝ «ումուտը», որ նրան բան չի պատահել, այսինքն՝ որ նա ողջ է, և, նույնիսկ, «սալուղը» գալիս է Ղարսա կողմերից, և ապա՝ այն թույլ ակնարկը մի ինչ-որ «նեմեցից» ստացած նամակի մասին։ Բայց մենք բերենք երկրորդ նամակը, որ ավելի երկար և մանրամասն է պատմում «ժողովրդի մտածմունքը» և որից տեղեկանում ենք, որ Գևորգ Ակիմյանն է[44] Թիֆլիսից պահանջել «ղշի թևով» իրեն հասցնել տեղեկություններ Աբովյանի չերևալու հանգամանքների մասին։
Ապրելի 24-ին՝ 1848 ամի
Ամենասրդակեզ եղբայր իմ Գևորգ ջան
Ձեր հրամանոց ցանկալի կիրն ապրելի 20 ըստացանք ձեր դանը․ որովհետև դուք կըրել էիք թե ղշի թևով մեր բարերարի չերևալու պատճառն ու ժողովրթոց մտածմունքը կըրեք պատճառն առաջինն նա թեպետ ինքը խնդրեց ու խոստացավ ինչ ժամանակ կրեն էն ժամանակը կար բայց ետև շատ փոշմանեց վասն որո շատ վնաս էր դիփչում որին վեքսլի ժամանակին մնացել էր մի ամիս որին երկու*[45] և երկրորդ պատճառքն ոմանք ասում են թե պետք է էս տարին նիլներ Արարատը վախեցավ թե չկարա նիլնի ենտուր համար չկարողանալեն մասին կնաց: Երրորդ պատճառքն ոմանք ասում են թե պեակ է ուսումնարանը շիներ եդև կար ձեդ ճայտնիա որ էն տարին թաքավորական փոդով խնդրեցին որ շինիլ տա նրանում էլ էր նեղանում. մանավանդ որ իր փողովը շինի ու նըրա ճամփա կալա ժամանակին նըրան խոսացնիլ չիլի**[46] ժողովրդոց մտածմունքը.
Մեկը տորմա ճըրըմը տեսել են խարաբա Սարվանլարի տակին ու թե տեղ էլ բրթել են ջուրը:
Մինը ասըմա Ակոռի մեկ քարի վրա նստած լացա ըլում հաց են տարել կեղըցիքը չի առել:
Մեկը ասումա Ղարս են տեսել բազարըմը մանկալիս շորերը նըշան բա նըշան ասում են:
Մեկը ասումա Կանջա ախքատի շորերըմ մանակալիս:
Մեկը ասըմա էն իրիկունը որ նա կնալու իրիկունը ասում են սհաթի 12-ին պլանի ճամփով կընալիս...»:
Այստեղ վերջանում է մեր ձեռքը հասած նամակի պատառը[47]։
Ի՞նչ կարելի է եզրակացնել «ժողովրդոց մտածմունքի» այս թերի վավերապրերից։ Նրան «տանում» են Ակոռի*[48], «տեսնում» են Ղարսում, իբրև աղքատ շրջում է Գյանջա, վերջապես՝ իբրև թե տեսել են Խարաբա Սարվանլար գյուղի մոտ, երևի գիժ Զանգուի ջրերում։ Սակայն ոչ մի խոսք «սև կառեթի» կամ Սիբիր աքսորելու մասին։ Եվ ոչ մի ակնարկ սիրային արկածի՝ Շաֆի բեգի մոր պատճառով սպանվելու մասին, մի վերսիա, որ շատ ուշ հայ նացիոնալիստական տարեգրությունը հրապարակ է հանում, իբրև «թուրքի դավադրություն», վաղուց պատահած դեպքը փաստ ծառայեցնելով ազգայնական պրոպագանդայի համար[49]։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ, իրոք Սարվանլարի մոտ տեսել են նրա դիակը, ապա կարող ենք առարկել, որ այդ ամենևին ապացույց չի «թուրքի դավադրության» միտումնավոր վերսիայի, որովհետև, եթե այն ժամանակ ժողովրդի մեջ թեկուզ աննշան կասկած լիներ այդ մասին, երկու նամակագիրներից մեկն ու մեկը, որ հասուն մարդիկ էին, ինչպես և Գևորգ Ակիմյանը[50], չէին զլանա և այդ լուրը հաղորդելու՝ որպես թե «մեկը ասըմա»։ Սակայն ինչպե՞ս հաշտեցնել Սարվանլարի մոտ իբրև թե տեսած դիակը, որ իբրև թե Աբովյանն էր, այն իրական փաստի հետ, որի ապացույցը մենք վերը բերինք։ Կարելի է, իհարկե, ենթադրել, որ դիակը ջուրը կարող է կորցնել, բայց պետք է ենթադրել, որ մեկը հանել է դիակի սապոգները և, գոնե սապոգներից մեկը, քցել Զանգուն, որպեսզի գարնան ջրերի հետ ընկնի Արաքսը և ափ դուրս գա Խորվիրապից մի վերստ հեռու։
Այդպե՞ս է եղել, թե՞ Խարաբա Սարվանլարի մոտ իբրև թե տեսած Աբովյանի ենթադրական դիակը մի անհիմն զրույց է, կամ, իրոք տեսել են մի «կմախք», որպիսի դեպքի հետ մենք ծանոթացանք դատարանական գործից, արդյոք չի՞ կարելի ենթադրել, որ Աբովյանը Զանգվի ջրերի և, առհասարակ, ինքնասպանության զոհ չէ, այլ մի այլ ձևով անհայտացել է, «հեռացել է», ինչպես գրում էր ոստիկանությունը,— կարելի կլինի ավելի ճիշտ պատասխանել մյուս նյութերին ծանոթանալուց հետո։
Այժմ ծանոթանանք Աբովյանի անհայտացման մասին գրավոր հայտնած կարծիքների հետ, որոնց հեղինակները, մեկի բացառությամբ, անձամբ ճանաչել են նրան, գործակցել են շատ թե քիչ ժամանակ Նրանցից առաջինը Ավգուստ ֆոն Հաքստհաուզենն է, գերմանացի նշանավոր ճանապարհորդը, որին Աբովյանը ուղեկցել է Հայաստանում, նրա կատարած ճանապարհորդության ընթացքում։ 1849 թվին Հաքստհաուզենը գրում է իր ուղևորության գիրքը[51]: Աբովյանի մասին հիշատակելով՝ «Թիֆլիսում ես ծանոթացա հայ Աբովյանի հետ, որի մասին հաճախ պիտի խոսենք, որովհետև նրան եմ պարտական հայ ժողովրդական հարաբերությունների մասին իմ զետեղածը», Հաքստհաուզենը նույն էջի ծանոթության մեջ գրում է. «Դժբախտաբար, այլևս չկա այդ բարի մարդը։ Մի անգամ նա տնից դուրս է եկել և էլ չի վերադարձել։ Իզուր են անցել բոլոր հետախուզումները»*[52]:
Եթե Հաքստհաուզենը նրա անհայտացման մասին այսքան համառոտ է հիշատակում, Ֆրիդրիխ Բոդենշտեդը, որ, հավանորեն, Աբովյանին Թիֆլիսից էր ճանաչում, որտեղ ինքը լեզուների դասատու էր ուսուցչական սեմինարիայում[53], Աբովյանի անհայտացման մասին ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդում։ 1850 թ, ռուս պետական պաշտոնյա Ռոսկովշենկոն[54], որը շատ լավ ճանաչում էր Աբովյանին և մի ժամանակ եղել էր Անդրկովկասյան դպրոցների դիրեկտորի պաշտոնակատար, Բեռլինում հանդիպում է Ֆր. Բոդենշտեդին և նրան տեղեկացնում Աբովյանի անհայտանալը։
«Հավանորեն,— գրում է Բոդենշտեդը,— նա ինքն իրեն սպանել է, որովհետև հենց այն ժամանակ, երբ ես նրա հետ ծանոթացա, խիստ թշվառ և անհույս դրության մեջ էր նա, մի կողմից՝ ապրուստի հոգսերի պատճառով, և մյուս կողմից՝ իր անձնվեր գործունեության չնչին գնահատության պատճառով։ Իր վերջին նամակով գրում էր ինձ Աբովյանը, որ նա վճռել է թողնել ռուս պետական ծառայությունը, Հայաստանի ներքին մասը գնալ և այնտեղ, իր պապերի հետ, երկրագործությամբ պարապել, որովհետև նրա չնչին եկամուտները չեն բավականացնում քաղաքի պահանջներին, իսկ ավելի ևս սպասել իր վիճակը՝ <որևԷ կերպ> բարվոքելու համար՝ այդ նրան ավելի խոր թշվառության մեջ կձգեր։
Ձախող փորձառություններն են, որոնք տաղանդավոր և ջանասեր մարդուն այս վճռին են հասցրել։ Նրա կյանքի պատմությունը չափազանց նշանակալից է»**[55]: Յուր «Հազար ու մի օր Արևելքում» աշխատության մեջ Բոդենշտեդը Աբովյանի հավանական ինքնասպանության ենթադրություն փորձում է բացատրել այն գժտությամբ, որ կար Աբովյանի և պրոֆ. Աբիխի միջև, և որին հեռվից-հեռու տեղյակ էր ինքը՝ Աբովյանից ստացած նամակների և օրագիրների հիման վրա։
«Աբիխի գոռոզ վերաբերմունքը Աբովյանի հանդեպ,— շարունակում է Բոդենշտեդը,— որ ցուցադրելու իրավունք էր համարել նա իր համար, որ ռուսական պաշտոնեության սանդուղքի վրա մի երկու աստիճանով բարձր է եղել Աբովյանից, առիթ է տվել թյուրիմացությունների։ Վերջիններիս հետևանքն է եղել այն, որ խեղճ հայը հուսահատության ծայրն է հասել։ Աբովյանը հետո ուղարկել էր իր օրագիրները այն ժամանակից և խնդրել, որ ես հրատարակեմ «Հավելումներ և լուսաբանություններ պրոֆ. Աբիխի՝ Արարատ սարը բարձրանալու մասին» վերնագրով։ Բոլորովին բարյացակամ մտքով ես չկատարեցի այդ խնդիրը, նախ որ՝ իմ կարծիքով, հրապարակային նշանակությունից զուրկ էին այն անհատական պարագաները, որ նրա վերոհիշյալ օրագիրների գլխավոր բովանդակությունն են կազմում, ապա նաև նրա համար, որ նրանց հրատարակությամբ ես, թերևս, երկուսին էլ վնասած լինեի։ Այնպես որ, այդ օրագիրները մինչև այժմ էլ իմ ձեռքին են, որովհետև հարմար առիթ չներկայացավ կրկին Երևան ուղարկելու»*[56]։
Բոդենշտեդը Հայաստանում եղել է 1844 թ․ մարտին։ Աբովյանի և բանաստեղծ Բոդենշտեդի միջև նամակագրությունը տևել է մի քանի տարի։ Ի՞նչ նոր բան է ասում Բոդենշտեդը Աբովյանի անհայտացման պատճառների մասին։ Նրա նյութական ծանր վիճակի և պաշտոնից դժգոհ լինելու մասին մենք ուրիշ ապացույցներ ևս ունենք։ Հետաքրքրականը Աբիխի հետ ունեցած գժտությունն է և «Հայաստանի ներքին մասը» քաշվելու ցանկությունը։
1844 թ. մարտի 18-ին «Հույժ շտապ» գրությամբ[57] և «բարձրագույն հրամանով» Աբովյանին Երևանից Թիֆլիս են կանչում, խորհրդակցելու «նատուրալ պատմության պրոֆեսոր և նադվորնի սովետնհկ» Աբիխի հետ և ուղեկցելու վերջինիս հին Հայաստանի երկրաբանությունն ուսումնասիրելու։ Հետաքրքիր են այն տողերը, որտեղ Աբովյանը մեծարվում է «որպես յուր հայրենիքը հիմնովին ճանաչող և գիտությունները սիրող անվանի մարդ»։ Քիչ հետո սկսվում է ճանապարհորդությունը։ Աբովյանը նրան ուղեկցում է երկար ժամանակ, փորձում են նորից բարձրանալ Արարատի գլուխը, լինում են «Հայկական մարզի» շրջաններում, ինչպես և Տաճկաստանի սահմանամերձ սանջակներում։ Սակայն Աբովյանը թողնում է Աբիխին և վերադանում Երևան։ Սեպտեմբերի 23-ին նա զեկուցում է ուղարկում դիրեկտորին, որտեղ յուր վերադարձը պատճառաբանում է նրանով որ դպրոցը մնացել է քայքայված վիճակում, որ աշակերտների ծնողները բողոքում են նրա երկարատև բացակայության դեմ և որ «այսուհետ Աբիխը կարող է ճանապարհորդել առանց ինձ»[58]։
