Ես ճանապարհ եմ անցնում,
եւ ճանապարհն անցնում է ինձ, քանի որ հիշողությունը
պայմանավորում է ապագան՝ դեռեւս չանցյալացած,
մտառելով անստվերագիր իմ հոգին՝
իրիկնապահված հուշերում։
Գետից հանած իր ստվերով իրեն փաթաթեց ծառը եւ
փորձեց նինջ մտնել մայրամուտի հեքիաթի մեջ անիրական,
բայց իր իսկ սվսվոցները
խանգարում էին։ Հեռվում շողշողում է մի անծանոթ աստղ։
Եկեղեցու կողմից եկած մի զանգ պատգամում է երկնքի գույն.
քար լինելու քարերի հրճվանքից պոկված հույսի ալիք,
ծաղիկ, որ դեռ չի բացվել
եւ առանց իրեն՝ ինքը մենակ է, ինչպես ես եմ առանց ինձ մենակ։
Հավասարամեծ գույների ողբերգությունը խտանում է խորքերի մեջ,
եթե ես գումարեի իմ ուշացումների վայրկյանները՝
ժամադրությունից, գնացքից,
սիրուց ու խոսքից,
ապա դրանք ավելի շատ տարիներ կկազմեին, քան իմ կյանքն է։
Եթե իմ տունը ճամփան է, ապա էն գլխից է եղել
«կահավորումը» նրա,
որտեղ լուսամփոփն է՝ այնտեղ էլ պիտի լիներ անպայման,
իսկ ես ու շունը ինքներս կորոշենք,
թե որ անկյունում ենք
պահվելու՝ հետեւելով լուսնի խարդավանքներին։
Ծաղիկներն ու բառերը չի կարելի ընտրել։ Մեղք է դա
անմեղության դեմ։
Իսկ կյաքում ամենից շատ իմ կայացմանը խանգարել է
բանաստեղծությունը, թեպետ առանց նրան ես երբեք էլ չէի կայանա,
մանավանդ՝ չէին կայանա ճանապարհս եւ մեր Մեծ ձորի գետակը։
Ես երկնքից իջել եմ
Թառամնի աղբյուրի հետ, բայց ինձ գտեք այնտեղ միայն, ուր չեն գտել ոչ մեկին։
Նայում եմ ինձնից ետեւ մնացած իմ ճանապարհին՝
մենք որքան որ չուշանանք, նույնքան ուշանում ենք։
Փլուզված պահերի ճեղքից բացվում է լույսը՝ սիրո շուշաններ պարզելով։