Ֆր. Բոդենշտեդի հաղորդած տեղեկություններից հետո կարելի է ենթադրել, որ Աբովյանի անակնկալ վերադարձը արդյունք էր Աբիխի հետ ունեցած գժտության, իսկ դպրոցում պարապմունքների ուշանալը միայն առերես պատճառ դիրեկցիայի առաջ արդարանալու։ Մանավանդ որ Բոդենշտեդին ուղարկած Աբովյանի օրագրերը վերաբերվում են պր. Աբիխի միայն Արարատ բարձրանալու փորձին։ Իսկ Արարատի գլուխը նրանք փորձել են բարձրանալ սեպտեմբերին, և անհայտ անհաջողության հանդիպելով՝ Աբովյանը հենց այդտեղից էլ վերադարձել է Երևան[59]։ Անհիմն չէ ենթադրել, որ գժտության առիթ կարող էր ծառայել հենց Արարատի գագաթը բարձրանալու անհաջող փորձը, որը Աբիխին կասկածի տեղիք էր տվել, թե նույնիսկ պրոֆ. Պարրոտը չի բարձրացել գագաթը, ինչպես գրել էին տարիներ առաջ։ Աբիխը Դորպատի պրոֆեսորներից էր, նա գիտեր Պարրոտին, գուցե այնտեղից էր ճանաչում Աբովյանին[60]։ Կարելի է ենթադրել, որ Աբիխի և Աբովյանի միջև առաջացած գժտութունը պատահել է 1846 թ. աշնանը, երբ Աբիխը ճանապարհորդում էր դարձյալ Հայաստանում, մանավանդ որ մեր բերած առաջին նամակի հեղինակը գրում է, որ «էս երկու տարի է կամ մեկ տարի է, որ պարոն Աբովյանն և էլ էն նեմեցն, որ գնացել էին Մասուսա սարն նիլելու...»[61]։ Սակայն այս գժտության մասին որոշակի կարելի է ասել, երբ գտնվեն Աբովյանի՝ Բոդենշտեդին ուղարկած օրագրերը:
Մեր կարծիքով՝ Բոդենշտեդի հիշողությունների մեջ ամենից կարևորը Աբովյանի պետական ծառայությունը թողնելու և «Հայաստանի ներքին մասը» հեռանալու ցանկությունն է, «պապերի հետ» երկրագործությամբ պարապելու ձգտումը։ Յուր տեղը մենք կփորձենք բացատրել, թե ինչո՞ւ նրա մեջ խորանում էր այդ ցանկությունը, ինչո՞ւ հենց այն վիճակում, երբ ինքը իր կամքով հրաժարվել էր պետական ծառայությունից՝ Ներսիսյան սեմինարիայում աշխատանքի հրավիրվելու պատճառով, միանգամայն անակնկալ կերպով, շրջապատի համար խորհրդավոր հանգամանքներում, երեսի վրա ձգելով բազմաթիվ անավարտ գործեր, նույնիսկ այնպիսին, որ կարող էր բարելավել իր նյութական ծանր վիճակը, անհայտանում է, հետքից թողնելով վերադարձի անակնկալությունը և զանազան ենթադրություններ։
Հայ տարեգրությունը միայն տասը տարի հետո է արձանագրել Աբովյանի անհայտացումը։ Առաջին անգամ այդ մասին գրել է Ստեփանոս Նազարյանը*[62] մեկը, որ Խաչատուրի հետ դասընկեր էր եղել դեռ Թիֆլիսի «Վանքի շկոլում», ապա՝ Դորպատում, և հետո՝ նամակներով պահել այդ կապը համարյա մինչև 1848 թիվը**[63]։
Նա «անձնատուր է լինում,— գրում է Ստ. Նազարյանը,— մի խավար հուսահատության և հանկարծ չքանում է յուր ընտանիքի և բարեկամների միջից, բայց թե ո՞ւր, ոչ ոք չգիտե մինչև այժմ։ Միտ դնելով նորա տրտում և հուսակտուր երգերին, որ մեր բարեկամներից մինը ուղարկել էր ինձ Թիֆլիզից, պիտո է եզրափակել, որ Ապովյանը մի խավար րոպեի մեջ մահու է տվել յուր անձը։ Հայոց Հելիկոնի վրա դափնիք չեն բուսանում արժանի գլխի համար»։
Տասը տարի անց նույնիսկ նրա մոտ բարեկամը ստույգ չի կարողանում ասել, թե ինչ եղավ Աբովյանը։ Եվ եթե այնուամենայնիվ նա «մի խավար րոպեի մեջ մահու է տվել յուր անձը», ապա այդ էլ միայն «միտ դնելով», այսինքն՝ եզրակացնելով նրա հուսակտուր երգերից, որ Նազարյանը ստացել էր, իհարկե, անհայտանալուց շատ ուշ։ Իսկ ինչ վերաբերում է «Հայոց Հելիկոնի դափնիներին», ապա այդ որոշակի ակնարկ էր այն անհրապույր միջավայրի, որի մեջ ընկել էր Աբովյանը, և որից հեռու էր U. Նազարյանը։ Մենք դեռ առիթ կունենանք տեսնելու, թե ինչպիսի դառն գանգատներ է գրում Աբովյանը Նազարյանին, և ինչպես հեռվից-հեռու վերջինս հուսադրում է նրան, որպեսզի Աբովյանը հրաժարվի «նոր տուն և նոր հայրենիք փնտրելուց[64]։
Առայժմ մենք հայ մամուլից բերենք մի երկրորդ և վերջին հիշատակություն ևս՝ Աբովյանի անհայտացման մասին, և սրանով փակենք հետագա աղբյուրների նյութերը, որովհետև մնացած բազմաթիվ ուսումնասիրողներն անհայտացման նոր ուղիներ չեն փնտրել, մեծ մասը խառնափնթոր կրկնել է մինչ այդ հայտնի տեղեկություններն ու վերսիաները, փոքրաթիվ մասը՝ նոր տեղեկություններով հարել գոյություն ունեցող վերսիաներից մեկնումեկին։
Այս անգամ տեղեկություններ հաղորդողը արևմտահայ հրապարակախոս Ստ. Ոսկանն է, որ գրել է Նազարյանից մի տարի հետո, հիմք ունենալով Աբովյանի աշակերտներից մեկի հաղորդածը*[65]։
«Պարոն Աբովյանի անունը մեզի հայտնի էր շատ ատենե ի վեր, և օտարազգիք գովեստով հիշեր են միշտ իր գրագիտությունը, սակայն՝ չէինք լսեր տակավին այդ դեպքը, որ զինքը աներևույթ ըրավ։ Իր կորուստը երեք կերպով կրնա մեկնվիլ, կա՛մ հուսահատութենեն ինքնամեռ եղավ աշխարհե, կա՛մ ուրիշներն սպանվեցավ և կա՛մ զոհ եղավ անխուսափելի վտանգի մը։ Իր ընտանիքը, բազմաթիվ աշակերտները, գրեթե Թիֆլիզի բոլոր հայ Ժողովուրդը, ամեն եռանդ ի գործ դրին, որ իր հետքը գտնեն, բայց ամեն աշխատություն ունայն եղավ: Մինչև այսօր մարդ չգիտե, թե ո՞ւր է, ի՞նչ վիճակի մեջ կը գտնվի, կապրի՞ դեռ, թե՞ մեռած է: Ոմանք կը կարծեն, թե Սիպերիա քշված է պատճառով մը կամ խոր վիրապի մը մեջ կը պահվի։ Այս վերջին ենթադքությունները մեզ անհիմն կ’երևին, վասնզի պ. Աբովյանը, որչափ և վառվռուն երևակայություն ու մեծ հայրենասիրություն ունենար, իր պարտքը չէր մոռանար և գիտեր իր եռանդը զսպել։ Անտարակույս, վատ թշնամություն մը կրնա մատնություն ընել, բայց անոր հավտալու համար կարծիք մը չբավեր։
Այս տրտում դեպքը մեզի պատմողը դժբախտ հեղինակին աշակերտներեն մեկն է և չկրնար Աբովյանի անունը հիշել առանց ափսոսելու թե՛ անոր ճակատագրին և թե՛ մեր ազգին վրա, որ հազվագյուտ տաղանդ մը կորուս անմեկնելի կերպով»[66]։
Այնուամենայնիվ, չհաղթահարելով Աբովյանի առեղծվածային անհայտացումը պարզելու գայթակղությունը, Ստ. Ոսկանը հիշեցնում է «Վերք Հայաստանի» հառաջաբանի ծանոթ հատվածը՝ Քռի ափին հուսաբեկ զբոսնելու մասին և երեք օրով տուն չդառնալու դեպքը, և եզրակացնում է, չգիտնալով որ Աբովյանը Երևանից է անհայտացել։
«Այս տողերեն հայտնի կտեսնվի, որ պ. Աբովյանը սովորություն ուներ տրտում և հուսաբեկ շրջիլ լեռե֊լեռ և հովիտե֊հովիտ՝ իր տխրությունը փարատելու համար: Սովորություն ուներ նաև երբեմն երթալ Կուր գետին մեջ լողալ. ուստի հավանական է, որ կա՛մ դիտմամբ, կամ ուզելով, հոն ընկած և անհետ եղած ըլլա»։
Ստ. Ոսկանի տեղեկությունների մեջ հետաքրքիր է այն, որ Աբովյանին փնտրել են նրա բարեկամները և աշակերտները։ Մենք արդեն տեսանք, որ շատերն են «չալիշ» եկել նրան գտնելու, և «շատ մարդ նրան քոմակ ունի», այնպես որ միակողմանի է այն կարծիքը, ըստ որի, առհասարակ, ժամանակին հետախուզում չի եղել։ Եվ եթե հետախուզողները գտել են միայն մի սապոգ Խորվիրապի մոտ, այդ, համենայն դեպս, խոսում է ո՛չ հօգուտ նրա ֆիզիկական ոչնչացման վերսիայի՝ Երևանում կամ շրջակայքում, այլ, ավելի շուտ, քաղաքից կենդանի և գիտակցաբար հեռանալուն, «վաղ առավոտյան, ինչպես հաղորդել է նրա ամուսինը»[67]:
Առաջին անգամ արևմտահայ մամուլն է հիշատակում Սիբիր աքսորելու կամ «սև կառեթի» վերսիան։ Կարելի է ենթադրել, որ Ստ. Նազարյանը ևս լսել է այդ կասկածը, սակայն անհավանական համարելով և, միաժամանակ, ցենզուրից երկյուղ կրելով իր «հիշատակարանում» այդ մասին ոչինչ չի տպագրել։ Սակայն ինքը՝ Ստ. Ոսկանը ևս կասկած է հայտնում «անխուսելի» վախճանի[68] հանդեպ. նա լավ գիտի, որ Աբովյանը «գիտեր իր եռանդը զսպել» ռուս կառավարության հանդեպ: Այնուամենայնիվ այս վերսիան՝ ժամանակի կարգով երրորդը և վերջինը, հետագայում էլ ունեցել է իր կողմնակիցները, որոնցից մեկը[69] նույնիսկ «ցույց» է տալիս Աբովյանի գերեզմանը Օխոտսկ* [70] քաղաքում։
Մինչև այժմ եղած աղբյուրներից և ոչ մեկում ո՛չ մի բառ չենք հանդիպել հետագայում ամենատարածված վերսիայի՝ Շաֆի բեգի կամ նրա «հոր» ձեռքով Աբովյանի սպանության մասին[71], իբրև թե սիրային հողի վրա**[72]։ Բոլորովին անհիմն է այն, թե «թուրքի դավադրության զոհ գնալը ընդհանրացած կարծիք է այն բոլոր երևանցիների շրջանում, որոնք ժամանակակից են եղել Աբովյանին և կամ անձամբ լսել են ժամանակակից մարդկանցից»*** [73]։ Մենք ո՛չ միայն չհանդիպեցինք այդ մասին որևէ ակնարկ նրա աշակերտների գրած նամակներում, որտեղ կային «ժողովրդի մտածմունքը» այդ մասին, այլև մյուս վավերագրերի մեջ։ Միայն Ստ. Ոսկանն է գրում՝ «ուրիշներե սպանվեցավ», բայց, ինչպես տեսանք, ինքը՝ Ոսկանը, չի հավատում դրան, և, վերջապես, այդ «ուրիշները» «թուրքի դավադրության» անիմն և միտումնավոր վերսիայի համար դեռ ապացույց չէ։ Նրա մի ուրիշ ժամանակակից, տան սպասավոր սպահանցի Ասատուրը, ինչպես գրում է Ա-Դոն, «իր աղայի մասին մի վատ խոսք անգամ լսել չէր ուզում, մանավանդ այն մասին, որ նրա աղան մի թուրք կնոջ հետ կապեր է ունեցել»[74]:
Սակայն թե՛ Ա-Դոն և թե՛ Ե. Շահազիզը, որի աշխատության մեջ նկարագրված են նոր և ապարդյուն որոնումներ, դարձյալ այս վերսիայի հիմունքով, այս անգամ մեր օրերում, համամիտ չեն «թուրքի դավադրության» առասպելին և երկուսն էլ հավանական են համարում ինքնասպանությունը։
Կարևոր է նշել այն, որ Սիբիր աքսորելու կամ, ինչպես Ստ. Ոսկանյանն է գրում՝ «խոր վիրապի մեջ պահելու» վերսիան, ինչպես և նրա շրջելը Ակոռի կողմերը, Ղարսում կամ Գանձակում, ապացույց է, որ նրան ճանաչողները որոշ ժամանակ համոզված են եղել, թե նա դեռ կենդանի է, թե ապրիլի 2-ի անհայտացումը դեռ ֆիզիկական ոչնչացում չի նշանակում։ Էմիլյա Աբովյանի ակնկալությունը, առաջին նամակագրի հիշած ումուտը, «որ նրան բան չի կա», ոստիկանության անպտուղ հետախուզումները, դիակը չգտնելը և, առհասարակ, ապրիլի 2-ի անակնկալ անհայտացման պայմանները մեզ բերում են մի ուրիշ համոզման։ Որ Աբովյանին ապրիլի 2-ին ո՛չ սպանել են, ո՛չ ինքն է «մի խավար րոպեի մեջ մահու տվել իր անձը» և ո՛չ էլ «սև կառեթով» նրան քշել են Սիբիրի խորքերը։
Մի անակնկալ առիթից նա վճռել է օգտվել՝ ազատվելու համար ծանր միջավայրից, փնտրելու «նոր տուն, նոր հայրենիք»[75], որի համար կիսատ է թողել բոլոր գործերը, դպրոցի հանձնումը, որ սկսել էր» ընտանիքը, որից դառնաղի գանգատներ նա առաջ էլ գրել է, և բռնել մի ուղի, որ կարող էր տանել նրան կամ դեպի ազատագրումն այդ հոգսերից, միջավայրից, որից այնքան դառնացած և հուսախաբված էր, որտեղ չուներ ամուր կռվան,— և կամ դեպի խորխորատ, դեպի մահ։ Վերջին հուսահատ փորձն էր անում նա, մի փորձ, որ լոգիկաբար գադաթնակետն էր նրա մինչ այդ արած բազմաթիվ ապարդյուն ճիգերի։ Եվ եթե մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն իր սենյակում փակված մթնում, չէր ուտում, շորերը չէր հանում ու միշտ ծխում էր երկար չիբուխը», նա վերջին անգամ ծանր ու թեթև էր անում այն բոլորը, ինչ որ թողնում էր, ինչ որ սպասում էր նրան ապագայում և ինչ կարող էր տալ նրան միանգամայն անակնկալ առիթը։
Բայց այդ պարզելու համար պետք է մի քիչ հեռվից սկսենք։
Աբովյանի կյանքով, մանավանդ նրա անհայտացման առեղծվածով հետաքրքրվողները մանրակրկիտ չեն ուսումնասիրել նրա ժամանակը, այն բազմաթիվ կարևոր թելերը, որոնցով նա, իբրև հասարակական գործիչ, ուսուցիչ, իբրև առաջավոր քաղաքացի, կապված է եղել ժամանակակից շատ մարդկանց հետ, շփվել է գործակցել է, նամակներ է գրել և ստացել։ Հենց միայն «ընկերություն» կազմելու գաղափարը, որ, ինչպես տեսանք, համարյա մինչև անհայտացումը նա ունեցել է[76], շատ ավելի կարևոր է նրա կյանքն ու գործունեությունը ճիշտ հասկանալու, քան ուսումնասիրողների հայրենասիրական դրվատումները, որոնց առանցքը եղել է մեծ մասամբ «Վերք Հայաստանին»։
Բայց մենք դրանցով չենք զբաղվելու և ոչ էլ «Վերք Հայաստանի» գրքով։ Վերջինս մեզ հետաքրքիր է այնքան, որքան նյութեր կտա ճիշտ հասկանալու նրա կյանքը, մանավանդ անհայտացումը։ Որպես օրինակ՝ այստեղ բերում ենք «Վերք Հայաստանի» գրքից Աբովյանի այն ծանոթությունը, որից երևում է, թե դեռ 1827 թ. առաջ, այսինքն՝ երբ բոլորովին երիտասարդ էր, Աբովյանը մտադրվել էր հեռանալ Վենտիկ։ «Էս ժամանակին,— գրում է նա,— վարժատանիցը դուս էկա ու Թիֆլիզուցը գնացի Հախպատ... որ թուղթ առնիմ, գնամ, իմ ծնողացը հասնիմ, նրանց հետ քոչիմ ու գնամ Վենետիկ։ Ամեն բանս հազիր էր. Օսմանլվիցն էլ մեկ տերտեր էր էկել իր որդովը, ուզում էր եդ դառնար։ Սրանց հետ էի ուզում ճամփու ընկնիմ, բայց դերձիկը դեռ շորս չէ՛ր հասցրել։ Ո՛րքան նեղացա, որ նրանք գնացին, ես մնացի»[77]։
Վենետիկին փոխարինում է Դորպատը։ 1836 թ. փետրվարին նա թողնում է Դորպատը[78], ուր սովորել էր «էնցիկլոպեդիա», այսինքն՝ աշխարհագրություն, թվաբանություն, պատմություն, լեզուներ և նույնիսկ երաժշտության, բացի այդ, գործնականում ծանոթացել էր մի քանի արհեստների հետ (ապակու գործ, հաց թխելու և այլն),— և վերադառնում է Անդրկովկաս՝ ճանապարհին բավական երկար ժամանակ մնալով Պետերբուրգ[79], Մոսկվա, Նոր Նախիջևան և այլ քաղաքներում տեսակցելով և ծանոթանալով բազմաթիվ հին և նոր բարեկամների հետ*[80]: Առհասարակ, Աբովյանը դեռ սկզբից միշտ խառնվել է շրջապատի անցուդարձին։ Դորպատ գնալուց շատ առաջ մենք նրան հանդիպում ենք էջմիածնում, իր ուժերի և տարիքի համեմատ մասնակից այն ժամանակվա վանականների խմբավորումներին, որոնցից Աբովյանը հարել է և երկար ժամանակ հավատարիմ մնացել Ներսես Աշտարակեցու խմբակցությանը և նրա քաղաքական նպատակներին։ Դորպասից դառնալով՝ նա Պետերբուրգում հանդիպում է նաև Տիգրան Կամսարականին[81], Մոսկվայում՝ Դելանովին և իշխ․ Մեսրոբ էրիվանցովին և ուրիշներին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք Աշտարակեցու մարդիկն էին, որոնց աջակցությամբ, ինչպես և նրանց պարագլխի, ցարական Ռուսաստանը մղում էր իր ագրեսիան[82]:
Խաչ. Աբովյանի ողջ կյանքի ոչ մի շրջան Դորպատի նման ուժեղ և անջնջելի կնիք չի դրել նրա մտքի վրա։ Թեոդոր Պարրոտը[83] նրա անսահման մեծարանքի առարկան է մնում մինչև վերջ, մի բարոյական ավտորիտետ, որ հեռվից-հեռու անգամ ազդում է նրա վրա, հաճախ ղեկավարում։ Կարելի է ասել, որ մինչև անհայտացումը Աբովյանը մի ոտքով դեռ Դորպատ էր, այն մտքերի ազդեցության տակ, որ մի անգամ դրոշմվել էին։ Անձնական կյանքում նա մնաց կեսգերմանացի, ավելի ճիշտ՝ «Դորպատի ստուդենտ», որի ամենաուժեղ ցանկություններից էր մի անգամ էլ տեսնել Alma mater-ը։ Բոլորովին պատահական չէր նրա կապը Անդրկովկասի գերմանական գաղութի հետ[84]: Բազմաթիվ գերմանացի ճանապարհորդներ համարյա ամեն տարի եղել են նրա հետ, նրա տանը և հաղորդել են նորություններ այն կուլտուրայից, որով շնչել էր նա վեց տարի։ Դորպատից մեկնելու տասներորդ տարին, 1846 թվին, Աբովյանը Անդրկովկասյան դպրոցների դիրեկտորից թույլտվություն է խնդրում Դորպատ գնալու, ոորովհետև,— պատճառաբանում է նա,— ես գնում եմ (ջնջված է՝ «ուխտի») երկրպագության իմ բարերարի և դաստիարակի՝ Պարրոտի գերեզմանին։ Երբեք գուցե իմ կյանքում, իմ նեղ վիճակի հետևանքով ինձ չի հաջողվի կատարել այդ սրբազան խոստումը...»*[85]։ Աբովյանը մինչև վերջ չվարժվեց ռուսերենին, գոնե գերմաներենի չափ[86]։ Երբ նրանից, ինչպես և մյուս ուսուցիչներից, դիրեկցիան շրջաբերականով պահանջում է մասնակցել նոր լույս տեսնող «Կավկազ» լրագրին, Աբովյանը պատասխանում է, որ ինքը «թե՛ թարգմանությունների և թե՛ հեղինակելու մեջ այնչափ զորեղ չեմ ռուսերենից, որչափ գերմաներենից, որով շարունակել և ավարտել եմ իմ ուսման ամբողջ ընթացքը»[87]:
Պարրոտը Աբովյանին իբրև ժողովրդական դպրոցների ուսուցիչ էր պատրաստել։ Նա իր հետ Դորպատից չտարավ ոչ մի գիտական աստիճան կամ կոչում, ինչպես մի քանի տարի հետո Ստ. Նազարյանը։ Նա իր հետ բերեց միայն այնքան, որ լիուլի հերիք էր մի քանի տասնյակ տարիներ կրթելու դպրոցական սերունդը անհամեմատ ավելի լավ, քան այդ անում էին ո՛չ միայն Անդրկովկասում սունկի նման բուսած մասնավոր հայ դպրոցները**[88] այլև պետական դպրոցները: Աբովյանի թե՛ մասնավոր պանսիոնը Թիֆլիսում և թե՛ նրա ուսուցչական աշխատանքը Երևանի արքունի դպրոցում տվել է զարգացած և ժամանակի առաջադեմ աշակերտների մի քանի սերունդ, որոնց փայլուն հաջողությունները վկայել են շատ օտարազգի ճանապարհորդներ*[89]։ Եվ Աբովյանը Դորպատից վերադառնալուց հետո, մինչև վերջ մնաց ուսուցիչ՝ խորշելով ուրիշ ասպարեզներից, մանավանդ արքունի ծառայությունից, միաժամանակ և դառն գանգատվելով իր վիճակից։
Սակայն նա հասարակական գործիչ էր։ Մենք արդեն ասացինք, որ դեռ պատանի հասակից նա խառնվում էր հասարակական-քաղաքական աշխատանքի։ Երևանի գրավումը նա ողջունել է դեռ «Վերք Հայաստանին» գրելուց առաջ։ «Ընկերություն» հիմնելու գաղափարը նրանից անբաժան է մինչև մահ։ Աբովյանը սկսում է հետաքրքրվել Անդրկովկասի, մանավանդ նախկին այսպես կոչված «Հայկական մարզի» տնտեսությամբ։ Նրան հետաքրքրում է ազգագրությունը, թուրքերի, պարսիկների և քրդերի ժողովրդական ստեղծագործությունը։ Աբովյանի համար կարևոր խնդիր է դառնում նոր լեզվի, ժողովրդին հասկանալի լեզվի հաղթանակը։ Նա ո՛չ միայն դպրոցներում է սկսում դասավանդել այդ լեզվով, այլև կազմում և տպագրում է յուր «Նախաշավիղը», որ, իբրև վնասակար գիրք, կրակին է հանձնում Կարապետ եպիսկոպոսը[90]։ Վերջապես՝ Աբովյանը «բաց է անում իր փակ լեզուն», շարադրում է իր պատմական վեպը՝ «Աղասու գիրքը», որ ունի նույն անզուսպ և հախուռն թափը, ինչպես և նրա գործունեության մյուս ասպարեզները, որոնք բոլորը բխում են իրարից և սերտ շաղկապված են։ Նա չտեսավ իր վեպի լույս տեսնելը, բայց ձեռագրից շատ հատվածներ ինքը կարդում էր աշակերտներին, առաջին հերթին՝ լեզու սովորեցնելու նպատակով։
Հայտնի է «Վերք Հայաստանի» բովանդակությունը։ Աբովյանը այդ գիրքը գրել է 1841 թվին, Թիֆլիսում։ Երևանի գրավումից հետո նա գնացել էր Դորպատ, վերադարձել էր վեց տարուց հետո, իբրև «կես գերմանացի», և տեղավորվել Թիֆլիս։ Մի քանի անգամ Երևան գնալը նրան հնարավորություն չէր տվել ճանաչելու հենց թեկուզ Քանաքեռը այնպես, ինչպես նա կար գիրքը գրելու տարին։ Իսկ հետո, երբ տեղափոխվեց Երևան, երբ բազմաթիվ և երկարատև ճանապարհորդությունների ընթացքում նա ճանաչեց երկիրը, մարդկանց, ցարական ադմինիստրացիան, նա միայն դառնացավ, հուսահատվեց, սակայն ոչ մի բառ չջնջեց այն էջերից, որտեղ նա գովաբանել էր «Հյուսիսի արծիվին» Ներսես Աշտարակեցու հանդեպ տածած խոր հարգանքը, որ զուգորդվում էր Ներսեսի պաշտպանված քաղաքականության ջատագովման, փշրվեց նույն «Հայկական մարզում», որտեղ և ծնվել էր։ Այդ այն ժամանակն էր, երբ արդեն չկար օրապակաս «Հայկական մարզը», և նրա հետ միասին չքացել էին ազգային անկախ կյանքի ակնկալությունները։
Երբ 1836 թ․ Դորպատից Աբովյանը վերադառնում է, Թիֆլիսում արդեն նրա վրա իջնում է խոր հուսահատություն։ Նյութական ծանր վիճակը «Դորպատի ստուդենտին» հասցնում է այն դրության, որ նա ստիպված է լինում օթևանել ժամհարի մութ և անմարդ խրճիթում, այնտեղ, ուր ապրել էր շա՜տ առաջ[91]։ 1836 թ․ հուլիսին Թիֆլիսից գրած մի նամակում այսպես է նկարագրում Աբովյանը վերադարձի առաջին տպավորությունը*[92]. «...Ամեն բան, ինչ որ ես լսում եմ իմ հայրենիքի ու հայրենակիցներիս մասին, այնպիսի բաներ են, որ, թերևս, ես սովից պիտի մեռնեմ, երբ ես իմ հայրենիքիս զոհվելու գեղեցիկ իդեալին հետևեմ, և ոչ թե մի այլ ճանապարհով իմ ապրուստս հայթայթեմ։ Ես ինքս արդեն այս տխուր փորձառությունը ունեցա։ Վաճառականության հոգին, դժբախտաբար, ծանրանում է նրանց գործերի ու ընթացքի վրա, ու վա՜յ նրան, որ ինքը նյութականապես անզոր լինելով, այսպիսի ձեռնարկությունների համար՝ ընդհանուր բարօրության նկատմամբ, նրանց օժանդակության կդիմե․․․»[93]։
Նույն տարին նա, ըստ երևույթին, ավելի խիստ գանգատներ է արել ընկերոջը՝ Ստ. Նազարյանին, ինչպես կարելի է եզրակացնել վերջինիս մի նամակից, գրված 1836 թ. դեկտեմբերի 5-ին, Դորպատից, գերմաներեն**[94]։
«Քո Տփխիսից հաղորդածը մեր հայրենակիցների վերաբերմամբ,— գրում է Նազարյանը,— ինձ չափազանց տխրեցրեց և հաստատեց իմ՝ առաջները այդ մասին արտահայտած խոսքերը․ բնական է, դա մի տխուր իրողություն է։ Որոմն իշխում է ոսկե գահի վրա, և հօգուտ ժողովրդի արած բուժիչ առաջարկներին ոչ ոք ականջ չի դնում։ Լսում եմ այն հոգի ու սիրտ մաշող մեղքերի մասին, որ դու քո նամակում նկարագրել ես։ Ես միայն այսքանը կասեմ, որ կգա ժամանակ, երբ ամեն բան իր մերկությամբ դատավորի սեղանի առաջը կկանգնի և կստանա իր արժանի պատիժը։ Դու ասում ես՝ «ես պիտի տուն և հայրենիք թողնեմ և ուրիշը փնտրեմ»։ Սրանից ես կարող եմ հետևեցնել, թե որքան անտանելի է քեզ քո շրջապատը. բայց ասա՛ ինձ, Աբովյան, մի՞թե մեր հետնորդների ազնիվ զգացող սիրտը նզովքի կնիք չի դնի մեր՝ հայրենիքից հերձվելու վրա։ Իհարկե, մեզ անկարելի է թվում մի լավ բան մեր ժողովրդի մեջ տարածելը, բայց պե՞տք է սրա համար հուսահատվել։ Ո՛չ, պատասխանում է ինձ իմ բանականությունը։ Մենք տեսնում ենք, սիրելի Աբովյան, որ յուրաքանչյուր ռեֆորմատոր մարդկային պատմության մեջ շատ բաների դեմ ստիպված է եղել կռվել, չնայած որ շատերը կարճատեսների կատաղությանը ստիպված են եղել հպատակվելու Ուրեմն, ցույց տանք մենք մեր համբերությունը և խոհեմությունը ամեն անախորժության հանդեպ, հուսալով որ կգա լավ ժամանակ, երբ աչքը ավելի պարզ կտեսնի ճշմարտությունը, և սիրտը ավելի ուժգին կզգա բարին և գեղեցիկը։ Ես կարծում եմ՝ երախտագետ հետնորդները մեզ կգնահատեն և մեզ վրա կնայեն զարմացած հայացքով, որպես հայրենյաց մաքուր սիրո գովելի օրինակների վրա»։
Ստ․ Նազարյանի համար դժվար չէր Դորպատից քարոզել «համբերություն և խոհեմություն»։ «Ազնվասիրտ» իշխան Մեսրոպ էրիվանցովր նրան առաքում էր դրամ, և անկարոտ էր ապրում նա[95], կարդում և թարգմանում էր Հերդերը և հաստատակամ բարձրանում էր դեպի գիտական աստիճանները, դեպի «կաթեդրը»։ Նազարյանը երբեք չաշխատեց Անդրկովկասում, իսկ Աբովյանը քանի գնաց, այնքան հեռացավ «Հայաստանի ներսը», ապա ծայրահեղ հուսահատությունից մի անակնկալ առիթով փորձեց գտնելու «նոր տուն և նոր հայրենիք...»։
Բայց առայժմ ընդգծենք երկու նամակներում կրկնված մեզ համար կարևորը՝ Աբովյանի բացասական վերաբերմունքը դեպի վաճառականը, առևտրականը, առհասարակ «ոսկե գահը»։
Բազմաթիվ փաստերից մենք կհիշատակենք նրա «Հախվերմազի գովքը» ոտանավորին կցված նամակը[96] Աբովյանը 1843 թ. օգոստոսի 9-ին ուղարկել է Թիֆլիսի հայ հարուստներից մեկին*[97]։
«...Դու մի՛ կարծիր, թե որ ես քեզ նման շատ փող չունիմ, էն ա աչքս ծակ՝ կուղեմ, որ խաբեբայությունով այլոց փողն ուտեմ։ Իմ միսն ուտիլ ինձ համար լավ է, քանց էդ բանը։ Աղքատ եմ եկել աշխարհ, աղքատ էլ կերթամ, ամա հարամ բանը ոչ բռնել եմ մինչև էսօր, ոչ էլ կբռնեմ։ Ես քո կամ այլոց մեկ քանի մուռտառ մանեթի խաթեր իմ պատիվը, իմ խոսքը գետնովի չե՛մ տալ, լավ իմանաք։ Էստով չորս անգամ էլ, որ դուք իմ դառն աշխատանքով դատած փողը կտրում եք։ Հայտնի բան է. ո՛չ թուր ունիմ, ո՛չ թամասուկ, որ իրավունք գտնեմ։ Ես կցանկանայի, որ դուք մեկ աղքատ մարդ էիք էլել ու ձեր որդու պես շնորհալի, աննման որդի ունեցել, ես նրան անփող ուսուցանեի, որ իմանայիք, թե իմ դարդը փողը չի, այլ մարդի մարդատեղ չքցելն է...»։ Եվ այսպես մնաց նա մինչև վերջ, տարամերժ դեպի վառաճական դասը[98], դեպի առևտրական կապիտալը, որը պատերազմին հաջորդած խաղաղ շրջանում աճում էր ավելի արագ, ինչպես սունկերը՝ հորդ անձրևից հետո։
Մենք տեսանք նրա այն գրությունը, որում նա գրում է, թե իր հարաբերությունները Երևանի բնակիչների, այսինքն՝ վաճառականների հետ վատ են։ Կարելի է ուրիշ փաստեր բերել նրա երկերից։ «Էշ գեղցի» արտահայտությունը, որի դեմ նա բողոքում է, հատուկ էր սովդաքյարներին և կուպեցներին։ Նրա «Նախաշավղի» մեջ, որի բոլոր նյութերը նրա հեղինակությունն են, կա մի փոքր հատված՝ «Սուր պատասխանի» վերնագրով։ «Մեկ շինական մեկ վաճառականի հարցրեց. թե ի՞նչ ա ծախում։ Իշի գլուխ՝ պատասխանեց։ Ուրեմն դուք պետք է, լավ առուտուր ունենաք, որովհետև մեկ գլուխ ա մնացել։ Անկարգ խոսքը ծառային ևս չի՛ պետք է ասած»[99]։ Սակայն վաղուց արդեն վաճառականները այդպես և ավելի «անկարգ» էին խոսում ու վարվում շինականների հետ։ «Վաճառականության հոգին դժբախտաբար ծանրանում է նրանց գործերի ու ընթացքի վրա», — գանգատվել էր Աբովյանը։ Սակայն վաճառականությունն իր ժամանակի առաջատար ուժն էր, որ կուտակում էր միջոցներ և խարխլում հոգևոր և «աշխարհիկ» ավատականության մնացորդները։ Աբովյանը չիմացավ, որ իր ակնկալած «աստվածասեր» մարդը՝ մի վաճառական էր, Հովսեփ Փոնդոյանցը[100], որի ծախքով լույս տեսավ «Աղասու գիրքը», հեղինակի անհայտանալուց տասը տարի հետո։ Եվ այդ գիրքը կատարեց նաև անպիսի դեր, որի համար, եթե գիտենար Աբովյանը, չէր գրի ոչ մի «թաբաղա»[101]։
«Վերք Հայաստանին» գովք է ո՛չ միայն ռուսական զենքի, այլև հայ գյուղի, նրա բարքերի և այն ակնկալությունների, որ ուներ «Հայկական մարզի» գյուղը շահի և նրա սարդարների բռնությունից ազատվելու հույսով։ «Մեր գյուղում,— գրավոր հաղորդել է Աբովյանը Հաքստհաուզենին,— ամեն տարի տեսնում էինք սարքիարին, որ գալիս է ամառը հավաքելու կառավարության բաժինը տարվա հնձից։ Այս պարզ և քիչ Ժամանակ պահանջող գործի համար նա գյուղում սովորաբար, մնում էր 3֊ից մինչև 4 ամիս։ Գյուղացիք պարտավոր էին նրան հատկացնել ամենալավ բնակարանը, ինչպես և ծառայել նրան, նրա սպասավորներին ու ձիերին։ Ամենալավ կենսամթերքները՝ հավ, ձու, կարագ և այլն, շատ անգամ նաև գինին..., պարտավոր էին գյուղացիք տանել նրա տունը: Գյուղական գզիրը ամեն օր տնից-տուն էր գնում՝ այդ մթերքները մուրալու կամ շորթելու նպատակով։ Հաճախ նրան ընկերակցում էր նաև սարդարի ծառաներից մեկը կամ մյուսը, նրան գործի մղելու և կամ պատմելու համար... Մտրակով էին նրան առանց քշում և անթիվ ու չլսված հայհոյանքներ թափում գլխին... Եթե, բան է, պահանջի ենթակա տան տերը հրաժարվեր ուզածը տալու, եթե գնացողը ուժ զգար մեջը, անասնական կատաղությամբ և բռնությամբ կխուժեր տունը, ամեն ինչ կկոտրեր, մտրակով կծեծեր և բռնության կենթարկեր ամենքին անխտիր՝ ում որ տանը տեսներ, — առանց տարիքի և սեռի խտրության։ Եվ դա ծառա՛ն էր, սպասավոր։ Երևակայելի՛ է, ուրեմն, թե ի՞նչ կլիներ տերը ինքը...»* [102]։
Այդպես էր վարվում սարքիարը թե՛ հայ և թե՛ թուրք գյուղերում, երբ հարկ էր հավաքում։ Բայց թեթևություն բերեց ռուսական նվաճումը, թե՞ ավելի վատթարացրեց գյուղի վիճակը, նոր խավը առավ գայլի բաժինը,— այu հարցերի ճիշտ պատասխանը իրականում համապատասխան չի տնտեսական այն հարաբերություններին, որ կարելի է պատկերացնել «Վերք Հայաստանից»։ Աբովյանի ժամանակ այդպիսի Քանաքեռ, որտեղ ամեն ինչ լիքն էր, առատ, և միակ դժբախտոթյունը ֆարաշի գոյությունն էր,— վաղուց վերացել էր։ Աբով պապի նահապետական գերդաստանից խղճուկ և ողորմելի ցնցոտիներ էին մնացել: Աբովյանը 1843 թվին, երբ տեղափոխվում է Երևան, նույն աշնանը ճանապարհորդ Հաքստհաուզենին գրում է. «Բայց իմ ծնողները գանգատվում են արցունքով, որ իրենք այլևս բավականաչափ հարուստ չեն, որ կարող լինեն մարդիկ պահել այգու մշակության և հսկողության համար, որ այլևս չեն կարող անել այն, ինչ անում էր Աբով պապը[103]»։ Աբովյանը կարող էր ավելին ասել, որ իր մանկությունը ևս անցել է աղքատության մեջ, որ «մի տուն լիքը մանուկներ[104]» են «խղճիկ խրճիթում», ինչպես նկարագրել է ինքը իր հին անտիպ մի ոտանավորում․
Խղճիկն այն խրճիթ, անզարդն այն սրահ,
Երկերթեկ այն տուն, ծխածեփ, քարեայ.
|
|
Լուսահատ անկիւնք, խոռոչք բազմաահ,
Յատակ ի հողոյ, առաստաղ փայտեայ...
Ի տանեաց, ի յորմոց, ի ճեղքաց լուսամտից
Աստ ի ներքս տեղային. հոսէին, թափէին
Եւ կարկուտ, և հեղեղ, և անձրև, և ռումբ ձիւնից,
Եւ մրրիկ, և հոսան, փոթորիկ սարսռագին...
Տիւ, գիշեր անծածկոյթ և անփակ, անխափան,
Մղէին ի յարկ մեր սոսկադեմքն թն այն բնութեան՝
Գոռալով, վանելով, մռնչելով կատաղաձայն,
Խրոխտային, կռուէին, քանդէին զմեր կայան․․․[105]
|
|
«Խղճիկ խրճիթում» աղքատության հետ դեռ կենդանի էին տոհմային ավանդությունները Աբով պապի հարստության և հզորության մասին, երբ Աբովյանները անվանի «թարխան» էին հայրենի Քանաքեռում։ Դորպատի ստուդենտը զրկվել էր և այդ ժառանգական իրավունքներից։ Երբ կոլեժսկի ասեսոր Խրիստաֆոր Աբովյանը ներկայացնում էր ծառայության ֆորմուլյարը, նա ծագման սյունակում նշանակում էր՝ «հոգևոր կոչումից», որպեսզի հետո այդ էլ ջնջի։
Միայն Աբովյանները չէին աղքատացել։ Համեմատելով պարսիկների օրոք, թեկուզ Աբովյանի հաղորդած՝ սարքիարի միջոցով հավաքած հարկերը ռուսական տուրքերի հետ, Հաքստհաուզենը եզրակացնում է. «Իսկապես, բարձր չէին այն տուրքերը, որ պարսից Շահն էր իր կողմից սահմանում, մի երկիր գրավելուց հետո»։ Իսկ ի՞նչ էր վճարում 1843 թվին Քանաքեռը ռուսական «սարքիարին: Հաքստհաուզենը գրում է, որ Քանաքեռի 72 ծուխը վճարում էր 604 ռ. արծաթ, բացի այդ, յուրաքանչյուր ծուխ՝ 1 ռ․ 75 կ. հօգուտ փոստի: Բացի այդ՝ գյուղը «կոռուբեգառի» պարտականություններ ուներ, որ կատարում էին նատուրայով*[106]։ Եթե չհաշվենք տանուտերի և քահանայի ծուխը, որոնք հարկերից ազատ էին, մնացած 70 ծուխը «օրհնված ռուսին» վճարում էր չափազանց ծանր տուրք, որի գումարը, եթե այն ժամանակվա ցորենի կամ մյուս կենսամթերքների գներով ասենք, կստացվի մոտ 4200 փութ, այսինքն՝ միջին հաշվով Քանաքեռի յուրաքանչյուր ծուխը վճարում էր 60 փութ ցորեն: Եվ այս, բացի մյուս հարկերից, բացի գյուղի ներքին հարկերից, բացի այն կաշառքից, որ ահռելի չափերի էր հասել։ Այս բոլորից հետո Հաքստհաուզենը եզրակացնում է, որ «պարսից ժամանակների համեմատությամբ այժմ ավելի է ճնշված ժողովուրդը»[107]։ Ֆրիդրիխ Բոդենշտեդը, որ դարձյալ Աբովյանի հետ շրջել է նախկին «Հայկական մարզը», շատ կարճ և որոշ է ասում․ Հայաստանի ամենաուժեղ և ամենավնասակար թշնամին, որ ոչ միայն նրա քաղաքական անկումը առաջ բերավ, այլև իր վնասակար, բարոյազրկող և տևական ազդեցությունը ունեցավ հայ ժողովրդի վրա,— դա ի բնե անտի Պարսկաստանն է եղած։ Նորագույն ժամանակներում այդ դերը իր վրա է առել Ռուսաստանը և հավատարմորեն շարունակել այն, պարսկական իմաստով*[108]։
Բայց այս բոլորից ավելի կարևորը Մավրիկիոս Վագների վկայություններն են, մի մարդու, որը Թեոդոր Պարրոտից հետո երկրորդ գերմանացին է Աբովյանի վրա թողած իր ազդեցությամբ[109]։ Վագները շատ բարձր է գնահատում Աբովյանին, և շատ երկար ժամանակ նրանք նամակներով կապ են պահել։ Վագները դեպի Հայաստան կատարած իր ճանապարհորդական գրքում ասում է. «Այն ժամանակից սկսած, երբ Ռուսաստանը իր երկգլխանի արծիվը մինչև Երևանի հովիտը առաջացրեց և իր տխրահռչակ մաքսային սիստեմը անդրկովկասյան նահանգների վրա ծավալեց, այդ ժամանակից սկսած էլ այս երկրամասի տրանզիտային առևտուրը, որ առաջ ծաղկած վիճակ ուներ, բոլորովին քայքայվեց»[110]»։ Ռուս գեներալները տասնհինգ տարի իրենց երկաթյա կրունկի տակ պահում էին այդ երկիրը, սակայն, զորանոցներից և բանտերից բացի, ոչինչ չէին շինում: «Ռուս պետական գանձապանը,— շարունակում է Մ. Վագները,— մի կողմից, և այստեղ հարստացած պաշտոնյաները՝ մյուս կողմից, յուրաքանչյուր տարի կես միլիոն ռուբլի են դուրս տանում Երասխի հովտի այս աղքատ երկրամասերից, ոչինչ չտալով դրա փոխարեն»։ Պաշտոնյաները դոփում էին։ Վագները հաղորդում է, որ Երևանի գավառապետ Գալաչևսկին, որ ընդամենը մի քանի ամիս է պաշտոնի եղել, երկրից կորզել է հարյուր հազար ռուբլի։ «Ծագումով մի հայ՝ իշխան Բեհբութովը, որը առաջին տարիներ շարունակ այստեղի նահանգապետն էր, եղել էր երկրի ամենավատթար կողոպտիչը և բռնապետը։ Ամբողջ ժողովուրդը միաբերան անիծում է նրան՝ որպես նահանգի պատուհասը։ Եվ ո՛չ մի փաշա, ո՛չ մի փաշա, ո՛չ մի սարդար աղքատ գյուղացու քրտինքից այնչափ ոսկեդրամ չի հանել՝ որչափ այս հայը... Յուրաքանչյուր ոք այն ժամանակ երազել է միայն այն մասին, որ վերադառնա պարսիկ իշխանությունը»։
Ժողովուրդը երազել է, որ վերադառնա պարսիկ իշխանությունը... Ամեն տեղ անիծել են «ազատարար» իշխանին, և այդ անեծքը, այդ դժգոհությունը, պարսից իշխանության վերադարձի իղձը պիտի թարգմաներ Հաքստհաուզենին, Բոդենշտեդին, Մ․ Վագներին և մյուսներին Աբովյանը, որը թարգման էր և ուղեկից։ Ոչ մի կասկած, որ այդ տրտունջները լսում էր «Աղասու գրքի» հեղինակը, երբ թափառում էր գյուղերում, բնիկների կամ Պարսկաստանից զոռով փոխադրած գաղթականների միջև։ Իրենց մտքերը Աբովյանին են հայտնել թե՛ ճանապարհորդները և թե՛ գյուղացիները։ Բազարջյուղ գյուղի բնակիչները, որոնք 1829 թվին Բայազետից տեղափոխվել էին «Հայկական մարզը[111], Աբովյանին և Վագներին այսպես են գանգատվում*[112].
«Եթե կը հաճիք՝ մեյ մը ձմեռը մեզի հրամայեցեք, ան ատեն կը տեսնեք, որ ձյուներու կույտին մեջ գրեթե թաղված ենք, կրակ վառելու փայտ չունինք, հապա ստիպված ենք չոր աթար վառել, որն որ կրնա եփել քիչ մը բան, բայց չի կրնար խուց մը տաքցընել.․․ քիչ անգամ կը պատահի, որ հունձքը ցանվածին կրկնապատկեն ավելի տա․ շատ անգամ բոլորովին կը կորսվի, կը փչանա․․․ Բայց ասիկա ռուս հարկահանը չի հասկընար, և մեր վրա այնչափ բեռ կը դնե, որչափ Երասխի քով դաշտաբնակ գեղացվոց վրա․․․ Թեպետ կամոք և ուզելով Ռուսաստանի մեծ կայսեր հպատակ ենք... և թեպետ քյուրտերեն այնչափ կը վախնանք, ի վերա այսօր ամենայնի ավելի հոժարությամբ կուզենք մեր առաջին բնակության տեղվանքն ըլլալ ուր անոթություն չէինք զգար, ուր երկիրն ա՛յսպես ապերախտ չէր, ուր օդը նվազ խստություն ուներ, և մենք հարկահանները կրնայինք գոհ ընել, ու ծեծ ուտելեն վախ չունեինք, ինչպես հոս՝ ռուսաց մեջ ունինք, և ընդհանրապես անանկ դառն թշվառության մեջ չէինք, ինչպես հոս․․․»։
Տեղափոխված գաղթականությունը մեծ զոհեր տվեց սովից, ցրտից, «մանավանդ Ռուսաց երկիրը մտնելեն ետքը, ուր երկար ժամանակ <անապաստան մնալով՝> կես մը Արագած լեռան վրա, կես մ՚ալ Ախուրյան գետին բոլորտիքը կը թափառեին։ Այս մարդիկները... սիրտ ճմլելու խոսքերով ինծի ստորագրեցին, թե առաջի տարիներն ինչ նեղություններ կրեր են և թե ի՛նչ վշտաց ու դառնությանց մեջ կ՚իյնան եղեր տեսնելով իրենց զավկըներուն, եղբայրներուն և բարեկամներուն վերջին աստիճանի խեղճությամբ մարիլ ու մեռնիլը։ Դժբախտությամբ, ռուսաց ստորին պաշտոնատերներն ալ... ասանկ արտասվելի թշվառությունը մեղմելու համար բան մը չըրին. մանավանդ թե անոնցմե շատերն ան աստիճանի անամոթացան, որ քիչ մը շարժական ինչք ունեցող քանի մը գաղթականաց ձեռքեն՝ նույն փոքր մնացորդն ալ կողոպտեցին առին»*[113]։
Քսան տարի էր անցել ռուսական նվաճումից, սակայն գաղթականությունը դեռ ամբողջովին չէր տեղավորվել և չէր վերականգնել իր տնտեսությունը։ Դրա փոխարեն ռուս կառավարությունը չտեսնված արագությամբ վերականգնում էր թիուլական և մյուլքադարական հողատիրությունը և ստեղծում ավելի խիստ պայմաններ գյուղացիների համար, քան պարսիկների ժամանակ։ Բազմաթիվ գյուղեր, որոնք առաջ չունեին նման պարտականություններ, «օրհնված ռուսի» տիրապետության օրոք ստիպված էին մտնել նոր լուծի տակ** [114]։ Որովհետև տրվում էին այդպիսի արտոնություններ, ո՛չ միայն աղալարների և բեգերի մեծ մասը վերադառնալով տեր կանգնեցին իրենց հողերին, այլև բոլորովին պատահական մարդիկ ձեռք բերին մյուլքադարական հողատիրական իրավունքներ*[115]։ Աշխարհիկ կալվածատերերից հետ չմնացին էջմիածինը և մզկիթները։ Ճիշտ է, քաղաքական նկատառումով վտանգավոր համարեց Պետերբուրգը էջմիածնի հզորությունը և սահմանափակեց Ներսես Աշտարակցու պահանջները՝ Մաստարայից մինչև Կողբի աղահանքերը էջմիածնի սեփականությունը ճանաչելու, բայց և այնպես էջմիածինը պարսիկների ժամանակվա հողային սեփականությունն ավելի ընդարձակեց և, որ գլխավորն է, ապահովեց տուրքերի կանոնավոր գանձումը, թեկուզ և պրովասլավ ֆարաշների ուժով**[116]։
Հայ առևտրականները ևս ձեռք էին բերում հողային սեփականություն, և այդ առաջին հերթին ի հաշիվ այն լքված այգիների, որոնց տերերը փախել էին և որոնք աճուրդով վաճառում էր արքունի գանձարանը։ Բայց այդ չէր գլխավորը. ճիշտ է, տրանզիտային առևտրի անկման և մաքսային նոր գոտու հետևանքով նրանը գործերը միառժամանակ վատացան, սակայն պատերազմի ու զինվորական կապարներից ստացած օգուտի վրա եկավ ավելանալու այն օգուտը, որ նրանք ստանում էին ռուս ֆաբրիկանտներին բամբակ, գինի և այլ մթերքներ վաճառելով։ Սկսվում է եռուն գործունեության մի շրջան, երբ պատերազմի աղմուկը լռում է, և ասպարեզ է դուրս գալիս դրամատերը՝ «ոսկի գահի» միահեծան արքան։
Խաբվել էր գյուղացին և պարսկական առյուծի ճանկերից ընկել «Հյուսիսի արծիվի» մագիլների մեջ, քեթխուդաների և թարխանների գյուղը չկար, սովդաքարի արշինն էր տիրապետում, և սարքիարի ծեծին փոխարինել էր յասաուլի մտրակը։ Գյուղական տնտեսությունը արդեն արագ քայքայվում էր, բաժանվելով հակադիր բևեռների։ Անդրկովկասում քայքայվում էր և արհեստավորությունը*[117]։ Արդեն սկսվել էր այն շրջանը, որը հետևյալ կերպ է բնութագրել ընկ. Լենինը. «Երկիրը, որ նախառեֆորմյան շրջանում նոր էր բնակեցված և կամ բնակեցված էր լեռնցիներով, որոնք համաշխարհային տնտեսությունից և նույնիսկ պատմությունից մեկդի էին կանգնած, դառնում էր նավթարդյունաբերողների, գինու վաճառականների, ծխախոտի և ցորենի ֆաբրիկանտների երկիր, և պարոն Կուպոնը անխնայաբար հպարտ լեռնցուն ազգային պոետիկ զգեստի փոխարեն հագցնում էր եվրոպական լակեի կոստյում (Գլ. Ուսպենսկի)»** [118]։ Մենք շոշափենք մի խնդիր ևս և վերադառնանք Աբովյանի անհայտացման նյութին։
Վերը բերինք Բոդենշտեդի այն դիտողությունը, թե հայերը 19-րդ դարի սկզբին ունեցել են մի կեղեքող՝ Պարսկաստանը, որին փոխարինում է հետագայում Ռուսաստանը։ Կարելի է ասել, որ 19-րդ դարի առաջին տասնամյակների մեր պատմության գլխավոր դեպքերը զուգորդվել են այս երկու ուժերի պայքարին՝ դառնալով մեծ չափով ռուսական առանցքի շուրջը։
Բայց կար երրորդ ուժը, Աբովյանի լեզվով ասած՝ Օսմանլուն։ Երբ ուսումնասիրվի և գրվի 19-րդ դարու, մանավանդ առաջին կեսի պատմությունը, որ, ի դեպ, ամենից քիչ է ուսումնասիրված, հայտնի կդառնա և մի ուրիշ օրիենտացիա կամ, լավ է ասել, բանակցությունների պատմություն, որի թելերը գալիս էին սուլթանների Ստամբուլից և նպատակ ունեին հայկական պատնեշ ստեղծելու ռուսական արշավանքների դեմ։ Վարել են բազմաթիվ գաղտնի բանակցություններ մի կողմից էջմիածնի, Պոլսի պատրիարքարանի և նրա շուրջը խմբված հայ սեղանավորների ու ամիրաների և, մյուս կողմից, Բարձր դրան միջև։ Մեզ այդ հետաքրքրում է միայն Աբովյանի քաղաքական կողմնորոշման խնդիրը պարզելու սահմաններում[119]:
Երբ վերացվում է «Հայկական մարզը» և դառնում գավառներ, երբ նրանք, մանավանդ Ներսեսի խմբակը, համոզվում են, որ «հայկական անկախությունը» առասպել էր և միայն տակտիկական մանյովր, որ այնքան գոված ռուսական զենքի հաղթությունները շոշափելի ոչինչ չտվին,— էջմիածնի և նրա շուրջը խմբված որոշ տարրերի մեջ նորից է զարթնում դեպի Տաճկաստանը դառնալու ձգտումը*[120]։ Աբովյանի գործունեությունը անբաժան է քաղաքական մտքի այդ հոսանքից։ Այն, ինչ նա տեսավ Երևանում հինգ տարի ապրելով և առաջին անգամ Երևանյան նահանգի գյուղերը շրջելով, նրան պիտի բերեր այն մտքին, թե ինքը պարզ գործիք է եղել, երբ ակնկալել է քաղաքական որոշ հեռանկար և յուր գրիչն իսպաս դրել այդ հեռանկարի համար: Աբովյանի ողջ ատելությունը, թե՛ «Աղասու գրքի» մեջ և թե մյուս գործերում, ուղղված է Պարսկաստանի դեմ*[121]։ Մ. Վագներին նոր տեղեկացնում է, որ Տաճկաստանի հայերը ավելի բարեկեցիկ վիճակ ունեն և կուլտուրապես առաջադեմ են։ Յուր մի քանի առակներում, որոնց նյութը մշեցի համալների կյանքից է, նա ծաղրում է քաղաքացիներին և իր համակրանքը հայտնում «այն կողմից» եկած մարդկանց հանդեպ։ Մեր կարծիքով՝ երբ Աբովյանը Բոդենշտեդին վերջին նամակով գրել էր, «որ վճռել է թողնել ռուս պետական ծառայությունը, Հայաստանի ներքին մասը գնալ և այնտեղ իր պապերի հետ երկրագործությամբ պարապել»,— այդ խուլ արձագանք էր այն մտքերի որոնք ռուսական օրիենտացիայից երես դարձնողների և դեպի Տաճկաստանը նայողների գլխում զգույշ դառնում էին։ «Հայաստանի ներսի մասը» միայն նշանակում էր Օսմանլուի Հայաստան[122], որովհետև ռուսական սահմաններում այդ անունը արդեն չէր հոլովվում։ Հավանական է, որ ինքնուրույն կերպով Աբովյանը հանգում է այդ եզրակացության։ Եթե նույնիսկ նա տեղյակ լիներ, որ գոյություն ունեն այդպիսի ակնկալությամբ անձնավորություններ կամ խմբեր, դրանից դրությունը չի փոխվում։ Փաստն այն է, որ հատկապես 1845-ի շուրջ նրա մեջ նորից է զարթնում «նոր տուն և նոր հայրենիք գտնելու պահանջը Բայց առայժմ անհիմն կլինի պնդել, թե իբր 1845 թվին նա կանխորոշել էր իր վիճակը։
Մի բան միայն պարզ է, որ այդ թվից անընդհատ դիմումներ է անում դիրեկցիային, որ իրեն ազատեն պաշտոնից, ցանկություն է հայտնում տեղափոխվել Թիֆլիս, Պետերբուրգ, Գերմանիա «կամ այլուր», միայն թե ազատվի Երևանից։ Այս մասին բազմաթիվ փաստաթղթեր կան։ Սակայն այդ նրան չի հաջողվում: Ծայրահեղ հուսահատությունից դրդված՝ Աբովյանը 1848 թ. հունվարին երևում է Թիֆլիսում և այդ ինքնագլուխ քայլի համար ստանում է դիրեկցիայից հանդիմանություն և հրաման՝ անմիջապես վերադառնալու Երևան։ Սակայն Աբովյանը հաջողեցնում է իր Թիֆլիս գնալու նպատակը։ Նա խնդրում է, որ Ներսես Աշտարակեցին միջնորդի և իրեն կանչի պաշտոնավարելու Թիֆլիսի հայոց սեմինարիայում։ Այն ժամանակ, երբ իր դիմումի համաձայն նա ազատվել էր Երևանի գավառական դպրոցի տեսչի պաշտոնից և մարտի 30֊ին սկսել էր հանձնել գործերը, ապրիլի 2-ին հանկարծակի անհայտանում է։
Ո՞րն է այն առիթը, որ ցնցում է նրան և նույնիսկ այն ժամանակ, երբ կարող էր կատարել իր ցանկություններից մեկը՝ պաշտոնավարել հայկական դպրոցում,— հանկարծակի, դրսից ստացած մի անակնկալ առիթ, խառնում է բոլոր առօրյա հաշիվները և մղում է վճռական ելքի՝ ազատվելու ստեղծված ծանր դրությունից, երբ նրա քաղաքական հուսախաբության վրա բարդվում են բազմաթիվ անձնական դրախտություններ (հրդեհում են գիրքը
[123], մերժում են Ղազանի համալսարանում ամբիոն ստանալու դիմումը, խոլերան խանգարել էր Դորպատ գնալը, և նոր էր եկել Թիֆլիսից, խոլերային զոհ էր գնացել մայրը, եղբայրը*
[124], նյութական նեղ վիճակի մեջ էր, ընտանեկան կյանքը՝ անմխիթար, որովհետև էմիլյա Լոոզեն շատ հեռու էր ամուսնուն հուզող խնդիրներից), — երբ լարված էին նրա հարաբերությունները տեղական ադմինիստրացիայի, առաջին հերթին՝ գավառապետ Նիկիֆոր
Հայաստանի պետարխիվում պահվում է Նիկոլայ Առաջինի մանիֆեստի մի տպագիր օրինակը, 1848 թ. հեղափոխության մասին, որ, ինչպես հայտնի է, հեղափոխության լուրից սարսափած արքան գրել է մի շնչում։ «Բռնկվելով նախ Ֆրանսիայում՝ խռովությունը և անիշխանությունը շուտով հաղորդվեց սահմանակից Գերմանիային և, ամենուրեք տարածվելով լրբությամբ, աճելով ըստ չափի տերությունների զիջողության, նրա ավերիչ հեղեղը վերջապես դիպավ և մեզ դաշնակից Ավստրիական իմպերիային և Պրուսական թագավորության. Արդ՝ այլևս չճանաչելով սահմանները, հանդգնությունը իր անմտությամբ սպառնում է և մեր, աստծուց մեզ հանձնած Ռուսիային...»— գրում է Նիկոլայը***[125]։ Մեզ համար կարևոր է միայն այն, որ դեռ 1848 թ. փետրվարին Ֆրանսիայում, ապա մարտին՝ հենց Գերմանիայում, բռնկված հեղափոխության մասին Նիկոլայ Առաջինի մարտի 14-ի այս մանիֆեստը Երևան է հասել[126]: Միջանկյալ նկատենք, որ մինչև այժմ մենք չունենք որևէ ուսումնասիրություն, որ լուսաբաներ 1848 թ. հեղափոխության անխուսափելի արձագանքները, որ յուրահատուկ ձևով լսվել է Երևանյան նահանգում, որտեղ, ինչպես Նալբանդյանն էր ասում, «մեռելային դաշտի մեջ հազիվ խլրտում էր առաքինությունը...[127]:
Այդ հարցով մենք չենք զբաղվել։ Ստորև բերված մինչև այժմ անհայտ տեղեկությունները օժանդակել են մեզ հասկանալու 1848 թվի հեղափոխության արձագանքները նախկին Երևանյան նահանգում, և այդ՝ դարձյալ Աբովյանի անհայտացման կապակցությամբ, որովհետև, մեր համոզմամբ, այն արտաքին առիթը, որ հանկարծ նրան դրդեց անհայտանալու, հեղափոխության լուրն էր, որ կարող էր նա իմանալ գերմանացի յուր բարեկամներից և կամ մի այլ ճանապարհով։ Անհիմն չէ ենթադրել, որ այն «նեմեցի գիրը»[128], որտեղ Աբովյանին խորհուրդ է տրվում «գլխի ճարը տեսնել», մութ ակնարկ է հեղափոխության լուրի մասին*[129]։ Առաջադրելով Աբովյանի անհայտացման այս վերսիան՝ մենք հարկ ենք համարում հայտնել, որ այդ անհրաժեշտաբար ոչ մի կապ չունի հեղափոխությանը մասնակցած որևէ կազմակերպության աշխարհայացքի համոզված հետևորդ լինելու հետ, այսինքն՝ հեղափոխության լուրը միայն առիթ էր, արտաքին հարված, որ նրան տեղից շարժեց այնպիսի նպատակով, որ անմիջական ոչ մի կապ չուներ 1848 թվի հեղափոխության հետ։ Մեր վերսիան եզրակացությունն է մինչև այժմ արած մեր դիտողությունների և բերած փաստերի։ Այնպես որ, չունենք անառարկելի նոր ապացույց, որի ներկայությունն ինքնին արդեն կբացառեր կռահելու անհրաժեշտությունը։
Այժմ տանք այն տեղեկությունները, որոնք կօժանդակեն պատկերացնելու 1848 թվի իրադարձությունները նախկին Երևանյան և հարևան գավառներում։ Անդրկովկասի իշխանությունը ձեռք է առնում մի շարք միջոցներ՝ ամենից առաջ սահմանների հսկողությունն ուժեղացնելու։ Թիֆլիսի զինվորական նահանգապետը մարտի 2-ին գաղտնի հրամանագրում է Երևանի գավառապետին՝ միջոցներ ձեռք առնել արգիլելու Պարսկաստանից և Տաճկաստանից եկող կրոնական քարոզիչների մուտքը. «Բարձրագույնս հրամայվում է իսպառ արգիլել մուտքը բոլոր հոգևոր անձանց, ովքեր էլ լինեն, նույնիսկ ռուսահպատակ, եթե հոգևոր կոչումը ստացել են արտասահմանում»*[130]։ Նույն հրահանգը կատեգորիկ կերպով արգիլում է մուտքն այն անձանց, որոնք ուզում են Դաղստան գնալ։ Իսկ հայտնի է, որ այդ, ինչպես և հետագա տարիները, Դաղստանում Շամիլի ապստամբությունն էր։ Ապրիլի 22-ին Երևանի գավառապետ Բլավատցկին Թիֆլիսի զինվորական նահանգապետին «հույժ գաղտնի» զեկուցագիր է ուղարկում այն մասին, թե ինքը սահմանագլխին նոր պահակախումբ է կարգել[131]։ Իսկ Սուրմալուի զասեդատելը հուլիսի 16-ին այսպիսի «պուբլիկացիա» է տալիս հայերեն և ռուսերեն. «Մեզ լուր եկավ, որ կտուրների վրա կրակ են վառում. սաստիկ հրամայեմ, որ մյուս անգամ չի համարձակվեն կրակ կամ ճրագ վառել»։ Եվ այսպես՝ սահմանամերձ շրջանները պիտի խավարի մեջ մնային[132]: Բայց հետաքրքիր է նույն զասեդատելի մի գաղտնի զեկուցումը Երևանի գավառապետին, որից տեղեկանում ենք, որ գյուղացիները պատրաստվում էին Կովկասի փոխարքային բողոքելու մյուլքադարներից. վերջիններիս բռնությունների և ճնշումների դեմ։ Զասեդատելը գաղտնի նախապատրաստում է գավառապետին և գրում. «Ճնշումներ չկան, այլ իրոք մյուլքադալները նրանց արձակման վկայական չեն տալիս։ Ուստի նրանց խնդիրը հարգելու արժանի չի, և հարկավոր է բնակիչներին այդ դիմումների համար տուգանել...*[133]»։
Ուրեմն՝ միայն դիմումի ցանկության համար առաջարկվում էր տուգանել։ Իսկ ինչպե՞ս կվարվեր այդ զասեդատելը, եթե մյուլքադարի գյուղացին ուղարկեր բողոքը։
Ինչպե՞ս էին պատասխանում գյուղացիները այդ խստություններին, որ ինքնին կասկածելի են, եթե ենթադրենք, որ իմացել էին դրսում կատարվող դեպքերի լուրը։ Մասսայական խռովությունների մասին նյութեր առայժմ չի հայտնաբերված, սակայն այդ դեռ ապացույց չի, որ այդպիսիք չեն եղել: Պետարխիվում եղած տեղեկությունները հիշատակում են 1848 թվի եկեղեցիների կողոպուտը, որ շատ վայրերում է լինում։ 1848 թ. սեպտ. 12-ին անհայտ մարդիկ քանդում են Չինդավարի և Կողբի կամուրջները։ Ոստիկանությունն արձանագրում է կողոպուտի և սպանությունների ավելի շատ դեպքեր։ Առհասարակ եղած գրությունները մատնում են ժամանակի անհանգստությունը: Մայիսի 12-ին Երևանի գավ. դատախազը հրահանգում է անմիջապես բոլոր հիմնարկների կանխիկ դրամների ավելցուկը պահել միայն արքունի գանձարանում: Այժմ արձանագրենք, որ այս հրամանագրից հետո հասկանալի է, թե ինչո՞ւ մայիսի 17-ին, ինչպես յուր տեղը գրել ենք, ոստիկանապետ Մորոխովեցը, որը դեռ ապրիլին ստուգել էր դպրոցի գանձարկղը, նորից է հարցնում, թե արդյոք Աբովյանը չի՞ վատնել արքունի գումար: Ինչպես դատախազի հրահանգը, որի հիմքը արդարադատության մինիստրության հրամանն էր, նույնպես և ոստիկանապետի գրությունը արդյունք էին վտանգից զգաստացած աչալրջության։ Իսկ ոստիկանապետը, որ Բլավատցկու մտերիմ գործակիցն էր և նրա հետ միասին Աբովյանի հակառակորդը[134], առիթ չէր փախցնի մի ավելորդ անգամ կարթը քցելու՝ գուցե թե մի կասկած հիմնավորեր։
Սակայն 1848 թվի գարնանը և, նրանից հետո, համարյա մինչև տարվա վերջը տեղի ունեցող դեպքերի մեջ նշանակալիցը բազմաթիվ փախուստներն են, ռուսական սահմանն անցնելը դեպի Տաճկաստան, դեպի Օսմանլու։ Փախչում են առանձին անհատներ, խմբեր, նույնիսկ գյուղեր, փախչում են հայերը և թուրքերը, հաճախ միասին, և իրենց հետ տանում են ստացվածքը, անասունները։
Երևանում 1848 թ. դեկտեմբերի 22֊ին քննում են Շորագյալի Իլխիյաբի գյուղի բնակիչների գործը։ Նրանցից մի քանի հոգու բերդ են նստեցնում նրա համար, որ ամբողջ գյուղով փորձել են սահմանն անցնել դեպի Ղարս և, նույնիսկ, կաշառել են սահմանապահներին*[135]։ Օրգովում բռնում են 7 տնտեսությունների, օգոստոսի 21-ին Սարդարապատի շրջանից—14 տնտեսություն, ապա նորից-6 տնտեսություն, հունիսին — մի անգամ 15 տնտեսություն, ապա՝ 7։ Զոռի պոստում բռնվում է 3 տնտեսություն, իրենց անասուններով, և այսպիսի բազմաթիվ դեպքեր։ Իհարկե, արձանագրված են միայն այն դեպքերը, երբ պահակները կարողացել են բռնել։ Դժվար է ասել, թե որքան են եղել նրանք, որոնք ապահով անցել են սահմանը, մանավանդ, երբ տեղափոխությունը կատարում էին Արարատի քրդերը, որոնք 1848 թվին մի քանի անգամ հարձակվում և քշում են սահմանապահ կոզակներին մինչև Արաքս։
Ոչ մի դժվարություն չկար Արաքսն անցնելու և՛ Աբովյանի համար հսկողության այն պայմաններում, երբ Զանգիբասարից 14 սայլ խոտ գաղտնի տանում են «արտասահման», ինչպես հաղորդում են գավառապետին։ Աբովյանը եղել էր այն կողմերը, գիտեր քրդերին։ Բայց մենք առայժմ չենք պնդում, թե նա հաջողությամբ անցել է սահմանը։ Այդ մասին առայժմ չկան ստուգված փաստեր, որոնք հաստատեին նրա հաջողությամբ սահմանն անցնելը։ Հետագա ուսումնասիրության խնդիր է՝ եղած աղոտ հետքերով պարզել Աբովյանի վախճանը սահմանից այն կողմը, հաղթահարելով չափազանց մեծ դժվարություններ։
Ինչո՞ւ նա ուրիշ ուղղությամբ չանցավ,— կարող են հարցնել։
Որովհետև չկար այդպիսի ուրիշ ճանապարհ[136]։ Նա հենց խոլերայի պատճառով չէր կարող նույնիսկ Ռուսաստան անցնել, եթե չասենք, որ այդ ճանապարհի վրա էր Թիֆլիսը, որտեղ նա կանչված էր պաշտոնի։ Ո՞ւր էր գնում, Գերմանիա՞, թե՞ «Հայաստանի ներսը», դժվար է գուշակել, սակայն երբ հանկարծ մարտի 31-ից հետո այլևս գործերը հանձնում և տանից դուրս չի գալիս, պետք է ենթադրել, որ նա ստացել էր հեղափոխության լուրը՝ այն «նեմեցի գիրը», և որոշել էր հեռանալ ռուսական սահմաններից։
Աբովյանը մոտ երեք օր սենյակից դուրս չի՛ եկել, շորերը չի՛ հանել, մտածել է, գրել և ծխել իր երկար չիբուխը,— այսպես են նկարագրում նրա վերջին օրերը թե՛ տնեցիները և թե՛ պաշտոնական հաղորդագրությունը[137]։ Այդ օրերին նա հենց քննում էր ազատվելու ելքը, որ միանգամայն անակնկալ եկել էր հեղափոխության լուրի հետ։ Գրո՞ւմ էր նա և ի՞նչ էր գրում, թե՞ քրքրում էր իր բոլոր գրածները, այն, ինչ պիտի թողներ, և ոչնչացնում էր զանազան վտանգավոր գրություններ և նամակներ, ենթադրելով որ անհայտացումից հետո Նիկիֆոր Բլավատցկին խուզարկել կտա իր բնակարանը[138], երբեք այլևս հնարավոր չի լինի որոշել։ Միայն պարզ է, որ Դորպատի ստուդենտը երեք օր ու գիշեր հազար անգամ քննել է իր անցած ճանապարհը, այն, ինչ որ սպասում էր իրեն, և միշտ էլ հանգել մի հուսահատ եզրակացության, որ հարկավոր է բոլորը թողնել և, անակնկալ առիթից օգտվելով, գտնել «նոր տուն և նոր հայրենիք», որի համար պետք էր թողնել Թիֆլիսը, տունը, դպրոցի կիսատ գործերը, որովհետև, միևնույնն է, այնտեղից երբեք նա հետ չպիտի դառնար, և իր թշնամիներից, ոչ մեկի ձեռքերը այնքան երկար չէին՝ մինչև այնտեղ նրան հասնելու։
նիկիֆոր Բլավատցկին նրան շատ է որոնել։ Աբովյանի խորհրդավոր անհայտացումից հետո նա անընդհատ հետախուզումներ է անում։ Կարելի է ենթադրել, որ հենց Բլավատցկին կապում էր նրա անհայտացումը քաղաքական այդ իրադարձությունների հետ և ուզում էր որևէ ապացույց՝ վերադաս մարմինների առաջ բարձրացնելու իրեն և իսպառ ջախջախելու իր հակառակորդին, որը նրանից շարունակ գանգատներ էր ուղարկում[139]։ Բլավատցկին ո՛չ միայն դատախազին և բժշկին ուղարկում է Խորվիրապի մոտ գտնված դիակի զննության, այլև իր ամառային ռեզիդենցիայից՝ Դարաչիչակից, Սուրմալվի և Զանգիբասարի զասեդատելներին ուղարկում է «կարևոր» և «հույժ կարևոր» գրություններ և պահանջում է տեղեկացնել, թե այն ի՞նչ «անհայտ մարդու մեռած դիակ է, որ լողում է Արաքսի վրա...»[140]: Հազիվ թե այդքան շտապեցներ գործը, եթե չկասկածեր, որ անհայտ մարդը կարող է Աբովյանը լինել։
Մեզ այս կարծիքին է բերում և այն, որ, ինչպես ցույց են տալիս հենց նույն 1848 թվականի փախչողների գործերը, ցարական ադմինիստրացիայի պաշտոնական գրագրությունների մեջ «անհայտ բացակայող» կամ «անհայտ բացակայության մեջ գտնվող» են կոչվում նրանք, որոնց մասին հաստատ տեղեկություն ունեն, թե անվտանգ անցել են սահմանը և ապրում են ռուսական իմպերիայի սահմաններից դուրս։ Իսկ մենք տեսանք, որ մինչև վերջ, պաշտոնական թղթերում, Աբովյանին համարում էին «անհայտ բացակայող»...[141]։
Ինչպե՞ս կարելի է բացատրել Աբովյանի մի սապոգի գտնելը Խորվիրապի մոտ, եթե ընդունենք, որ Աբովյանը անցել է սահմանը: Մեր կարծիքով՝ ինքը Աբովյանը կարող էր այս ափին թողած լինել սապոգները, որ հեշտ անցնի Արաքսը (Աբովյանը շատ վարժ լողում էր), և այդ գիտակցաբար, որպեսզի կորցնի հետքը[142]․ գտնեն սապոգները և ենթադրեն, թե խեղդվել է ջրում, և այլևս չփնտրեն։
Ամփոփելով մեր դիտողությունները՝ թե՛ նոր և թե՛ մինչև այժմ հայտնի նյութերի հիման վրա, Խաչ. Աբովյանի «անհայտ բացակայման» առեղծվածը մեկնում ենք հետևյալ կերպ։
1843 թ. աշնանը Երևան տեղափոխվելով՝ անձնական շփումների և բազմաթիվ ճանապարհորդությունների հետևանքով նա գալիս է այն համոզման, որ ցարական ռեժիմը «հայոց ազգի», այսինքն՝ նախկին «Հայկական մարզի» գյուղացիության համար ակնկալած բարիքների փոխարեն բերեց կնուտ և աղքատություն[143]։ Միայն նրա «պատմական շարադրության»՝ «Վերք Հայաստանի» ձեռագիր էջերն էին վկայում նահապետական Քանաքեռի երբեմնի գոյությունը: Ասպարեզը ո՛չ միայն պրիստավների և «զասեդատելների» շահատակությունների համար էր բաց, այլև վաճառականների, սովդաքյարների, պատերազմական կապալներով արագ հարստացած փոքրաթիվ խավի համար, որին հասարակության խոնարհ խավը աղքատացման ուղին բռնած գյուղացիները և արհեստավորները, անվանում էին «պախոդոբի աղա պարոն», այսինքն՝ զինվորական արշավանքների ընթացքում հարստացած պարոններ։ Եվ Դորպատից վերադառնալուց հետո, ինչպես մենք տեսանք, մինչև վերջ, Աբովյանը ներհակ է մնում այս խավին և նրա քաղաքական ձգտումներին*[144]։
Էջմիածնի նախկին «խոնարհ դպիրը» տարիների ընթացքում փոխում է իր համոզումները նաև էջմիածնի և նրա ղեկավարի՝ Ներսես Աշտարակցու հանդեպ։ Երիտասարդության տարիների ջերմ հավատը, որ հնարավոր է էջմիածնի վերակազման ճանապարհով ստեղծել լուսավորության կենտրոն, վերջին տարիները տեղի է տալիս խոր ատելության, և 1845 թվի սև հուսահատության փորձից հետո, երբ աշխարհից հեռանալու և վանքը քաշվելու նրա դիմումը մերժվում է, Աբովյանը երես է դարձնում և՛ իր նախկին քաղաքական մեծարանքի առարկա Ներսես կաթողիկոսից, և՛, առհասարակ, էջմիածնից[145]։ Օտար ճանապարհորդներից շատերն են վկայել այն բարոյական հալածանքը, որ բազմաթիվ անգամ կրել է Աբովյանը էջմիածնից և նրա վանականներից։ «Աբովյանն ասաց ինձ և Ռոսկովշենկոյին[146],— գրում է Ֆր. Բոդենշտեդը, — երբ նա մեզ դեպի էջմիածին էր ուղեկցում, թե կարծեք նրա գլխին սառը ջուր էին մաղում, երբ նա ոտք էր դնում հին պարիսպներից ներս... Այսպես մեծացավ նա լացի, աղոթքի և պահքի մեջ, մի վայրենի, ամեն ազնիվ բանի համար բթացած, անբնական հեշտությանց մեջ ապականված շրջապատում»[147]։ Ներսեսը նրան սառն է ընդունում և իր վերադարձից հետո, Երևանում, 1846 թվին[148]։ Նա չի կատարում իր խոստումը` Աբովյանի շնորհալի աշակերտներից մի քանիսին ուղարկելու Ռուսաստան և Եվրոպա սովորելու։ Կաթողիկոսը վտարում է նրան զոեհիկ կերպով, և հուսահատ ուսուցիչն արցունքն աչքերին դիմում է աշակերտներին. «Այսուհետև ռուսերեն, տղայք, ինքներդ պիտի ձեզ համար ճանապարհ բանաք...»[149]:
Մինչև այժմ անհայտ է, թե ի՞նչն էր պատճառը Աբովյանի տնային բանտարկության, որին ենթարկվել էր Կովկասի փոխարքայի 1846 թվի հունիսի 22-ի հրամանով[150], և որը կապված էր Ներսես կաթողիկոսի Երևան մտնելու առթիվ կազմակերպած ընդունելության հետ*[151]: Այս մասին գրած իր բողոքագրում Աբովյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ակնարկում է, որ գավառական ադմինիստրացիայի և իր միջև եղած «անախորժությունների» հետևանքն է նրա տնային կալանքը: Դեռ Թիֆլիսում, Աբովյանը չի կարողանում լեզու գտնել ռուս պաշտոնյաների և, առհասարակ, իշխանավորների հետ։ Նոր տեղեկություններ կան, որ Թիֆլիսում նրան ծեծում են երեք ռուս պաշտոնյա, և քաղաքի ոստիկանությունը գործին ընթացք չի տալիս[152]։ Թիֆլիսից հեռանալը ինքը՝ Աբովյանը, հետևյալ կերպ է բացատրում. «Աստի և նախանձ՝ չարակամութիւն իմոցս պաշտօնակցաց զրկեալ զիս բռնի յորդեգրաց իմոց՝ պատճառ եղեն ինձ թողուլ զՏփխիս և հեռանալ»[153]։ Երևան տեղափոխվելուց հետո նրա հարաբերությունները համարյա հենց սկզբից լարվում են գավառապետ Բլավատցկու, ոստիկանապետ Մորոխովեցի և մյուս, ավելի ստորադաս պաշտոնյաների հետ, որոնք նրա շուրջը ստեղծում են կասկածամտության, մանր ինտրիգների և բամբասանքների մթնոլորտ։ Մի գնդապետ Տուրչանինով, որ ի պաշտոնե պարտավոր էր պետական դպրոցի նորոգումը ղեկավարել, ո՛չ միայն մերժում է այդ, այլև ծանր վիրավորանք հասցնում Աբովյանին։ «Հաճախ,— գրում է այդ մասին Աբովյանը 1846 թվի նոյեմբերի 16-ին,— ես արցունքն աչքերիս խնդրել եմ գնդապետ Տուրչանինովին՝ ինձ որևէ աջակցություն ցույց տալ և իբրև պատասխան ստացել եմ ինձ համար ամենաստորացուցիչ խոսքեր»[154]։ Դիրեկտոր Կուլժինսկին ջնջում է որոշ հատվածներ նրա ճառից, որ պիտի արտասաներ դպրոցական տարին փակելուց. «․․․Մի քանիսն այս չեն հասկանա,—ջնջած պարբերությունների դիմաց լուսանցքում գրել է դիրեկտորը,— իսկ նրանք, որոնք հասկանան, կարող են վիրավորվել. ուստի խնդրում եմ այս բոլորը դուրս ձգել»։
Ի՞նչ պարբերություններ էին վտանգավոր. — ահա՛ նրանցից մեկը. «Ձեզանից շատերը,— գրել է Աբովյանը,— համոզված են, որ գիտությունները և, մանավանդ, ռուսերենը մեր հայրենիքում դեռ խորթ առարկաներ են»։ Այս խոսքերը նա պիտի ասեր հանդիսականներին, որոնց թվում և գավառապետ Բլավատցկուն, ոստիկանապետ Մորոխովեցին, Տուրչանինովին և մնացած ռուս չինովնիկներին, որոնք մի անգամ արդեն, շատ վայրենի ցուցարարությամբ՝ ընդհատել էին Աբովյանի ճառը, դարձյալ դպրոցական հանդեսում[155]։ Եվ ճիշտ է Բոգենշտեդը, երբ այս կապակցությամբ գրում է Աբովյանի մասին. «Այսպիսի մարդիկ առավել ևս արժանի են հանրային գնահատության, որ նրանց ջանքերը Ռուսաստանի կողմից ըստ ամենայնի կասեցվում են։ Ռուս կառավարությունը ո՛չ ընդունակություն ունի, ո՛չ էլ կամք՝ մի ժողովրդի մտավոր պահանջներին ընդառաջ երթալու։ Թե՛ Եվրոպայում և թե՛ Ասիայում նա մեկ կետ նպատակի է ձգտում,— կամազուրկ ստրուկներ դարձնել իր հպատակներին»*[156]։
Դպրոցական ասպարիզում ևս ձախողանքի է հանդիպում Աբովյանը։ Նրա պայքարը նոր լեզվի և դասավանդման նոր ձևերի համար դեմ է առնում մի անանցանելի պատնեշի։ Էջմիածնից մինչև Գիտությունների ճեմարանը արգելք են հանդիսանում նրա ռեֆորմներին։ Հիշեցինք, որ Կարապետ եպիսկոպոսը կրակի է մատնում նրա անդրանիկ դասագիրքը՝ «Նախաշավիղը»։ Ստ. Նազարյանը 1845 թվին Աբովյանին նոր հայերենի մասին գրում է. «Ճեմարանն Ս. Պետերբուրգայ միշտ ընդդէմ յարիցէ քեզ և ինձ, և այս՝ բնական իմն. լեզու հայոց ոչ կարօտի վերստին նորոգութեան։ Ընդ է՞ր՝ ասեն՝ թողուլ զականաւոր լեզու նախահարց և զհետ լինել յարուցանել և յօրինել դպրական[157] զռամիկ լեզու ժողովրդեան, միով բանիւ՝ ընդ է՞ր բանալ զաչս ժողովրդեան, ի տեսանել` զոր պարտական էր տեսանել»։ Եվ Նազարյանը տեղեկացնում է, որ «Հայկազյան օրագրության», այսինքն՝ ամսագրի միջոցով «կամիմ ամբարտակ իմն յարուցանել ընդդէմ խուռն յորձանաց մերոյս կորստեան և բանադատել զմերայինս ճանաչող լինել անձանց և խելամտիլ կարևոր խնդրոյ մերոյս ժամանակի»**[158]։
Այսպես ուրեմն. իր կյանքի վերջին շրջանում նա մեկը մյուսի հետևից կորցնում է բոլոր կապերը, խորտակվում են բոլոր կռվանները։ Գյուղը ակնկալած ազատությունը չստացավ, վաճառականներն ավելի վայրագ սկսեցին գռփել, սարդարի և ֆարրաշի փոխարեն ժողովրդի վզին նստել էր մի դաժան ադմինիստրացիա, որ Ռուսաստանի խորքերից քշվում էր ծայրամասերը, և որի կամայականությանը չափ ու սահման չկար։ «Օրհնյալ ռուս» եղան Նիկոլայ Առաջինի սատրապները և գրաֆ Բենկենդորֆի ժանդարմերիան։ Նա ընդմիշտ երես դարձրեց էջմիածնից, խորտակվեցին բոլոր ծրագրերը՝ նոր լեզու և նոր դպրոց ստեղծելու։ Այս անանձնական հուսախաբությանն ավելացավ անձնական, ընտանեկան կյանքի խորթությունն ու սառնությունը։ Նրա վրա ծանրացավ մի զարհուրելի հուսահատություն, որի նկարագիրն արել է հենց ենքը հետևյալ հատվածում. «Որ լսում էի, թե մեկ մարդի պատիժ տվին յա բանատը քցեցին, որ ասում էին, թե Ռուսաստանիցը մեծ մարդ ա էկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանա, որ կուսակալիցը, յա նախարտրիցը (մինիստրիցը) մեկ թուղթ էր գալիս, որ կառավարությունիցր (դիրեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՛ր երևում, էնպես էի սարսափում, կարծում, թե էս ա, իմ վերջի օրը հասել, մոտացել ա, իմ արած չարությունը լիս ընկել, Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պետք է տանին, սաղ֊սաղ թաղեն յա կախ տան... Ինձ պահողր հենց էս էր, որ ասում էի, թե մտքումդ դրել ես ազգին պետքը գաս, մեկ անուն թողաս, կմեռնես, մեկ վրեդ կանգնող, ողորմի տվող էլ չի՛ ըլիը։ Ապրիր, որ ասածդ անես, մուրազդ առնես։ Է՛ս, է՛ս էր ինձ ամեն դժոխքից, պատուհասից ազատում, հոգիս եդ բերում, թե չէ Քուռը վաղուց կըլեր իմ գերեզմանը»*[159]։
Սակայն ո՛չ Քուռը եղավ գերեզմանը, ո՛չ Զանգուն։ Այդ բոլոր դառնությունները նրան արդեն բերել էին այն հաստատ համոզման, որ հարկավոր է հեռանալ Անդրկովկասից, առհասարակ՝ Ռուսաստանից։ Այս իմաստով նա թեքվում էր դեպի այն խմբակը, որ դժգոհ էր թե՛ Ռուսաստանի վերաբերմունքից և թե՛ Ներսեսի քաղաքականությունից, իբրև առաջինի հլու հնազանդ գործիքը։ Այդ խմբակի մեջ կային և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ, որոնցից ոմանք գաղտնի անցնում էին Արևմուտք, հեռու Ներսեսից և ռուսական արքաների արյունոտ շոշափուկներից։ Աբովյանն էլ նույն ուղին է բռնում և, անկասկած, 1848 թվի հեղափոխության համբավն առնելով՝ մի հանգամանք, որ բոլորովին պատահմամբ զուգադիպեց դպրոցի հանձնման գործին և նրա պաշտոնից ազատ արձակվելուն։ Այսպիսով՝ Աբովյանն ինքը ապրիլի 2-ի լուսաբացին կամ գիշերը գիտակցաբար է տնից հեռացել, մտքում վճռած լինելով ո՛չ թե ինքնասպանություն, այլ փախուստ այն միջավայրից, որտեղ այլևս ոչ մի կռվան չուներ և որտեղից նա «հույս չուներ երբևիցե կենդանի դուրս գալու»*[160], եթե հեղափոխության լուրը կայծակի նման չճեղքեր շրջապատի խավարը և չխոստանար ազատություն: